Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Հանրային հեռուստառադիոընկերությանը
ՀԱՐՑ -Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն անցած ընտրությունները գնահատում են դրական, բնականաբար նշելով թերությունները, իսկ ներքաղաքական կյանքում խոսվում է խայտառակ չարաշահումների, ընտրակեղծիքների մասին։ Ո՞րն է Ձեր գնահատականը, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այսպիսի հակասություն առաջացավ։
ՊԱՏԱՍԽԱՆ -Կարծում եմ, մենք շատ սովորական երեւույթի ենք հանդիպում Հայաստանում. դա ավելի շատ քաղաքական մշակույթի խնդիր է, արժանապատիվ պարտությունը դեռ քաղաքական մշակույթի մաս չի դարձել։
Միջազգային կառույցների կողմից այդպիսի գնահատականներ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել. դա միանշանակ է։ Ուղղակի այդ զեկույցները պետք է համեմատել նախորդ ընտրությունների զեկույցների եւ ԱՊՀ այլ երկրների վերաբերյալ զեկույցների հետ։ Ակնհայտ լուրջ առաջընթաց է, եւ կրկնեմ՝ այս ընտրությունները լավագույնն են Հայաստանի պատմության մեջ։
Չկան երկրներ, որտեղ ընտրությունների ժամանակ չլինեն խախտումներ, խոսքը այդ խախտումների ծավալների եւ բովանդակության մասին է, ինչպիսի՞ խախտումներ են, համակարգի՞ բերած խախտումներ են, թե՞ ուղղակի դեպքեր, որոնք մեկ կենտրոնից կառավարվող տարբերակներ չեն։
Կա նաեւ իրավական գործընթաց՝ բողոքարկելու ընտրությունների արդյունքները։ Մենք այստեղ չափազանց հետաքրքիր արդյունքներ ունենք. բողոքարկվել են 156-159 տեղամասերի արդյունքները, վերահաշվարկ է կատարվել 135 տեղամասերում, եւ միայն մեկ տեղամասում ունեցել ենք լուրջ խնդիր։ Այդ տեղամասի հանձնաժողովի նախագահը ձերբակալված է, գործը շուտով կգնա դատարան։ Մյուս տեղերում հիմնականում եղել են քվեարկության նշանի հետ կապված հարցեր, նշանի պոչը սյունակից դո՞ւրս է, թե՞ ոչ։ Սա ցույց է տալիս, որ իրականում ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, հաշվարկը ճիշտ է արված, եւ եթե կան կասկածներ, կա եւս մեկ ատյան՝ Սահմանադրական դատարանը, եւ ընդդիմությունը կարող է դիմել ՍԴ։
Ավելացնեմ, որ այդ 135 վերահաշվարկված տեղամասերից 86-ում վերահաշվարկ է կատարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի բողոքներով։ Ուրեմն՝ այդ բողոքները, այդ կասկածները հիմնավորված չեն, եւ կրկնեմ՝ սա քաղաքական մշակույթի բացակայություն է։
ՀԱՐՑ-Այս ընտրությունները բնորոշվեցին մի այլ վտանգավոր երեւույթով, երբ զինվորականները եւ իրավապահ համակարգի որոշ պաշտոնյաներ սկսեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին։ Իհարկե, ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին փորձ է անում ներկայացնել ընդդիմությունը։ Ամեն դեպքում՝ Ձեր վերաբերմունքը։
ՊԱՏԱՍԽԱՆ -Մի քանի ամիս առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր մարտավարությունն է՝ կազմալուծել պետական կառույցները, եւ այդ ուղղությամբ փորձում էին մեծ ծավալի աշխատանք կատարել, խմբերի էին բաժանվել, հանդիպումներ էին կազմակերպում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր մարմիններում՝ փորձելով նրանց ներքաշել քաղաքականության մեջ, խոսքը նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցների մասին է։ Եզակի դեպքեր ունեցանք։ Նրանց գրեթե բոլոր քայլերի մասին ինձ զեկուցում էին, մենք տիրապետում էինք այդ ամբողջ գործընթացին, եւ մարդիկ, ում իրենք դիմում էին, հայտնում էին, որ այդպիսի վտանգավոր մեթոդոլոգիա է կիրառվում Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ակտիվի կողմից։ Այդ փորձերը ձախողվեցին, եւ այն եզակի դեպքերը, որոնք կային, անմիջապես իրենց արձագանքն ստացան։
Սրանք քայլեր են Հայաստանի Հանրապետության դեմ, մեր պետականության դեմ։ Մենք տարիների ընթացքում ձեւավորել եւ կայացրել ենք պետական կառույցները, եւ հայտնվում է մեկ մարդ, քաղաքական մեկ միավոր, որը նպատակաուղղված փորձում է քայքայել մեր ձեռքբերումները։ Այստեղ կարելի է նույնիսկ այլ բնորոշումներ տալ, որոնցից կցանկանայի խուսափել. անթույլատրելի գործողությունները, եւ այդ գործողությունների համար որոշ մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության։
ՀԱՐՑ-Այդուհանդերձ ընդդիմության մի մասի բողոքի գործողությունները շարունակվում են, մասնավորապես՝ Տեր-Պետրոսյանի թիմը պատրաստվում է երկարատեւ բողոքի ալիք կազմակերպել, եւ տրամաբանությունն այսպիսին է՝ որքան հնարավոր է երկարատեւ անկայունության հետեւանքով փորձել ինչ-որ հաջողության հասնել։ Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվելու։
ՊԱՏԱՍԽԱՆ-Դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ նա հայտարարել է, որ ինքն արդեն ընտրված նախագահ է։ Դրանով ինքն իրեն փակուղի է մտցրել, որից դուրս գալն իրականում շատ դժվար է։ Ի՞նչ քայլեր են մնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հավաքել իր կողմնակիցներին, հայտարարել, որ ընտրությունները կեղծված են, տարբեր հնարքներով պահել նրանց Թատերական հրապարակում, այն, ինչ կատարվում է հիմա։
Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց այդ ժողովրդի հանդեպ, առաջին հերթին՝ հենց իր մերձավորների հանդեպ, երբ մարդը խորտակվում է եւ փորձում է իր հետ քաշել իր մերձավորին։
Ընդհանրապես՝ տպավորությունս այն է, որ այդ մարդը չարիք է եղել երկրի համար, բայց այսօր ավելի մեծ չարիք է հենց ի՛ր շրջապատի համար։ Փոխանակ օգներ այդ վիճակից դուրս գալու այդ մարդկանց, ի դեպ՝ մարդկանց, ովքեր նաեւ հոգեբանական առումով աջակցության կարիք ունեն, հակառակը, ավելի է խորացնում, ավելի է բարդացնում այդ վիճակից դուրս գալու գործընթացը։
Պետությունն, իհարկե, չի կարող անվերջ հանդուրժել օրենքի խախտումը։ Այսօր վեցերորդ օրն է՝ ապօրինի հանրահավաք է կայանում։ Ոստիկանությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, մինչ այսօր չէր անում մեկ պատճառով՝ ուղղակի ես հորդորում էի համբերատար լինել, փորձել չսրել իրավիճակը, հույս ունենալով, որ վերջապես ողջամտությունը կհաղթի, եւ մարդիկ կսթափվեն, ու, կարծում եմ, վեց օրը բավական է սթափվելու համար։ Մի քիչ կհամբերենք։ Դեռ։ Բայց, կրկնում եմ, այդ համբերությունը վերջ ունի, քանի որ կարող է անվստահության վերաբերմունք ձեւավորվել իրավապահ մարմինների նկատմամբ, որ իբր իրենք չեն կարողանում կարգի հրավիրել օրինազանցներին։
Այդ ուժը կա, այդ հնարավորությունը կա, ուղղակի, կրկնում եմ, մենք գիտակցում ենք, որ նաեւ մոլորված զանգված կա այդ հրապարակում։ Երբ ցուցադրվող կադրերը նայում ես, այնպիսի տպավորություն ես ստանում, որ Թատերական հրապարակում շատ անտաղանդ բեմադրություն է իրականացվում։
ՀԱՐՑ-Երեք օր առաջ սկսեցին տեղի ունենալ այլ տարօրինակ իրադարձություններ, Հայաստանում ձերբակալվում են մի շարք մարդիկ, ոմանք նաեւ քաղաքական գործիչներ են։ Այսօրվա մամուլը արդեն գրում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, այսինքն՝ դրանք քաղաքական ձերբակալություններ են։ Ի՞նչ է տեղի ունենում։
ՊԱՏԱՍԽԱՆ-Այո, կան ձերբակալություններ, համապատասխան հաղորդումներ են ներկայացնում ե՛ւ դատախազությունը, ե՛ւ անվտանգության ծառայությունը։
Ես երեք մասի կբաժանեի այս ձերբակալությունները. առաջինը նրանք են, որոնք կապված են զուտ ընտրությունների հետ, բոլոր խախտումները գրանցված են, դուք դրանք կարող եք գտնել ոստիկանության եւ դատախազության սայթերում, եւ այդ խախտումների համար բոլոր պատասխանատու մարդիկ պետք է պատժվեն։ Այդտեղ կան ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչներ, ե՛ւ ՀՀԿ ներկայացուցիչներ։
Երկրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր ձերբակալվում են վտանգավոր լինելու պատճառով՝ զենք կրելու համար, եւ այդ ողջ գործընթացում ընդդիմադիր գործիչները, հենց այդ թեկնածուի թիմակիցները ակտիվ շփումներ են ունեցել զինված ջոկատների հետ, ակտիվ փորձում են նրանց ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Դուք գիտեք՝ երկրապահների մի մասն իսկապես ներքաշված էր այդ գործընթացի մեջ։ Կան վետերանների կազմակերպություններ, որոնք եւս ներքաշված են այդ գործընթացի մեջ, եւ պետությունը չի կարող անտեսել այս հանգամանքը։ Երբ Թատերական հրապարակում անվտանգության ծառայության մարմինները գրանցում են զինված մարդկանց, պարտավոր են նաեւ միջոցներ ձեռնարկել՝ վնասազերծելու ուղղությամբ։
Կարող եմ ասել, որ երեկ եւ այսօր լայնածավալ միջոցառումներ ձեռնարկվում են նման խմբերը վնասազերծելու ուղղությամբ։ Բավականաչափ զենք եւ զինամթերք արդեն առգրավված է, մարդիկ ձերբակալված են, եւ դրանք մեր քաղաքացիների անվտանգությունը, անդորրը պաշտպանելուն ուղղված քայլեր են։ Բավական լուրջ քանակներ են եւ բավական վտանգավոր մարդկանց ներգրավվածությամբ։
Մարդկանց երրորդ խումբը նրանք են, ովքեր այսօր հրահրում են նման իրավիճակ, որոնք արդեն վեց օր թքած ունեն օրենքի վրա, շարունակում են կազմակերպել ապօրինի հանրահավաքներ եւ երթեր։ Մենք պարտավոր ենք պաշտպանել այլ քաղաքացիների իրավունքները. միայն իրենք չեն Երեւան քաղաքում։ Շրջակա շենքերից հարյուրավոր բողոքներ են հնչում։ Երեք խմբերից ավելի մեծ ծավալն այն խումբն է, որն ուղղակի սպառնալիք է մեր քաղաքացիների եւ մեր քաղաքական կայունության համար։ Խոսքը զինված մարդկանց մասին է։
ՀԱՐՑ-Այդուհանդերձ՝ ցանկացած ընտրության ամենալուրջ խնդիրը մնում է հասարակության բեւեռացվածությունը։ Ի վերջո՝ հասարակությունն ընտրության արդյունքում բաժանվում է առնվազն երկու մասի, մեր դեպքում՝ հնարավոր է նաեւ մի քանի մասերի, եւ ընտրությունն ավարտելուց հետո ամենակարեւոր խնդիրն այդ բեւեռացվածության մեղմումն է, եթե վերացնելը հնարավոր չէ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։
ՊԱՏԱՍԽԱՆ-Հայաստանն ունի նորընտիր նախագահ, որը հայտարարել է, որ ինքը ողջ ժողովրդի նախագահն է, ոչ թե միայն իր օգտին քվեարկողների։ Եւ սա է նաեւ ենթադրում սահմանադրությունը։
Ես կասկած չունեմ, որ նա իր տեսակով, իր մոտեցումներով հենց այդպիսի նախագահ է լինելու։ Իհարկե, գուցե նաեւ պետք է ավելի ակտիվ միջոցառումներ ձեռնարկել այդ բեւեռացված քաղաքական դաշտը մեղմելու ուղղությամբ։ Կարծում եմ, դա կարվի, բայց ծայրահեղական դրսեւորումները պետք է չեզոքացնել։ Մենք տարբեր կարգի միջոցառումներ ենք պլանավորում ապագայում իրականացնելու համար, եւ կարծում եմ՝ երբ ձեւավորվի նոր կառավարությունը, մարդիկ կտեսնեն, որ հաղթած նախագահը պատրաստակամ է կառավարության գործունեության մեջ ներգրավել ավելի լայն շրջանակներ, քան ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։ Դա լինելու է առաջին ազդակը բոլորի համար, որ կառավարման գործընթացում ավելի լայն շրջանակներ ներգրավելու պատրաստակամություն ընտրված նախագահն ունի, եւ, իհարկե, մենք նաեւ հասարակության կողմից համապատասխան գնահատական ենք ակնկալում այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը։
Մենք շատ հանդուրժողական ենք: Բոլորը, ովքեր մեր միջազգային հարաբերությունների շրջանակում գալիս են Հայաստան, նշում ու գնահատում են մեր համբերատարությունը:
Բայց, այս համբերատարությունը սահմաններ պե՞տք է ունենա, քանի՞ օր եւս համբերենք, որ համարվի, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք համբերատար են: Ցանկացած եվրոպական երկրում վեց օր որեւէ իշխանություն չէր հանդուրժի ապօրինի երթեր եւ ցույցեր:
Համբերատարությունը՝ համբերատարություն, բայց, կարծում եմ, նաեւ ժամանակն է, որ բոլորն սթափվեն եւ հասկանան, որ զոռբայությամբ իշխանության չեն գալիս, որ եթե շենքը դուր է գալիս, չպետք է հայտարարես. «Իմ բնակարանը Թատերական հրապարակն է, հիմա էլ պետք է հայտնվեմ այս շենքում»։
Եթե շենքն է հրապուրում, խնդրեմ, կարող եմ աշխատանքի վերցնել, օրինակ, նամակների բաժնում, թող կարդա, ծանոթանա, թե մարդիկ ինչ կարծիք ունեն իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին։
Սա, իհարկե, որպես կատակ, բայց իմ կոչը նաեւ հրապարակում գտնվող մարդկանց հետեւյալն է՝ հարգելի ժողովուրդ, գործիք մի դարձեք անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքին։ Դա ձեր խաղը չէ, այդ խաղից դուք չեք շահելու, միայն կորցնելու եք, եւ կորցնելու է երկիրը:
news.president.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել