
Պետության կողմից մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի անտարբերության հերթական օրինակը
Հայաստանում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ բնական աղետ. սողանքի հետևանքով մինչ օրս անհետ կորած է 5 մարդ, որոնց դեռևս սպասում են իրենց ընտանիքներում:
Շաբաթ օրը այցելեցի Սոսումատյան եղբայրների տուն, որտեղ նրանց 10 երեխաները, կանայք ու բոլոր հարազատները անորոշության ու շվարումի մեջ, չգիտեն իրենց անելիքն ու ասելիքը: Աննկարագրելի վիճակ էր, չգտա մխիթարանքի ու սփոփանքի խոսքեր:
Փոխարենը խոր ամոթ զգացի Կառավարության, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատկան մարմինների՝ որպես պետության ներկայացուցիչների մարդկային տարրական վերաբերմունքի բացակայության պատճառով:
Մի՞թե Նախագահի կամ Վարչապետի հանձնարարականն էր անհրաժեշտ (չնայած պետք է լիներ), որ պատկան մարմինները սեփական նախաձեռնությամբ այցելեին դժբախտության մեջ հայտնված ընտանիքներին, կամ մեծ ծա՞խս էր պահանջվում նրանցից՝ այցելելու, պետության ուշադրությանն արժանացնելու ու առնվազն հոգեբանական օգնություն կազմակերպելու համար:
Սա պետության կողմից մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի անտարբերության հերթական օրինակն է:
«Ժառանգությունը» կառավարությունից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ սողանքի հետևանքով բոլոր անհայտ կորած անձանց ընտանիքներին անհրաժեշտ ու արժանապատիվ օգնություն կազմակերպելու նպատակով:
Անահիտ Բախշյան
Մեկնաբանել