HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշենում

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ' տեղում ծանոթանալու նրանց գործունեությանը: Այս համատեքստում էր քաղաքապետի Դավթաշեն վարչական շրջան կատարած այսօրվա առաջին աշխատանքային շրջայցը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը նախ շրջեց Դավթաշենի տարածքով, ծանոթացավ հանգստի գոտիներում, այգիներում և պուրակներում իրականացվող գարնանային աշխատանքներին, զրուցեց վարչական շրջանի բնակիչների հետ, լսեց առաջադրվող խնդիրները:

Քաղաքապետը նրանց առաջարկեց լինել ավելի ակտիվ և մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին:

Դավթաշենի առաջին թաղամասում էլ Կարեն Կարապետյանը ծանոթացավ համատիրությունների աշխատանքին: Տարածքում ներկա համատիրությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում քաղաքապետը' ներկայացնելով քաղաքապետարանի որդեգրած եռաստիճան կառավարման մոդելը, հորդորեց առավել ակտիվ ու նախաձեռնող լինել, արդյունավետ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին ու առարկայական լուծումներ գտնել: Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ քաղաքապետարանը աջակցելու է կայացած կամ հաջողված համատիրություններին, ինչը կարող է խթանող ազդակ դառնալ թերացող համատիրությունների համար և վերջնարդյունքում նպաստել համատիրությունների կայացմանը:

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ներկայացրել այն ծրագրերն ու անելիքները, համաձայն որի առավել համակարգված կդառնա քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքը. «Մենք որոշել ենք շրջայցեր կատարել վարչական շրջաններով, ծանոթանալ աշխատակազմերի հետ, լսել բարձրացված խնդիրները և կիսվել ծրագրերով, որոնք նախատեսում ենք իրականացնել մայրաքաղաքում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ. «Մենք պետք է կանգնած լինենք քաղաքացու կողքին, ինչպես իրավական, այնպես էլ կենցաղային խնդիրների լուծման առումով»,-շեշտել է քաղաքապետը: Անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարներին պատվիրակված լիազորություններին և գործառույթներին' Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանով իսկ բարձրանում է պատասխանատվությունը և զուգահեռ ավելի արդյունավետ աշխատանքի պահանջ է դրվում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter