HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը պարզաբանում է

Փետրվարի 25-ին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի երեք աշխատակիցների` Լեւոն Տեր-Պետրոսյանի «շարժմանը» միանալու հայտարարության վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.

Հայտարարությունը ստորագրած աշխատակիցները չեն հանդիսանում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ որոշումների կայացման լիազորություններ չունեն:

Եվրամիության եւ ԱՀԿ հետ համագործակցության վարչության պետ Վահագն Ղազարյանը, որի նկատմամբ 2007 թվականի ընթացքում կիրառվել է երկու կարգապահական տույժ, 2007 թվականի հոկտեմբերի 29-ից չի ներկայացել աշխատանքի` տարբեր պատճառաբանություններով: Նախարարը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ` վերջինիս պաշտոնից ազատելու հետ կապված ծառայողական քննություն անցկացնելու նպատակով: Վահագն Ղազարյանն ազատված է աշխատանքից:

Արտաքին տնտեսական համագործակցության եւ ներդրումային քաղաքականության վարչության բաժնի պետ Զոհրակ Հովհաննիսյանը շուրջ տասը տարի աշխատել է նախարարությունում եւ ՀՀՇ կուսակցությանը նրա անդամակցությունը խոչընդոտ չի հանդիսացել նրա պաշտոնավարման եւ առաջխաղացման համար: Հաստատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պայքարին միանալու եւ ակտիվ քաղաքական գործունեությանը ներգրավվելու իր մտադրության մասին` նա խախտել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 1-ին մասի դ) կետի պահանջները, ինչի արդյունքում ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ակնագործության եւ ոսկեգործության զարգացման գործակալության աշխատակից Արման Սարուխանյանը հայտնել է, որ վերոնշյալ հայտարարությունը ստորագրել է առանց դրա բովանդակությանը ծանոթանալու: Ծանոթանալուց հետո նա հրաժարվել է իր ստորագրած հայտարարությունից: Ներկայումս նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը քննում է Ա. Սարուխանյանի վարքագիծը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանության տեսանկյունից:

Կայացված որոշումները բացառապես բխում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter