HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռացել են, հեռանում են, բայց տները չեն վաճառում

Արարատի մարզի Վերին Դվին գյուղը հայտնի է նաեւ Ասորի Դվին անունով: Գյուղի բնակչության 80%-ն ասորիներ են: Ժամանակին սա հանրապետությունում ասորի բնակչությամբ երկրորդ խոշոր օջախն էր Արզնիից հետո:

Այսօր արդեն առաջինն է, քանի որ Արզնու ասորիների զգալի մասը հեռացել է հանրապետությունից: «Իհարկե, թվաքանակի առումով առաջինը եղել եւ շարունակում է մնալ Երեւանը, սակայն վերջինս, լինելով մեծ քաղաք, բացառում է հավաքականությունը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մինչդեռ գյուղական բնակավայրերում հավաքականության առումով իրավիճակը բոլորովին այլ է»,- ասում է Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան: 


Նրա ներկայացմամբ` բացի վերոնշյալներից հանրապետությունում ասորական եւս երկու համայնք կա, որոնցից մեկը` Դիմիտրովը, նույնպես Արտաշատի ենթաշրջանում է: Դվինում շուրջ 2200 ասորիներ են ապրում: Դրկից հայերի հետ համերաշխ են, գրեթե նույն կենցաղով, նիստ ու կացով են ապրում: Խառնամուսնության դեպքերը շատ են: Գյուղն ապրում է իր առօրյա կյանքով ու գրեթե ոչնչով չի տարբերվում մարզի ու հանրապետության մյուս գյուղերից: Չնայած, համայնքապետի` Լյուդմիլա Պետրովայի ներկայացմամբ, Վերին Դվինն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ մի շարք առավելություններ ունի հարեւանների նկատմամբ, այդուհանդերձ, գյուղի 700 ընտանիքներից 150-ը լքել է հանրապետությունը: Բայց, ինչպես ներկայացնում է Լյուդմիլա Պետրովան, մեծամասնությունը մինչ օրս գրանցումից դուրս չի եկել:

Համայնքապետի ասելով` վերջին տարում մի քանի ասորի ընտանիք վերադարձել է. «Նրանց վերադարձը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանում գրանցման լուրջ խնդիրներով: Մինչեւ 1995-96 թթ. գյուղից հեռացածները Ռուսաստանում բավականին լավ են «տեղավորվել», սակայն նրանցից ոչ մեկը չի փորձում այստեղի տունը վաճառել: Հիմնականում ձգտում են նաեւ Հայաստանի քաղաքացիությունը չկորցնել»: Լյուդմիլա Պետրովան ասում է, որ նրանց վերջին հանգրվանը դարձյալ գյուղն է: Չնայած դրան` տիկին Պետրովան չի ժխտում նաեւ այն տեսակետը, որ «լավ տեղավորվածների» կյանքում ոչինչ չի փոխի մի քանի հազար դոլարը, որ պետք է ստանան այստեղի տան վաճառքից, դրա համար էլ մարդիկ գերադասում են տները չվաճառել:

Սրա անուղղակի ապացույցն է նաեւ այն փաստը, որ ավելի ուշ, հատկապես 2000 թ.-ից հետո հեռացածների մի մասը հասցրել է այստեղ տները վաճառել: «Հավանաբար չեն կարողանում իրենց կյանքը դասավորել, դրա համար էլ վաճառում են, որ ընթացիկ հարցեր լուծեն, մինչեւ տեսնեն` ինչ կստացվի»,- ասում է նա եւ շարունակում, որ եթե 5-6 տարի առաջ Դվինից մեկնում էին ընտանիքներով, ապա հիմա հիմնականում գնում են միայնակ, ինչպես խորհրդային տարիներին: Այդուհանդերձ, համայնքապետը կարծում է, որ ընդամենը 20 ընտանիք է ապրում դրսից ուղարկված փողերով, իսկ դա նշանակում է, որ համայնքում կյանքն այնքան էլ վատ չէ:

Համայնքապետի ներկայացմամբ` խնդիրներ, իհարկե, կան, բայց եւ կարող էր ավելի վատ լինել: Իշխանություններն ազգային խտրականություն չեն դրսեւորում: Ավելին, հարցեր լինելու դեպքում ավելի շուտ ընդառաջում են իրեն, քան մեկ այլ համայնքապետի: Տիկին Պետրովան չբացառեց նաեւ, որ ընդառաջելն ավելի շուտ իր կին լինելու հանգամանքով է պայմանավորված, քան ազգային գործոնով: «Ելնելով ազգային փոքրամասնությանն ընդառաջելու սկզբունքից ինչ-որ հարցերում այս գյուղին եթե ոչ առավելություն, գոնե նախապատվություն տային, նպատակային ինչ-որ ծրագիր առաջարկեն: Նման բան չկա: Հատկապես, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում հայտնված դպրոցի հարցում կարելի էր սրտացավություն դրսեւորել»,-ասում է Լյուդմիլա Պետրովան: Դպրոցի վերանորոգումը նախատեսվել էր ինչ-որ ծրագրի շրջանակում (համայնքապետն անվանումը չհիշեց), եւ համայնքը պատրաստակամություն է հայտնել տալու անհրաժեշտ ներդրման 10%-ը, հովանավոր են գտել, բայց ամեն ինչ անհասկանալիորեն այնքան է ձգձգվել, որ համայնքապետն այդ թեմայի մասին արդեն անցյալ կատարյալով էր խոսում: Համայնքի մանկապարտեզից մնացել են միայն պատերն ու առաստաղը, անգամ հոսանքի լարերն են ծեփի տակից հանել, տարել: Համայնքը ներդրող է գտել, որն արդեն 10 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ է իրականացրել: Սակայն, մասնագետների հաշվարկներով, մինչեւ 150 մլն դրամ է անհրաժեշտ մանկապարտեզը գործող դարձնելու համար (հաշվարկներում ներառված են բոլոր ծախսերը` գազաֆիկացումից մինչեւ փափուկ կահույքի ձեռք բերումը): Տկն Պետրովայի ասելով` մանկապարտեզի հովանավորը ծրագիր է ներկայացրել կառավարությանը, եւ եթե այն հավանության արժանանա, մինչեւ տարեվերջ մանկապարտեզը կգործի:

700 հա հողատարածք ունեցող այս գյուղում 60-ական թվականների արտադրության երկու տրակտոր է մնացել, որոնք բարոյապես ու ֆիզիկապես անպիտան են դարձել դեռ անցած դարի 80-90-ական թվականներին: «Հողերի վար ու ցանքը սրանցով պայմանավորելը խելառության պես մի բան կլինի, բայց այլ տարբերակ էլ չունենք»,- ասում է համայնքապետը: Միակ հույսը հարեւան Դվինի մեխանիզացիան է: «Նրանք էլ գալիս են իրենց գյուղի աշխատանքներն ավարտելուց հետո, իսկ Արարատյան դաշտում, բոլորս էլ գիտենք, որ գարունը հաշված օրեր է տեւում»,- ասում է համայնքապետը: Վերջինս փորձել է այս հարցը լուծել` օգտագործելով ազգային փոքրամասնության գործոնը: Դիմել է համապատասխան մարմիններին` խնդրելով գյուղին տրակտոր նվիրել, բայց անարդյունք: «Մինչդեռ մեկ տրակտորի առկայությունը գյուղի համար փրկօղակ կլիներ»,- ասում է Լյուդմիլա Պետրովան:

Մեխանիզացիայից զատ Վերին Դվինի համար կարեւորագույն խնդիր է խմելու ջրի հարցը: «Ներքին ցանցը 50 տարվա վաղեմություն ունի: Երբ մի տեղ փորձում են վերանորոգել, անմիջապես շարունակությունն է շարքից դուրս գալիս: Վթարի դեպքում ահազանգին «Հայջրմուղի» աշխատակիցներն անմիջապես արձագանքում են, բայց այնպիսի վիճակ է, որ ամբողջ ցանցը փոխելու դեպքում միայն հնարավոր կլինի հարցը փակված համարել: Այլապես բոլորովին չի բացառվում համաճարակի բռնկումը, հատկապես ամռան ամիսներին, քանի որ անձրեւաջրերը, կոյուղաջրերը մշտապես լցվում են փտած խողովակները: Այդուհանդերձ, մարդիկ հիմնականում վճարում են ջրի վարձը: Լ. Պետրովայի հավաստմամբ` նախահաշիվը կազմված է, եւ շուտով կսկսեն ջրագիծն անցկացնել:

Ոռոգման ջրի մատակարարման վիճակից չեն դժգոհում: Գյուղի վերեւով անցնում է «Դվինի» ջրանցքը, ներքեւով` «Արտաշատի»: Դժվարություն կա այն առումով, որ շուրջ 15-20 հա ջրանցքի մակարդակից բավականին բարձր է գտնվում եւ դժվար ոռոգվող հողատարածք է: Գյուղի վերին հատվածի վերջնամասում էլ ջրի պակասություն է զգացվում: Դժվարությամբ, բայց ոռոգում են: Ոռոգման ջրի հետ կապված այլ խնդիր ունեն` գյուղի «Ղռեր» կոչվող հատվածը (շուրջ 55 հա), որ գյուղի լավ հողերից է համարվում, չի ոռոգվում:

«Խնդիրները շատ-շատ են, բայց մեր ժողովուրդը շատ լավն է ու բարի: Բացատրում, հասկացնում ենք ու միասին «յոլա ենք գնում»,- ասում է տկն Պետրովան: Գյուղի բնակչության սոցիալական վիճակը համայնքապետը յուրօրինակ ջեւով է բնութագրում. «Սոցիալապես անապահով ասվածը մեր համայնքում հարաբերական իմաստ ունի: Օգոստոսից փետրվար ամիսների միջակայքում մեր գյուղում սոցիալապես անապահովներ չկան: Մարդիկ ապրանք են հանում շուկա եւ լավ թե վատ ինչ-որ չափով ապահովված են: Հիմնական դժվարությունը սկսվում է գարնանը: Ծիրանի հասունանալուն պես (եթե, իհարկե, բերք լինում է) հացի կարոտ մարդ չենք ունենա»:

Այդուհանդերձ, յուրաքանչյուր տարվա բյուջեում շուրջ 3 մլն դրամի չափով գումար է նախատեսվում սոցիալական օգնության համար: Համայնքապետի ներկայացմամբ` դա կատարվում է բավականին հասցեավորված: «Մարդիկ, որոնք այս ամիսներին դիմում են, հնարավոր չի, որ չօգնենք: Հիվանդության դեպքեր են լինում, հացի խնդիր է լինում, նման դեպքերում օգնում ենք: Միաժամանակ մահվան դեպքերում 30 հազար դրամի օգնություն ենք ցուցաբերում: Դա ավագանու որոշումն է, որ բոլոր դեպքերում պարտադիր է»: Հինգ հոգանոց ավագանու կազմում ե՛ւ ասորիներ են, եւ՛ հայեր: Անհրաժեշտ 9 տեղերից 3-ը ի սկզբանե թափուր են մնացել: Ընտրված 6-ից մեկը հետո ինքնաբացարկ է հայտնել: Համայնքապետի ներկայացմամբ` ավագանու բանիմաց եւ ակտիվ անդամներ ունեն:

«Այնքան, որ կարողանում են, իրոք, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ լինել: Կան նաեւ այնպիսիք, որոնք, այդուհանդերձ, իրենց անելիքը լավ չեն պատկերացնում: Երկու ամիսը մեկ պարտադիր նիստեր ենք հրավիրում: Ավագանու նիստերը միշտ էլ դռնբաց են, բայց մարդիկ մի տեսակ անտարբեր են: Հիմնականում իրենց հող ու ջրով են ընկած, ժամանակ չեն ունենում: Երեւի ցանկություն էլ չունեն: Չնայած` հարցեր լինելու դեպքում անմիջապես բարձրաձայնում են»,- ասում է Լ. Պետրովան:

Հարկերի հավաքագրման առումով, տկն Պետրովայի ներկայացմամբ, բնակչությունը տարեցտարի ավելի բարեխիղճ ու պարտաճանաչ է դառնում: 2002-2003 թթ. հավաքագրման ցուցանիշը 5-10%-ից 2007 թ. հասել է ավելի քան 80%-ի: Հողի հարկի կատարողականը 2007 թ. կազմել է մոտ 70%, իսկ գույքահարկինը` 113%` 2004 թ. 11.2%-ի դիմաց: 2004 թ. համայնքին տրվել է 6.4 մլն դրամ դոտացիա, 2007 թ.` շուրջ 11 մլն դրամ:

Տկն Պետրովայի ասելով` հողի հարկի պարտքերը կուտակվել են դեռ 90-ական թվականներից: Խոսքը վերաբերում է հիմնականում հանրապետությունից բացակայողներին, որոնց հողակտորները մշակում են բարեկամները: Վերջիններս էլ, առիթից օգտվելով, խուսափում են վճարել իրենց բարեկամի հողակտորի համար: Պարտքերի ցուցակներ են կազմվել, ժամանակացույց: Համայնքապետարանի աշխատակիցը պարբերաբար այցելում է չվճարողներին: Ըստ նրա` այդ այցերը արդյունք տալիս են:
Գույքահարկի հավաքագրման դեպքում դժվարությունն այն է, որ մեքենաների տերերը մեկնել են Հայաստանից: Դեպքեր էլ ունեն, երբ մեքենան պարզապես չկա, վաճառվել է կամ արդեն գոյություն չունի:

Վերջին 4-5 տարիներին գյուղում երկու անգամ է հողի աճուրդ տեղի ունեցել: Վերջին օտարումը կատարվել է հողի կադաստրային արժեքի 60%-ով (ընդհանրապես ընդունված է աճուրդ-վաճառքի մեկնարկը սահմանել կադաստրային արժեքի 50%-ը): Համայնքապետի մեկնաբանությունն այն է, որ ձգտում են առաջին հերթին բավարարել գյուղի բնակիչների պահանջները: «Օրենքից բացի` կա նաեւ հարցի բարոյական կողմը, իսկ համայնքը, ընդ որում` թե՛ ասորիները, թե՛ հայերը, խիստ դժկամությամբ են ընդունում դրսից «պատահականների» հայտնվելը գյուղում»,- ասում է Լյուդմիլա Պետրովան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter