Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, ինչը ստիպում է ինձ մեկ անգամ եւս դիմել Ձեզ, դիմել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին։
Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ենք ելք գտնել։ Այլապես՝ ներազգային թույլ համակարգով, այսպես բաժան-բաժան՝ ոչ միայն մեր երկրում առկա խնդիրները չենք կարողանա լուծել, այլեւ ընդունակ չենք լինի դիմակայել արտաքին մարտահրավերները։ Եկեք չմոռանանք, որ մենք նույնն ենք՝ հայի նույն տեսակը։
Առճակատումը, տրոհումը, անհանդուրժողականությունը խնդիրներ լուծելու ճանապարհ չեն։ Ընդհակառակը՝ ներկա վիճակի ձգձգումը խորացնում է անվստահությունը, բաժանում է մեր քաղաքացիներին. արդյունքում՝ թուլանում է երկիրը։
Ո՞րն է ելքը։
Նախ՝ ես ողջունում եմ այս օրերին հնչող՝ հանդուրժողականության եւ համագործակցության բոլոր անկեղծ կոչերը:
Երկրորդ՝ մենք ուղղակի պարտավոր ենք բացառել հնարավոր բախումները: Մենք պետք է գիտակցենք, որ հակադիր տեսակետներ կրողները նույն ժողովրդի մասնիկն են, եւ քաղաքական ուժերի գերխնդիրը ներքին պառակտում թույլ չտալն է: Անցանկալի զարգացումները կարող են կանխվել միայն բանակցությունների միջոցով:
Եվ ես առաջարկում եմ բանակցությունների այնպիսի օրակարգ, որը կարող է մեղմել լարվածությունը, համաձայնության հանգեցնել եւ երկրում ժողովրդավարացման խորքային գործընթացի նոր սկիզբ դնել:
Իմ պատկերացմամբ, առաջնահերթ երեք հարց կա.
Առաջին՝ համախոհությամբ ընտրական այնպիսի նոր համակարգի ձեւավորում, որը կբացառի բոլոր տեսակի ընտրախախտումների հնարավորությունը, կտրուկ կբարձրացնի սեփական կամքով իշխանություն ձեւավորելու ժողովրդի ինքնավստահությունը։ Ձեւերից մեկն, օրինակ, ընտրական համակարգի լիարժեք ինքնուրույնությունն ու անկախությունն ապահովելն է:
Երկրորդ՝ երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմաններ ստեղծել։ Առաջին քայլը, օրինակ, կարող է լինել, քաղաքական ուժերի համախոհությամբ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության ղեկավարության ձեւավորումը։
Երրորդ՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որ ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքներ ապահովվեն։ Այս առումով՝ բազմաթիվ քայլերից մեկը Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելը կարող է լինել։
Ուզում եմ ընդգծել, որ այս երեք ուղղություններով ես եւ իմ կուսակցությունը կոնկրետ եւ մանրամասն առաջարկներ ունենք, որոնք պատրաստ ենք ներկայացնել բանակցությունների ժամանակ:
Սիրելի բարեկամներ,
Իբրեւ քաղաքացի, իբրեւ ազգային կուսակցության ներկայացուցիչ՝ ես առաջարկում եմ կենտրոնանալ այս խնդիրների վրա, ազդեցիկ քաղաքական ուժերի ընդգրկումով բանակցություններ սկսել՝ հրաժարվելով մաքսիմալիզմից եւ ոչ մի տեղ չտանող առճակատումից։
28.02.2008
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել