HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Կոսովոն կարող է բացարձակ բացառություն չլինել

Հարցազրույց Ռազմավարական վերլուծության «Սպեկտրում» կենտրոնի ավագ վերլուծաբան, պահեստի փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանի հետ

- Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» Ղարաբաղյան հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը պարզապես նշանակում է, որ ներկա պահին առկա ստատուս-քվոն հիմնական տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային դերակատարների համար իրապես հնարավոր բոլոր վիճակներից ամենաընդունելին է։ Ամենահավանական անցումը մեկ այլ, գուցե ոչ պակաս ընդունելի աշխարհառազմավարական հավասարակաշռության, ռազմական գործողությունների վերսկսումն է։ Այդ գործողությունների ընթացքում, եւ, ամենայն հավանականությամբ, դրանց ակտիվ փուլի ավարտից հետո էլ տեւական ժամանակ, իրադրությունը տարածաշրջանում կմնա անկայուն. փախստականների նոր հոսքերը, հումանիտար աղետի հեռանկարը, սպառնալիքը թե Հայաստանի, թե Ադրբեջանի տնտեսական շահերին, ինչպես նաեւ տարածաշրջանով գազի եւ նավթի տեղափոխմանը։ Մի բան, որ շատերին ձեռք չի տալիս։

Թվում է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը միջազգային հանրության իրական եւ գործուն հակազդեցությունը կորոշվի դրանց սրընթացությամբ, կողմերի հարձակողական - պաշտպանական գործողությունների դինամիկայով եւ վերջնական արդյունավետությամբ։ Իսկ դրա վեկտորն ուղղված կլինի նրան, որ իրադրությունը բերվի աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռության (մատչելի) հնարավոր ամենաիրական եւ նվազ ծախսատար վիճակին։ Դա կարող է լինել կամ «հինը», հիմա գոյություն ունեցողը, կամ մի ինչ-որ նոր վիճակ։ Հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների համար շահերի հավասարակշռության մի քանի ընդունելի վիճակների առկայության ըմբռնումը խթանում է հակամարտության բոլոր կողմերին՝ գնահատելու վիճակի զարգացման հնարավոր սցենարները եւ իրագործելու իր համար ամենաընդունելի տարբերակը։ Ներկա պահին դա հանգում է հետեւյալին. Ադրբեջանը կուտակում է հարձակողական ռազմական կարողություններ՝ գնելով ծանր զինատեսակներ եւ բարեփոխելով սեփական ուժային կառույցները, իսկ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ամրապնդում են իրենց պաշտպանական կարողությունները եւ մշակում պասիվ պաշտպանությունից ակտիվի անցնելու սցենարներ։

- Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։


- Հասկանալի է, որ միջազգային հանրությունը ձգտում է յուրաքանչյուր «բացառիկ» հակամարտության համար ստեղծել այն լուծելու «բացառիկ» տեխնոլոգիա՝ հասնելու համար «բացառիկ» արդյունքների, քանի որ այդ հակամարտություններում բոլոր աշխարհաքաղաքական դերակատարներն, էլ չխոսելով հարեւան երկրների մասին, ունեն տարբեր շահեր։

Իսկապես, Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է դառնալ բացառություն, բայց բանն այն է, որ հազիվ թե այն դառնա բացարձակ բացառություն. ելնելով աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման միտումներից՝ կլինեն եւ ուրիշները։

- Ձեր կարծիքով՝ ո՞ր միջազգային ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է հիմա միջազգային միջնորդության՝ հայկական կողմի համար լավագույն ձեւաչափը։


- Նրանք, որոնք իրոք մասնագիտանում են Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար, որոնցում գործում են հատուկ կառույցներ՝ հակամարտության բոլոր կողմերի համակողմանի եւ խորն ուսումնասիրության համար, որոնք ունեն բարձր միջազգային հեղինակություն եւ միավորում են պետություններին ըստ ոչ էթնիկական կամ դավանական սկզբունքների։ Այսօրվա դրությամբ այդպիսիք կարող են լինել ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն եւ ՇՀԿ-ն:

Եթե նույնիսկ նրանց միջեւ կա թվացյալ կամ իրական շահերի բախում, նրանց հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանային իրավահավասար համագործակցության զարգացումն է, տեւական խաղաղության հաստատումը։

Ելնելով այս սկզբունքներից՝ Ղարաբաղյան հակամարտության զարգացման ներկա փուլում, խնդրի լուծման համար միջնորդության ամենահարմար կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

- Աշխարհաքաղաքականության նշանակության վերաբերյալ կա երկու կարծիք. հակամարտ կողմերից ոչինչ կախված չէ, եւ կարգավորումը կլինի այն ժամանակ, երբ ձեռք կտա գերտերություններին, իսկ երկրորդ կարծիքն այն է, որ կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից, եւ կարգավորմանը խանգարող բարդ աշխարհաքաղաքական գործընթացները ընդամենը հարմար վերապահումներ են կողմերի համար։ Ձեր կարծիքով՝ այս բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավորված։

- Ղարաբաղյան հակամարտության նման ցանկացած խնդրի կարգավորումը կախված է ինչպես ռազմաքաղաքական, տնտեսական կարողությունների հավասարակշռությունից եւ հասարակությունների բարոյահոգեբանական վիճակից, բուն հակամարտող կողմերի պետական կառավարման ունակություններից եւ պրոֆեսիոնալիզմից, այնպես էլ հիմնական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային դերակատարների համար հակամարտության խնդրի չլուծվածության նշանակությունից։ Եթե հակամարտության կողմերի միջեւ պահպանվում է ուժերի հավասարակշռություն, երբ հակամարտությունն՝ իրականում, այլ ոչ թե կողմերի պատկերացումներում է, սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների համար, ստատուս-քվոն կարող է պահպանվել երկար ժամանակ։

Իսկ հետագայում, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը կարող է լիովին կամ մասամբ փոխհատուցվել հակամարտության կողմերի միջեւ ուժերի հավասարակշռության համապատասխան փոփոխությամբ։ Բայց դինամիկ աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում, հանուն սեփական շահերի պաշտպանության, այդպիսի ակտիվ քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ բազմատարբերակային տարավեկտորային ռազմավարական վերլուծություն եւ կանխատեսում։ Հակամարտության այն կողմը, որը կկարողանա կրճատել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացների սեփական արձագանքի ժամանակն, ի վիճակի կլինի իրականացնել հաջող արտաքին եւ ներքին քաղաքականություն եւ նվազեցնել սեփական կախվածությունն արտաքին աշխարհաքաղաքական գործընթացներից։

- Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական, մերձդնեստրյան)։


- Որպես այդ հակամարտությունների վրա վճռական ազդեցություն ունեցող ընդհանուր հատկություններ՝ կարելի է նշել էթնիկ եւ դավանական բաղադրիչի առկայությունը։ Շատ ավելի շատ են Ղարաբաղյան հակամարտության տարբերությունները մյուսներից.

1. ԼՂՀ-ի դուրս գալը ԽՍՀՄ-ի եւ Ադ.ԽՍՀ-ի կազմից ուղեկցվել է բոլոր անհրաժեշտ իրավաբանական եւ իրավական պրոցեդուրների կատարմամբ։ ԼՂՀ-ն ունի կայացած պետության ավելի շատ հայտանիշներ։

2. Բոլոր գործող հակամարտություններից միայն ԼՂՀ-ում չեն տեղակայված միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ ուժեր։

3. Լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման դեպքում Ղարաբաղյան հակամարտությունը կվերածվի բաց միջպետական բախման։

4. Ղարաբաղյան հակամարտության գոտում հակադրության գիծն ինժեներատեխնիկական իմաստով առավել հագեցածն է։ Ակտիվորեն շարունակվում է դիպուկահարների պատերազմը։

5. Ղարաբաղյան հակամարտությունը բազմաէթնիկ է նվազագույն չափով։

6. Հակամարտության գոտում տեղի է ունեցել բռնի տեղահանում՝ հայ բնակչության՝ Ադրբեջանից, իսկ ադրբեջանցի բնակչության՝ Հայաստանից։ Չդիտարկելով այս խնդրի հումանիտար ասպեկտն՝ անհրաժեշտ է նշել, որ պոտենցիալ «հինգերորդ շարասյան» բացակայությունը կանխորոշել է այն, որ այստեղ պարտիզանական գործողություններ չեն արվում, իսկ հետախուզական-դիվերսիոն գործունեությունն ունի համեմատաբար թույլ դրսեւորում։

7. Չկան ուղիղ բանակցություններ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ։ Գործնականում հակամարտող կողմերի միջեւ չկան ոչ մի տեսակի շփումներ պետական եւ հասարակական մակարդակներում։

8. Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է երեք պետությունների սահմանների հատման տեղում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter