HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Պատասխան տվող կլինի՞

Հոկտեմբերի 2-ին` ժամը 18.50-ի սահմաններում, Այրում քաղաքի մոտ, Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 83-րդ կիլոմետրին մեծ սողանքի պատճառով 5 մարդ  անհետ կորած է, նյութական մեծ կորուստներ կան: Փրկարարներն աշխատում են հողի տակից մարդկանց եւ մեքենաները հանելու ուղղությամբ: Հրաշք կլինի, որ բազում օրեր հողի եւ քարի հսկա զանգվածի տակ գտնվող մարդը, ով զրկված է շնչելու հնարավորությունից, կենդանի մնա:

Արդյոք, հնարավոր չէ՞ր կանխել մարդկային եւ նյութական մեծ կորուստները: Կարելի էր, եթե համապատասխան ծառայություններն իրենց գործը հավուր պատշաճի կատարեին: Հիմնավորեմ ասածս: Հիշենք, թե ինչ դեպքեր էին նախորդել մեծ սողանքին եւ դրան խթան եղել: Սեպտեմբերի 28-ին` առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետությունում հաշվառված «Վոլվո» մակնիշի XWX-106 համարանիշի բեռնատարը ճանապարհի այդ հատվածում ընկնել էր ձորը: Տուժողներ չկային: Տրակտորի պահեստամասեր տեղափոխող, վթարից ջարդված բեռնատարը եւ դրա կիսակցորդը հանվել էին ձորից, իսկ վագոն- կոնտեյները 4 օր գտնվում էր ձորում:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան նույն տեղում տեղի էր ունեցել փլուզում: Դեպքից հետո վտանգավոր այդ հատվածում պետավոտեսուչները մեքենաների երթեւեկության արագությունը  սահմանափակել էին մինչեւ 30 կմ/ժամ: Ինչո՞ւ սեպտեմբերի 30-ի առավոտից մինչեւ հոկտեմբերի 2-ի երեկո սողանքային այդ գոտում երկրաբանական կամ այլ ուսումնասիրություններ չեն կատարվել, ինչո՞ւ միջպետական ճանապարհի այդ հատվածը մեքենաների երթեւեկության համար չէր փակվել:

Հոկտեմբերի 2-ի երեկոյան այդ տարածքում գտնվում էր մի քանի տասնյակ մեքենա, որոնցից  8-ը` «ֆուռ», երկու կռունկ եւ այլն: Ինչո՞ւ 4 օր «Վոլվո»-ի կոնտեյները չէր հանվել ձորից, ինչո՞ւ այդ գործողության ժամանակ երկու կողմից, անվտանգ տարածության վրա, չէր փակվել ճանապարհը: Կարելի էր, չէ՞, վագոն-կոնտեյները ձորից հանել վաղ առավոտյան, երբ ճանապարհին քիչ մեքենա է երթեւեկում:

Սեպտեմբերի 30-ի փլուզումից հետո մինչեւ հոկտեմբերի 2-ի փլուզումն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը չի՞ թերացել իր աշխատանքում, եւ ո՞վ Է ղեկավարել ձորից վագոն-կոնտեյների հանելու գործողությունը: Այս հարցերը տվեցի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նա ասաց, որ իր ղեկավարած նախարարությունը չի թերացել աշխատանքում, որ ՀՀ տարածքներում սողանքները հաշվառված են իրենց նախարարությունում, որ նշված տարածքում փոքր փլուզումների մասին իրենք տեղյակ են պահել Հայաստանի գերատեսչություններին եւ նախարարություններին: Նախարարը ձորից կոնտեյների հանման գործողության մասին ասաց, որ տարբեր ծառայություններ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները, ոստիկանության հետաքննիչը այդտեղ հետաքննություն է կատարել:

Նախարարը տեղյակ չէր, թե ով է վագոն-կոնտեյները ձորից հանելու համար կռունկը բերել: Սեպտեմբերի 30-ի սողանքը ԱԻՆ ինտերնետային կայքում նկարագրված է հետեւյալ կերպ. «3000 խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին եւ քանդել ճամփեզրի 110 մ երկարությամբ հենապատը: Ճանապարհի մոտ 6 մ երկարությամբ հատվածը դարձել է անանցանելի, շրջվել են էլեկտրական սյուներ, որի հետեւանքով հոսանքազրկվել են Այրում քաղաքը եւ Լճկաձոր գյուղը: Դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային օպերատիվ խումբը: «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ի ջանքերով ճանապարհը բացվել է, սակայն առկա է սողանքային երեւույթների հետագա ակտիվացման վտանգը: Ժամը 14.00-ի սահմաններում էլեկտրական ցանցի աշխատակիցների ուժերով հոսանքամատակարարումը վերականգնվել է»:

3 հազար խորանարդ մետր հողազանգված է սահել, 110 մ հենապատ է քանդվել, 6 մ ճանապարհ փակվել, իսկ նախարար Երիցյանը դեպքն անվանում է «փոքր փլուզումներ»: ԱԻՆ-ը դեռ սեպտեմբերի 30-ին  փաստել է սողանքային երեւույթների հետագա ակտիվացման վտանգը, ինչո՞ւ մինչեւ հոկտեմբերի 2-ի երեկո չի փակվել միջպետական ճանապարհի այդ հատվածը: Ո՞ր գերատեսչությունն էր պարտավոր դա կատարել` ԱԻՆ-ը, թե՞ տրանսպորտի և կապի նախարարությունը: Ո՞վ է ղեկավարել վագոն-կոնտեյների ձորից հանման գործողությունը, եւ ըստ օրենքի ո՞վ պիտի ղեկավարեր:

Նախկինում Տավուշի մարզում` Հովքի մոտ եւ Վազաշենի տարածքում, միջպետական եւ մարզային նշանակության  ճանապարհներին եղել են հողի մեծ սողանքներ: Բարեբախտաբար, դրանց հետեւանքով ոչ մի զոհ չի եղել, նյութական վնասները  մեծ չէին: Այրումի սողանքի ժամանակ, եթե այդ գոտում մեքենաների կուտակում չլիներ, ճանապարհի 250 մետրանոց հատվածում կարող էր գտնվել ամենաշատը 1-2 մեքենա: Արդյոք այս  դեպքի կապակցությամբ անաչառ քննություն կանցկացվի՞, կբացահայտվե՞ն այն ծառայություննների անգործությունը կամ թերացումները, որոնց հետեւանքով  դժվար իրավիճակ է ստեղծվել, թե՞ ամեն ինչ «գցվելու է» «ֆորս մաժոր» հանդիսացող սողանքային երեւույթի, այսինքն` բնության վրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter