HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգավոր զբոսանք


Գիրքս թեւիս տակ` գնացի Հյուսիսային պողոտա: Երբ ամիսուկես առաջ դեռ նոր էի վերադարձել Միացյալ նահանգներից, մի տեսակ տաբու ունեի այդ պողոտայով նույնիսկ անցնելու: Հիմա էնպիսի զգացողություն կար, թե այդ նույն Հյուսիսային պողոտան, որ այդքան քաղաքացիների անտուն թողեց «հանրային կարիքների» անվան տակ, իսկապես դարձել է հանրային սեփականություն: Եվ արդեն որերորդ օրն էր` նույն հաճույքով շարժվեցի այդ հրաշալի մարդկանցով լի զբոսատեղին:

Երեկոյան 6-ից քիչ անց էր, երբ հասա պողոտայի սկիզբը: Զբոսնում էին հիմնականում համազգեստավոր ոստիկաններն ու իրենց մահակները: Քաղաքացիական հագուստով մեկը հրահանգներ էր արձակում: Կողքին տեսախցիկով «զբոսնողն» էր, որն արդեն զբոսանքի ելած քաղաքացիներին ծանոթ էր նախորդ օրերից: Սա, փաստորեն, շարունակում էր իր հոգեբանական գրոհն անցնողների վրա, բայց եթե նախկինում պարզապես տեսախցիկը պահում էր այս կամ այն մարդու ուղղությամբ, ապա հիմա տեսախցիկի ուղղությունն անմիջապես զոհ էր դարձնում անցնողներին: Այսինքն` ով նկարահանվում էր, անմիջապես նստեցվում էր ոստիկանական մեքենան ու տարվում:

Նստարանին գիրք էի կարդում ու հետեւում գործողությունների ընթացքին: Մի 3 րոպե անց ինձ մոտեցան 2 ոստիկան.
- Վե'ր կաց,- ասաց մեկը:
- Ինչու՞,- ասացի ես:
- Գնացինք,- ասաց մյուսը:
- Ու՞ր,- հարցրի ես:

Ու մինչ ես հարցեր էի տալիս, թեւերիցս բռնած` տեղավորեցին իրենց վիլիսում: Ինձ հետ մի տարեց պապիկ էր` «Չորրորդ իշխանություն» թերթի վերջին համարը ձեռքում ոլորած, ու մի միջին տարիքի կին: Պապիկը թերթով հարվածում էր դիմացի նստատեղին նստած ոստիկանի գլխին ու հայհոյում: Սա արդարանում էր ու ասում, որ ինքը հրաման է կատարում: Կողքիս կինն էլ անվերջ պնդում էր, որ իրեն տուն գնալու ճանապարհից են բռնել: Ինչեւէ, հասանք Կենտրոնի ոստիկանություն: Շենքի դիմաց արդեն հավաքված ժողովուրդ կար:

Երբ ներս մտանք, հասկացա, որ ձերբակալված զբոսնողների թիվն ավելի շատ է, քան այդ շենքում աշխատող ոստիկաններինը: Այստեղ շատ դրական էներգիա կար: Երբ գրանցեցին բոլոր «հանցագործներին», մեզ առաջնորդեցին մի մեծ սենյակ եւ հրահանգեցին սպասել: «Հանցագործ» զբոսանքավորների մեծ մասը կանայք էին:

Այս մեծ սենյակում յուրաքանչյուրն իր տեղը գտավ, ու սկսվեց մինի հանրահավաք: Երբ հանրահավաքից հոգնեցինք, մի կին հայտարարեց, որ ինքը մաթեմատիկայի ուսուցչուհի է եւ առաջարկեց հանելուկներ լուծել: Պայուսակից հանեց լուցկու տուփը, եւ բոլորս անցանք հանելուկներ լուծելուն:

Հանկարծ ներս մտավ ռադիոընդունիչը ձեռքին մի ոստիկան ու ասաց, որ «Ազատություն» ռադիոկայանով մեր մասին են հաղորդում: Դուռը փակեց ու խնդրեց ցածր ձայնով լսել լուրերը: Թողեցինք լուցկիներն ու մեր մաթեմատիկայի ուսուցչուհուն եւ լուռ սկսեցինք լուրերը լսել: Ներս մտավ մի այլ ոստիկան ու ասաց.
- Էս ի՞նչ բանի եք, հլը էդ ռադիոն տու ստե:
Ռադիոընդունիչը «հանցագործ» զբոսանքավորներից «ազատագրելուց» հետո ոստիկանը սենյակից դուրս նայեց ու բղավեց.
- Արա, էս ո՞վ ա սրանց ռադիո տվե:

Քիչ անց ներս մտան երկու այլ երիտասարդներ` ջրով լի շշերով:
- Մորքուր ջան, էս վերցրեք, վաղը մյուս օրը փողոցում իրար տեսնելու ենք, բարեւ ենք տալու,- ասաց ու էլի արագ դուրս եկավ սենյակից:
Եվս մի քիչ անց եկավ հերթական ոստիկանն ու սկսեց անուններ կարդալ: Մի պահ տպավորություն կար, որ արդեն հարազատ դարձած մեր ընկերներին տանում են գազի խցիկները: Բայց շուտով պարզ դարձավ, որ մեզ պարզապես վերաբաշխում են` ըստ բնակության վայրի: Բոլորիս հերթով կանգնեցրին պատի տակ ու լուսանկարեցին:

Հետո նստեցրին տարբեր ավտոմեքենաներ: Այս անգամ իմ «հանցակից» ընկերները 2 կանայք էին, ովքեր մինչ այդ սկսված հանրահավաքը շարունակեցին մեքենայում: Ոստիկանն ինչ-որ պատասխաններ էր քրթմնջում ու փորձում բացատրել, որ, ախր, ինքը հրաման է կատարում:
- Էրկու երեխա ունեմ, իրանց արեւով եմ երդվում` ամսի 1-ին իմ մոտ զենք չի էղել:

Հասանք Կորյուն-Տերյան խաչմերուկ (առաջին նախագահի գրասենյակի անմիջապես դիմացը), մեքենայի բենզինը վերջացավ: Վարորդը դուրս եկավ ու մեքենայի բեռնախցիկից հանեց պլաստիկ շշով բենզինը:
- Էդ էլ մոտներդ եք պահում, որ հետո «Հայլուր»-ով ցույց տաք, թե մենք ենք ձեր վրա հարձակվե՞լ,- ասաց կողքիս նստած կինն ու շարունակեց հանրահավաքը մեքենայում գտնվող մյուս ոստիկանի հետ:

Հասանք մեր բնակավայրի ոստիկանություն: Մեզ տարան շենքի երրորդ հարկ եւ սկսեցին սենյակ փնտրել: Ինչ-որ մեկն իր սենյակն առաջարկեց ու ինքը դուրս եկավ: Ես եւ երկու կանայք տեղավորվեցինք սենյակում: Քիչ անց մեզ միացան եւս երկու կանայք, որոնք անվերջ շնորհակալություն էին հայտնում ոստիկաններին կանանց միամսյակի կապակցությամբ այսպիսի նվեր մատուցելու համար: Ոմանք էլ ասում էին, թե` լավ ա, էլի բերեցին տուն հասցրին:

Մեր սենյակում հեռուստացույց էր միացված: Ինչ-որ ֆիլմ էր «Հ 2»-ով: Բոլորս ակամայից սկսեցինք կլանված ֆիլմ դիտել: Սենյակի դուռը բաց էր: Մի երիտասարդ հեռուստացույցը ձեռքին անցավ սենյակի դիմացով: Կողքի սենյակից արձագանքներ լսվեցին.
- Յա~, էս լյուքս համար եք տվել մեզ:

Աշխատող անձնակազմը հիմնականում անհաղորդ էր մեր ռեպլիկներին:
Անցավ եւս 1 ժամ, սենյակ մտավ ջղային դեմքով մի երիտասարդ եւ, առանց ողջունելու, նստեց ու սկսեց անուն-ազգանուն հարցնել: Խոսում էր բացառապես «դու»-ով, առանց մարդկանց աչքերին նայելու: Երբ հերթը հասավ մեզ հետ սենյակում մնացած տիկնոջը, ես կողքինիս հարցրի.
- Էս «դու»-ով խոսելն էստեղ նորմ ա դարձել:
- Դե երեւի կրթության խնդիր ա,- ասաց տղան:
- Չէ, կարծում եմ ավելի շատ դաստիարակության,- ասացի ես:

Ջղային դեմքով տղան շարունակում էր անհաղորդ մնալ ու «դու»-ով դիմել տիկնոջը:
Երբ արդեն մոտ մեկուկես ժամ անցել էր (ի դեպ, մեր հարցին, թե ինչու՞ ենք այստեղ, հնչում էր բացառապես մեկ պատասխան` սպասեք, որ բերել ենք` կասենք), սենյակ մտավ մի այլ երիտասարդ եւ կարդաց իմ անունը: Ինձ գաղտնազերծելուց հետո կանչեց ջղային դեմքով տղային ու հրահանգեց ուղեկցել պետի մոտ:

- Էտ սվիտրդ դզի,- ասաց տղան:
- Ի՞նչը,- հարցրի ես:
- Լվացք անելու չես գնում, ի՞նչ ես թեւերդ քշտել:
- Մենք լվացքի մեքենա ունենք,- ասացի:
- Լա՞վ ա աշխատում,- հարցրեց ջղային դեմքով տղան:
- Անխափան,- ասացի ես, երբ արդեն հասել էինք պետի ընդունարան:
- Սպասի',- ասաց տղան ու ներս մտավ:

Մեկ րոպե անց ինձ նույնպես ներս կանչեցին: Պետը միջին տարիքի տղամարդ էր, նստած էր ոստիկանության ամենաբարեկարգ սենյակում: Ծխում էր ու հեռախոսով խոսում:

- Նստի,- ասաց պետը:
- Ես կարո՞ղ եմ գնալ,- ընկճված հարցրեց ջղային դեմքով տղան: Պետը ձեռքով նշան արեց, եւ տղան դուրս եկավ:

Պետն ավարտեց հեռախոսազրույցը: Եվս մեկ անգամ ճշտեց բնակությանս վայրն ու հեռախոսահամարս, ու անցանք զրույցի.
- Հաաա~, էրեվում ա կարգին կիրթ տղա ես,- ասաց:
- Ի՞նչ իմացաք,- հարցրեցի:
- Դե էրեւում ա, որ հանցագործ չես:
-Հաաա~, իսկ ինչի՞ց,- հարցրի:
- Դե լավ, ասա տենամ քեզ որտեղի՞ց են բերել:
- Կենտրոնի ոստիկանությունից:
- Չէ, բա մինչեւ էդ:
- Հյուսիսային պողոտայից:
- Ի՞նչ էիր անում Հյուսիսային պողոտայում:
- Գիրք էի կարդում:
- Էտ ուրիշ տեղ չկա՞ գիրք կարդալու:
- Ես էդտեղ եմ սիրում գիրք կարդալ:
- Լավ պատասխան էր: Ախր սենց լավ խելոք տղերք եք, բա ափսոս չե՞ք:
- Ի՞նչ նկատի ունեք,- հարցրի:
- Ախր ձեզ օգտագործում են:
- Ո՞վ,- հարցրի:
- Դե լավ, հիմա ժամանակ չունեմ, բայց վաղը արի, ասենք տենց ժամը 3-ից հետո, նստենք ժամերով խոսանք:
- Ինչի՞ մասին,- հարցրի:
- Արի, ես քեզ կհամոզեմ:
- Ինչու՞մ,- հարցրի:
- Դե լավ, հետո կխոսենք:

Կանչեց ջղային դեմքով տղային ու հանձնարարեց ինձ բաց թողնել: Դուրս եկա ոստիկանությունից: Բակում հավաքված ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ ողջագուրվելուց հետո պատմեցի մեր «սխրանքները», ու բոլորս սկսեցինք սպասել մյուսներին: Կես ժամը մեկ ազատ էին արձակում զբոսանք կատարած «կալանավորներին», ու նրանք էլ իրենց հետ նոր պատմություններ էին բերում իրենց համոզող ոստիկաններից: Զբոսանքի մեր վերջին ընկերը դուրս եկավ գիշերվա ժամը 2-ին մոտ ու ազդարարեց «ակցիայի ավարտը»: Գնացինք տուն: «Հետաքրքիր օր էր»,- մտածեցի ես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter