Սերժ Սարգսյանը` Էջմիածնի պատվավոր քաղաքացի (լուսանկարներ)
Այսօր Էջմիածինը նշում է իր 2696 ամյակը: Ամեն տարի հոկտեմբերի 8-ին էջմիածնեցիները դուրս են գալիս փողոց եւ մասնակցում քաղաքի ծննդյան տարեդարձի արարողությանը; Այդ առիթով փակ էին քաղաքի գլխավոր ճանապարհները, իսկ քաղաքապետարանի դիմացի այգում ոստիկանների ուղեկցությամբ շրջում էին հատուկ վարժեցված շները: Քաղաքապետարանի շենք մտնելու համար էլ քաղաքացիները պետք է գրանցված լինեին հատուկ հյուրերի ցանկում: Նման արտակարգ անվտանգության պահպանումը կապված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանման հետ:
Նախագահը շրջեց այգում, ապա բացեց Հովհաննես Հովհաննիսյանի վերանորոգված տուն-թանգարանի շենքը: Դրանից հետո մասնակցեց քաղաքապետարանում հրավիրված հատում նիստին, որտեղ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Սերժ Սարգսյանին շնորհեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում:

Էջմիածինն առավոտյան արթնացել է շքերթի մասնակիցների դոփյուններից ու շեփորի ձայնից, որոնք ազդարարում էին քաղաքի հիմնադրի մոտքի մասին: Քաղաքի սկզբնամասից իր «զորքով» հրապարակ է մտել Վաղարշ թագավորը:

Քաղաքապետարանի այգու ամեն մի անկյունը լցված էր տոնական եռուզեռով:

Մի հատվածում ցուցադրվում էին քաղաքի նկարիչների գործերը, մյուսում՝ գավառագիտական թանգարանի ցուցանմուշներն էին շարված:

Դպրոցները նույնպես անմասն չէին մնացել: Յուրաքանչյուրը յուրովի էր ցուցադրում իր հնարավորությունները: Աշակերտները բուրդ էին գզում, թել մանում, գրտնակում, լավաշ թխում: Նույնիսկ տեղում գինի էին պատրաստում:

Երեխաներն օրիգինալ երեւալու համար նկարել էին իրենց մարմնի վրա, նկարազարդել դեմպքերը:


Տպավորիչ էին ներկայացել «Մեր տունը» մանկատան սաները: Նրանք հանդիսությունների վայր էին մտել մոտոցիկլետներով եւ հյուրերին դիմավորում էին իրենց պատրաստած ուտեստներով:

Քաղաքի տոնի առթիվ հյուրեր էին ժամանել նաեւ Ֆրանսիայից եւ այլ երկրների Էջմիածնի քույր քաղաքներից:
Տոնական համերգի ընթացքում բաժանվեց տոնական տորթը, իսկ տոնը կեզրափակվի շքեղ հրավառությամբ:


Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել