Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատում է եվրոպացիներին
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ եվրոպական կառույցների դիրքորոշմանը:
«Ես համոզվում եմ, որ համաժողովրդական շարժումը լոկալ, տեղական գործոնից վերածվում է միջազգային գործոնի: Այն, ինչ կատարվում է այս հրապարակում, արդեն դուրս է եկել հանրապետության սահմաններից, դարձել միջազգային հարց, միջազգային կարեւորագույն քաղաքական գործոն: Մենք նվաճել ենք մի բնագիծ, որն օրինակ է ծառայելու մեր տիպի բոլոր երկրների համար: Օրինակ է ծառայելու այն բանի, որ ժողովուրդը կարող է, ի վիճակի է վայրագ, կոռումպացված, բռնապետական, ավազակապետական ռեժիմին թելադրել իր կամքը եւ պարտադրել նրան, որ հեռանա մեր երկրից:
Երեկ ես ներկայացրի միջազգային հանրության վերաբերմունքը մեր շարժմանը եւ կարծում եմ` հիմնավորված վրդովմունք հայտնեցի նրանց անլրջության առթիվ` առանձնացնելով միայն Ռուսաստանը, որ պետական մտածողությամբ եւ ավանդական դասական պետության կեցվածքով է վերաբերվում մեր շարժմանը եւ Հայաստանում կատարվող իրադարձություններին: Ես այսօր պիտի ընդգծեմ նաեւ ԱՄՆ-ի լրջությունը, որի մեկ վկայությունը նրանց պետդեպարտամենտի հայտարարությունն էր, իսկ երկրորդը` ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի երեկվա հայտարարությունը: Սա լուրջ մոտեցում է եւ վկայում է, որ ԱՄՆ-ը չի հավատում կայացած ընտրություններին: Կարծում եմ` սա այնպիսի գործոն է, որ Հայաստանի իշխանիկները չեն կարող անտեսել:
Ես ուզում եմ կենտրոնանալ Եվրամիության վրա: Առայժմ այդ լրջությունը ես չեմ նկատում ԵՄ-ում, ԵԱՀԿ-ում եւ եվրոպական այլ կառույցներում: Մասնավորապես ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդները, կարծում եմ, ճիշտ չեն արտահայտում այն ամենը, ինչ կատարվել է ոչ միայն ընտրությունների օրը, այլեւ ընտրական ողջ պրոցեսում: Սա քննություն է նրանց համար: Եվրոպական կառույցները, մասնավորապես` ԵԱՀԿ-ն եւ նրա դիտորդական առաքելությունը, այսօր ճգնաժամ են ապրում, եւ այդ ճգնաժամը նկատվում է ոչ միայն մեզ մոտ, նկատվել է նաեւ Վրաստանում, այսօր նկատվում է նաեւ եվրոպական մամուլում:
Ի՞նչն է խնդիրը: Ես երեկ ասացի` մինչեւ հիմա ԵԱՀԿ-ից եւ նրա դիտորդական առաքելությունից սովորաբար դժգոհում էին կառավարությունները: Վերջիններս էին արգելքներ հարուցում նրանց գործունեության առջեւ, սահմանափակում դիտորդների թիվն իրենց երկրներում: Մեր կառավությունը նույն վերաբերմունքը ուներ, եւ Քոչարյանը ստորագրել է այդ փաստաթուղթը, որը պահանջում է ԵԱՀԿ-ից եւ նրա դիտորդական առաքելությունից սահմանափակել իր գործունեությունը եւ առաքելության ֆունկցիաները: Այսօր բոլորովին այլ բան է տեղի ունենում: Այսօր այդ կազմակերպությունից եւ նրա դիտորդական առաքելությունից դժգոհում է ժողովուրդը, ընդդիմությունը, ժողովրդավարությունը: Դա տեղի ունեցավ Վրաստանում, հիմա տեղի է ունենում Հայաստանում: Մինչեւ հիմա կառավարություններն էին պահանջում այդ առաքելություններից չմասնակցել իրենց երկրների ներքին գործերին, հեռանալ Հայաստանից, վաղ թե ուշ կգա այն պահը, որ ժողովուրդները կպահանջեն, որ նրանք այդպիսի փարիսեցիական գործունեություն չծավալեն մեր երկրներում:
Բոլոր դիտորդներն էլ պարկեշտ մարդիկ են, նախկին փորձված, ազնիվ, բարոյական դիվանագետներ, բայց որոնք ճիշտ չեն հասկանում իրենց առաքելությունը: Առաջինը` չեն ըմբռնում իրենց իսկ ներկայացրած կազմակերպությունների էությունը: ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը մեր կազմակերպություններն են: Հայաստանը նրանց լիիրավ անդամ է, նրանք օտարներ չեն: Այդ կազմակերպությունների առջեւ պարտավորություններ է ստանձնել ՀՀ կառավարությունը: Սա հարցի մի կողմն է: Հարցի գլխավոր, էական կողմը, որ չեն ըմբռնում այդ մարդիկ, այն է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի նկատմամբ: Կառավարությունից պահանջում են, որ նա կատարի իր պարտավորությունները, իսկ իրենք բարի չեն լինում կամ պատշաճ չեն համարում հարգել իրենց պարտավորությունները մեր ժողովրդի նկատմամբ, այս հրապարակում կանգնած յուրաքանչյուրի նկատմամբ: Իսկ որո՞նք են այդ պարտավորությունները: Ապահովել, զարգացնել ժողովրդավարությունը, իրավական պետության հիմքերը մեր երկրում: Ապահովել ժողովուրդների համակեցությունը, անվտանգությունը: Այս պարտավորությունների կատարման փաստը մենք չենք տեսնում:
Ես երեկ ասացի` նրանց մոտեցումը ֆորմալիստական, դատախազական է: Նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են քվեարկության օրը կատարվածի վրա` մոռանալով, որ ընտրությունը մի ամբողջ պրոցես է: Մեզ մոտ դա սկսվել է հոկտեմբերի 23-ին եւ դեռ չի ավարտվել: Այդ օրվանից սկսած` մեր շարժման նկատմամբ կատարվել են ֆիզիկական բռնություններ, որոնք մինչեւ այս պահը չեն դադարում: Նրանք այս հարցին մոտենում են ձեւական դիրքերից:
Խայտառակություն է այդպիսի վերաբերմունքը: Ընտրությունների գնահատականի տեսակետից շատ ավելի կարեւոր են այն աղաղակող ֆիզիկական բռնության փաստերը, քան հազար ու մի թվաբանական տոկոսների հաշիվները: Ի՞նչ ընտրության մասին կարող է խոսք լինել, երբ հոկտեմբերի 23-ից սկսած` իմ հազարավոր թիմակիցներ բերվել են ոստիկանության, անվտանգության ծառայության բաժանմունքներ, թաղապետարաններ, քաղաքապետարաններ, բոլորին ահաբեկել են, վախեցրել, որ չմասնակցեն իմ հանրահավաքներին, մի մասին գործից են ազատել, մի մասին` ձերբակալել: Ընտրությունների օրը 200-ից ավելի վստահված անձինք, դիտորդներ, իմ կողմնակիցներ ծեծի, ջարդի, ձերբակալությունների են ենթարկվել. հայտնի մարդիկ` Երջանիկ Աբգարյան, Գուրգեն Եղիազարյան, պատգամավորներ: 200-ից ավելի փաստ դրված է այդ դիտորդների առջեւ: Ընտրություններից հետո ի՞նչ տեղի ունեցավ. 50-60 ձերբակալություն այս հրապարակից:
Եվ այս ամբողջը տեղի է ունենում այդ դիտորդական առաքելությունների աչքի առջեւ, եւ նրանք դեռ խոսում են ինչ-որ ընտրությունների մասին: Եթե այդպիսի փաստերից մեկը լիներ իրենց երկրներում, ասենք` որեւէ թեկնածուի կողմնակիցներից հազարավոր մարդկանց հրավիրեին ոստիկանատներ, ահաբեկեին, այդ երկրում նոր ֆրանսիական հեղափոխություն կսարքեին: Ուրեմն` իրենց դա չի կարելի, իսկ մեզ նման երկրներում դա կարելի է հանդուրժել: Դա ռասիզմի երեւույթ է, դա չգիտակցված, բնազդական ռասիզմ է մեր տիպի ժողովուրդների նկատմամբ, կրկնակի ստանդարտի կիրառում: Այն, ինչ որ իրենց մոտ անբարոյական է, այստեղ նրանք համարում են բարոյական: Այն, ինչ որ իրենց մոտ անօրինական է, մեզ մոտ կարող են վրան աչք փակել:
Պարոնայք եվրոպացիներ, եթե ուզում եք գնահատել այս ընտրությունները, ապա պետք է մի կողմ թափեք ձեր ամբողջ հաշվապահությունը եւ ընտրությունները գնահատեք այդ ֆիզիկական բռնությունների փաստով, որոնք հսկայական շարան են եւ ոչնչով չեն տարբերվում այն բռնություններից, որոնք իր ժողովրդի նկատմամբ կիրառել է Սադամ Հուսեյնը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել