HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կլանային համակարգը» եւ պետության ապագան Հայաստանում

Մեկ տարի առաջ «Brookings Institution»-ը հրատարակեց այսպես կոչված «Պետությունների թուլության գործակիցը» (Index of State Weakness in the Developing World): Ցուցակը գլխավորում են Սոմալին, Աֆղանստանը, Կոնգոյի ԴՀ-ն, Իրաքը եւ Բուրունդին:

Ամենակայուն երկրներն են Սլովակիան՝ 141-րդ տեղում, Հունգարիան, Չիլին: Հայաստանը 105-րդ տեղում է, Թուրքիան՝ 98-րդ, Վրաստանը՝ 90-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Թուրքմենիան՝ 35-րդ: Երկրի ընդհանուր ցուցանիշը կազմվում է 4 այլ ցուցանիշներից՝ տնտեսություն, քաղաքականություն, անվտանգություն եւ սոցիալական ապահովություն: Առավելագույն ցուցանիշը 10-ն Է: Հայաստանի համար ընդհանուր ցուցանիշը 7.34 է, մյուսներինը՝ համապատասխանաբար 7.97, 4.73, 8.23, 8.44: Աչքի է զարնում իշխանության որակը բնութագրող երկրորդ ցուցանիշի խիստ ցածր լինելը. այս ցուցանիշով մենք 67-րդն ենք: Հասկանալի է, որ մարտի 1-ի իրադարձությունները միայն ավելի իջեցրին պետական կայունության ցուցանիշը: 


Զեկույցը կարդալիս աչքի է զարնում ցուցակի առաջին մասում Հասարակածային Աֆրիկայի երկրների առատությունը: Բայց, ասենք, Տոնգան 104-րդ տեղում է, իսկ Բոտսվանան` 102-րդ: Մոտ երկու տասնյակ աֆրիկյան երկրներում իշխանության որակն ավելի բարձր է, քան Հայաստանում, հաճախ՝ շատ ավելի բարձր:

Սոցիոլոգ Չառլզ Թիլլին ցուց է տվել, որ պատմությունը գիտի պետական շինարարության տապալման բազմաթիվ փաստեր, իսկ մեկ այլ ժամանակակից սոցիոլոգ՝ Նիկոլաս վան դե Վալլեն, նշում է, որ արմատական ռեֆորմները անհնար է անցկացնել այնտեղ, ուր իշխում են մարդիկ, որոնք զբաղված են կապիտալի անօրինական կուտակմամբ եւ իշխում են պատրոնաժի բարդ ցանցերի միջոցով: Պատրոնաժը հովանավորչական իշխանություն է վասալների փոքր խմբի համար, որոնք պետք է համապատասխան ծառայություն մատուցեն, իհարկե` իրենց օրինական պարտականություններից դուրս: Ռ. Քոչարյանը, երբ վտանգ կար կասեցնելու «Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը, հայտարարեց, որ պետությունը պետք է կատարի շինարարական կազմակերպությունների առաջ ստանձնած պարտավորությունները` համապատասխան միջոցներ հայթայթելով բյուջեից: Երկրի արդեն նախկին նախագահի համար այդ ծրագիրը նախատեսված է շինարարական կազմակերպությունների համար, այսինքն՝ պատրոնաժ է իրագործում, ի տարբերություն միջազգային կազմակերպությունների, որոնց համար ծրագրի շահառուները Հայաստանի աղքատներն են:

Աֆրիկյան շատ երկրների դժբախտությունները հետազոտողները հակված են դրանք պայմանավորել հենց պատրոնաժային իշխանությամբ: Բայց այդ երկրներին հատուկ թերությունները հատուկ են նաեւ Հայաստանին, ու չնայած մեր երկիրը դեռ չի դարձել «խանություն», բայց Թուրքմենիան, Տաջիկստանը կամ Ուզբեկստանն այդպիսին են, եւ այդպիսին դառնալու վտանգն իրական է: Հիշենք, որ մեր պետության տեղում 800 տարի եղել է Երեւանի խանությունը, եւ ինչ-որ իմաստով մենք այդ խանության իրավահաջորդն ենք:

Համեմատությունը Կոնգոյի ԴՀ-ի հետ ուսանելի է: Կոնգոն 50-60 ական թթ. արագ զարգացող պետություններից էր՝ տարեկան միջինը 14.3 % տնտեսական աճով, ինչը նաեւ բելգիական գաղութային վարչակազմի ջանքերի արդյունք էր: Երկրի մի նշանակալի մասը Մոբուտոյի իշխանության տարիներին ղեկավարվում էր հունական եւ լեւանտական՝ հիմնականում հայկական ընտանիքների կողմից: Կոնգոյի քաղաքական համակարգն այդ տարիներին անվանվեց «բյուրոկրատական ցեզարիզմ»: Մոբուտոն օգտագործում էր պատրոնաժային՝ հովանավորչական ցանցերը` տեղական էլիտաներին վերահսկելու եւ տնտեսական նպատակներին ծառայեցնելու համար: Կոնգոյում գործում էին ոչ ձեւական՝ կոռուպցիոն ցանցեր, կազմակերպված միապետական նախագահի շուրջը, որն օգտագործում էր գաղութային պետության կառուցվածքը, որպեսզի ստեղծի կենտրոնացված պետություն եւ կարողանա վերահսկել սոցիալապես եւ էթնիկապես բարդ եւ հատվածային հասարակությունը:

Գուցե «բյուրոկրատական ցեզարիզմն» ավելի հարմար է Իլհամ Ալիեւի իշխանությանը, բայց վաղուց Հայաստանը «ժողովրդավարության կղզյակ» չէ, եւ նրա քաղաքական համակարգն այժմ Ադրբեջանի հետ համադրելի է դարձել:

1973 թ. Մոբուտոն վռնդեց լեւանտական ձեռնարկատերերին` յուրացնելով նրանց ակտիվները, չնայած որ լեւանտական կապիտալի դերն ալմաստի միջազգային շուկայում դեռեւս նկատելի է, ինչը մենք որոշ չափով զգում ենք նաեւ Հայաստանում: Երկրում քաոսը շարունակ աճում էր, եւ այժմ Կոնգոն միայն պայմանականորեն կարելի է համարել պետություն:

Աֆրիկագետ Ուիլյամ Ռենոն գրում է. «Եթե այդ լեւանտական ընտանիքներին, որոնք ոչ միայն մասնակից էին ստվերային շրջանառությանը, այլ նաեւ իրենց ազգակցականների միջոցով կապված էին գլոբալ առեւտրային ուղիների հետ, թույլատրվեր շարունակել իրենց գործունեությունը, նրանք, հավանաբար, նույն դերը կկատարեին, ինչ էթնիկական չինացիները Սուխարտոյի բռնապետության տարիներին: 80-90-ականներին նրանք կդառնային հարմար այլընտրանք առեւտրի վերահսկման համար, երբ նեոլիբերալ մոդան կոշտ պահանջներ էր ներկայացում պետական հաստատություններին: Այդ ցանցերը կպահպանեին «մասնավոր» ձեռնարկության ձեւական կարգավիճակը, որոնց չէին դիպչի դրսից պարտադրված ռեֆորմները: Նրանց կախվածությունը երկրի ղեկավարից, հնարավոր է, որ թույլ կտար սեփական շահերի համար օգտագործել «մասնավոր շուկան», որը ստեղծվում է պետական եւ գործարար ցանցերի երկակի հսկողությամբ: Հնարավոր է` աֆրիկական ազգայնամոլության ուժերը հաղթեցին ողջամտությանը: Բայց, ավելի շուտ, նրանց ակտիվները չափից ավելի գայթակղիչ էին դիկտատորի համար, որը չուներ բավարար իշխանություն իր զինակիցների վրա եւ կարիք ուներ միջոցների` այդ կարճատեւ ճգնաժամը հաղթահարելու համար» (Уильям Рено: Патронаж, который строит государство, и патронаж, который его разрушает: как провести различие):

Կոնգոյի կլանային տնտեսության առանցքը լեւանտական, հիմնականում՝ հայկական, ընտանեկան գործարարությունն էր, այսինքն` նրանք պետք է համարյա նույն բիզնես կուլտուրան ունենային, ինչ հայրենական գործարարները: Մյուս կարեւոր զուգահեռն այն է, որ Ռ. Քոչարյանը եւս կարիք ունեցավ մեծ ֆինանսական ակտիվների, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը: Հայաստանի հասարակությունն այդքան ֆրագմենտացված չէ, որքան Կոնգոյինը, բայց նեգատիվ միտումները զարգանում են, ինչը տագնապ է հարուցում: Պատրոնաժը դարձավ Կոնգոյի աննախադեպ բարգավաճման պատճառը, բայց նույն այդ պատրոնաժը դարձավ այդ երկիրը կործանող ուժը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճի երկնիշ թվերը պայմանավորված են եղել պատրոնաժային կառավարման համակարգով, բայց դա կարող է լինել նաեւ խորը քաղաքական ճգնաժամի պատճառ, առավել եւս, որ մեզ մոտ էլ վտանգ կա, որ ազգայնամոլությունը կարող է հաղթել ողջամտությանը:

Ավելի ուշադիր նայենք Հայաստանի քաղաքական համակարգին: Մ. Վեբերի սոցիոլոգիայում կա այսպիսի տերմին՝ պատրիոմոնիալային տիրապետություն, որը նրա մոտ նահապետականի տարատեսակն է: Բառը ծագում է լատինական «patrimonium» բառից, որը Հին Հռոմում նշանակում էր կայսեր մասնավոր գանձարանը, որի միջոցները նա կարող է օգտագործել առանց Սենատին հաշվետու լինելու: Այդ «patrimonium» գանձարանը դարձավ կոռումպացված ցանցերի վրա հենված անձնական իշխանության խորհրդանիշը: Այդպիսի «մասնավոր գանձարանի» գոյությունը Հայաստանում ենթադրելի է, համենայն դեպս՝ այդպիսի առասպելներ կան:

Եթե նահապետական տիրապետությունը հիմնվում է ավանդույթի վրա, ապա պատրիոմոնիալիստականը, ի տարբերություն նահապետականի, ազատ է ավանդույթի իշխանությունից, եւ իշխանության ղեկավարը կարող է հիմնվել կառավարման ապարատի եւ ուժային կառույցների վրա` ամրապնդելու համար իր անձնականացված իշխանությունը:

Մ. Վեբերի կարծիքով` կա երկու կապիտալիզմ՝ արկածախնդրական-սպեկուլյատիվ, հին, ինչքան Աշխարհը, եւ ժամանակակից՝ ռացիոնալ կազմակերպման վրա հիմնված կապիտալիզմ: Ըստ նրա` առաջինը համատեղելի է պատրիոմոնիալիզմի հետ, իսկ երկրորդը՝ ոչ:

Այս ուղղության հետազոտողները Հայաստանում գտնում են մի կողմից ՝ արկածախնդրական-սպեկուլյատիվ կապիտալիզմ, մյուս կողմից՝ «անձնական կառավարման» պատրիոմոնիալիզմ: Վերջինը չի պահանջում հավատ պետական առաջնորդի անձնական հատկությունների, տաղանդների եւ որակների նկատմամբ, այլ հիմնված է առավելապես նյութական ազդակների եւ խրախուսանքների համակարգի վրա: Այդ տեսությունն ընդունակ է բացատրելու, թե ինչու այնպիսի անհամակրելի անհատականություններ, ինչպիսիք Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն են, կարող են զբաղեցնել նախագահական կամ այլ բարձր քաղաքական պաշտոններ:

Պատրիոմոնիալ բյուրոկրատիան հանդիսանում է կառավարման գործիք թերզարգացած տնտեսություններում, այսինքն՝ սահմանափակ առեւտրաշրջանառություն ունեցող ագրարային երկրներում, ուր գերակայում է գոյատեւման առաջին միջոցների արտադրությունը: Ըստ Գ. Բիենենի` «Նույնիսկ այն աղքատ երկրներում, ուր առկա արդյունաբերությունը կարող է ազգայնացվել, ՀՆԱ-ի ամենամեծ բաժինը՝ մինչեւ մեկ քառորդ, ստեղծվում է գոյության հիմնական միջոցներ արտադրող գյուղատնտեսական սեկտորում: Թույլ վարչարարական համակարգը դժվարություններ է զգում գյուղական եկամուտները հարկելու եւ հսկելու խնդրում: Հետեւաբար, այդ վարչական կառուցվածքները դժվարություն են զգում սեփական համակարգն ամրապնդելու համար սեփականել (ապրոպրիացիա) ազգային ռեսուրսները, որը կարող է ծառայել կառավարման համակարգի հետագա բարելավման համար»: Հայաստանում «գյուղական եկամուտների» դերը կատարում է բուն ագրարային սեկտորի հետ նաեւ մինչկապիտալիստական-չարչիական առեւտուրը:

Եթե տնտեսության մեջ մեծ է ստվերային համակարգը, հարկային մուծումներն անկայուն են եւ չեն կարող դառնալ բյուրոկրատիայի մշտական, անընդմեջ եկամտի աղբյուր: Այսպիսով, ՀՆԱ-ի մեջ հարկերի բաժինը կարող է չափանիշ լինել պատրիոմոնիալության համար: Հայաստանյան 14 տոկոսն ինքնին խոսուն է մեկ շնչին ընկնող 2000 դոլար եկամտի դեպքում: Համաշխարհային բանկի մասնագետները նորմալ են համարում 22-25 տոկոս ցուցանիշը, այլապես «ստվերի» բաժինը համարվում է անթույլատրելի մեծ:

Պատրիոմոնիալ բյուրոկրատիան սկզբունքորեն կոռումպացված է: Դա իջեցնում է վարչարարության որակը, որն էլ իր հերթին ավելի է մեծացնում կոռուպցիան: Պետությունը, որն ընկել է պատրիոմոնիալիզմի «արատավոր շրջանը», հազիվ թե կարողանա հեշտությամբ հաղթահարել այն: Վերջին իրադարձությունները մեր երկրում դա են վկայում:

Պատրիոմոնիալիզմը հիմնվում է հաճախորդի համակարգի վրա. մարզպետը պաշտոն է ստանում, որովհետեւ ոչ ձեւական համապատասխան ծառայություն է մատուցել իր պատրոնին, դարձել է նրա հաճախորդը:

Հիշեցնեմ «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական գովազդարշավը: Այն մոտավորապես հնչում էր այսպես. «Ես ուզում եմ աշխատել, ես քվեարկում եմ «Բարգավաճ Հայաստանի» համար», «Ես ուզում եմ սովորել, ես քվեարկում եմ «Բարգավաճ Հայաստանի» համար» եւ այլն: Գ. Ծառուկյանի համար ընտրողները հաճախորդներ են, ինքը՝ պատրոնը:

Եթե արեւմտյան ժողովրդավարությունների հիմքը լեգալ-ռացիոնալիստական բյուրոկրատիան է, ապա քոչարյանական ռեժիմինը՝ հաճախորդի (կլիենտիստիցիստական) բյուրոկրատիան է: Հայկական բյուրոկրատները, փաստորեն, «վասալներ» են, բայց այդ պատրիոմոնիալ վասալությունը տարբերվում է ավատատիրականից նրանով, որ վերջինս ոչ միայն քաղաքական հարաբերությունների հետեւանք է, այլ նաեւ պատճառ: Որքան Ռ. Քոչարյանն է «ստեղծել» Հովիկ Աբրահամյանին, այնքան էլ Հ. Աբրահամյանը` Ռ. Քոչարյանին: Հետեւաբար, նրանք պակաս հուսալի են, եւ այստեղից` պատրիոմոնիալ համակարգերին հատուկ քաղաքական «առնետավազքը»: Նրա, իշխող վերնախավի ուժը «պատրիոմոնիալ վասալների» համակարգի մեջ է, բայց նաեւ դա նրա խոցելի տեղն է:

Պատրիոմոնիալ հասարակություններում չկա կոմպետենտության ոլորտների հստակ բաժանում, պաշտոնը բնութագրվում է առաջադրանքների եւ լիազորությունների փոփոխական հավաքածուով: Ասենք` բնապահպանության նախարարը կարող է ստանալ առաջադրանք` զբաղվել նախընտրական գործունեությամբ, եւ այդ առաջադրանքի կատարումը շատ ավելի կարեւոր է, քան իր բուն՝ ձեւական պարտականությունները: Ըստ երեւույթին, մեր տիպի հասարակությունում պետական լիազորությունները հանդիսանում են մասնավոր սեփականություն, այստեղից էլ պաշտոնը վաճառելու կամ պատրոնի համար ծառայության դիմաց այն ստանալու պրակտիկան:

Պատրիոմոնիալիզմը ենթադրում է, որ «կլանի» անդամներն օգտվում են տարաբնույթ լրացուցիչ առանձնաշնորհներից եւ արտոնություններից՝ հարկայինից մինչեւ այլեւայլ «ընտրախավային» բարիքները` դրանով իսկ խախտելով ռացիոնալ-բյուրոկրատական համակարգին հատուկ կադրային ընտրության ունիվերսալ՝ համընդհանուր բնույթը:

Պատրոն-հաճախորդ բուրգը կարելի այսպես պատկերացնել: Բարձրագույն ղեկավարն ունի մի քանի տասնյակ հաճախորդ, այդ հաճախորդները եւս ունեն մի քանի տասնյակ հաճախորդներ: Օրինակ` մարզպետի հաճախորդներն են գյուղապետերը եւ այլն: Գյուղապետերն իրենց հերթին ունեն իրենց հաճախորդները տեղերում, սովորաբար` իրենց ազգականներից: Ստացվում է մի քանի տասնյակ հազար մարդ, որոնք էլ կազմում են մեր երկրի իրական քաղաքական զանգվածը, նրանք պետության իրական քաղաքացիներ են. մյուսները «խաղից դուրս» են, իրապես քաղաքացիությունից զուրկ մարդիկ: Հավանաբար, հենց այդ պատճառով նրանց մեծամասնությունը պատրաստ է հրաժարվելու ձեւական քաղաքացիությունից, որպեսզի ստանա իրական քաղաքացիություն: Քաղաքական ցածր ներգրավվածությունը մեծացնում է հասարակական էգոիզմը, թուլացնում պետության ուժը:

«Անձնական կառավարման» համակարգը հետազոտողները բնութագրում են տարբեր կերպ՝ «կլիկաներ», երբ ներգրավված են նաեւ ուժային կառույցները, «կլանային համակարգ», երբ նրանք ավելի տնտեսական են եւ այլն: Մարտի 1-ի դեպքերը կարելի է գնահատել որպես համակարգային «վերափոխման» փորձ. վարչակարգի կայունությունն ամրապնդելու համար տնտեսական «կլանային համակարգը» փորձ արվեց փոխարինելու ավելի ուժային «կլիկաներով»:

Ռոբին Թեոբալդը գրում է. «Փաստորեն, նոր պետությունների մի մասն իսկական իմաստով պետություն չէ: Ավելի շուտ այդ կազմավորումները հանդիսանում են «անձնական գործիքներ» այն մարդկանց ձեռքում, որոնք այնքան ուժ ունեն, որ իշխեն» (Робин Теобальд: Патримониализм): Քոչարյանական իշխանության տարիներն ավելի դիպուկ չի կարելի բնութագրել: Բայց ներկա ճգնաժամը վկայում է, որ այդ կերպ իշխելը դժվարացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter