HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահական ընտրություններ

Ցավոք, փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ընտրակեղծիքներ եւ ընտրախախտումներ, ավելին, ընտրական գործընթացը ուղեկցվեց ընտրական հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց ահաբեկման, շանտաժի եւ ծեծի ենթարկելու բազմաթիվ օրինակներով, ինչը կանխելու մասին մենք դեռեւս օրվա երկրորդ կեսին հանդես եկանք հայտարարությամբ: Բազմաթիվ ընտրական տեղամասերում զանգվածային լցոնումների, ընտրակաշառքների համատարած բաժանման, բաց եւ կրկնակի քվեարկությունների եւ ՕԵԿ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր բողոքների գրանցելուց զանգվածային հրաժարվելու, բազմաթիվ տեղամասերում ձայների հաշվման ընթացքում կատարված կեղծիքները կասկածի տակ են դնում ընտրությունների ազատությունը, օրինականությունը եւ արդարությունը: Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց` պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան հարյուր ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան երկու հարյուր ընտրական տեղամասերում, որի արդյունքում Էականորեն բարձրանալու են մեր թեկնածուի ձայները, ինչը իր հերթին էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին` միջոցներ ձեռնարկել չխոչընդոտելու համար օրենքով սահմանված կարգով քվեարկության արդյունքների վերանայումը: Հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրության եւ օրենքների խախտմամբ մինչեւ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը քվեարկության իրական պատկերի վերհանմանը խոչընդոտելու եւ աղավաղելու փորձերը հղի են հասարակական առճակատմամբ:

ՕԵԿ գրասենյակում կայանալիք ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսի ընթացքում կտրվեն լրացուցիչ գնահատականներ եւ պարզաբանումներ:

Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվում են Մատենադարանի մերձակայքում

Առավոտյան ժամը 11-ից Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվում են Մատենադարանի մերձակայքում:  Հանրահավաքը սկսվելու է ժամը 15-ին:  Քաղաքի տարբեր հատվածներում նկատվել են ոստիկանական խմբերի կուտակումներ:

ՀՀ  նախագահի մամուլի գրասենյակը տարածել է Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սարգսյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ազատ եւ ար­դար ընտրություններում Ձեզ ստացած քվեն Հայաստանի Հանրա­պե­տության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխում­ների շարունակականության քվեն է:

Հայաստանի տնտեսության աճի տեմպերի պահպանումը, աղքատու­թյան հաղթահարումն ու կյանքի նոր որակի ապահովումը, Հայաստանի միջ­ազ­գային ներգրավվածության խորացումը, Լեռնային Ղարաբաղի հակամար­տության արդար եւ վերջնական կարգավորումը Ձեր առջեւ ժողովրդի կողմից դրված բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսն են: Վստահ եմ, որ Դուք Ձեր բոլոր գիտելիքներն ու հմտությունները ներդնելու եք այդ նպատակների իրականացման գործում:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշա­նավորվեն պետության կայունության ամրապնդմամբ եւ հասարակության ներ­սում հանդուրժողականության խորացմամբ: Հայաստանը օժտված է բացառիկ մարդ­կային ներուժով, որը պետք է լիարժեք ծառայի մեր Հայրենիքի առաջ­ընթացին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, եռանդ եւ ուժ` պետության բարձրա­գույն պաշտոնում ժողովրդին Ձեր ծառայությունները մատուցելու համար:

Ամենաջերմ բարեկամական մաղթանքներով`
Ռոբերտ Քոչարյան

ՕԵԿ-Ը եւ Ժառանգությունը չեն ստորագրել արձանագրությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ին, ժամը 12-ին հրապարակել 1923 տեղամասերից ստացված տվյալների մշակումից ստացված ՀՀ նախագահի ընտրությանը արդյունքը:  ԿԸՀ այդ տվյալով, Հայաստանի նախագահի ընտրության առաջին փուլում փաստացի հաղթում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա  հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն: Ընտրությանը պաշտոնական տվյալով մասնակցած 1 միլիոն 670 հազար 656 քաղաքացիներից Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 863 554 ընտրող: Երկրորդ տեղում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի օգտին է քվեարկել 351 306 ընտրող:

ԿԸՀ-ի ինը անդամից այդ արձանագրությունը ստորագրել են վեցը: Չեն ստորագրել Ժառանգության ու Օրինաց երկրի ներկայացուցիչները, իսկ ՀՅԴ ներկայացուցիչ, հանձնաժողովի նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանը հայտնել է հատուկ կարծիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter