HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նանոր Սեֆիլյան. «Հայաստանը մեր Հայրենիքն է, եւ այս անգամ ոչ մի ուժ չի կարող մեզնից խլել զայն»

Մայիսի 7-ին տված ասուլիսի ժամանակ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանն անդրադարձավ նաեւ Շուշիի առանձնակի գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու հարցին:

Բանտում («Սեֆիլյանին, Մալխասյանին եւ Արոյանին դատապարտեցին») գտնվող Լիբանանի քաղաքացի Ժ. Սեֆիլյանը լիազորված անձի միջոցով ներկայացրել էր քաղաքացիություն ձեռք բերելու դիմում, որը մերժվել է: «Ի՞նչ է նշանակում լիազորված անձը դիմել է քաղաքացիություն ստանալու համար: Դա օրենք չէ, տվյալ անձը պետք է անձամբ դիմի եւ ոչ թե լիազորված անձի միջոցով»,- ասել է Ալվինա Զաքարյանը: Նա նաեւ ավելացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանը ժամանակին էլի դիմել է նույն հարցով եւ մերժվել: Իսկ մերժման պատճառը եղել է այն, որ Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը, ըստ Ա. Զաքարյանի, «խանգարում է հասարակական կարգը»: Ասուլիսի հաջորդ օրը Ժ. Սեֆիլյանի կինը` Նանորը, հանդես է եկել բաց նամակով:

Բաց նամակ

ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին

  Ի գիտություն «Օվիր»-ի Ալվինայի
Հանրահայտ փաստերն ապացուցման ենթակա չեն

Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը, գիտի աշխարհասփյուռ հայությունը: Ժիրայր ՍեՖիլյանն այն մարդն է, որի միայն մեկ կոչով պատրաստ է Հայաստան վերադառնալ իր քաղաքացիական պարտքը գիտակցող հայը: Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը, գիտեր նաեւ Շամիլ Բասաեւը, որն իր իսկ խոստովանությամբ ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար, ողջ Ռուսաստանը կգրավեր:

Իսկ թե ո՞վ է «Օվիր»-ի Ալվինան եւ ի՞նչ հատկանիշների ու մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է հայտնվել իր պաշտոնում ու աշխատել եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանությունների համար, գիտեն շատերը:

Անդրադառնալով ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հերթական հայտարարությանը` ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ իրավունքով եւ ինչ հատկանիշների համար Ժիրայր ՍեՖիլյանը պետք է ստանար ՀՀ քաղաքացիություն. 

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության` յուրաքանչյուր ծագումով հայ կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվում է իր նախկին քաղաքացիությունից եւ հինգ տարուց ավելի ապրում է Հայաստանում եւ ունի սեփականություն:

2. Մինչ օրս ՀՀ երկքաղաքացիություն ստացած 188 անձերը դժվար թե հայրենիքին եւ սեփական ժողովրդին ավելի շատ ծառայություն են մատուցել եւ առավել արժանավոր են, քան Ժիրայր ՍեՖիլյանը, որի անցած հերոսական ուղին հայտնի է բոլորին, իսկ եթե տկն Զաքարյանն այդ մասին տեղյակ չէ, դա իր խնդիրն է:

Խորհրդի կարգով կարող եմ ավելացնել, որ Ժիրայր ՍեՖիլյանի արժանիքներին ծանոթանալու համար «Օվիր»-ի Ալվինան կարող է օգտվել թեկուզ 2005 թ. հրատարակված Արցախյան շարժման հանրագիտարանից:

Հուսով եմ` հանրագիտարանին ծանոթանալուց հետո նա կլցվի բարի նախանձով եւ կհասկանա, որ պետք է ծառայել սեփական ժողովրդին: Մի խորհուրդ եւս, նախքան բարձրագոչ եւ անպատասխանատու, իսկ այս դեպքում անօրինական հայտարարություններ անելը, թե Ժիրայր ՍեՖիլյանի գործունեությունը սեփական հայրենիքում խանգարում է հասարակական կարգը, ուզում եմ հայտնել, որ ՕՎԻՐ-ի պետը մինչ այդ պետք է իրեն հարգելով ծանոթանար Ժիրայր ՍեՖիլյանի գոնե դատական գործին` իմանալու համար, որ նույնիսկ շինծու մեղադրանքների հանգամանքում նա երբեք հասարակական կարգը չի խանգարել եւ երբեք վտանգ չի հանդիսացել սեփական պետականության համար: 

Ժիրայր ՍեՖիլյանը կարող է համարվել վտանգավոր միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների եւ ոչ թե ՀՀ-ի կամ Արցախի համար, հանուն որոնց նա իր կյանքն ու արյունը չխնայեց: Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս հանկարծ համընկան Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի շահերը տվյալ հարցում:

Ուզում եմ «Օվիր»-ի Ալվինային եւ իր ղեկավարներին հիշեցնել, որ ամուսինս, ես եւ մեր երկու որդիները 1991 թ.-ից ապրում ենք Հայաստանում եւ շարունակելու ենք ապրել այստեղ` անկախ այն բանից, թե արդյոք Ալվինան եւ իր վերադասները կշարունակեն չկատարել իրենց պարտականություններն ու խախտել ՀՀ Սահմանադրությունը` ցուցաբերելով խտրականություն մարդու հանդեպ:

Հայաստանը մեր Հայրենիքն է, եւ այս անգամ ոչ մի ուժ չի կարող մեզնից խլել զայն:

Նանոր Սեֆիլյան
Երեւան, 8 մայիսի, 2008

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter