HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատվածներ Վահան Հովհաննեսյանի ելույթներից

«Ես այդ թեկնածուն չեմ, որ ժողովրդին դուր գալու համար կեղծ խոստումներ տամ, այն, ինչ գրված է իմ ծրագրում, գուցե գտնեք նաեւ մյուս թեկնածուների ծրագրերում, բայց միայն իմ նախընտրական պլատֆորմում են դրանք ամբողջական շղթա կազմում եւ միայն ՀՅԴ-ն, իբրեւ սոցիալիստական կուսակցություն, կարող է դրանք կյանքի կոչել: Երկրում պետք է սահմանադրական կարգը վերականգնվի, եւ ես դա կարող եմ անել` օրենքներն առաջինն իմ շրջապատի վրա տարածելով»:

«Դուք կարծում եք մեր գործարարները քի՞չ հարկ են մուծում: Ո'չ: Նրանց գրպաններից դուրս է գալիս այնքան գումար, որ բյուջեն կարող էր ոչ թե 2,5 միլիարդ լիներ, այլ  չորս կամ հինգ միլիարդ: Բայց այդ գումարը բյուջե չի հասնում, ճանապարհին միջնոդրների գրպաններում է նստում»:

«Կիսագրագետները գծեցին մեր երկրի ուղին` հայտարարելով, թե շուկայական հարաբերություններն ամեն ինչ կկարգավորեն, թե շուկայական հարաբերություններից պետք է պետությունը հետ քաշվի»:

«Այսօր պայքար է սկսվել նախկին ու ներկա իշխանությունների միջեւ, ընդ որում` ոչ թե գաղափարների կամ քաղաքական, այլ անհատների պայքար` հղի բախումների վտանգներով»:
«Բավական է բռունցքներով կանգնենք, բռունցքներով իրար սպառնանք: Բավական է: Պետք է բացել բռունցքները: Բաց բռունցքը տալիս է հինգ համարը: Ես քվեաթերթիկի մեջ հինգ համարն եմ»:

«Հայաստանի այսօրվա զարգացումը երկու կարեւոր ուղղություններով թերի է։ Պարադոքսալ վիճակում ենք հայտնվել, երբ տնտեսական աճը ոչ թե օգնում է աղքատության հաղթահարմանը, այլ խորացնում է անջրպետը հարուստների եւ աղքատների միջեւ։ Դրանից, բնականաբար, շահում են հարուստները` ավելի հարստանալով։ Նաեւ դրամ-դոլարի տատանումն է, որ ի չիք է դարձնում արտերկրից ժողովրդին հասած գումարները։ Հաջորդ խնդիրն այն է, որ զարգացումը, որ տեղի է ունենում, արտահայտվում է միայն մայրաքաղաքում` այն էլ Երեւանի կենտրոնում։ Զարգանում են միայն շինարարությունը եւ սպասարկման ոլորտը, մինչդեռ նման զարգացումը ժամանակավոր բնույթ է կրում եւ չի կարող անդրադառնալ երկրի հեռանկարային զարգացման վրա, որովհետեւ այն ոչինչ չի ավելացնում երկրի արտադրության, գյուղատնտեսության զարգացմանը։ Այնինչ ճիշտ քաղաքականության արդյունքում Հայաստանը կարող է կտրուկ զարգանալ»:

«Ո'չ ՀՀՇ-ն դրական բարեփոխումներ կարող է անել, ո'չ էլ ներկա իշխանությունը։ Դրա համար էլ այդ երկու ուժերը խուսափում են քաղաքական-գաղափարական բանավեճերից։ Նախորդ իշխանությունը խոսում է ամեն գնով իշխանության հասնելու մասին` երկրում իրավիճակը սրելու ճանապարհով, իսկ ներկա իշխանությունները փորձում են ընտրությունները կեղծելու միջոցով պահպանել իշխանությունը»:

«Ես հավասարության նշան չեմ դնում ներկաների եւ նախկինների միջեւ։ Չնայած մենք նկատում ենք դրական փոփոխություններ, բայց դա շատ քիչ է։ 1990-ականներին, երբ սկսվում էր լկտիությունը, երբ ժողովրդի տականքը բարձրանում էր, մենք չնահանջեցինք, պայքարեցինք դրա դեմ։ Սակայն չհաջողեցինք, որովհետեւ կարողացան ազգը պառակտել։ Այժմ էլ փորձում ենք, համագործակցելով իշխանությունների հետ, դրական փոփոխություններ անել, սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են։ 16 հոգանոց խմբակցությամբ հնարավոր չէ 131-ի մեջ ռադիկալ փոփոխությունների հասնել։ Ես կարող եմ բոլոր փոփոխություններն անել, եւ հենց դրա համար ենք մենք գնում նախագահական ընտրությունների։ Ես կախվածություն չունեմ որեւէ մեկից, ոչ մեկից չեմ վախենում, պարտք չեմ ոչ մեկի։ Պարտք եմ միայն ձեզ, ինչպես իմ կուսակցությունն է նվիրված ժողովրդին»:

«Մենք ասում ենք, որ բախումների գնով, մեր ժողովրդի անվտանգությունը խախտելու գնով եւ այս ֆոնի վրա իշխանության գալը վտանգավոր է։ Այս ֆոնի վրա միակ ելքը մենք ենք եւ պայքարելու ենք այդ երկու բեւեռների դեմ։ Մենք ոչ միայն ամբողջական իշխանություն կարող ենք լինել, այլեւ կարող ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կարգին ուժեր են եւ ժողովրդի համար են աշխատում։ Այլ ոչ թե նրանց, ովքեր հոռացած են եւ կարծում են` պիտի հավերժ իշխեն։ Միայն մենք կարող ենք քանդել այս բոլոր պատնեշները։ Ես եւ իմ կուսակցությունը կվերադարձնենք ձեզ ազատությունը։ Պարզապես առաջին քայլը արեք փետրվարի 19-ին եւ մի' ընտրեք նրանց, ովքեր ուզում են ձեզ բախումների տանել»:

«Այս վիճակին որ հասել ենք` ինչ-որ տեղ նաեւ մեր անտարբերության պատճառով է: Ճիշտ է, ճնշումներ լինում են, բայց վախենալ պետք չէ: Փետրվարի 19-ի վճռականությունը ձեզ կարող է ազատել, իսկ անվճռականությունը` դարձնել ստրուկ կամ զոհ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter