HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն Պետրոս Մակեյանի ձերբակալության կապակցությամբ

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. 
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 21.02.08թ. հարուցված քրեական գործի շրջանակներում 2008 թվականի փետրվարի 25-ին ձերբակալվել է ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա կասկածվում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեջ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 19.02.08թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Գյումրի քաղաքի բնակիչներ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը: Վերջիններս տեղամասում աղմկել են ընտրողների անձնագրերում դրոշմակնքման հարցի շուրջ, ընտրողների ներկայությամբ վիճաբանել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ, շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը եւ սպառնացել: Դեպքից 1-2 րոպե անց նույն ընտրատեղամաս է մուտք գործել Շոթա Սաղաթելյանը եւ, ներկայանալով որպես ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ եւ խոչընդոտել նրանց աշխատանքների կատարմանը: Վերջինիս հեռանալուց հետո քիչ անց 34/06 տեղամաս է մուտք գործել ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ կրկին նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի նախագահի հետ եւ շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների կատարմանը:


Դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում 21.02.08թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի հատկանիշներով: Որպես կասկածյալ ներգրավվելու մասին արձանագրությունը ստորագրելիս Պետրոս Մակեյանը ցանկություն է հայտնել օգտվել պաշտպանի ծառայություններից եւ նրա ցանկությամբ նրա շահերի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter