HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի հանրահավաք Նոյեմբերյանում

Փետրվարի 28-ի կեսօրից Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում` Ազատության հրապարակում, ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էր մի քանի հարյուր մարդ:

Սահմանամերձ Կոթի գյուղի եւ Նոյեմբերյան քաղաքի բնակիչները բողոքում էին փետրվարի լույս 26-ի գիշերը Կոթիի 72-ամյա բնակիչ Սերյոժա Սիրադեղյանի եւ Նոյեմբերյան քաղաքի 63-ամյա բնակիչ Յուրիկ Մամյանի ձերբակալման դեմ: Հրապարակում հավաքվածները դժգոհում էին, որ սահմանագոտում չի ապահովվում մարդկանց անվտանգությունը, իսկ գյուղացիներին զինաթափում են: 


Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթիից բազմաթիվ անասուններ են առեւանգվել,2007թ. նոյեմբերի 18-ին գյուղում գտնվել էր անհայտ կորած 72-ամյա Հովսեփ Սարուխանյանի դին, նրա ոչխարի հոտն առեւանգվել է: Այդ սպանությունը դեռեւս բացահայտված չէ:

Բողոքի հանրահավաքի մասնակիցները ստորագրեցին Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակի տակ: Նամակում ասվում է.

«Ազգային անվտանգության եւ ոստիկանության կողմից զենք, զինամթերք պահելու պատճառով ձերբակալված Սերյոժա Սիրադեղյանի եւ Յուրա Մամյանի բարեկամների մոտ այն տպավորությունն է ստեղծվել,որ Հայաստանի հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետապնդվում են Վանո Սիրադեղյանի մոտ բարեկամները, քանի որ Յուրա Մամյանը նրա քրոջ ամուսինն է, իսկ Սերյոժա Սիրադեղյանը` նրա եղբայրը: Մենք ընդունում ենք, որ մինչ այժմ Յուրա Մամյանի եւ Սերյոժա Սիրադեղյանի հետ վարվել են օրենքին համապատասխան կարգով: Միաժամանակ չենք ուզում հաստատել մեր մոտ ձեւավորված այն տպավորությունը, որ Սիրադեղյանի բարեկամների հետապնդումը համապատասխանում է իրականությանը, որում կհամոզվենք մեր օրինական խնդրանքը բավարարելու դեպքում: Խնդրում ենք Յ.Մամյանի եւ Ս. Սիրադեղյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանք չկիրառել, ազատել ստորագրությամբ, հաշվի առնելով Նոյեմբերյանի եւ Կոթիի ազգաբնակչության մեջ նրանց ունեցած դրական նկարագիրը, ինչպես նաեւ` տարիքը եւ առողջական վիճակը: Ներքոստորագրողներս երաշխավորում ենք Յուրա Մամյանի եւ Սերյոժա Սիրադեղյանի ներկայանալը իրավապահ մարմիններ առաջին իսկ կանչի դեպքում»:

Հավաքվածներից ոմանք առաջարկում էին, ի նշան բողոքի, փակել միջպետական ճանապարհը կամ Բագրատաշենի մաքսակետը: Հրապարակում էր գտնվում նաեւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Երվանդ Չիլինգարյանը, ով մարդկանց հետ զրուցում, նրանց զսպվածության կոչ էր անում:

Նամակի օրինակներից մեկը Սերյոժա Սիրադեղյանի որդի, Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը տարել է ԱԱԾ Նոյեմբերյանի բաժանմունք, սակայն բաժանմունքի պետը հրաժարվել է այն վերցնել, պատճառաբանելով, որ հարուցված քրեական գործը արդարադատության նախարարության վարույթում է: Տավուշի մարզի դատախազի տեղակալ Սպարտակ Անտոնյանը գտնվում էր Իջեւանում, նա երեկոյան վերադարձավ, սակայն եւս հրաժարվեց նամակի օրինակը վերցնելուց` պատճառաբանելով, որ դա իր իրավասությունների մեջ չի մտնում, ինքը լոկ Տավուշի մարզի դատախազի տեղակալն է Նոյեմբերյանի տարածաշրջանի գծով, իսկ այս գործը Երեւանում է քննվում: Փետրվարի 28-ի երեկոյան բողոքի հանրահավաքի մասնակիցների մի մասը տուն է գնացել, իսկ մյուս մասը գիշերել է Նոյեմբերյանի Ազատության հրապարակում: Սերյոժա Սիրադեղյանի որդին` Մուշեղ Սիրադեղյանը հայտնեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել ձերբակալվածների պաշտպան, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ: Փետրվարի 29-ին, ժամը 16-ին լրանում է ձերբակալվածների նախնական կալանքի 72 ժամը: Մուշեղ Սիրադեղյանն ասաց, որ իրենց հետագա գործողությունները կախված են այն բանից, թե արդյոք, այդ ժամանակ ազատ կարձակե՞ն Յուրա Մամյանին եւ Սերյոժա Սիրադեղյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter