
Հետաքննելով ներկան
Վարդան Ջալոյան
Ներկան եւս պատմության մի մասն է, այն ստեղծվել է նախկին իրավիճակների եւ որոշումների շնորհիվ: Բայց մեր մոտ իշխողն առասպելաբանական մտածողությունն է, դեռ Վահան Տերյանն է հայ մտավորականությունը բնորոշել իբրեւ «տիրացուական»:
Տիրացուական մտածողությունը պնդում է, որքան ես եմ հասկանում, մի պարզ տրամաբանությամբ. իրադրությունը պայմանավորված է բարոյական գործոնով, իսկ դժվարություններն Աստծո պատիժն են մեղքերի համար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ՀՀՇ մեղքերով, այժմ՝ «ղարաբաղյան կլանի»: Գուցե «Աստծո պատիժ» բառակապակցությունը հաճախ հանդիպում է միայն Տիգրան Կարապետյանի մոտ, բայց ակնհայտ է, որ առանձին բացառություններով, այս բացատրական մոդելին հարում է մտավորականների եւ քաղաքական գործիչների մեծամասնությունը:
19-րդ դարում Արեւմտյան Եվրոպան ստեղծեց պատմական գիտությունները` փորձելով խուսափել «Աստծո պատժի» աստվածաբանական մոդելից, Աստծո կամքին համադրել հասարակական կամքը: Ըստ պատմական բացատրության` հասարակությունը ստեղծում է ինքն իրեն, բայց Հայաստանում պատմական-աշխարհիկ մտածողությունը դեռեւս հասարակական գիտակցության մեջ խոր արմատներ չունի, եւ առասպելաբանությունը Հայաստանում մտածողության գերիշխող ձեւն է:
Օրինակ` «ցուրտ ու մութ տարիները» համարվում են «չար ուժերի» գործունեության արդյունք, այլ ոչ թե «ցուրտ ու մութ» հասարակության ինքնարտահայտման կերպ: Խաբեբայությունը, «քցելը», վաշխառությունը, պարզապես բռնությունը համարվում էին կապիտալիստական «երջանիկ ապագայի» առաջին նախանշաններ: Հասարակությունը ինքնաբուխ կերպով ձեւավորում էր սոցիալական, տնտեսական-քաղաքական այնպիսի հաստատություններ, որոնք ներկա իրավիճակը պայմանավորող վճռական գործոններն են:
Որպես վերլուծության օրինակ վերցնենք «կլանային համակարգը» Հայաստանում: Նկատենք, որ կլանները ձեւավորվել են դեռեւս Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Բայց դրանք սկզբունքային տարբերություն ունեն քոչարյանական «դարաշրջանի» կլանների հետ:
90-ականները բնութագրելիս հարկ է նկատի ունենալ, մասնավորապես անհաջող ռեֆորմների պատճառով, տնտեսության համատարած քայքայումը: Այդ իրավիճակի առաջին հետեւանքը եղավ այն, որ անհատական գոյապահպանությունը դարձավ առաջնահերթ խնդիր: Սոցիալական հաստատությունների թուլության հետեւանքով մարդիկ սկսեցին ստեղծել գոյապահպանական միավորումներ՝ «կլաններ»: Այդպիսի կլան կարող է լինել ոչ միայն տնտեսական կլանը, այլ նաեւ կրոնական համայնքը, մեծ արդյունաբերական ձեռնարկությունը, ստեղծագործական միությունը, փոխօգնության համար ստեղծված «ախպերությունը» եւ այլն:
Պայմանականորեն նրանց բոլորին էլ կարելի է անվանել 90-ականներին ստեղծված տերմինով՝ «կռիշաներ»: Մասնավորապես, իրավական քաոսի պայմաններւմ, «կռիշաները» պետք է պաշտպանեին «կլանը» ավազակներից, ռեկետ անողներից եւ նրանց ընդօրինակող ՆԳ նախարարության ներսում գործող համանման միավորումներից:
Արդարության համար նշեմ, որ փողոցային բանդիտիզմի, ռեկետի եւ ճանապարհային ավազակության դեմ պայքարում Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատարներից էր նույն Վ. Սիրադեղյանի շնորհիվ: Միայն 90-ականների վերջում, օրինակ, Ռուսաստանում հասկացան, որ բանդիտական խմբավորումները հարկավոր է ոչնչացնել առանց դատ ու դատաստանի, հաճախ՝ այլ բանդիտների օգնությամբ: Իսկ Վրաստանում` միայն մի քանի տարի առաջ:
Հետխորհրդայնության համակարգի բազմաթիվ վերլուծաբաններ պնդում են, որ անհրաժեշտաբար, «բանդիտական» քաոսին հաջորդ փուլում փոխարինում է կոռումպացված համակարգային կլանային պսեւդոպետությունը. «ռեկետին» փոխարինում է կաշառքը:
Օրինականության, տնտեսական բնականոն հարաբերությունների հաստատումը, սոցիալական ապահովության արդյունավետ համակարգի ստեղծումն այս պայմաններում պահանջում է լուրջ եւ երկարատեւ աշխատանք, եթե, իհարկե, արտառոց դեպք տեղի չի ունենում: «Հայի բախտի» գործոնն աշխատեց Նաիրի Հունանյանի «շնորհիվ», արտառոցը տեղի ունեցավ, եւ Հայաստանը երեք տարի գտնվում էր խորը քաղաքական ճգնաժամի մեջ:
Այդպիսի խորը քաղաքական ճգնաժամ Ռուսաստանն ապրել է 93-96 թթ.: Մասնավորապես, նախագահական ընտրություններից առաջ Բ. Ելցինը, խուսափելու համար իշխանափոխությունից՝ կոմունիստական իշխանության վերականգնումից, կնքեց, այսպես կոչված, «օլիգարխիական պայմանագիրը»: Նկատենք, որ իշխանության ներսում քննարկվում էին շատ ավելի վատ տարբերակներ, քան այն, ինչ իրագործվեց:
Օրինակ` Բերեզովսկին առաջարկում էր հրաժարվել ընտրություններից, պայմանավորվել կոմունիստների հետ՝ նրանց հրավիրելով կառավարություն: Բերեզովսկու «վերնախավային դավադրության» սցենարն իրագործվեց այս տարի Հայաստանում. այդ համաձայնագիրն անիմաստ է դարձնում ընտրությունները եւ քաղաքական մրցակցության գաղափարը: Օլիգարխների օգնությամբ Ելցինը կեղծեց ընտրությունները, իսկ նրանց այդ ծառայության համար, փաստորեն, «նվիրեց» երկիրը: Երկու դեպքում էլ նոր համակարգի համար ճանապարհը հարթվեց խորհրդարանի նկատմամբ արյունոտ հաշվեհարդարի միջոցով: Դրանից հետո խորհրդարանը երկու երկրներում էլ դադարեց էական քաղաքական դեր խաղալ, վերածվեց իրականը սքողող «վարագույրի»:
Հայաստանում օլիգարխիական պայմանագիրը կնքվեց 2001-2002 թթ., որի կորիզը կազմեցին Ռ. Քոչարյանի բիզնեսմեն ընկերները՝ «ղարաբաղյան կլանը», բայց ոչ միայն նրանք: Այդ պայմանագրի էությունը հրաշալի արտահայտել է Բ. Ելցինը. «Վերցրեք այնքան իշխանություն, որքան կարող եք»: Մեկը զավթում է հսկողությունը Սյունիքի մարզի վրա, մյուսը՝ շաքարավազի բիզնեսի եւ այլն: Մեր երկրում Ռ. Քոչարյանի «շնորհիվ» կրկնվեց ելցինյան սցենարը. երկիրը նվիրվեց մի քանի կիսաքրեական օլիգարխների՝ կնքվեց «օլիգարխիական պայմանագիր»:
«Օլիգարխիական պայմանագրի» առանձնահատկություններից հիմնականն այն է, որ այդ պայմանագիրն առաջին հերթին լուծում է ոչ թե իշխանության կամ իրավունքների հարցը, այլ հանդիսանում է զինաթափման պայմանագիր. ամեն մեկն իր «գործն» է անում, մյուսները «չեն խանգարում» կամ պարզապես իրար չեն մորթում: Ռ. Քոչարյանը գոյաբանական կլանին հակադրեց տնտեսական-քաղաքական կլանը:
Արդեն 90-ականների կեսերին կար ժողովրդին զինաթափելու հարցը, որը դանդաղորեն լուծվում էր, բայց Ռ. Քոչարյանն այդ հարցում վճռական բեկում մտցրեց: Իշխող խավի տեսակետից, չափից ավելի շատ զենք կար մարդկանց մոտ, որը նրանց համար սպառնալիք էր: Ամերիկացիներն ասում են. «Աստված ստեղծեց մարդկանց հավասար, իսկ Կոլտը նրանց դարձրեց հավասար»:
Զինաթափումը նախապատրաստական փուլ էր ապագա անարդար, անհավասար հասարակության ստեղծման համար: Տնտեսական վերաբաշխմանը նախորդեց զենքի վերաբաշխումը՝ զենքն անցավ սեքյուրիթիներին: «Առագաստ» սրճարանում նախագահ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանությունն այդ վերաբաշխման դրամատիկ եւ խորհրդանշական պահերից է. սեքյուրիթին ցույց տվեց, որ ինքն է օրենքը:
Մյուսը Երեւանի «ՏԵՑ-ի կռուգի» դիպվածն է, որը ցույյց տվեց, որ զինաթափման «օլիգարխիական պայմանագիրը» որոշ խնդիրներ ունի: 1998 թ.-ից սկսված քաոսը հարկ էր փոխարինել բռնի, անօրեն, բայց կայուն համակարգով: Ավելորդ է ասել, որ այդ «կայուն համակարգի» սկզբունքները փոխառված էին քրեական «ռազբորկաների» սկզբունքներից:
Լավագույն ռուս ինստիտուցիոնալ տնտեսագետը՝ Ա. Աուզանը, գրում է. «...օլիգարխների համար չկրակել իրար վրա շատ դժվար էր: Ինձ այդ մասին պատմել է Իվան Կիվելիդին, որն, իմիջիայլոց, սպանվեց իր գործընկերների կողմից: Դա դժվար էր, քանզի ամեն մեկը վրեժխնդրության առիթ ուներ»: Իրադրությունն ավելի է խճճվում, եթե հաշվի առնենք, որ խորհրդահայ մշակութային հերոսին՝ աստղագետ Վ. Համբարձումյանին եւ բանաստեղծ Պ. Սեւակին փոխարինելու եկավ «փողի հերոսը»՝ մականունավոր օլիգարխը:
«Օլիգարխիական պայմանագիրն» օլիգարխին վերածում է ազգային մասշտաբի գործչի, ինչպիսի հասարակական վարկ էլ ունենա, ավելի ճշգրիտ՝ ի հեճուկս այդ վարկի:
Օլիգարխը մասնավոր դեպքից քոչարյանական պսեւդոպետությունում վերածվում է սոցիալական գերվճռորոշ գործչի: Օլիգարխի «սեքյուրիթին»՝ նրա անձնական անվտանգությունը, ավելի մեծ ծախսեր է պահանջում, քան ազգային անվտանգությունը, այն պարզ պատճառով, որ նրա «բյուջեն», հարկահանության ծավալն ավելի մեծ է, քան պետական բյուջեն, պետական հարկահանությունը: Սա այն չափանիշն է, որ տարբերակում է պսեւդոպետությունը պետությունից: Ի վերջո, այս գործընթացների արդյունքում, մասնավորապես ոստիկանությունը կորցրեց իր հասարակական դերը, դարձավ կլանների «օբշչյակ» սեքյուրիթին` փոխառելով նրանց հիմնական որակները՝ լպիրշությունը եւ դաժանությունը, սեփական ժողովրդի հանդեպ ատելության գիտակցությունը:
2001 թ. «օլիգարխիական պայմանագիրը» թույլ տվեց օլիգարխներին զավթել արդյունաբերական ակտիվները՝ ոսկու եւ այլ հանքերը, ցեմենտի, շինինդուստրիայի, սննդի խոշոր ձեռնարկությունները եւ այլն: Եթե 90-ականներին հիմնականում սեփականաշնորհվում էին չգործող ձեռնարկությունները, ըստ էության` անշարժ գույք, ապա 2000-ականներին՝ գործող եւ մեծ շահույթներ բերող ձեռնարկություններ:
Դրանք ձեռք բերվեցին խորհրդանշական գներով, իրական արժեքի 10 տոկոսից էլ ցածր գնով, ինչը թույլ տվեց օլիգարխներին մեկ-երկու տարվա ընթացքում տասնապատկել եւ նույնիսկ հարյուրապատկել իրենց կարողությունը: Նրանք առեւտրային միջին կապիտալիստներից վերածվեցին արդյունաբերական գերկապիտալիստների: Ըստ էության, այդ հարստությունն իշխանությունն էր նվիրել օլիգարխներին քաղաքական աջակցության դիմաց: Դա կարեւոր դաս էր նրանց համար. հաջողությունը կա, եթե աջակցում ես քաղաքական բանդիտիզմին: Դա կապիտալի պարտությունն էր, քանզի կապիտալի հաղթանակը նշանակում է, որ դաշտում հաստատվել են խաղի կայուն կանոններ, իսկ Հայաստանում այդպես չէ:
Դա նաեւ նշանակում է, որ Հայաստանում վերաբաշխման բերած շահույթները դեռեւս ավելի կարեւոր են, քան արտադրական ջանքերը, եւ եթե հասարակական հարստության մի զգալի մասը ձեւավորվում է տրանսֆերտների եւ օգնությունների ձեւով, ապա հիմնական խնդիրն այդ տրանսֆերտները եւ օգնությունները յուրացնելն է: Հայաստանում օլիգարխիական-կլանային համակարգի գերիշխանության շնորհիվ ավելի հեշտ է յուրացնել Ռուսաստանում կամ այլուր հասարակ հայ մարդկանց ճորտական աշխատանքով ձեռք բերած միջոցները, քան իրական արտադրություն ստեղծելը:
Վերաբաշխումը, այս ոլորտը մեկից վերցնելը եւ ուրիշին տալը, պարազիտային պրակտիկայի գերիշխող դերը հայաստանյան հասարակության եւ տնտեսության մեջ, պարզապես նշանակում է, որ տնտեսության մեջ դեռեւս չկան կանոններ՝ հարաբերությունները շուկայական չեն, եւ դրանում հիմնական շահագրգռված մասը գանձագողությամբ ապրող նոմենկլատուրան է՝ բարձրագույն պաշտոնյաներից՝ նախարարներից սկսած մինչեւ մարզպետները, պատգամավոր մտավորականներից մինչեւ շոու աստղերը:
Կուզենայի մի օրինակ բերել հասարակական «խաղի կանոններից»: Մարտ ամսի «Օտար խաղեր» հաղորդման ժամանակ մի երիտասարդ աղջիկ եկել էր բողոքելու հարեւանի տղայից: Վերջինս համոզել էր հարեւաններին, որ Ամերիկայի իր ազգականները կանոնավոր կերպով ուղարկում են ծանրոց «ֆիրմային շորերով», որոնցից յուրաքանչյուրը վաճառում էր 8 հազար դրամից ավելի: Աղջիկը պարզել էր, որ տղան հագուստները գնում էր «Սեքընդ հենդ» խանութից, կիլոգրամը 3 հազար դրամով: Տղան արդարանում էր, որ բոլորն էլ «ըտենց են բիզնես անում»:
Լսարանի մեծամասնությունը համարում էր, որ իսկապես բոլորն էլ «ըտենց են բիզնես անում», փոքրամասնությունը` որ հարեւաններին խաբելը վատ է, «իրար տուն գալ ու գնալ կա», «իրար օգնել կա» եւ այլն: Եթե հարեւան չէ՝ կարելի է: Ոչ ոք, նույնիսկ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը չնկատեցին, որ խոսքը քրեական հանցագործության մասին է: Ակամա վերհիշում ես սունդուկյանական «Խաթաբալան», որի իմաստն այն էր, որ բիզնես հարկավոր է անել «ոչ ասիական» ձեւով, ազնվորեն: Սա «քոչարյանական դարաշրջանի» «Խաթաբալան» է, նրա հասարակական խաղի կանոնների ներկայացումը, վերնախավի որդեգրած արժեքների ցուցադրումը:
Վերափոխել Հայաստանում, ցավոք սրտի, դեռեւս նշանակում է հեղափոխել՝ փոխել խաղի կանոնները, սեփականության հանդեպ վերաբերմունքը՝ գողությունը եւ աշխատանքը չհամարել համարժեք:
Հայաստանյան վերնախավը, ինքնապահպանական բնազդով, փորձում է գտնել կոմպրոմիսային լուծումներ, հետաձգել իր ոչնչացման պահը: Սա բարոյախոսական հռետորություն չէ. մի քանի հարյուր հազար ընտրողներից Արտաշես Գեղամյանն այսօր մի քանի հազար աջակիցներ ունի, ինչպես որ վաղը կունենա Արթուր Բաղդասարյանը: Վերնախավը կատաստրոֆիկ կերպով կորցնում է հասարակական ամեն մի վստահություն, ուրեմն վերնախավային կոմպրոմիսը եւս դառնում է անարդյունավետ:
Արեւմուտքը խորհուրդ է տալիս չհավատալ վերնախավային կոմպրոմիսներին, գնալ ընդդիմության հետ երկխոսության: Այդ իմաստությունը նա սովորել է իր արյունոտ պատմության դասերից: Այժմ մեր հերթն է սովորելու մեր արյունոտ պատմության դասերը: Կամ բռնանալ եւ կրկին արյուն հեղել, մինչեւ հասարակական գիտակցության զանգվածային արթնացումը, որը որպես առաջնորդ առաջ կքաշի նոր զանգվածային վերնախավի:
Մեկնաբանել