HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Մելիքյանի գնահատականը

Ընդգծվել է, որ ոչ գործող իշխանությունների և ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը չեն ընդունելու իրենց պարտությունը, անգամ եթե պարտվեն օրինական կարգով անցկացված, չկեղծված ընտրություններում: Սկսած 1996 թվականից Հայաստանում  ընտրությունները ընդդիմության կողմից դիտարկվել են որպես օրենքի շրջանակներում “հեղաշրջում” կատարելու հնարավորություն, իսկ իշխանություններն իրենց կողմից օրենքի տառին չհետևելը բացատրում էին երկրում կարգուկանոնն ու օրինականությունը պահպանելու, երկրի  անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Այսօր ստիպված ենք կրկնել, որ Հայաստանը օրենքի երկիր չէ:  Հայաստանում գործող պետական կառավարման կոռուպցիոն համակարգը ձևափոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները և օրենքին կատարվող բոլոր հղումները անօգուտ են, քանի որ օրենքի կիրառման ոլորտը բռնազավթված է, օրենքը գործում է խիստ ընտրողաբար: Այս պայմաններում 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ծնունդ հանդիսացող վիճահարույց խնդիրները դժվար թե կողմերին բավարարող լուծում գտնեն ՀՀ արդարադատության համակարգի գործունեության շրջանակներում: Այս պարագայում, որպես հանգուցալուծում կարող է դիտարկվել պարզ ուժային դիմակայությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և ոստիկանական ուժերի միջև, ինչի արդյունքում կամ` տեղի կունենա բռնի իշխանափոխություն կամ էլ` իշխանությունները կկարողանան բռնաճնշել այդ ընդվզումը և հետապնդման ենթարկել Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրան սատարող առավել աչքի ընկնող քաղաքական ու հասարակական գործիչներին: Երկուսն էլ հավասարապես անընդունելի է և պետության համար կործանարար: Այսպիսով, ստեղծվել է առաջին հայացքից անելանելի իրավիճակ, երբ պետության համար կարևորագույն խնդիրը` ՀՀ նախագահի ընտրությունների օրինականության վիճարկումը, չի կարող լուծում ստանալ իրավական միջոցների կիրառմամբ, իսկ ուժի կիրառումը կհանգեցնի իշխանություն-հասարակություն հարաբերություններում անվստահության և ատելության մթնոլորտի աննախադեպ խորացմանը, ինչը մեզ համար կարող է հղի լինել  ամենադառը հետևանքներով, այդ թվում նաև` քաղաքացիական պատերազմի ու պետականության վերջնական կորստի վտանգով: Ստիպված եմ ընդգծել, որ այսօր և իշխանությունները և ընդդիմությունը հավասարապես պատասխանատու են երկրի կայունության ապահովման, փոխադարձ ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի վերացման համար: Որքան էլ որ անընդունելի լինի իմ առաջարկը դիմակայության մեջ գտնվող քաղաքական ուժերի և նրանց սատարողների համար պետք է ասեմ, որ առկա իրավիճակից երկիրը դուրս բերելու միակ հնարավորությունը քաղաքական ուղիղ երկխոսությունն է, որի արդյունքում անհրաժեշտ է.

ա/ որպես հետընտրական շրջանի թիվ մեկ խնդիր ձևակերպել երկրում անկախանալուց ի վեր սաղմնավորված ու ձևավորված պետական կառավարման  կոռուպցիոն համակարգի վերացումը և դրա  փոխարեն բիզնեսից տարանջատված ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված, ուստի նաև` թափանցիկ գործող ու հաշվետու պետական կառավարման համակարգի ներդրումը,

բ/ հստակ պետք է ձևակերպվի ընդդիմության դերն այս գործընթացում: Ըստ իս, ճիշտ կլինի, որ ընդդիմությանը տրվեն մի շարք վերահսկողական բնույթի պաշտոններ իրավապահ մարմիններում, արդարադատության ոլորտում, պետբյուջեյի ծախսերի վերահսկողության ոլորտում: Այդպիսի նշանակումներ կարող են կատարվել նաև այլ ոլորտներում:

Միայն այդպիսի մոտեցումը կվերականգնի հանրության տարբեր հատվածների փոխադարձ վստահությունը, ինչպես նաև քաղաքացու վստահությունը քաղաքական առավել աչքի ընկնող ուժերի ու սեփական պետության հանդեպ: Ներկայումս ստեղծված իրավիճակը նաև հետևանք է այն բանի, որ երկրում տարիներ շարունակ բացակայել է շահագրգիռ, չանձնավորված երկխոսությունը քաղաքական առավել կարող ուժերի միջև: Քաղաքական նախասիրությունների առումով մարդիկ տարբերակվում էին յուրաիններ-հայրենիքի դավաճաններ սկզբունքով: Մենք արհեստականորեն ինքներս մեզ տրոհում ենք մանր-մունր, միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված խմբակների, իսկ օրենքի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ օրենքի կիրառումը կոնկրետ դեպքում մեզ է շահավետ: Հարկավոր է քաշել այն գիծը, որից այն կողմ կթողնենք փոխադարձ անվստահությունն ու ատելությունը, այս կողմում` նոր, փոխընդունելի կանոնների հիման վրա երազած պետությունը կառուցելու համար: Վստահ եմ, որ ներքին երկխոսություն հաստատելու արդյունքում կկարողանանք նաև գտնել ԼՂ հիմնախնդրի լուծումը: Ցանկացած այլ տարբերակ անպտուղ է և պառակտիչ: Եթե կողմերը բանակցելու ցանկություն արտահայտեն և վստահեն ինձ` համաձայնեցնելու քննարկվող հարցերի օրակարգը, իսկ ապա` կազմակերպելու կողմերի անմիջական հանդիպումը, ես պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն ինչ փոխվստահության ու փոխըմբռնման եզրեր գտնելու համար:


22.02.2008
Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter