HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվտանգության հարցերը Հայաստանի բնակչության տեսանկյունից

Ի՞նչն է ամենից շատ մտահոգում այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող մարդկանց, ի՞նչ են նրանք, իրականում, հասկանում «անվտանգության խնդիրներ» ասելով:

Երկրի ո՞ր ուժերին են նրանք համարում իրենց անվտանգության իրական երաշխավորները, եւ հակառակը` ովքե՞ր, ո՞ր ուժերն ու երկրներն են սպառնում իրենց, Հայաստանի անվտանգությանն ու կայունությանը, ու՞մ նկատի ունեն նրանք «մեր թշնամին» ասելով, արդյո՞ք մարդիկ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը համարում են սպառնալիք իրենց համար, ո՞ր երկրներում է, նրանց կարծիքով, Հայաստանի համեմատ ավելի անվտանգ, եւ հակառակը` ավելի վտանգավոր ապրելը, ի՞նչ սպասելիքներ ունեն մարդիկ ապագայում իրենց անվտանգության տեսանկյունից եւ, վերջապես, վստահու՞մ են, արդյոք, հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդած տեղեկատվությանը: 

Այս հարցերի շուրջ են եղել երկրի տարբեր բնակավայրերում ապրող մարդկանց հետ մեր զրույցները: Նրանց ընտրել ենք պատահական ընտրանքի սկզբունքով` նպատակ ունենալով ծանոթանալ տարբեր տարիք, մասնագիտություն, սոցիալական դիրք, կենսափորձ ունեցող մարդկանց` իրենց կյանքում եւ երկրի համար նշանակալի իրադարձությունների մասին կարծիքներին ու գնահատականներին: Նրանց, ում քաղաքական գործիչները, կախված իրավիճակից, անվանում են «ժողովուրդ», «հասարակություն», «ազգ», «ընտրազանգված», սոցիոլոգները, հոգեբանները, հասարակագետներն ու այլ մասնագետները` «հետազոտական նյութ», լրագրողները` «պատմության հերոսներ»:

Կարծում ենք, որ ստորեւ բերվող առաջին երեք եւ «Հետքի» առաջիկա համարներում տպագրվելիք մնացած բոլոր նյութերն առարկայական եւ հիմնավոր եզրահանգումներ անելու հնարավորություն կտան, ինչի պակասը սուր զգացվում էր վերջերս տեղի ունեցած իրադարձությունների փոխբացառող մեկնաբանությունների տեղատարափից:
Այսօր իրենց մտահոգությունների մասին պատմում են Մարտունի եւ Վարդենիս քաղաքների բնակիչները:
«Ռեգիոն» կենտրոն

«Օրը բացվում է, մի բան թանկանում է»

Մարտունին Գեղարքունիքի մարզի մյուս քաղաքներից տարբերվում է նրանով, որ քաղաքի բնակչության մեծամասնությունը մեկնում է արտագնա աշխատանքի: 60-ամյա Մանջոյան Բաբկենի որդու ընտանիքն աշխատում է Մոսկվայում: Բաբկենը տեղական էլեկտրացանցի վարորդն է, ապրում է կնոջ եւ միջնեկ որդու ընտանիքի հետ: Նրանց փոքր որդին զոհվել է 1995 թվականին ադրբեջանցիների արձակած փամփուշտից: Ընտանիքի եկամուտը կնոջ հաշմանդամության թոշակն է` 21 հազար դրամ, եւ նրա աշխատավարձը` 44 հազար: Ընտանիքի մյուս անդամներն աշխատանք չունեն:

«Ավագ որդիս հիմա ընտանիքի հետ Մոսկվայում վարձով է ապրում, տաքսու վարորդ է աշխատում: Մտածմունքս այն է, որ ուզում է վերադառնալ, բայց այստեղ ապրելու տեղ չունի: Ես ու կինս մյուս որդուս ընտանիքի հետ ենք ապրում: Բնակարան գնելը մեզ համար շատ մեծ ծախս է: Որ ուզեմ էլ, չեմ կարող դրա մասին մտածել. տան ապրուստի հոգսերը լրիվ հերիք են: Հետո նեղվում եմ, որ աչքերս լավ չեն տեսնում: Հիվանդանոցում 350 հազար դրամ ուզեցին բուժելու համար, ես էլ գումար չունեմ, ուրեմն այսպես կույր-կույր էլ ման եմ գալու:

Ամենավտանգավորն այն է, որ մարդիկ այստեղից գնում են արտագնա աշխատանքի կամ էլ ընդմիշտ հեռանում են: Շրջանն այս ամիսներին լրիվ դատարկվում է: Իմ շրջապատում մի ծանոթ տուն չկա, որի ընտանիքի անդամներից մեկը դրսում չլինի: Մեկնում են, որովհետեւ այստեղ աշխատանք չկա: Արդեն երկու ամիս առաջ մարդիկ սկսել են հեռանալ: Մարդ կա` ընտանիքով է գնացել, մարդ էլ կա տարին մի անգամ է իր տունը տեսնում: Հիմնականում Ռուսաստան են գնում, շինարարություն են անում: Բա վտանգ չի՞, որ գործ չկա: Հետո` Երեւանին ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան թե մարզերին: Մարզերում էլ մարդիկ կան, չէ՞, ինչո՞ւ այստեղ աշխատանք չեն ստեղծում, ներդրումներ չեն անում: Երեւանում աշխատանք կա, մեզ մոտ բոլորը պարապ են:
Ղարաբաղյան շարժման սկզբի տարիներին, երբ մարդիկ սկսեցին կամաց-կամաց հեռանալ, այս խնդիրները սկսեցին իրենց զգացնել տալ: Սկզբում ավելի քիչ էին գնում, հիմա գնացողների թիվը շատացել է:

Հիմա լավ կլիներ իշխանավորներն ընդդիմության հետ նստեն մի սեղանի շուրջ, իրար հետ լեզու գտնեն, որպեսզի բախումներ չլինեն, որ ժողովրդին չքաշեն կոնֆլիկտների մեջ: Նրանց բախումներն առաջին սպառնալիքն են: Հետո մարդիկ աղքատ են ապրում: Ամեն ինչ թանկանում է` բացի մեր կարտոֆիլից ու կաղամբից. գյուղացին իր ապրանքը 20 դրամով է վաճառում, այդպես ոչ վարելն է ձեռնտու, ոչ մշակելը: Մի օր առաջ կարագը 200 դրամով թանկացավ: Ձեթը 800 դրամից դարձավ 1000 դրամ: Հացը չեն թանկացրել, բայց քաշը քչացրել են: Օրը բացվում է, անպայման մի բան թանկանում է:

Ոչ ոք ժողովրդի մասին չի մտածում` ոգչ իշխանությունը, ոգչ էլ ընդդիմությունը: Ես ոչ մեկին չեմ վստահում: Որ իրար հետ լեզու չեն գտնում, մեջտեղները մենք ենք տուժում. երկուսն էլ տեղով սպառնալիք են: Չգիտեմ` որ ուժն է ի զորու ապահովելու Հայաստանի անվտանգությունը:

Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն այնքանով է ազդում, որ հենց հիմա Մարտունու շրջանում միջին հաշվով կա 400 հազար տոննա կարտոֆիլ, որը գյուղացին չի կարողանում իրացնել: Մնալու է` փչանա: Սադախլոյի շուկան որ փակեցին, հիմա մի ճանապարհ չկա, որ կարտոֆիլն Ադրբեջան կամ Թուրքիա տանենք: Հետո` այսօր Հայաստանն օգնում է Ղարաբաղին. զարգացնում է այնտեղի գյուղերը, բնակչություն տանում: Լավ կլիներ դրա փոխարեն մի հատ մտածեին, որ մեր գյուղերն էլ զարգացնելու, մարդաբնակ դարձնելու կարիք կա:

Չեմ կարող ասել, թե Հայաստանի համեմատ ո՞ր երկրներում է ավելի անվտանգ ապրելը. ես ուրիշ երկիր չեմ գնացել, չգիտեմ` ոնց են մարդիկ ապրում: Զարգացած երկրներում լավ են ապրում երեւի, բայց լուրերով ասում են, որ ամեն տեղ պատերազմ է:

Ուրիշ երկրներում չգիտեմ կյանքը որքանով է ավելի վտանգավոր, բայց Հայաստանում կյանքն ապահով չէ:

«Մեր թշնամին» ինձ համար ադրբեջանցին է, որովհետեւ 20 տարեկան փոքր որդուս բանակում ադրբեջանցին է խփել. 1995 թվականի ապրիլի 12- ին` Ղազախի շրջանում:

Ապագայում անվտանգության եւ վաղվա օրվա երաշխիքի առումով, Աստված տա, լավ լինի: Եթե ղեկավարներն իրենց խոստացած ծրագրերն իրականացնեն, լավ կլինի: Բայց մինչ օրս ոչ մի կատարած խոստում չեմ տեսել:

ԶԼՄ-ների տրամադրած տեղեկություններն էլ են սուտ: Եթե ստուդիան դուր է գալիս վերեւներին, կթողեն` կաշխատի, թե դուր չեկավ` կփակեն: Պատվերով են աշխատում, ո՞նց հավատամ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter