HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մակեյանը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքներին

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է եւս մեկ հաղորդագրություն, որտեղ նշված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2008 թվականի փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով), իսկ Աշոտ Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով (ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց կողմից): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, կիրառվել է կալանքը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 19.02.08թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Գյումրի քաղաքի բնակիչներ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը: Վերջիններս տեղամասում աղմկել են ընտրողների անձնագրերում դրոշմակնքման հարցի շուրջ, ընտրողների ներկայությամբ վիճաբանել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ, շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը եւ սպառնացել: Դեպքից 1-2 րոպե անց նույն ընտրատեղամաս է մուտք գործել Շոթա Սաղաթելյանը եւ, ներկայանալով որպես ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ ու խոչընդոտել նրանց աշխատանքների կատարմանը: Վերջինիս հեռանալուց հետո քիչ անց 34/06 տեղամաս է մուտք գործել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ կրկին նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի նախագահի հետ եւ շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների կատարմանը:

Միջոցներ են ձեռնարկվում Մուրադ Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter