HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկական ծառ` «Սինոփսիս Արմենիայի» յուրաքանչյուր աշխատակցի կողմից

Էլեկտրոնային բաղադրիչների և համակարգերի նախագծման, ստուգման և արտադրության համար անհրաժեշտ ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերությունն (Nasdaq: SNPS) այսօր հայտարարեց, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության յոթերորդ ամենամյա ծառատունկի համայնքային միջոցառման շրջանակներում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի մոտ վեց հարյուր աշխատակիցները, իրենց ընտանիքների անդամներն ու «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի ուսանողները Երևանում տնկեցին 600-ից ավել մշտադալար տույա տեսակի ծառեր Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի և Հայաստանի շախմատի ակադեմիայի շրջակայքում: «Մեկ ծառ` յուրաքանչյուր աշխատակցից» կարգախոսի ներքո` «Սինոփսիս Արմենիան»  այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 3000-ից ավել ծառ է տնկել:

Ամենամյա միջոցառումը կազմակերպվել է «Սինոփսիսի» Համայնքային կամավորական ծրագրի շրջանակներում և հովանավորվել «Սինոփսիս Հայաստանի» համար (”Synopsys for Armenia”) բարեգործական հիմնադրամի կողմից:

ATP բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիրը) «Սինոփսիս» ընկերությանը տրամադրել է երիտասարդ դեկորատիվ ծառերի տնկիներ Կարին և Խաչպար գյուղերում գտնվող իր տնկարաններից և իրականացրել է ծառատունկի տեղանքի նախապատրաստման աշխատանքները` հանձն առնելով հետագայում վերահսկել տնկած ծառերի խնամքը:

Միջոցառմանը ակտիվ մասնակցում էին մեծահասակները և երեխաները` մասնագիտացված  կամավորականների  ուղղորդմամբ: Մասնակիցների թվում էին նաև «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն  Չի Ֆուն Չանը, «Սինոփսիս» ընկերության  մարքեթինգի գծով փոխնախագահ և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ATP ԲՀ-ի գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը, ATP երևանյան գրասենյակի տնօրեն Մհեր Սադոյանը, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիայի» և ATP-ի ղեկավարության ու աշխատակազմի այլ անդամներ:

Հայաստանում իր հիմնադրման  առաջին իսկ տարվանից`  2004թ. նոյեմբերից առ այսօր, «Սինոփսիս» ընկերությունը Հայաստանում ձգտում է լինել լավ կորպորատիվ քաղաքացի և շարունակաբար խթանում է Հայաստանի հասարակության զարգացումը` նպաստելով երկրի կրթական համակարգի բարելավմանը և իրականացնելով այլ աջակցման ծրագրեր: 2010 թ. ԱՄՆ պետական դեպարտամենտը ընդգրկեց «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը կորպորատիվ գերազանցության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլ անցած 12 ընկերությունների շարքում: Կորպորատիվ գերազանցության մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում հայտնվում են միջազգային բիզնեսի այն առաջատարները, որոնք գիտակցում են այն կարևոր դերակատարումը, որ ունեն արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները` որպես լավ կորպորատիվ քաղաքացիներ:

«Սինոփսիս Արմենիան»  ճանաչվել է ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ և աշխատում է Հայաստանում աղտոտման մակարդակի նվազեցման ուղղությամբ` տնկելով հարյուրավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետևանքները կանխելու համար:

«Որպես գլոբալ ընկերություն` «Սինոփսիսը» գիտակցում է այն պատասխանատվությունը, որ ստանձնում են արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները: Մենք երախտապարտությամբ ենք ընդունում ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ընտրված 12 լավագույն ընկերությունների շարքում հայտնվելու պատիվը` Հայաստանում իր կորպորատիվ քաղաքացիական, նորարարական եւ օրինակելի  գործունեությունն իրականացնելու համար»- ասում է Չի Ֆուն Չանը: -Մենք շարունակում ենք համագործակցել և համայնքին  վարձահատույց լինել` կամավորության սկզբունքով տնկելով հարյուրավոր ծառեր Երևանումª ի նպաստ Հայաստանի բարգավաճմանը»:

««Սինոփսիսի» աշխատակազմի համար ծառատունկը մի միջոց է օդի աղտոտումը նվազեցնելու և Երևանում առողջ միջավայրը վերականգնելու համար - ասում է պրն Գոլդմանը: -Սրտառուչ է տեսնել, թե ինչպես են մեր աշխատակիցները ծառ տնկում իրենց ընտանիքների հետ: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ձևավորել հոգ տանելու երկարատև մշակույթ այն միջավայրի մասին, որտեղ մենք ապրում և աշխատում ենք»:

«Շատ եմ կարևորում «Սինոփսիսի» հետ համատեղ կազմակերպվող ծառատունկը` ի նպաստ մեր քաղաքի բարեկարգմանը, - ասում է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ռեկտոր պրոֆ. Անդրանիկ Ավետիսյանը: -Մեծ պատիվ է մեզ համար մասնակցել այս գեղեցիկ նախաձեռնությանը Սինոփսիս ընկերության ղեկավարության և նրա աշխատակիցների հետ միասին: Հավաստիացնում եմ, որ մենք սիրով հոգ կտանենք տնկված ծառերի մասին, որոնք կընդգծեն Ակադեմիայի ճարտարապետական հարստությունն ու պատմությունը: Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր սիրելի ԲՈՒՀ 10-ամյակին նվիրված այս յուրահատուկ ընծայի համար»:

«Ծառերը վկայում են Սինոփսիսի և Շախմատի ակադեմիայի միջև երկարատև բարեկամության մասին», - ասում է Շախմատի ակադեմիայի հիմնադիր և նախագահ Սմբատ Լպուտյանը:

«Սինոփսիսը» հետևողականորեն խրախուսում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորությունը: Ծառատունկների իրականացումը  դարձել է Հայաստանում Սինոփսիսի ամենամյա ավանդույթներից մեկը` 2005թ սկսած ընկերության աշխատակիցները տարեկան 400-ից ավել ծառ են տնկում, - ասում է պրն Մուսայելյանը: -2005թ Սինոփսիսը ծառատունկ է իրականացրել Վիասֆեր Տեխնոպարկի տարածքում, 2006թ` Հաղթանակի զբոսայգում, 2007թ` Ծիծեռնակաբերդի այգում, 2008թ` Երևանի Նոր Նորք համայնքում, 2009թ-ին` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կենտրոնական այգում (վերջերս կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցում մոտակայքում), և 2010թ` Ցեղասպանության թանգարանի ծառուղու երկայնքով, ինչպես նաև ՓՅՈՒՆԻԿ հաշմանդամների կազմակերպության մոտակայքում գտնվող հանրային այգում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter