HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Տեր–Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Տեղեկատվական համատարած շրջափակման պայմաններում անգամ համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստացել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների մեծամասնությունը: Դրանք ձայներն են այն մարդկանց, ում վճարած հարկերով են ֆինասավորվում Հայաստանի հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը եւ ովքեր այսօր զրկված են ազատ եւ անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից:

ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխի 27-րդ հոդվածն ասում է. որ

յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխի 27-րդ հոդվածը ասում է. որ

յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով:

ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխի 27-րդ հոդվածում հստակ կերպով նշված է, որ

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է:

Նույն հոդվածում ասվում է նաեւ, որ պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը:

Հիմք ընդունելով ՀՀ հիմնական օրենքի` Սահմանադրության, սույն հոդվածը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակիցների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին քվե տված հարյուր հազարավոր մարդկանց անունից հանրային հեռուստաընկերությունից եւ ռադիոյից պահանջում ենք.

ա/ օպերատիվ եւ անկողմնակալ տեղեկատվություն հաղորդել փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաների եւ հետընտրական այլ գործընթացների մասին;

բ/ հնարավորություն տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան աջակցող երկու տասնյակից ավելի քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ազատորեն եւ հանրության համար մատչելի կերպով արտահայտելու իրենց տեսակետները:

Սույն պահանջները չկատարելու դեպքում Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Հայլուր լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը պետք է անհապաղ ազատվեն աշխատանքից եւ պատասխանատվության ենթարկվեն ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը խախտելու համար:

Սույն հայտարարությունն ուղղված է Հայաստանի գործող իշխանությանը, Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային խորհրդին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, Եւրամիության անդամ պետությունների դեսպանատներին:

22 փետրվար 2008

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter