HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը

Երեկ, ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հապճեպ հրավիրելով ԿԸՀ-ի արտահերթ նիստ, հաստատեց նախագահական ընտրությունների արդյունքները` նույն այդ նիստի մասին տեղյակ պահելով դրանից ընդամենը 30 րոպե առաջ, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված էր 2 ժամ, նույնիսկ առանց ծանուցելու նիստի օրակարգի մասին:

ԿԸՀ նիստը գումարվեց ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը լրանալուց անմիջապես հետո, ըստ էության հնարավորություն չտալով թեկնածուներին նույնիսկ ծանոթանալ ընտրությունների բողոքարկման արդյունքների հետ եւ համեմատել ընտրական փաստաթղթերը` իրական պատկերը վեր հանելու համար:

Անընդունելի համարելով նման պարտադրողական գործելաոճը` մենք հայտարարում ենք, որ դրանով իսկ բողոքարկված բազմաթիվ տեղամասերում խեղաթյուրվում են ընտրությունների արդյունքները, հաշվի չառնելով մեր բողոքները: Այս գործընթացին զուգահեռ երկրում տեղի ունեցան քաղաքական գործիչների ձերբակալություններ, ինչը միարժեք դատապարտելի է: Սրան զուգահեռ շարունակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից 65 տոկոս ձայներով Ազատության հրապարակում իրեն նախագահ հռչակելու գործընթացը, ինչը նույնպես անընդունելի է:

Հայտարարում ենք, որ իշխանության կողմից բիրտ եւ ուժային մեթոդների կիրառումը մեծացնելու է հասարակական անվստահությունը, խորացնելու է զանգվածային հասարակական առճակատումների իրական հնարավորությունը, լուրջ ստվեր է գցելու երկրի միջազգային հեղինակության վրա, կասկածի տակ է առնելու նախագահական ընտրությունների ողջ գործընթացը, այդպես էլ չհանգուցալուծելով ստեղծված իրավիճակը: Ավելին, նման գործելաոճի կիրառումը առաջիկայում առաջացնելու է բողոքի նորանոր զանգվածային դրսեւորումներ, այդպես էլ չնպաստելով հիմնախնդրի լուծմանը: Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, գիտակցելով նաեւ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած հարյուր-հազարավոր քաղաքացիների առջեւ մեր պատասխանատվությունը, հայտարարում ենք որ անընդունելի եւ վտանգավոր ենք համարում ուժային միջամտության ցանկացած փորձ եւ հանդես ենք գալիս ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը բացառապես քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու դիրքերից:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը այսօր, մինչեւ երեկո կավարտի ընտրությունների արդյունքների հետ կապված իր փաստաթղթավորված ուսումնասիրությունները եւ վաղը` ժամը 14:00-ին, տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նա կտա իր հստակ քաղաքական եւ իրավական գնահատականները նախագահական ընտրությունների առնչությամբ, կտեղեկացնի ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին:

25 փետրվարի 2008թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter