HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսվարողները կարագի անվան տակ իրացրել են բուսասերուցքային սփրեդ. հարուցվել է վարույթ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գնի միջև կա խիստ էական տարբերություն: Խոշոր սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը վաճառվում է 920-ից 3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է եղել, որ ՏՄՊՊՀ-ն լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում:

Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների ողջ փաստաթղթաշրջանառությունը և հայտնաբերել մի շարք խախտումներ: Ապա վաճառքի 10-ից ավելի վայրերից կատարել է կարագի հսկիչ գնում: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում էլ լրացուցիչ կերպով հաստատվել են փաստաթղթերում առկա խախտումները:

Այսպիսով, որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն առևտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ:

Բացահայտվել են նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ:

Որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում հայտարարել են, որ ակցիայի շրջանակում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց իրականում վաճառել են բուսասերուցքային սփրեդ՝ կարագի համար խիստ ցածր, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով: Բուսական ծագում ունեցող սփրեդի 1 կիլոգրամը կարագից էժան է ավելի քան 1000 դրամով:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնում է, որ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ՝ հարուցվում է վարչական վարույթ՝ օրինախախտ ներկրողների և իրացնող տնտեսվարողների հանդեպ:

Հ. Գ. «Հետքը» ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվեց, թե ինչու չեն հրապարակվել խախտում արված տնտեսվարողների անունները: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեկնաբանեց, որ որոշ ապրանքատեսակներ տրվել են կրկնակի փորձաքննության, հնարավոր է պարզվի, որ որոշ ապրանքատեսակներ մաքուր են, և իրենք չեն ուզում արատավորել այդ ընկերությունների բարի համբավը: Գայանե Սահակյանը վստահեցրեց, որ բոլորի անունները հրապարակվելու են վարույթն ավարտվելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter