Համայնքապետերի տնտեսական ազդեցության գոտիներն աճում են երկրաչափական պրոգրեսիայի տեմպով
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) թափանցիկության, հրապարակայնության, համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու եւ համայնքի անդամներին տեղական ինքնակառավարման գործընթացում ներգրավելու հարցադրումները կագմ զարմացնում, կագմ զայրացնում են ՏԻՄ ներկայացուցիչներին:
Գյուղական համայնքներում հիմնականում արդարացնող է «դեգ, գյուղ է, մարդիկ միմյանց ճանաչում են, ամեն ինչ գիտեն, մեզ մոտ գաղտնիք չես պահի» մոտեցումը, իսկ քաղաքային համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներն իրենց պասիվությունը պատճառաբանում են բնակիչների` չհետաքրքրված լինելու հանգամանքով: Արդյունքում ոչ միայն խախտվում է տեղական ինքնակառավարման օրենսդրությունը, այլեւ, որ ամենավտանգավորն է, ընդունելի է դառնում նման պահվածքը:
ՏԻՄ-երի թափանցիկության ու հրապարակային աշխատանքի մասին կցկտուր հավաստիացումներ հնչում են միայն նախընտրական շրջանում` համայնքի ղեկավարի թեկնածուների բերանից, որոնք, որպես կանոն, պաշտոնըն ստանձնելուն պես մոռացվում են: Ավագանու անդամներն էլ մոռացվում են ընտրություններից ամիսներ անց: Քաղաքային համայնքներում, իհարկե, ավագանու մեկ-երկու անդամներ փորձում են պահպանել իրենց անձի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը, քանի որ հասարակական դիրքը պահպանելու եւ վերընտրվելու խնդիր կա:
Սակայն, որպես կանոն, ավագանու անդամները եղանակ չեն ստեղծում իրենց համայնքում, պաշտոնական հանդիպումներ չեն կազմակերպում ընտրողների հետ, թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովող քայլեր չեն իրականացնում, համաձայնվում են գործադիրի քաղաքականությանը` դրա դիմաց նյութական փոխհատուցում ստանալով` տարածք խանութի համար, անհատույց վարձակալությամբ տրամադրված հողատարածք, աշխատանք եւ այլն: Այսպես, հերթական անգամ հանրային շահը երկրորդվում է` ի հաշիվ հանրության ու համայնքի միջոցների, ինչպես նաեւ խեղաթյուրվում է ավագանու ներկայացուցչական դերակատարության իմաստն ու բովանդակությունը:
Ի տես համայնքների անդամների` երկրաչափական պրոգրեսիայի տեմպերով աճում են համայնքի ղեկավարի տնտեսական ազդեցության գոտիները, համայնքի լավագույն ռեսուրսները (տարածքներ, հողակտորներ), թեպետ ոչ իրավաբանորեն, սակայն փաստացի անցնում են համայնքի ղեկավարի տիրապետության ներքո, ծաղկում է նրա բիզնեսը: Համայնքի անդամները հաշտվում են դրա հետ` այլընտրանք չտեսնելով արդեն ձեւավորված իրողություններին: Միեւնույն է, առանց տնտեսական ու քաղաքական լծակների համայնքի ոչ մի բնակիչ չի կարող հավակնել համայնքապետի պաշտոնին, իսկ հաջողության հասնողներն էլ փորձում են հնարավորինս ամրապնդել իրենց լծակները:
Համայնքի ղեկավարի գործունեությունը, սակայն, գոհացնում է ինչպես համայնքապետարանի, համայնքային ենթակայության հիմնարկների մեծ մասի, նրա ծավալած բիզնեսի աշխատողներին, այնպես էլ ոչ հեռատես ու քիչ իրազեկված բնակիչներին: Մի քիչ ասֆալտապատում, ծառատունկ կամ աղբահանության կազմակերպում, մեկ-երկու վերանորոգման ծրագիր, եւ համայնքի բնակիչները գոհ են: Այնքան ենք անգործություն տեսել, որ բազում թերացումների կողքին արվածը գերագնահատում ենք:
Իրենց աշխատանքներով իսկ հիացած համայնքապետերն էլ չեն զլանում պալատական «երգիչների» ջանքերով շնորհակալությունների մարաթոն տեսագրել ու հրամցնել: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էլ յոթ սարի հետեւում չեն. համարյա նույն հանգ ու վանկով ներկայացնելու են իրենց` հերթական անգամ սուր ճոճելով այն ուժերի դեմ, ովքեր «չարամտորեն» չեն տեսնելու առաջընթացն ու խանգարելու են իրենց այնքագն «համայնքանպաստ» գործունեությանը:
Շատ-շատերին կթվա, թե նկարագրվածը հենց իրենց համայնքի մասին է: Մի մասն էլ ավելի տխուր բաներ կպատմի:
Հայաստանի Հանրապետությունում կա 931 համայնք: Եվ բոլոր համայնքներն էլ իրենց խնդիրներով իրար նման են ու նման չեն: Համայնքների բնակչության թվաքանակը տատանվում է միջինը 50-ից 50.000-ի սահմաններում, սակայն օրենքով տարբերակում չկա փոքր ու մեծ համայնքների միջեւ: Տարբերակում չկա նաեւ քաղաքային եւ գյուղական համայնքների միջեւ: Սակայն ցանկացած գյուղի համայնքապետ զարմանքից քար է կտրում, երբ հարցնում ես` բյուջեն հրապարակե՞լ եք: «Սա գյուղ է»,- պատասխանում են նրանք` մոռանալով, որ օրենքում որեւէ խոսք չկա այն մասին, թե գյուղերը կարող են չհրապարակել իրենց բյուջեն: Չհրապարակելու կամ թափանցիկություն չապահովելու մեկ այլ տարածված պատճառաբանություն է թերթ չունենալը:
Համայնքապետերը մոռանում են, որ օրենքը չի նշում թափանցիկության ապահովման ընթացակարգեր, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ՏԻՄ ինքը պետք է մշակի դրանք` հաշվի առնելով իր ռեսուրսներն ու հնարավորությունները: Եթե «ամենախեղճ» ռեսուրսներ ունեցող համայնքապետարաններում կարելի է ձեռագիր հայտարարություն տեղադրել պարարտանյութի տրամադրման, տեղեկանքներ տրամադրելու պայմանականությունների, անասնագլխաքանակի հաշվառման եւ այլնի մասին, ապա ինչու՞ չի կարելի ձեռագրով նյութեր տեղադրել ավագանու առաջիկա նիստի օրվա, օրակարգի, բյուջեի կատարողականի մասին եւ այլն:
Գյուղական համայնքներում մեկ այլ խնդիր է աշխատանքային ռեժիմը չպահպանելը: Ավելին, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի վարչատարածքի մի շարք փոքր, հեռավոր, մեկուսացած գյուղական համայնքներում սովորական է դարձել տարիներ շարունակ համայնքապետարանների փակ լինելը: Շուրջ 8 գյուղերի համայնքապետեր չեն բնակվում իրենց իսկ համայնքներում: Համայնքը «ղեկավարում են», մի տեսակ, հեռակա կարգով: Կուտական գյուղի բնակիչներն իրենց համայնքապետին տեսնում են տարին մի քանի անգամ:
Ավելի հաճախակի, սակայն ոչ ամեն օր, սեփական համայնքի ղեկավարին տեսնելու բախտ ունեն Գեղամաբակի, Արեգունու, Տրետուքի, Փոքր Մասրիկի բնակիչները: Իսկ եթե պատահաբար հաջողվում է բաց համայնքապետարաններ տեսնել Ազատ, Գեղաքար, Գեղամաբակ, Ջաղացաձոր եւ մի շարք այլ համայնքներում, ուրեմն կագմ ընտրությունների շրջան է, կագմ օգնություն են բաժանում: Երբ համայնքի բնակիչը չի կարողանում տեղեկանք վերցնել համայնքապետարանից, այդ պարագայում հնարավո՞ր է, արդյոք, խոսել բյուջետային գործընթացների հրապարակայնության, ավագանու նիստերի մասին իրազեկության ապահովման, համայնքային քննարկումների կազմակերպման մասին: Բնական է` ոչ:
Կան նաեւ աշխատող համայնքապետարաններ. բացվում են մինչեւ կեսօր եւ անգամ ամբողջ աշխատանքային օրը: Ձմռանը համայնքապետարանների մեծ մասում աշխատելը պարզապես անհնար է: Առանց փայտի պաշարի վառարանը վկայում է այն մասին, որ մարդիկ այստեղ լինում են խիստ անհրաժեշտության դեպքում: Սակայն, միեւնույն է, ամառ թե ձմեռ, գյուղում բոլորն էլ շտապում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, այնպես որ, չգրված օրենքներով, համայնքապետարանի աշխատակիցների բացակայությունը դառնում է հարգելի: Բայց աշխատող համայնքապետարաններում էլ անտեսվում են բյուջետային գործընթացների հրապարակայնությունը, ավագանու նիստերի մասին իրազեկության ապահովումը, համայնքային քննարկումների կազմակերպումը եւ այլն:
Քաղաքային համայնքներում պատկերը փոքր-ինչ այլ է. մի քանի տասնյակ աշխատակիցներ, աշխատանքային ռեժիմի պահպանում, աշխատանքային առավել նպաստավոր պայմաններ եւ ավելի բարձր աշխատավարձ: Հաճախ` նաեւ ԶԼՄ-ների առկայություն: Բյուջետային ավելի կայուն հնարավորություններ թափանցիկության ու հրապարակայնության միջոցառումների իրականացման համար, համապատասխան աշխատակիցների առկայություն, համայնքում գործող ՀԿ-ներ, սակայն կրկին ու կրկին թափանցիկության ու հրապարակայնության սկզբունքի անտեսում կամ թափանցիկության ու հրապարակայնության ապահովման իմիտացիա:
Համայնքի բնակիչները չեն ներգրավվում որոշումների ընդունման գործընթացում: Նրանց շահերը ներկայացնող ավագանին, որպես կանոն, չի գործում իբրեւ համայնքի ղեկավարի հակակշիռ: Չունենալով հակակշիռ, դիմադրող ու մրցակից` ՏԻՄ ղեկավարները սկսում են չափազանց ազատ գործել` ըստ էության միանձնյա տնօրինելով համայնքի միջոցները:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածով սահմանվում է. «Համայնքի բյուջեի կատարման վերահuկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է uտուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը եւ որակը, պահանջել հաշվետվություններ կատարված ծախuերի վերաբերյալ»: Ոչինչ չես ասի, լավ է ձեւակերպված, բայց կատարողն ո՞վ էգ
Բյուջեի նախագծերը կազմվում են առանց հանրային քննարկումների: Կապիտալ ծրագրերը նախատեսվում են` հաշվի առնելով դրանց իրականացման դեպքում իրենց ստանալիքը: Մինչդեռ համայնքի բնակիչները կարող են եւ դեմ լինել այն ծրագրերի ու գնումների իրականացմանը, որոնք ոչ մի կերպ չեն բարելավում իրենց կենսակերպը:
Ի դեպ, երբեմն ծիծաղելի կոչով համայնքի պատասխանատուները հանկարծ հիշում ու դիմում են իրենց բնակիչներին` եթե առաջարկություն ունեք բյուջեի հետ կապված, խնդրե՜մ, սպասում ենք: Այս դեպքում ժողովրդավարի կեցվածք ընդունողները մոռանում են, որ իրենք պարտավոր են քննարկել բյուջեի նախագիծը եւ ոչ թե աճպարարությամբ «օդից առաջարկություն» ակնկալեն բյուջեի ձեւավորումից անտեղյակ քաղաքացիներից:
Համայնքային բյուջեներում չեն նախատեսվում միջոցներ այնպիսի միջոցառումների համար, որոնք կապահովեն ՏԻՄ գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը եւ համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելը: Լավագույն դեպքում նախատեսված միջոցներն օգտագործվում են տարաբնույթ հայտարարությունների կամ լրատվական անդրադարձերի համար, սակայն ոչ երբեք ավագանու նիստերի օրվա եւ ժամի մասին իրազեկում ապահովելու կամ հաշվետու ելույթների, հարցազրույցների, ուղիղ եթերով բնակիչների հետ հաղորդակցվելու կամ բյուջետային թեմաներով հանրամատչելի հրապարակումների համար:
Նման նախաձեռնություններ իրականացնում են միայն ՀԿ-ները` «ես քեզ օգնեմ, դու էլ ինչ-որ չափով ժողովրդավար կեցվածք ընդունիր» փոխհամաձայնեցված տարբերակով: Այդպիսի նախաձեռնությունները չեն ունենում հստակ պարբերականություն, չի ձեւավորվում հաշվետու լինելու ավանդույթը, հանրության համար շարունակում են անհասկանալի մնալ տեղական ինքնակառավարման էությունը, ՏԻՄ-երի իրավասությունները, լիազորություններն ու պատասխանատվության չափը: Արդյունքում, համայնքների բնակիչները գոհանում են ՏԻՄ-երի պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների կատարումով` չսպասելով նորարարական մոտեցումների:
ՏԻՄ-երը որդեգրել են այնպիսի կեցվածք, թե` մեզ հաջողվում է վերանորոգել, կառուցել, ասֆալտապատել, իսկ ձեր հոգսերին լուծումներ գտնելը, համայնքի բնակիչներ, մեր ուղղակի պարտականությունը չէ, բայց դուք պետք է երախտապարտ լինեք, որ մենք վերանորոգում ենք, կառուցում ու ասֆալտապատում:
Մենք չենք էլ ակնկալում, որ ՏԻՄ-ը կարող է միջոցներ նախատեսել շահույթ հետապնդող գործունեություն իրականացնելու համար, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով թվարկված կամավոր լիազորությունները uպառիչ չեն, եւ «տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, oրենքին չհակաuող ցանկացած գործունեություն»:
Համայնքը կարող է իրականացնել տնտեսական գործունեություն` այդ նպատակով ստեղծելով առեւտրային կազմակերպություններ եւ մասնակի սեփականատեր լինելով այդ կազմակերպություններում: Մինչդեռ մեզանում համայնքապետերը (նաեւ` համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները) հակված են ստեղծելու իրենց սեփական առեւտրային կազմակերպությունները, քանի դեռ իրենց թուրը կտրում է: Համայնքի բնակիչները չեն էլ կարծում, թե իրենք կամ տեղական իշխանություններն ի վիճակի են զարգացնել համայնքը միանգամայն նորարարական, համարձակ նախաձեռնություններով:
Լուսինե Թոփլաղալցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել