HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հայաստան-Վրաստան. միջնորդավորված հարեւանություն

Հայ-վրացական միակ պատերազմը, որ տեղի ունեցավ 1918-ի դեկտեմբերին եւ տեւեց 17 օր, հայ-վրացական հարաբերությունների ամենալարված շրջանն էր: 1918-20 թթ. ընդհանրապես լուրջ փորձություն էին հայ-վրացական հարաբերությունների համար:

Հայերն ու վրացիները, իրենց բարեկամության մասին խոսելիս, այնքան էլ չեն սիրում հիշել պատմության այս էջը: Մյուս բոլոր դեպքերում պատմությունը վկայում է, թե ինչպես են երկու ժողովուրդները ուս-ուսի տված պայքարել ընդհանուր թշնամու դեմ ու հաղթել: «Հայ-վրացական դարավոր բարեկամությունը», սակայն, որ այդքան շրջանառվում է երկու կողմերում, իրականում կարծրատիպ է, որի ետեւում խորը ու լուրջ խնդիրներ կան:

Իմ թշնամու բարեկամը կամ իմ բարեկամի թշնամին

Հայ-վրացական հարաբերությունները բնութագրելու համար նախ պետք է փորձենք հասկանալ այն խնդիրները, որոնք առկա են երկու պետությունների հարաբերություններում: Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը, թերեւս, արտաքին քաղաքական` միմյանց հակադիր կողմնորոշումներն են: Եթե Վրաստանը որպես իր արտաքին քաղաքական գերակայություն է ընտրել ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներին, ապա Հայաստանը շարունակում է վարել կոմպլեմենտար քաղաքականություն` ընդգծված ռուսամետ դրսեւորումներով: Երկու երկրներից յուրաքանչյուրն իր համար առաջնային գործընկեր է համարում նրան, ում մյուսը համարում է իր թշնամին: Այսպես` Վրաստանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ` մասնակցելով տարածաշրջանային ծրագրերի, որոնք ուղղված են Հայաստանի մեկուսացման խորացմանը: Հայաստանը համառորեն շարունակում է իր ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, որին Վրաստանը համարում է իր տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը սպառնացող թիվ մեկ պետությունը: Մյուս խնդիրը, ինչպես գիտենք, «տարածքային ամբողջականության» եւ «ազգային ինքնորոշման» շարքից է: Ճիշտ է, Վրաստանը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ուղղակի դիրքորոշում չի արտահայտել: Հայաստանն, իր հերթին, ուղղակիորեն չի խոսում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղը վերջին տարիներին ընդհանրապես չի մասնակցում Աբխազիայի, Հ. Օսիայի եւ Մերձդնեստրի նախաձեռնություններին: Այնուամենայնիվ, Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ աջակցում նրան միջազգային կառույցներում ՎՈՒԱՄ երկրների կողմից առաջ քաշված բոլոր նախաձեռնություններում: Թեեւ նման խնդիրները լուրջ խոչընդոտ կարող են լինել ցանկացած երկու պետությունների հարաբերություններում, այնուամենայնիվ, սրանք «միջնորդավորված» խնդիրներ են, որոնք պայմանավորված են Հայաստանի եւ Վրաստանի` այլ երկրների հետ ունեցած հարաբերություններով: Ուրեմն, որո՞նք են այն խնդիրները, որոնք առնչվում են ուղղակիորեն Հայաստանին եւ Վրաստանին:

Ամենաթույլ օղակը

Այն, որ Ջավախքը հայ-վրացական հարաբերությունների ամենաթույլ օղակն է, հասկանում են թեգ Հայաստանում, թեգ Վրաստանում: Բայց այն ամրացնելու բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում: Սրա համար ամենահեշտ արդարացումը ստեղծված իրավիճակը «երրորդ ուժի» գործոնով պայմանավորելն է: Ընդ որում, «երրորդ ուժի» միջամտության անթույլատրելիության մասին խոսում են եւգ Երեւանում, եւգ Թբիլիսիում: Իսկ ո՞րն է այդ խորհրդավոր ու ամենակարող «երրորդ ուժը»: Հասկանալի է, որ որպես «երրորդ ուժ» կարող է հանդես գալ ցանկացած պետություն, որը շահագրգռված է հայ-վրացական հարաբերությունների վատացմամբ: Նման հավակնություններ ունեցող մի «ուժ» ռուսական ռազմակայանի տեսքով բոլորովին վերջերս լքեց այդ «պայթյունավտանգ» տարածաշրջանը: Արդյո՞ք փոխվեց որեւէ բան դրանից հետո: Ջավախքում առկա խնդիրներն արտաքին գործոններով պայմանավորելն, ըստ էության, Ջավախքի հարցը հավասարեցնում է «միջնորդավորված» խնդիրների շարքին: Տպավորություն է ստեղծվում, որ Ջավախքի խնդիրների լուծումն ընդհանրապես կախված չէ երկու պետությունների (տվյալ դեպքում ճիշտ կլիներ ասել Վրաստանի) քաղաքական կամքից: Վերջին շրջանում Հայաստանում ավելի հաճախ են խոստովանում, որ Ջավախքի խնդիրն ավելի շատ ուռճացված է, քան այն իրականում կա: Բայց որ Ջավախքում կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, ընդունում են նաեւ Վրաստանում: Ճակատագրի հեգնանքով Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ եւ Հայաստանը շրջանցող բոլոր ծրագրերն անցնում են Ջավախքով: Սակայն վրաց կառավարությունը ձեռքից բաց է թողնում Ջավախքի հոգսերը փոքր-ինչ մեղմելու եւ Հայաստանի հետ հարաբերություններում դիվիդենտներ շահելու փայլուն հնարավորությունը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի կառուցման ժամանակ, օրինակ, տեղի բնակչության ներուժն այդպես էլ չօգտագործվեց, փոխարենը շինարարական աշխատանքներին մասնակցեցին Թուրքիայից եւ Ադրբեջանից հրավիրված բանվորներ: Ջավախքի խնդիրն, անշուշտ, վիճելի ու չափազանց խճճված հարց է, որպեսզի այն վերլուծության ենթարկենք մեկ պարբերության շրջանակներում: Բայց մի բան պարտավոր ենք հաշվի առնել. պաշտոնական Երեւանի կողմից խնդրի հանդեպ անհետեւողական քաղաքականությունը նպաստում է Ջավախքում, ինչպես նաեւ Հայաստանում առանձին քաղաքական ուժերի կողմից հարցի վերաբերյալ ավելի ծայրահեղ դիրքորոշումների որդեգրմանը: Նույնը` Վրաստանի դեպքում. տեղի խնդիրների լուծման ձգձգումը` դրանից բխող բոլոր հետեւանքներով, վրաց քաղաքական շրջանակներում ավելի ծայրահեղ հակահայկական տրամադրություններ է սադրում:

Փոխշահավետ հակասություններ

Եթե նույնիսկ Ջավախքում առկա սոցիալ-քաղաքական խնդիրները եւ արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումները կարող են պայմանավորել հայ-վրացական քաղաքական հարաբերությունները, ապա ամենեւին հասկանալի չէ, թե ինչը կարող է խոչընդոտել երկու պետությունների տնտեսական հարաբերություններին: Փոխշահավետ տնտեսական համագործակցությունը պետք է որ կախված չլիներ քաղաքական նկատառումներից: Հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումներում հաճախ է խոսվում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացնելու, միասնական ներդրումային գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն դրանք այդպես էլ մնում են մտադրություններ, իսկ գործնական քայլեր չեն արվում: Հաշվի առնելով, թե ինչ «շահագրգռվածությամբ» են երկու երկրների կառավարությունները հաղթահարում առկա հակասությունները` կարող ենք ասել, որ հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը ձեռնտու է երկու կողմերին էլ:

«Դատեք ինքներդ»

Եթե մի կողմ դնենք միջպետական հարաբերությունները եւ խնդրին մոտենանք ազգային հարաբերությունների տեսանկյունից, այսինքն` թե ինչպիսի վերաբերմունք ունեն երկու երկրների ժողովուրդները միմյանց հանդեպ, պատկերը շատ չի տարբերվի: Հայերն ու վրացիները, որքան էլ տարօրինակ հնչի, երբ խոսքը երկու անմիջական հարեւանների մասին է, իրար առանձնապես լավ չեն ճանաչում: Պատճառն ինֆորմացիայի բացակայությունն է: Այստեղ նույնպես առանց միջնորդների գլուխ չենք հանում: Հայաստանի շարքային քաղաքացին Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանում է հիմնականում ռուսական հեռուստաալիքների միջոցով` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ռուսական «Առաջին ալիքն», օրինակ, բացի լրատվական թողարկումներում ներկայացվող միակողմանի վերլուծութունից, առաջարկում է ինֆորմացիայի մեկ այլ ձեւաչափ` «Դատեք ինքներդ» թոք-շոուն: Այնպիսի տպավորություն է, որ այս թոք-շոուն հատուկ ստեղծվել է «փոքր եղբայրներին» դասեր տալու համար: Այստեղ քննադատության են ենթարկվում բոլոր այն նախկին միութենական հանրապետությունները, որոնք հանդգնել են ինքնուրույն քաղաքականություն վարել: Հաճախ ռուսական քարոզչության թիրախ է դառնում Վրաստանի եւ հատկապես նրա ղեկավարի վարած արտաքին քաղաքականությունը: Թոք-շոուում հնչող փաստարկները հայ հանդիսատեսի համար ավելի քան համոզիչ են. դրան մասնակցում են նաեւ հայ քաղաքագետներ, ովքեր ջանք չեն խնայում իրենց քաղաքացիության երկրի շահերը պաշտպանելու համար: Ինչ վերաբերում է հայկական լրատվամիջոցներին, ապա նրանք էլ օգտվում են ինֆորմացիայի նույն աղբյուրներից, ինչ շարքային քաղաքացին, եւ իրադարձությունները հնարավորինս «չեզոք» ներկայացնելու նրանց փորձերն ամենեւին չեն լրացնում ինֆորմացիոն բացը: Սակայն այն, որ վրացական մամուլը հեղեղված է հակահայկական հռետորությամբ` այս անգամ կարծես առանց միջնորդների օգնության, Հայաստանում լավ գիտեն:

Վրաստանն ու Ռուսաստանը վերջնագրի լեզվով են խոսումգ Հայաստանի հետ

Հայաստանում Վրաստանի դեսպանության դեսպանորդ Գեորգի Սաղանելիձեն հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Վրաստանը Հայաստանին կոչ է անում առավելագույնս կառուցողական լինել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի քվեարկության ժամանակ, որտեղ Վրաստանի նախաձեռնությամբ քվեարկության էր դրված «Վրաց-աբխազական հակամարտության արդյունքում բռնի տեղահանված անձանց կարգավիճակի մասին» բանաձեւի նախագիծը, եւ դեմ չքվեարկել` սատարելով Ռուսաստանին եւ «այդպիսով դառնալով ագրեսորի միակ կողմնակիցը»: Այս հորդորը, բնական է, արդարացի վրդովմունք էր առաջացրել Հայաստանում. չէ՞ որ բոլորովին վերջերս Վրաստանը համերաշխորեն աջակցեց Ադրբեջանին նույն ՄԱԿ-ում ԼՂ-ին առնչվող քվեարկության ժամանակ: Հայաստանում, իհարկե, հասկանում են, որ Թբիլիսին առաջնորդվում է նախեւառաջ իր ազգային շահերով, եւ այդ շահերը չի զոհաբերի հանուն որեւէ պետության: Ուստի, անհասկանալի է` ինչու՞ է վրաց դիվանագետը կարծում, թե նույն կերպ չի վարվելու նաեւ Հայաստանը: Դեսպանորդն, իհարկե, չէր կարող չիմանալ, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը: Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին բանաձեւին դեմ քվեարկած տասը պետությունների շարքում էր: Եթե նույնիսկ Թբիլիսիի համար այդքան կարեւոր լիներ Հայաստանի քվեն, նման համաձայնության հասնելու փորձ կարվեր ոչ հրապարակային ձեւով: Ըստ երեւույթին, վրաց դիվանագետի այս քայլը նպատակ ուներ օգտագործելու հայ հասարակության մեջ վերջին շրջանում ձեւավորված ոչ միանշանակ տրամադրությունները Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունների հանդեպ:

Իր հերթին Ռուսաստանը դեռեւս անցյալ տարի` ռուս-վրացական հերթական ճգնաժամի ժամանակ, իր պաշտոնյաներից մեկի շուրթերով կոչ էր արել Երեւանին վերջապես կողմնորոշվել, թե ում է պաշտպանում` Մոսկվայի՞ն, թե՞ Թբիլիսիին` դրանով, փաստորեն, Հայաստանին նույնիսկ չեզոք մնալու հնարավորություն չթողնելով: Ռուսաստանը եւ Վրաստանն, այսպիսով, փաստի առջեւ են կանգնեցնում Հայաստանին, որը չի ցանկանում ընտրություն կատարել այդ երկուսի միջեւ:

Առանց միջնորդների

Եվ, այնուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե որո՞նք են հայ-վրացական հարաբերություններում առկա այն խնդիրները, որոնք պայմանավորված չեն արտաքին գործոններով` Հայաստանի եւ Վրաստանի` այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններով: Այդպիսի խնդիրներ, ըստ էության, չկան: Սակայն այսպես կոչված «միջնորդավորված» խնդիրների հաղթահարումն ավելի մեծ ջանք ու եռանդ է պահանջում, քան բոլոր այն խնդիրները, որոնք պայմանավորված են զուտ միջպետական գործոններով: Ամեն դեպքում, ցանկացած խնդրի լուծման կարեւոր նախապայման է քաղաքական կամքի առկայությունը: Ի վերջո, ՄԱԿ-ում այս կամ այն բանաձեւին կողմ կամ դեմ քվեարկելը չի կարող նվազեցնել, ասենք, տնտեսական համագործակցության շահավետությունը կամ հայ եւ վրացի զբոսաշրջիկների փոխայցելությունների հետեւանքով սկիզբ առած բարեկամությունը: Իսկ միջնորդներ այս դեպքում կարող են լինել վրացական գինին ու հայկական կոնյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter