HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հերոսների մարող շենը` Ոսկեպար

Ոսկեպարը մեր նորօրյա գոյամարտի, հաղթանակի խորհրդանիշն է: Ինչպե՞ս պատահեց, որ այսքան դժվարությամբ տրված հաղթանակի աստղն այստեղ կամաց-կամաց սկսեց մարել:

Գյուղը դիմակայեց խորհրդային գեներալ Կոսոլապովին, երբ 1991 թ. նա շրջապատել էր շենը եւ բոլորին հրամայում էր հանձնվել: Ոսկեպարը 1992 թ. հաղթեց իր կողքին բույն դրած եւ իր անունը աղավաղումով յուրացրած Աշաղի Աքսիբարա (Ներքին Ոսկեպար) եւ Յուխարի Աքսիբարա (Վերին Ոսկեպար) ադրբեջանական գյուղերում դիրքավորված զինյալներին: Եվ հիմա, հաղթական զինադադարից 14 տարի անց, սահմանապահ գյուղն առանց կռվի հանձնում է դիրքերը: 

Երբ Ոսկեպարի երկարամյա ղեկավար Հրուշ Աղբալյանին ասացի, որ գյուղ եմ մեկնում հոդված գրելու համար, համայնքի ղեկավարը մի տեսակ զգուշացավ: Վաղուց ենք իրար ճանաչում եւ, իմ կարծիքով, Հանրապետական կուսակցության անդամ համայնքապետի զգուշավորությունը մի պատճառ ուներ. գյուղի վիճակն առավել քան մտահոգիչ է, իսկ լրագրողի հրապարակած դառը ճշմարտությունը կարող է դուր չգալ երկրիս իշխանավորներին: Որ չհայտարարված պատերազմից հետո այստեղ շատ բան չի փոխվել, վկայում է գնդակոծությունից «քրքրված» համայնքապետարանի շենքը: 

Սահմանամերձ համայնքի 2007 թ. բյուջեի եկամուտները կազմել են 17 մլն 709 հազար դրամ, որից հավաքագրվել է 11 մլն 669 հազար դրամ, կատարողականը կազմել է 65.9 տոկոս: Անցյալ տարի համայնքին տրամադրված պետական լրավճարը եղել է 5 մլն 679 հազար դրամ: Կառավարության 2001-2002 թթ. համապատասխան որոշումներով Ոսկեպար համայնքի սեփականաշնորհված 237.8 հա եւ տնամերձ 80.2 հա հողերն ազատված են հողի հարկից: Այս որոշումներն ընդունվել են սահմանամերձ գյուղին աջակցելու նպատակով, սակայն մի՞թե Ոսկեպարն ավելի ծանր վիճակում է, քան, օրինակ, սահմանամերձ Կոթի գյուղը կամ Բարեկամավանը, որոնք ազատված չեն հողի հարկից: Համայնքը պետական լրավճար կստանար նաեւ հողի հարկ գանձելու դեպքում: Իսկ կառավարությունը, Ոսկեպար համայնքն ազատելով հողի հարկից, պարտավոր էր դրա փոխարեն ավելացնել տրամադրվող պետական լրավճարի չափը, այլապես «էժան լավություն» է ստացվում: Հայաստանում առկա երկնիշ տնտեսական աճն այստեղ չի զգացվում: Համայնքի այս տարվա բյուջեն նախորդի համեմատ նվազել է: Ոսկեպարի 2008 թ. բյուջեի ծախսերը կազմում են 14 մլն 323 հազար դրամ, իսկ եկամուտները` 9 մլն 325 հազար դրամ: Պակասորդ շուրջ 5 մլն-ն էլ լրացվել է անցյալ տարվա դեկտեմբերին համայնքի պահուստային հողերի օտարման հաշվին: Այսինքն` համայնքի պահուստային հողերով նոր կառուցվող ոռոգման ջրատար է անցնում, որի դիմաց էլ տրվել է այդքան փոխհատուցում:

«Նախկինում մեր բյուջեն իրատեսական չէր, ներառում էր նաեւ ապառքներ, իսկ ընթացիկ տարվա բյուջեն ռեալ է»,- վկայում է համայնքապետարանի քարտուղար Միշա Ստեփանյանը: Անցյալ տարի պահուստային հողերի վարձավճարը սահմանված էր 883 հազար դրամ, իսկ այս տարի` ընդամենը 400 հազար դրամ: Համայնքապետարանի հաշվապահ-ֆինանսիստ Սուսաննա Հարությունյանը դա բացատրում է նրանով, որ պահուստային 142 հա հողերից ընդամենը 25 հա-ն է մշակվում: 

Ո՞վ պետք է մշակի, եթե ոսկեպարցիները հանգրվանել են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերում: Ռուսաստանում մշտական բնակություն հաստատածներին ավելացել են արտագնա աշխատանքի մեկնողները: Այս գարնանը Ռուսաստանում բնակվող ոսկեպարցի գործարարներից մեկը կազմակերպել է համագյուղացի 30 երիտասարդի աշխատանքային միգրացիան, եւս 30 երիտասարդ Ռուսաստան աշխատանքի է գնացել ծանոթ-բարեկամի մոտ: Սահմանապահ գյուղն աստիճանաբար լքվում է ու ծերանում: 1980-ական թվականներին տեղի դպրոցում շուրջ 340 աշակերտ կար, հիմա` 135: Փաստացի 850 բնակիչ ունեցող Ոսկեպարում հիմնականում կենսաթոշակառուներ են մնացել: Մշակույթի տան գրադարանավար Նարա Սիրադեղյանն ասում է, որ մահվան դեպքերն անհամեմատ գերազանցում են ծնունդների թիվը: Այս տարի 7 մահ է եղել եւ միայն 2 ծնունդ: Երբ մեծահասակ ամուսիններից մեկը մահանում է, մյուսը փակում է տան դուռն ու մեկնում Ռուսաստանում բնակվող զավակների մոտ: Գյուղի 250 տներից 70-ի դռները ներկայումս փակ են:

Ոսկեպարի համար փրկություն կարող է լինել աշխատատեղերի ստեղծումը: Այստեղ հիմնական աշխատանք ունեն միայն համայնքապետարանի 10 աշխատակիցները եւ դպրոցի մանկավարժները: Չնայած` համայնքապետարանի հարկահավաք Գալյա Սարուխանյանի ստացած 25 հազար դրամ աշխատավարձն էլ կայուն եկամուտ չես համարի: Համայնքապետարանում մեծ հույսեր չեն կապում սարերից սահմանամերձ գյուղեր ձգվող ինքնահոս ջրատարի` ամռանը սպասվելիք գործարկման հետ, քանզի այն Ոսկեպարում լոկ 60 հա հող է ոռոգելու: 1988-90 թթ. Ոսկեպարն Ադրբեջանի Ղազախի շրջանից բնական գազ էր ստանում` նույնիսկ չվճարելով դրա դիմաց: Կապույտ վառելիքի վերադարձին այստեղ շուտ չեն սպասում, որովհետեւ այս տարածաշրջանի 6 գյուղերի գազաֆիկացումը մի ծրագրով կարող է իրականացվել, իսկ դրա համար «Հայռուսգազարդը» պետք է 500 մլն դրամի ներդրում կատարի: Հիմա պետբյուջեի միջոցներով գյուղ մտնող ճանապարհն է նորոգվում, սակայն նախատեսված 2300 մետրի փոխարեն այս տարի կնորոգվի ընդամենը 1900 մետր, ճանապարհի ջրահեռացման հոգսերն էլ մնացել են համայնքի ուսերին: 

Անցյալ տարի սելավն ու կարկուտը ոչնչացրեցին ոսկեպարցիների ողջ բերքը, սակայն պետական աջակցությունը սահմանափակվեց միայն հեղեղից քանդված երկու կամուրջների վերականգնմամբ: Հայտնի չէ` արդյոք պետությունը ոսկեպարցիներին կփոխհատուցի՞ աֆրիկյան ժանտախտից խոզերի անկման համար: Հիմա էլ Ոսկեպարում անասունների նոր հիվանդություն է երեւան եկել` խոշոր եղջերավորների պիրոպլազմոս հիվանդությունը, որից գյուղում արդեն 5 անասուն է սատկել: 

Պետությունը բավարար չափով չի աջակցում նաեւ սահմանամերձ գյուղի բնակիչների մշակութային եւ տեղեկատվական պահանջմունքների բավարարմանը. ոսկեպարցիները հոգնել են ադրբեջանական եւ ռուսական հեռուստաալիքներ դիտելուց, Հայաստանի հեռուստատեսային ցանցերը հեռարձակում են միայն «Հ1», «ՕՌՏ» եւ «ՌՏՌ Պլանետա» հեռուստաալիքների ծրագրերը: Ում ձեռքը փող է ընկնում, հարկադրված արբանյակային ալեհավաք է գնում: Պետության աջակցության փոխարեն այստեղ զգացել են բյուրոկրատիայի ուժը:

Անցյալ տարի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը, պատճառաբանելով, որ մոտակա սարերից գյուղ մտնող խմելու ջրագծի օրվա կարգավորիչ ջրամբարները ցանկապատված են մետաղալարի մեկ եւ ոչ թե երեք շերտով, համայնքապետարանին տուգանել է 40 հազար դրամով: Համայնքապետարանը բողոքարկել է վճիռը, սակայն տեսչությունը, չհամակերպվելով վերաքննիչ դատարանի` հօգուտ համայնքապետարանի կայացրած վճռի հետ, դիմել է վճռաբեկ դատարան, որի կայացրած որոշումից հետո համայնքապետարանը վճարել է տուգանքը:

Ոսկեպարում մարդկանց դեմքերին հուսահատություն եւ վհատվածություն տեսա: Եթե իշխանությունները ֆինանսական եւ բարոյական աջակցություն չցուցաբերեն, պատերազմում դիմակայած եւ հաղթանակած գյուղին կմնա միայն իր հերոսական անցյալը, բայց ոչ` ապագան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter