HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սումգայիթի եղեռնագործության 20 տարին

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը

Այս օրերին լրանում է սումգայիթյան եղեռնագործության 20-րդ տարելիցը եւ մենք ցավով արձանագրում ենք, որ անցյալ տարիների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց բացահայտել ու պատժել այդ ոճրագործության կազմակերպիչներին եւ պատասխանատուներին:

Սումգայիթյան եղեռնագործությունը նախերգանքը եղավ 1988-1991թթ. ընթացքում ադրբեջանահայության նկատմամբ կիրառված զանգվածային էթնիկ զտումների եւ տարաբնույթ ապօրինությունների: Ադրբեջանական իշխանությունների, քրեական տարրերի կողմից գործադրված բռնությունների արդյունքում ավելի քան կես միլիոն հայեր և այլազգիներ ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար լքել Ադրբեջանը և դառնալ փախստական: Սումգայիթյան եղեռնագործության այս տխուր տարելիցը եւս մեկ առիթ է մեզ հիշեցնելու Հայաստանի իշխանություններին` չի կարելի անտեսել հարյուր հազարավոր հայ փախստականների ոտնահարված իրավունքների փաստը: Բանակցային գործընթացն առ այսօր անպտուղ է հենց այն պատճառով, որ հայկական կողմերը սկզբունքային չեն գտնվել այս հարցում եւ դեռ 90-ականների սկզբներից մոռացության են մատնել հայ փախստականների խնդիրը:

Այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, որը կարող է լուծվել բացառապես կողմերի երկխոսության միջոցով: Ե'վ իշխանությունները, ե'ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարողները պետք է իմանան, որ պարտավոր են գործը խաղաղությամբ ավարտել և գտնել երկրում օրենքն ու փոխվստահությունը հաստատելու ուղիները եւ սա ոչ թե խնդրանք է, այլ պահանջ: Միայն նրանք, ովքեր ընդունակ կլինեն դա անել, իրավունք կունենան հավակնել հաջողությանը նաեւ բանակցային գործընթացում, կկարողանան հավուր պատշաճի բարձրացնելու նաեւ սումգայիթյան եղեռնագործության եւ, առհասարակ, ադրբեջանահայության իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցերը:

27.02.2008
Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter