Օձունի համայնքապետարանը ծնողներից հավաքագրվող 3000-ական դրամը ձեւակերպում է որպես հողի հարկի վճար
Լոռու մարզի Օձուն գյուղի երկու մանկապարտեզների 100-ից ավելի երեխաների սննդակարգում կարագ, պանիր, կաթ, թարմ միս, միրգ, բանջարեղեն, կոնֆետ, թխվածքաբլիթ նախատեսված չեն: Երեխաներին ամբողջ ամառվա ընթացքում բանջարեղենից միայն կաղամբ է տրվել:
Այդ առնչությամբ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն ասում է. «Թարմ միս պահելը դժվար է, սառնարանների խնդիր կա, 2012-ին 4 մլն դրամի գույք ենք ձեռք բերելու մանկապարտեզների համար: Հիմա հիմնականում պահածոյացված սնունդ ենք տալիս երեխաներին: Իմ հնարավորություններն այդքան են»:
Մի քանի օր անց, սակայն, Արսեն Տիտանյանը հեռախոսով ասաց, որ անհրաժեշտ սնունդը երեխաներին միայն վերջին ամսվա ընթացքում չեն տվել, մինչդեռ թիվ 3 մանկապարտեզի ճաշացանկից նախատեսված այդ սնունդը ջնջվել էր հենց համայնքապետի կարգադրությամբ:
Վերջինս 2011 թ. համայնքի բյուջեից «Մանկապարտեզների կրթություն» տողով տրամադրել է 16,1 մլն դրամ, սեպտեմբերի 30-ի դրությամբ այդ գումարից ծախսվել է 11,8 մլն-ը: «Հետքի» հետ զրույցում Արսեն Տիտանյանն ասաց, որ մանկապարտեզներից յուրաքանչյուրին սննդի համար տարեկան 1,5 մլն դրամ էլ հատկացնում է պետբյուջեից համայնքի բյուջեին փոխանցվող բնապահպանական սուբվենցիաներից:
Բյուջեի 94 մլն դրամ եկամուտներից համայնքապետն այլ գումար չի նախատեսում երեխաների սննդի համար եւ դա բացատրում է իր կազմած բյուջեի սղությամբ: Մինչդեռ բնապահպանական սուբվենցիայից տրամադրվող գումարը պետք է ծառայեր բնապահպանական անբարենպաստ միջավայրում ապրող երեխաներին լրացուցիչ, բարձր կալորիականությամբ սնունդ տալու նպատակին:
Մանկապարտեզների տնօրեններ Ներիսա Շոլինյանը եւ Սվետլանա Դավթյանը տեղյակ չէին իրենց ղեկավարած մանկապարտեզներին համայնքապետարանի տրամադրած սննդի տարեկան գումարների չափերին: Նրանք հայտնեցին, որ մանկապարտեզի ծնողներից յուրաքանչյուր ամիս հավաքագրված 3000-ական դրամը համայնքապետարանը ձեւակերպում է որպես հողի հարկի վճար եւ դրա դիմաց կտրոն տալիս ծնողներին:

Օձունում մանկապարտեզ հաճախելու իրավունք ունեն այն երեխաները, ում ծնողները բարեխիղճ հարկատուներ են, այստեղ սոցիալապես անապահով երեխաները մանկապարտեզի անվճար սննդից օգտվելու իրավունքից զրկված են` իրենց ծնողների` անվճարունակ հարկատուներ լինելու պատճառով:
«Մենք պայմանավորվածություն ունենք ծնողների հետ, ովքեր պարտավորվում են հարկերը բարեխիղճ վճարել, մենք էլ նրանց երեխաներին մանկապարտեզում անվճար սնունդ ենք տալիս»,- ասում է Արսեն Տիտանյանը:
Մանկապարտեզների տնօրենները հայտնեցին, որ 2010 թ. համայնքի բյուջեի միջոցներով մանկապարտեզներից յուրաքանչյուրում 2 սենյակ է վերանորոգվել: Ըստ Ա. Տիտանյանի` մանկապարտեզների մասնակի վերանորոգման համար բյուջեից ծախսվել է 6 մլն դրամ: Տնօրենները, սակայն, տեղյակ չէին վերանորոգման համար ծախսված գումարի չափից:
Այդ սենյակները տաքացնելու համար տեղադրվել է նաեւ «Բաքսի» տաքացուցիչ: «Երեխաները, սակայն, մանկապարտեզում ամռանը քնում են, իսկ ձմռանը` ոչ, քանի որ ննջարանները չեն ջեռուցվում»,- ասացին տնօրենները:
5635 բնակիչ ունեցող Օձունում գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ` համայնքապետարանում գրանցված է 1466 խոշոր եղջերավոր անասուն: Օձունցիները մշտապես դժգոհում են իրենց վատ ապրելակերպից: Գյուղամիջյան 18 կմ երկարությամբ ճանապարհներն անբարեկարգ են: Տարեցտարի նվազում է հող մշակողների թիվը, այս տարի Օձունում մշակվել է վարելահողերի հազիվ 25%-ը:
Պատճառը նաեւ գյուղտեխնիկայի պակասն է: Համայնքապետ Արսեն Տիտանյանը 2009 թ. համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել Օձունի 2009-2013 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը: Այն իրականում ոչինչ չասող փաստաթուղթ է:
«Բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով, ինչպես նաեւ ֆինանսական տարբեր միջոցների ներգրավմամբ, հետեւողականորեն եւ տարեցտարի բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքը, գյուղը դարձնել բարեկարգ, լուսավոր ու բարեկեցիկ բնակավայր»,- նախատեսում է քառամյա ծրագիրը, որտեղ սակայն նշված չեն նախատեսված աշխատանքների ֆինանսական աղբյուրները, կատարման ժամկետներն ու պատասխանատուները:
Քառամյա ծրագրով նախատեսված «բարեկեցիկ կյանքը», սակայն, չի ենթադրում ֆինանսական հատկացումներ օձունցի երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով: Փոխարենը նախատեսվել է երկու մանկապարտեզների կապիտալ վերանորոգում, որի համար անհրաժեշտ է 50 մլն դրամ: Ծրագիրը հաստատելուց 2 տարի 7 ամիս անց համայնքապետը դեռեւս չի կարողացել գտնել մանկապարտեզների շենքերի խիստ անհրաժեշտ վերանորոգման համար պահանջված գումարը:
Համայնքի ղեկավարը «Հետքին» հայտնեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքներից «Հազարամյակի մարտահրավերներ» գրասենյակի 30 հազար դոլար ներդրմամբ 2011 թ. հուլիսին վերականգնվել է Օձունի «Եզնանիստ» հանդամասի 286 մ երկարությամբ սողանքային ջրագիծը: Կառավարության պահուստային ֆոնդից համայնքի բյուջեին հատկացված 20 մլն դրամով 2011 թ. հուլիսին հիմնանորոգվել է գյուղի գերեզմանոց գնացող 956 մ երկարությամբ ճանապարհը:
Համայնքապետը չգիտի, թե ֆինանսական ինչ միջոցներով է իրականացնելու ծրագրով նախատեսված սպորտ-համալիրի կառուցման, մանկապարտեզների շենքերի ու մարզադահլիճների կապիտալ վերանորոգման, գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհների ասֆալտապատման, գյուղմթերքների արտադրություն հիմնելու եւ գյուղտեխնիկա ձեռք բերելու աշխատանքները:
«Ես ինչպե՞ս կարող եմ այդ աշխատանքների համար նախապես նշել ֆինանսական աղբյուրներ, դեռ չգիտեմ` դրանց համար ինձ գումարներ կտա՞ն, թե՞ ոչ»,- ասում է Արսեն Տիտանյանը:
Զարգացման քառամյա ծրագրում համայնքապետը չի կանխատեսել նաեւ համայնքի բյուջեի ֆինանսական միջոցները: Այդ ծրագրից անտեղյակ էին Օձուն համայնքի ավագանու անդամները: Նրանցից Հարություն Կոստանդյանը մեր հեռախոսային հարցմանը պատասխանեց, թե գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման 2009-2013 թթ. քառամյա ծրագիրը հաստատել են անցած ամիս: Չկարողանալով պատասխանել մեր մյուս հարցերին` ավագանու անդամն ասաց. «Ես հիմա իմ անձնական կյանքով եմ զբաղված, դրա համար չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»:
Ավագանու մեկ այլ անդամ` Գագիկ Թորոսյանը, հիշեց, որ քառամյա ծրագիրը ավագանին հաստատել է 2009 թ. սկզբներին, սակայն ծրագրով նախատեսված աշխատանքների ֆինանսական աղբյուրների մասին ոչինչ չգիտեր: Ավագանի Աշոտ Մատինյանն էլ հայտնեց, որ իր գործի հետ վերջերս չի կարողանում հարմարեցնել ու մասնակցել ավագանու նիստերին, դրա համար տեղյակ չէ քառամյա ծրագրից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել