HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թոշակի ու նպաստի բարձրացումով աղքատությունը չի վերանա»

Փախստականներով բնակեցված Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում, որի մեջ մտնում է նաեւ Փոքր Այրում գյուղը, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին 283 քվե ստացել եւ հաղթող է գրանցվել Սերժ Սարգսյանը։

Գյուղապետ Սաշիկ Առուշանյանը, որը նաեւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է եղել, բացատրեց, որ այրումցիները Սերժ Սարգսյանին իրենց քվեները տվել են, որովհետեւ նա ՀՀ կառավարության միջոցներից 29 մլն դրամ է հատկացրել համայնքի գազաֆիկացման համար։ «Աշխատանքները դեռ նոր են սկսվել, եղանակը խանգարում է աշխատանքներին»,- ասաց գյուղապետը։ Փախստական Վաչիկ Միրզոյանը, որը սկզբում խուսափում էր ձայնագրիչից, հանկարծ պոռթկաց. «Հլա միացրու, մթամ թե դրանցից եմ վախենու՞մ, ոչ մեկին էլ չեմ ընտրել։ Որ գիտեմ իմ ընտրելով չի, նշանակվիլ տեն, էլ խի՞ եմ ընտրում»։ Հետո վրդովված հաստատեց. «Բա նշանակված ա, չէ` ընտրվա~ծ ա»։ Գյուղի մուտքի դաշտերի մոտ հավաքված մի խումբ այրումցիներ նույնպես դառնացած ասացին. «Իհարկե, Սերժն է ընտրվել»։ Գյուղապետ Սաշիկ Առուշանյան հայտնեց, որ համայնքի բնակչության թիվը 1,114 է, որի 98%-ը հայտնի դեպքերի հետեւանքով 1989 թ. Բաքվից ու Կիրովաբադից մազապուրծ հայ փախստականներ են։ Մեծ Այրումն ունի 410 հա վարելահողեր, որոնք տարածաշրջանում հայտնի են իրենց բարձր բերքատվությամբ։ Հողը սեփականաշնորհվել է գյուղի հայ փախստականներին։ Սակայն քաղաքաբնակ փախստականները սոցիալական ծանր վիճակի եւ գյուղատնտեսական անհրաժեշտ գիտելիքներ չունենալու հետեւանքով չեն կպել հողին։ Սաշիկ Առուշանյանը, որը նույնպես փախստական է, համայնքի առաջին գյուղապետն է եղել, 1999-ից հետո վեց տարի գյուղապետ չի եղել, մեկ էլ գյուղապետ է ընտրվել 2005թ.։ 


Աղքատ են ապրում այրումցիները։ «Մեծ Այրումն ու Փոքր Այրումն էս շրջակայքի գյուղերից 30 տարի ետ են, մտեք Ճոճկան, Շնող, տարբերությունը կզգաք։ ՀՀ կառավարությունից անտեսված փախստական ժողովուրդ են, ամենքն իրենց համար, ո՛չ տեր կա, ո՛չ` տիրական»,- ասաց Մեծ Այրումի բնակիչ Սահակ Նազարյանը։ Իր ապրելակերպի մասին փախստական Վաչիկ Միրզոյանը նեղսրտած ասաց.»Ո՛չ փող ունեմ, ո՛չ` հող»։ Այրումցիները թոշակով ու նպաստով են ապրում, հողով զբաղվող չկա։ «Որ գյուղը գյուղատնտեսությամբ չզբաղվի, գյուղացին ինչո՞վ կապրի»,- ասաց Սահակ Նազարյանը։ Սաշիկ Առուշանյանը հայտնեց, որ գյուղում 45 նպաստառու եւ 120 կենսաթոշակառու կա։ Նա նաեւ ասաց, որ նախկին գյուղապետի կողմից համայնքի 70 հա պահուստային եւ հողից հրաժարված փախստականների 30 հա հողերը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրվել են քաղաքից ու հարեւան գյուղերից եկած մարդկանց։ «Ես հողերը վարձակալության չեմ տվել, ասել եմ` մեր ժողովուրդն էսօր հնարավորություն չունի, վաղը կունենա, պահուստային ֆոնդը պահել եմ, որ մատաղ սերունդը մեծանա, նրանց էլ հող տանք, հիմա մեծացել են, չենք կարող նրանց հող տալ, իսկ այդ հողերը 25 տարի չենք կարող ետ վերցնել»։ Ինչպես գյուղապետը, այնպես էլ գյուղացիները հայտնեցին, որ Մեծ Այրումում մեծ հողատարածքներ է տնօրինում Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը` Հովհաննես Քոչինյանը. «Նա մի 14 հա առած, մի 30 հա էլ վարձակալությամբ վերցրած հող ունի,- ասաց գյուղապետը եւ վատ հարկատու լինելու համար դժգոհեց Հովհ. Քոչինյանից,- հողի վարձակալության 400 հազար դրամ պարտք ունի»։ Գյուղացիներն ասացին, որ Մեծ Այրումում փախստական հողատերերը դեռեւս չեն կարողանում մշակել իրենց հողը։ «Ես գյուղի տրակտորիստն եմ, աշնանացանի համար աշնանը վարել եմ փախստականներին պատկանող հազիվ 3 հա վարելահող, մի 5 հա իմ վարելահողերից եմ վարել, մնացածը` ինչ որ տենում եք, Հ. Քոչինյանի եւ Լոռու մարզպետարանի մի քանի աշխատողների վարելահողերն են»,- ասաց Սահակ Նազարյանը։ Պարզվեց, որ Մեծ Այրումի համայնքային բյուջեում 2007 թ. հարկային եկամուտների հավաքագրման գործում լուրջ դժվարություններ կան։ Ճշտված բյուջեով 2007 թ. պլանավորված 12 մլն դրամ եկամուտներից տարեվերջին փաստացի մուտքերը կազմել են 6,8մլն դրամ։ Գյուղապետարանն անբավարար է կատարել սեփական հարկային եկամուտների հավաքագրումը` նախատեսված 7,3մլն դրամի դիմաց այն կազմել է 3մլն դրամ, հողի հարկի հավաքագրումը 6,7մլն դրամի դիմաց կազմել է 2,9մլն դրամ։ Բյուջեին հարկատուների պարտքը կազմում է 2,4մլն դրամ։ Մեծ Այրումում ինքնանպատակ է պլանավորվում բյուջեի ծախսերը։ Օրինակ` 2008 թ. բյուջեում պլանավորված 13մլն դրամ եկամուտներից 12 մլն դրամը գյուղապետ Ս. Առուշանյանը նախատեսել է նպատակաուղղել տեղական ինքնակառավարման ապարատի պահպանմանը, այն դեպքում, երբ համայնքի բյուջեն 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ ունի 2,8մլն դրամ աշխատավարձի պարտք, գյուղապետարանի հաստիքային ցուցակն ընդգրկում է 15 հաստիքային միավոր։ Մինչդեռ գյուղապետարանի անգործունյա աշխատակազմում կարելի է գյուղապետի հետ պահել եւս 3 հաստիքային միավոր, իսկ մնացած գումարները նպատակաուղղել գյուղի մանկապարտեզի վերագործարկմանը, որը կարող է լավագույն նվերը լինել գյուղին։ Վերջինիս տիպային շենքը, ինչպես հայտնեց գյուղապետը, չօգտագործվելու հետեւանքով ուղղակի քանդվում է։ Բյուջեն, սակայն, գյուղացիների առաջին հոգսը չէր։ Նրանց առավել մտահոգում էին հողի մշակման եւ գյուղացիների աղքատության վերացման խնդիրները։ Բաքվից փախստական Նատալյա Մուսայելյանն ասաց, որ իր սեփականաշնորհած մեկ հա հողը վաճառել է, թեեւ գյուղի հողը հարուստ է, գյուղում ոռոգման ջուր չկա, ջահել տղերքը բանակից գալիս են, դրա պատճառով հողը չեն կարողանում մշակել, փախչում են Ռուսաստան։ «Խմելու ջուր չկա, մի քանի օրը մեկ անգամ են տալիս, ոչ ոք էլ չի ստուգում խմելու ջրի վիճակը»,- ասաց կիրովաբադցի փախստական Լեւոն Սարգսյանը։ Սպարտակ Պողոսյանն էլ հավելեց. «Մի մարդու էշը հլե քուռակ է բերում, ասում են` էլ նպաստ չի հասնում»։ Սարգիս Գալստյանը բացատրելով, որ մեր երկրում ամենակոռումպացվածն աղքատության վերացման ընտանեկան նպաստն է, ասաց. «Նպաստ տալու ժամանակ գյուղացու հերն անիծեցին, ասին` դու կով ունես, կովը ետ տվեցին։ Հող ունես` հողը ետ տվեցին։ Հիմա ասում են` գյուղում աշխատատեղ, գյուղի աշխատատեղը հողն է»։

«Մեր պետությունը պետք է հասկանա, որ թոշակի ու նպաստի բարձրացումով աղքատությունը չի վերանա, 20 հազար դրամ են տալիս, իրենցից կախվածության մեջ պահում, թող նպաստ չտան, թող օգնեն հողը մշակենք»,- ասում է Սահակ Նազարյանը։ Նա դժգոհեց նաեւ պետության կողմից գյուղացուն տրվող վարկերից ու հարկերի տույժերից. «Մեկ տարով վարկ են տալիս, դեռ հասցրած չես լինում բերքդ ծախես, տոկոսները կուտակվում են։ Աստված չարած` կարկուտն էլ տալիս է, մի տարի 10 հա սիմինդ ունեի, կարկուտը 2 վայրկյանում սրբեց, տարավ։ Գյուղացուն խեղդողն էնքան հարկը չի, ինչքան հարկը ժամանակին չվճարելու համար սահմանված տույժը։ Ես գյուղացի եմ, էս տարի հնարավորություն չեմ ունենում հողը մշակելու, էդ ինչի՞ ես տույժ դնում, 100 հազար հարկին 200 հազար տույժ է գալիս»։ Մեծ Այրումի գյուղացիները գտնում էին, որ իրենց չլուծվող ցավերի մեղավորը Լոռու մարզպետարանն է։ «Սերժն ի՞նչ գիտի` Հայաստանում Մեծ Այրում գյուղ կա»,- ասացին գյուղացիները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter