HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ Ազատությունը գնահատող մարդկանց

ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է Համահայկական Մարաթոն. Արդեն հանգանակվելէ 15 մլն 550 հազար դրամ

Շարունակվում է Գյումրիում գործող ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանությանն ուղղված դրամահավաք մարաթոնը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հազարավոր մարդիկ կամավոր կերպով դրամահավաք են իրականացնում Գյումրի քաղաքում գործող այս հեռուստաընկերությանը ծանրագույն ճգնաժամից դուրս բերելու համար:

Ճգնաժամային իրադրությունը ստեղծվել է հեռուստաընկերության դեմ ՀՀ գործադիր իշխանության մի քանի ճյուղերի եւ Գյումրու քաղաքապետարանի համատեղ վարչական հարձակման հետեւանքով, ապա դատարանների կողմնակալ դատավարություններով կայացված վճիռների արդյունքում: 

Ըստ ՀՀ Վարչական դատարանի մարտի 19-ի վճռի ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ԱՊԸ-ն պարտավոր էր անհապաղ պետբյուջե վճարել 25 մլն 116 հազար 700 դրամ, եւ մոտ 500 հազար դրամ, որպես դատական ծախսեր: 2007 թվի դեկտեմբերի 3-ից Գյումրու Հարկային տեսչության հայցով արդեն արգելանք էր դրվել ընկերության սարքավորումների, բանկային եւ դրամարկղային միջոցների վրա: 4,5 ամիս շարունակ հեռուստաընկերթյունը որեւէ գովազդային պատվեր չի ունեցել: Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը այդ ընթացում իր դրամական խնայողություններով պահպանել է հեռուստաընկերությունը, աշխատակազմը եւ բոլոր հաղորդաշարերը, այդ թվում, լրատվական ծավալուն թողարկումները, հարցազրույցների շարքերը, մանկական եւ այլ ժամանցային, մշակութային հաղորդաշարերը: Հեռուստաընկերությունը հնարավոր մանրամասներով եւ օպերատիվությամբ լուսաբանել է նախընտրական պաքարը, ընտրությունների ընթացքում տեղի ունեցած զանգվածային խախտումները, հետընտրական զարգացումները, համաժողովրդական հուզումներն ու հանրահավաքները:  
 
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի եւ հեռուստաընկերության նախաձեռնությամբ մարտի 19-ին Գյումրու ժամանակով ժամը 9-ին մեկնարկած հեռուստատեսային մարաթոնը նպատակ ուներ կարճ ժամկետում հանգանակել հարկայինի նկարած գումարը, վճարել պետբյուջե, այդպիսով պաշտպանել հեռարձակման լիցենզիան ու շարունակել վիճարկել այդ վճիռը հայաստանյան եւ եվրոպական դատական ատյաններում, այդ թվում պահանջել հեռուստաընկերությանն ու հիմնադրին հասցված վնասի լիակատար հատուցում:
 
Հանգանակության մարաթոնի մասին լուրերը մեծ արագությամբ տարածվեցին Հայաստանով մեկ, ապա` մոտ 6-10 ժամում ամբողջ աշխարհի հայությունն ու այս խնդրով շահագրգիռ մարդիկ իմացան մեկնարկելիք աննխադեպ միջոցառման մասին: Վեբ կայքերի կառավարիչները, բլոգերները, ֆորումների եւ չաթերի «մշտական բնակիչները», ԶԼՄ-ների, ՀԿ-ների հասարակական շարժումների, պաշտոնական ու ոչպաշտոնական միավորումների տեղեկատվական հոսքերի կառավարիչները աննախադեպ օպերատիվությամբ տարածեցին ու տարածում են տեղեկություն մարաթոնի մասին:
 
Հանգանակության մարաթոնի առաջին օրը` մարտի 19-ին (ստուդիա բերված կանխիկ դրամով եւ ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի դրամային հաշվին) հանգանակվեց 8 մլն 75 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի 32 տոկոսը:
 
Հանգանակության մարաթոնի առաջին օրը` մարտի 20-ին հանգանակվեց  3 մլն 598 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի մոտ 14 տոկոսը: 
 
Հանգանակության մարաթոնի երրորդ օրը` մարտի 21-ին հանգանակվեց 3 մլն 876 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի 15 տոկոսը:
  
Հանգանակության 3 առաջին օրերի ընթացքում, մինչեւ մարտի 21-ը, ժամը 21:30-ը Կանխիկ եւ Բանկային դրամային հաշվի վրա եղած գումարի հանրագումարը կազմում է 15 մլն 549 հազար դրամ` անհրաժեշտ մայր գումարի 61,91 տոկոսը:
Առայժմ տեղեկություններ չկան Վահան Խաչատրյանի անունով Յունիբանկում բացված դոլարայի հաշվին արտերկրից արված եւ արվող օժանդակությունների մասին, բանկային գործի մասնագետների խոսքով` այդ հանգանակությունները կարող են տեղ հասնել մի քանի օր ուշացումով, ինչը կարող է լրջագույնս խոչընդոտել ամբողջական գումարը գոնե մինչեւ երկուշաբթի հանգանակելուն:
 
Մարտի 21-ին «ՉԱՊ» ՍՊԸ այցելեցին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները` կատարողական թերթիկով: Նրանք նախ ուսումնասիրեցին դեկտեմբեր 3-ից արգելանքի տակ գտնվող գույքը եւ դրամական միջոցները (որոնք մի քանի հազար դրամով ավելացել էին 4,5 ամսվա ընթացքում, եւ որոնք ընկերույթունը չէր կարող ծախսել): Համոզվեցին, որ ամեն ինչ տեղում է, ոչինչ չի պակասել:   
 
Ապա ընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի հետ քննարկումներից հետո, գանձեցին Համաժողովրդական հանգանակությամբ հավաքված եւ այդ պահին ստուդիայում գտնվող ամբողջ գումարը` 15 մլն 21 հազար 500 դրամ` մետաղադրամներն էլ հետը:
 
ԴԱՀԿ աշխատակիցները տեղեկացրին, որ իրենց ծառայության համար բռնագանձելու են դատարանի վճռով սահմանված գումարի եւս 5 տոկոսի չափով գումար (մոտ 1,2 մլն դրամ), այն բանի համար, որ դատական վեճում պարտված կողմը` «ՉԱՊ» ՍՊԸ-ն անհապաղ չի վճարել պահանջված գումարը պետբյուջե, եւ Հարկայինը դիմել է ԴԱՀԿ միջամտությանը:
 
Բացի այդ Դատարանի վճռով հաստատվել է 500.000 դրամ դատական ծախս` ի վնաս պարտված կողմի:
 
Այսպիսով Հայաստանում գոծող վարչական ռեժիմը իր ամբողջ հզորությունը գործի դնելով ջանում է քամել Հեռուստաընկերությունը, հաշվի չառնելով թերեւս մեկ բան. Հանրությունը աննախադեպ պատրաստակամություն է ցուցաբերում իր ազատությունները պաշտպանելու, իր ունեցած Ազատ հեռուստաընկերության   այց բացառիկ նմուշը պաշտպանելու եւ այդպիսով էլ ավտորիտարիզմի դեմ պայքարում իր ներդրումն ունենալու գործում:      
 
Հանգանակության հեռուստամարաթոնը շարունակվում է: Այն ուշագրավ եւ մասամբ սպասված ձեւեր է ստանում, եթե առաջին օրերին մարդիկ հեռավոր գյուղական համայնքներից անձամբ գալիս հասնում էին ստուդիա, հիմա համայնքներում հանգանակում են, ցուցակ են կազմում եւ 1-2 հոգով գումարը բերում են հեռուստաընկերություն: հետզհետե ու անշեղորեն աճում է Երեւանից, Վանաձորից եւ Հայաստանի այլ համայնքներից  հանգանակություններ կատարողների թիվը: Աճումէ  բանկայինն փոխանցումներով կատարվող հանգանակությունների թիվն ու մասը հանգանակվող գումարի մեջ: Մոտավորապես կարող ենք ասել, որ նման է ձնագնդի էֆեկտին: Երեւանից մի քանի գործարարներ կատարել են մի քանի 100.000, 200.000-ական դրամի նվիրատվություններ, մեկ այլ գործարար հանգանակության առաջին երեկոյան բերել էր 1 մլն դրամ, իսկ մարտի 21-ին մեկ այլ գործարար` էլի երեւանից նվիրաբերեց մեկուկես մլն դրամ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ որքան մեծ է նվիրաբերվող գումարը, նվիրաբերողներն այնքան ավելի շատ են կամենում գաղտնի մնալ` հրաժարվում են իրենց անձը հանրությանը հայտնի դարձնելուց: Պատճառը Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմի հալածանքներից հեռու մնալու ցանկությունն է:
 
Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը.
 
Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 10 մլն 66 հազար 7 հարյուր դրամ, ԳԱԼԱ հեռուստաընկերության գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի ՀՀ Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի:
 
Աջակցությունը կարող է լինել ինչպես նվիրատվության տեսքով, այնպես էլ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին տրվող դրամական պարտքի կամ վարկի տեսքով: Այդ ամենը պատշաճ իրավաբանական գրանցում կստանա:  
 
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում եթերազրկվի եւս մեկ հեռուստաընկերություն:  
 
Հարգանոք`
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի
համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան
 
Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374.91.821363 հեռախոսահամարով, [email protected]  էլեկտրոնային հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter