Եթե պատասխաններ չկան, հավատը միակ փրկությունն է
Մի հարց կար, որը զրույցի ամբողջ ընթացքում գիտակցաբար կամ ոչ այնքան, չէի տվել։ Վերջին` երրորդ հանդիպման ժամանակ միայն որոշեցի հարցնել։ Երեւի հարցս կամ հարցիս հնչերանգը ինչքան էլ որ չէի ուզում, կտրուկ էր։ Ամեն դեպքում, Վարդանը անբացատրելի հանգստությամբ ժպտաց ու պատասխանեց իմ սպասածից ավելին, թեեւ խնդրեց, որ բացառության կարգով պատասխանը չտպագրվի։ Ես համաձայնեցի, բայց... միայն մի հատված այդ հարցի երկար պատասխանից.
- Իմ գերի ընկնելու մասին լեգենդներ են պտտվում։ Ասում են, որ իբր Վարդանի գլուխը միլիոններ է արժեցել ու էլի նման բաներ։ Բայց դա սուտ է։ Լեգենդներ չկան, ես սովորական գերի եմ եղել։ Ուղղակի ինձ գերի վերցնողները սխալմամբ գերագնահատել էին իմ անձը։ Իսկ ինձ գերությունից ազատելու համար մեծ աշխատանք կատարած մարդկանց մասին ոչ մի տեղ, ոչինչ գրված չի։ Նրանք, ովքեր իրականում այդ գործը արել են, գերադասել են լռել։
Պատերազմից հետո չէի ուզում վերադառնալ պատերազմին վերաբերող թեմաներին։ Մի քանի տարի անցավ, ամուսնացա, երեխաներս ծնվեցին։ Տարիներն արագ են անցնում. տղաս զինվոր պիտի դառնա, նա ուզում է իմանալ` ինչ է հայրենիքը, պատերազմը, ինչու են մարդիկ գնում պատերազմ։ Ես հասկացա, որ առաջին հերթին, պատասխանատու եմ տղայիս առաջ, իսկ նրան կարող էի պատասխանել միայն ֆիլմով։ Հասկացա, որ մենակ դժվար է պատասխաններ տալ։ Որոշեցի գտնել այն մարդկանց, որոնց հետ պատերազմում եմ եղել։ Մտածում էի` միասին կփորձենք պատասխաններ գտնել։ Պատերազմը սպանություն է. եւ ոչ միայն սպանելու խնդիր կա, այլեւ սպանվելու հնարավորություն։ Ես ուզում էի տղաս հասկանար, որ պատերազմը պատրանք չի, Շվարցենեգերի «բոյեւիկներից» չի, այլ` դաժան, ամենօրյա ծանր աշխատանք, հայրենի հողն էլ աբստրակտ հասկացություն չի։ Երբ կրակոցների տակ խրվում ես հողի մեջ ու փորձում ես թաղվել` պաշտպանվելու համար, էդ ժամանակ հողը զգում ես սեփական կաշվիդ վրա։
- Կամավո՞ր էիք մեկնել։
- Այո։ Սկզբում այնտեղից նորություններ էի պատրաստում ամերիկյան CBS News-ի համար եւ շատ լավ վարձատրվում էի։ Բայց երբ սկսեցի հասկանալ` պատերազմն ինչ է, հասկացա նաեւ, որ նորությունները շատ մակերեսային են, եւ շատ սուտ կա դրանց մեջ։ Որոշեցի դուրս գալ նորությունների «բիզնեսից»։
- Գիտեմ, որ երկար եք մասնակցել պատերազմին եւ նկարահանած շատ նյութեր կունենաք։ Ինչո՞ւ հենց այդ հինգ օրերի խրոնիկան ընտրեցիք ֆիլմի համար։
- Որովհետեւ մառախուղ է, թշնամուն չես տեսնում, բայց նա կա, եւ ավելին, մենք այդ նկարահանման ամբողջ ընթացքում համարյա շրջափակման մեջ ենք եղել։ Հետո այդ հինգ օրվա ընթացքում մեր տղաների երեսուն տոկոսին կորցրեցինք։ Պատերազմի վերջն էր, ռոմանտիկա էլ չկար, բոլորն արդեն հոգնած էին ու այնքան հոգնած, որ հույս էլ համարյա չկար։ Դաշտավայրային մարտ չէր, էդ ճնշման տակ շատ դժվար էր դիմանալ, կամերային կադրեր էին պետք։ Պատերազմի սկզբում ես ջահել էի ու լավ չէի հասկանում` որն է ամենակարեւորը, պայթող ռումբե՞րը, վառվող տանկե՞րը։ Դա ոչ մեկին պետք չի։ Ամենակարեւորը մարդու հոգու մեջ էր կատարվում` վախը, հերոսությունը, սերը։ Էդ հինգ օրվա մեջ մենք հասկացանք, որ դա վերջն է։ Ես գերի եմ ընկել ու գիտեմ` ինչ է նշանակում վերջը, երբ ամեն րոպե գիտես, որ կարող են քեզ սպանելու գալ։ Էդ րոպեներին մարդիկ խոսում են միայն ամենակարեւորի մասին` երեխեքի, որովհետեւ էդ քաոսի մեջ դա է միակ հույսը։
- Ֆիլմը հասա՞վ իր նպատակին, թե՞ այլ իրականություն հայտնաբերեցիք։
- Ես ուզում էի պատասխաններ գտնել եւ հույս ունեի, որ կգտնեմ։ Շատ անպատասխան հարցեր կային ու զղջում. մեկ-մեկ լսում ես` ո՞ւմ էր պետք, ինչո՞ւ էի գնացել, ո՞ւմ համար եմ կռվել։ Դա ինձ զայրացնում է։ Գնացել ես քեզ համար, ընտանիքիդ համար, հայրենիքիդ համար։ Ցավոք սրտի, էն, ինչ հիմա է կատարվում մեր հայրենիքում եւ հատկապես Երեւանում, ինձ դուր չի գալիս շատ առումներով,։ Հիմա ինձ ավելի ձգում են գյուղը, գյուղի հանգստությունը։ Պատերազմում մենք հաղթեցինք, բայց խաղաղության առումով վստահ չեմ, որ հաղթում ենք, որովհետեւ Ճուտը պարտվում է հիմա, Ֆելոն կարող է ինֆարկտից մեռնել հիմա... Պատերազմն անցած մարդիկ ավելի զգայուն են եւ հիմա, երբ անարդարություն են տեսնում, շատ ծանր են տանում։ Դրա համար էլ, օրինակ, Քաջիկը հոգեբուժարանում էր։
- Ինչո՞ւ է այդպես։
- Որովհետեւ պատերազմի տարիներին, ինչքան էլ որ դաժան լիներ, շատ բաներ ավելի արդար էին, մարդկանց հարաբերություններն ավելի ազնիվ էին։
- Կարելի՞ է ասել, որ այս ֆիլմը հետպատերազմյան կյանքն արտացոլող հետազոտություն է, եւ այն պատկերը, որը կա ֆիլմում, կարող է ընդհանրական լինել։
- Նրանք, ովքեր երկար են մնացել պատերազմում եւ մասնակցել են մարտերին, ֆիլմը նայելուց հետո ասում էին, որ սա իրենց մասին է, որ իրենք էլ նույն խնդիրներն ունեն եւ մտածում են, որ դա գլոբալ բան է։
- Քաղաքական որոշ շրջանակներ չեն ուզում այս ֆիլմը տեսնել հեռուստաէկրաններին։ Ինչո՞ւ։
- Այստեղ ուրիշ խնդիրներ կան։ Երբ ֆիլմը սկսում էի, գումարներ էին պետք։ Հայաստանում ես մի կոպեկ չգտա։ Մի հինգ-վեց կազմակերպություններ ցրեցին, հետո հեռախոսազանգերին չէին պատասխանում, ինտերնետային նամակները երեւի ճանապարհի կեսից տեղ չէին հասնում (ժպտում է)։ Դրսի մեր հարուստ ախպարներից մեկն էլ ասաց. «Գիտե՞ս, Վարդա՛ն, ես չեմ մտածում, որ սա Հայաստանի համար լավ պրոպագանդա է, որովհետեւ քո հերոսները ծխում են եւ ուշունց են տալիս»։ Ես նույնիսկ վարկ էի ուզում` տեխնիկա վարձելու համար, անվերադարձ գումարներ չէի ակնկալում։ Բայց վարկ վերցնելու համար էլ, պարզվեց, պիտի մի քանի հատ ոսկի ատամ ունենայի, իսկ իմ միակ մետաղե ատամը բուլատ է (ժպտում է)։
- Հետո՞։
- Ի՞նչ հետո։ Պետք էր սիստեմի մեջ մտնել, կներես արտահայտությանս, քամակ պաչել, բայց ես սիստեմի մարդ չեմ։ Մի խոսքով, այստեղ ես միայն ժամանակ եւ փող կորցրեցի։ Բայց արի ու տես, ֆիլմը նայելիս անգլիացին լալիս էր ու ասում. «Կարծես հասկանամ, թե առաջին համաշխարհայինում պապս ինչի միջով է անցել»։ Գերմանացին ասում էր. «Ես հասկացա` ինչ է նշանակում երկրորդ համաշխարհայինը»։ Բելգիացիներից մեկը ֆիլմից հետո ասաց.»Սա ամենաուժեղ հայկական պրոպագանդան է»։ Եվ դա` այն դեպքում, երբ ես ֆիլմում հակաադրբեջանական ոչ մի բառ չեմ օգտագործել։
- Ի վերջո, գումարները դրսի՞ց բերվեցին։
- Այո։ Դիմեցի Կաննի շուկա, Լայպցիգում ներկայացրի նախագիծը, դրսի հեռուստաընկերությունները նորմալ գումարներ ներդրեցին, որպեսզի ֆիլմը ստեղծվի։ էս ֆիլմը ցուցադրվել է BBC-ով, ցուցադրվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում։ Մի խոսքով, միջազգային «դմփոց» հանեց։ Հիմա ֆիլմը փառատոնից փառատոն է գնում, արդեն քսանից ավելի փառատոների է մասնակցել, տարբեր հեռուստաալիքներ ուզում են գնել` սկսած Ալ Ջազիրայից, վերջացրած BBC-ով։
- Իսկ մեր հեռուստաընկերությունները եթե լսած էլ լինեն, երեւի չեն տեսել։
- Գիտե՞ս, իրենք ինձ չեն դիմել, ես էլ իրենց չեմ դիմում։ Էդ նույնն է, որ ասես` ինչի՞ են իրենք «մերսեդես» քշում` «կրուտոյ « համարներով, իսկ Ճուտը խցի չափ փոքր բնակարանում է ապրում, էն դեպքում, երբ ինքը հասարակ զինվոր չի եղել, գրոհային է եղել, իր նման տասից մեկն է կենդանի մնում։ Դեռ ընկերներով ինչ-որ բաներ անում ենք, ու էշը ցեխից դուրս է գալիս, ճիշտ է, էլի ցեխոտ է, բայց գոնե դուրս է գալիս։ Իսկ ինչ վերաբերում է ֆիլմին, մինչեւ հիմա Հայաստանում ոչ ոք չի խանգարել, որ իմ գործն անեմ։
- Ֆիլմի երեւանյան ցուցադրումներից հետո ինչ-որ բան փոխվե՞ց։
- Ինձ համար վերջին ցուցադրումից հետո շատ բան փոխվեց։ Այդ օրը բոլոր հերոսներին հրավիրել էի, եւ նրանք եկել էին իրենց ընտանիքների հետ։ Վերջում բոլորին բեմ հանեցի /չէին ուզում բարձրանալ/։ Դահլիճը տասը րոպե կանգնած ծափահարում էր։ Ամենահուզիչն այն էր, որ նրանք շատ անարդարություններից հետո առաջին անգամ հասկացան, որ իրենց գործը գնահատվեց մասսայաբար եւ այդպես բուռն։ Ինձ համար մի բան էլ փոխվեց. հասկացա, որ ամեն ինչ կորած չի, որ մենք դեռ շանսեր շատ ունենք, ուղղակի մեզ մոտ դժվար ժամանակներ են, փրփուրը ծածկել է ամեն ինչ ու մտածում է, որ ինքն է ամեն ինչի տերը։ Բայց էս ժամանակներն էլ կանցնեն։
- Ի՞նչ սպասելիքներ ունեիք «Ոսկե ծիրան»-ից։ Արդարացա՞ն։
- Միակ սպասելիքս այն էր, որ տղաներին կհրավիրեմ եւ ֆիլմով իրենց կյանքը ճիշտ կգնահատվի, որովհետեւ ես մեծ ռիսկի էի դիմել` այս ֆիլմն անելով։ Սպասելիքներս լիովին արդարացան։ Իսկ մրցանակները... Դրանք ինձ ամբիցիաներ չեն տալիս, որովհետեւ ես ամբողջ կյանքում «դվոյեչնիկ» եմ եղել։ Գումարային մրցանակը բաժանվեց տղաների միջեւ, որովհետեւ դա իրենց մրցանակն էր։ Մի հարյուր հազար դրամ էլ ինձ թողեցի` որպես պատերազմի մասնակցի (ժպտում է)։ Միակ բանը, որով ինձ «ճնշում էին» «Ոսկե ծիրան»-ում, այն էր, որ ասում էին` շորտով չգաս, էլի (ժպտում է)։
- Ի՞նչ եք կարծում, այսօր չե՞ն չարաշահվում ղարաբաղյան եւ ցեղասպանության թեմաները։
- Իմ կարծիքով` պատերազմի մասին պիտի գրի, խոսի կամ նկարի այն մարդը, ով դրա մեջ եղել է, կամ նա, ով երեխա է եղել ու մասնակցելու հնարավորությունն չի ունեցել։ Իսկ ցեղասպանության թեման տաղանդավոր չեն անում։
- Խոսե՞նք տեղական կինոարտադրության վիճակից։
- Չգիտեմ` Հայաստանում կինոարտադրությունը ինչ վիճակում է, բայց հիմա մասնավոր փոքր ստուդիաների ժամանակն է, նախաձեռնության ժամանակն է, էն ջահելների ժամանակը, ովքեր ուզում են ինչ-որ բան հասկանալ, անել։
- Առօրյան ինչպիսի՞ն է։
- Շատ տխուր եւ բյուրոկրատական։ Կապիտալիզմի պայմաններում ֆիլմ նկարելը 95 տոկոսով բյուրոկրատիա է` թիմ կազմելը, գումարներ գտնելը, հեռախոսազանգերը, համակարգիչները, նամակագրությունը, կոնֆերանսները, փառատոները, պայմանագրերը... Սա շատ դժվար է, համարյա հերոսություն է։ Պատերազմը սրա համեմատ ավելի հեշտ էր, իրար վրա էինք կրակում, էլի (ժպտում է)։ Լավ է գոնե նկարահանումներն են սկսվում։ Ափսոս, որ ֆիլմ պատրաստելու երկարատեւ ու տանջալից պրոցեսում դա շատ ժամանակ չի գրավում։ Շուշի տեղափոխվելու եւ այնտեղ ստուդիա հիմնելու ծրագրեր ունենք, բայց միայն, եթե այնտեղի բյուրոկրատիային հաղթենք։ Հոյակապ ընտանիք ունեմ, հրաշալի կին եւ երեխաներ։ Մեկ-մեկ պարապլանով թռչում եմ։ Հետաքրքիր զգացողություններ են առաջանում։
- Յուրօրինակ միջոց է «բյուրոկրատ հողից» կտրվելու համար։
- Ես ամբողջ կյանքում բարձրությունից վախեցել եմ, դրա համար էլ 14 տարեկանում գնացի պարաշյուտով թռչելու։ Առաջ ջահել էի, ձեւերով էի թռչում, որ ադրենալինս բարձրանա։ Հիմա ռիսկի չեմ դիմում, ավելի զգույշ եմ։
- Եվ ինչպե՞ս է վերեւում։
- Վերեւում հանգիստ է, լռություն, համ հայրենիքդ է, համ օդի մեջ ես։
- Հնարավո՞ր է, որ թռիչքներից մեկի ժամանակ տեսախցիկը վերցնեք։
- Նման դեպք արդեն պատահել է։ Ֆիլմի հայկական տարբերակում ուզում եմ օգտագործել վերեւից նկարահանված կադրեր։ Ես տղայիս կուզեի փոխանցել ոչ թե պատերազմը, այլ խաղաղության զգացողությունը, որովհետեւ պատերազմը հողն է, խրամատը, որ կրակոցների ժամանակ քեզ ձգում է, պահում է, ու, Աստված չանի, կարող է նաեւ էդ պահին «ընդմիշտ պահել», իսկ խաղաղությունը թռիչքի, ազատության զգացողությունն է։
- Վեջաբանի փոխարեն
- Ֆիլմում միայն մի բացահայտում ինձ հուսադրեց. բոլոր հերոսները, բոլորն անխտիր, հավատով են ապրում։ Ես հասկացա, որ ֆիլմից ինձ մենակ էդ խորը հավատի զգացողությունը մնաց։ Ֆիլմն ավարտելուց հետո նույնիսկ կնքվեցի։ Էդ հարցը անընդհատ ձգձգվում էր` ինչ-ինչ պատճառներով։
Եթե պատասխաններ չկան, հավատը միակ փրկությունն է։
Զրուցեց Նվարդ Մանվելյանը
ՍԻՆԵՄԱՐՏ հանդես, թիվ 1
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել