
Նախարարը գյուղացիներին կընդունի 20 րոպեից
Գայ գյուղի բնակիչները Էջմիածնում հանդիպեցին էլցանցի «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրինության հետ, ովքեր գյուղացիներին խոստացան, որ կստեղծեն հանձնաժողով' հավելագրումների հարցը ուսումնասիրելու նպատակով: Գյուղացիներին չբավարարեց այդ պատասխանը, և նրանք շարժվեցին Երևան' ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
Հենց նոր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դուրս եկավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքից, ուր մտել էր Գայ գյուղի մի քանի բնակիչների հետ: Նա դրսում սպասող գյուղացիներին տեղեկացրեց, որ միջանցքում պատահաբար հանդիպել է նախարարին, նրան ներկայացրել խնդիրը: Նախարարը պատասխանել է, որ այս պահին արտասահմանցի հյուրի է ընդունելու, որից հետո' մոտ 20 րոպե անց, կընդունի Գայի բնակիչներին և կլսի նրանց խնդիրը:
Անահիտ Բախշյանը «Հետքին» ասաց, որ այս պահին գյուղացիների հետ զրուցում են աշխատակազմի ղեկավարը և երկու այլ պաշտոնյա:
Գյուղացիներն անընդհատ հարցնում են, թե արդյոք ինչ-որ բանի կհասնե՞ն իրենց բողոքի ակցիայով. նրանց վերագրում են զգալի գումարների պարտքեր, անգամ 100 հազար դրամից ավելի, ինչը նրանք չեն կուտակել:
Անահիտ Բախշյանը գյուղացիներին վստահեցրեց, որ շարունակելու է զբաղվել այս խնդրով: «Ժողովուրդ, իմացեք, եթե դուք պինդ եք կանգնած, եթե դուք ձեր իրավունքի տերն եք, մենք կհասնենք ձեր հաղթանակին»,- ասաց Ա. Բախշյանը, ինչին գյուղացիներն արձագանքեցին, որ իրենք իրենց իրավունքի տերն են:
Մեկնաբանել