Կրթական բարեփոխումներ. ճանապարհ դեպի Եվրոպա՞
Տասներկուամյա կրթական համակարգը, որ կիրառվում է եվրոպական երկրներում, այսօր ներդրվում է նաեւ Հայաստանում: Այս նորամուծության համատեքստում առանձնացվում է նաեւ ավագ դպրոցը` աշակերտներին մասնագիտական կողմնորոշում եւ խորացված գիտելիքներ տալու նպատակով:
Սակայն պարզվում է, որ անհասկանալի պատճառներով ոչ բոլոր աշակերտներին են անհրաժեշտ այդ գիտելիքները. պարտադիր կրթությունը, որ մինչ այժմ համարվում էր 10 տարի, փոփոխվում է` պարտադիր եւ հիմնական են համարվում միայն տարրական եւ միջին դպրոցները` այսինքն` ուսումնառության 9 տարիները:
Կրթական բարեփոխումների շրջանակներում 2006 թ. սեպտեմբերի 1-ից անցում կատարվեց 12-ամյա կրթության, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան դպրոցում` կրտսեր դպրոց, միջին դպրոց եւ ավագ դպրոց: Այսօր մշակվում են ավագ դպրոցի ինստիտուցիոնալ եւ բովանդակային մի շարք բարեփոխումներ:
Ակնհայտ է, որ ներկայումս խիստ անհամապատասխանություն կա դպրոցական ծրագրերի եւ բուհական ընդունելության քննություններով պահանջվող գիտելիքների միջեւ, իսկ այդ անհամապատասխանությունը լրացվում է դպրոցից դուրս անհատական պարապմունքների միջոցով:
Թիվ 78 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Գեւորգյանը որոշել է տնտեսագետ դառնալ եւ դպրոցից դուրս առանձին ուսուցչի մոտ պարապում է մաթեմատիկա. «Զգում եմ, որ դպրոցի գիտելիքները թերի են համալսարան ընդունվելու համար, դասագիրքն էլ ավելի թեթեւ է` համեմատած նրա հետ, ինչ ես եմ հիմա պարապում»,- ասում է Մարիան:
Ավագ դպրոցի հիմնական նպատակն է հեշտացնել դպրոցականների նախնական մասնագիտական կողմնորոշումը եւ նրանց զինել բուհական քննությունների պահանջներին համապատասխան գիտելիքներով:
Կրթության եւ գիտության նախարարության Կրթական ծրագրերի իրականացման վարչության պետ Կարեն Մելքոնյանը բացատրում է, որ ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է, որ այն բնակավայրերում, որտեղ գործում է միակ միջնակարգ դպրոց, շարունակում է գործել նույն կարգով` իրականացնելով ավագ դպրոցի ընդհանուր հոսքի կրթական ծրագիր:
Իսկ այն բնակավայրերը, ուր գործում են մեկից ավելի միջնակարգ դպրոցներ, հիմնադրվում են կրթահամալիրներ կամ ավագ դպրոցներ` որպես առանձին գործող ուսումնական հաստատություններ:
Փոփոխությունների առաջին` փորձնական փուլը սկսվել է 2008 թվականի փետրվարի 1-ից։ Այս փուլում մի քանի մարզերում գործող դպրոցներից ընտրվել են մոտ 30 դպրոցներ, որոնք 2008 թվականից վերակազմավորվել են որպես առանձին գործող ավագ դպրոցներ։
2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, կառավարության որոշմամբ կհաստատվեն առաջին փուլով վերակազմավորվող դպրոցների ցանկը եւ այդ աշխատանքների ժամանակացույցը։
Այս փոփոխությունների արդյունքում տասնամյա հիմնական պարտադիր կրթությունը կրճատվում է` դառնալով իննամյա պարտադիր:
Պարոն Մելքոնյանը նշում է, որ եթե հիմնական պարտադիր կրթությունը, ըստ նոր նախագծի, տասնամյայից անցնում է իննամյա տեւողության, ապա հիմնական դպրոցի նպատակը` երկրի համար գիտակից քաղաքացի դաստիարակելու, կձախողվի. ինը տարիները դրա համար քիչ են: Իսկ հիմնական դպրոցն ավարտող իններորդ դասարանցին տարիքով դեռ փոքր է նման կարեւոր հրամայականի իրականացման համար. չէ՞ որ, ըստ տասներկուամյա կրթակարգի, դպրոց են ընդունվում վեց տարեկանից:
Կրթության նախկին փոխնախարար Աիդա Թոփուզյանի գնահատականով` տասնամյա հիմնական կրթությունը իննամյայով փոխարինելը լուրջ հետընթաց է մեր կրթական ոլորտում: «Դժգոհում ենք սովետական դպրոցից, բայց նրա կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն էր, որ պարտադիր էր համարվում դպրոցական տասնամյա կրթությունը»,- ասում է Ա. Թոփուզյանը:
Եվ իրոք, եթե մենք մեր կրթական համակարգը փորձում ենք հարմարեցնել եվրոպական մոդելին եւ անցում ենք կատարում տասներկուամյա կրթության, անհասկանալի է մնում հիմնական կրթության տարիների կրճատման անհրաժեշտությունն այն դեպքում, եթե Եվրոպայում հիմնական եւ պարտադիր է համարվում տասներկուամյա կրթությունը: Այսպիսով, փոխառելով համակարգի առաջադեմ ինստիտուցիոնալ կողմը` հետընթաց ենք ապրում բովանդակային հարցերում, եւ առանց որեւէ լուրջ հիմնավորման:
Դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար
Արագածոտնի մարզի Լեռնահովիտ գյուղի դպրոցի տնօրեն տիկին Մնացականյանը համոզված է, որ իրենց դպրոցն առաջիններից մեկը կլինի, որ չի ունենա ավագ դպրոց: Նրա խոսքերով` աշակերտները ստիպված են լինելու ոտքով գնալ մինչեւ ամենամոտ Կոշ գյուղը: Չնայած ասում են, թե ավտոբուսներ կլինեն, բայց տնօրենը թերահավատորեն է վերաբերվում այդ հարցին, որովհետեւ «հո բոլորը նույն ժամին չեն սկսում ու ավարտում, ի՞նչ պիտի անեն աշակերտները, սպասե՞ն, ոտքով գնա՞ն»:
Կրթության եւ գիտության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքերով` դա արվում է ռեսուրսների օպտիմալ բաշխման նպատակով. «Ինչու՞ պիտի ամեն գյուղում դպրոց լինի: Հաշվարկներ են արվել, որ եթե միայն հիսուն կետում ստեղծվեն դպրոց-կենտրոններ, կարելի է տասնհինգ րոպեում ավտոբուսով ցանկացած տեղից հասնել այնտեղ»:
«Ձմեռները Դիլիջանի այս ոլորապտույտ ճանապարհները գրեթե միշտ փակ են լինում,- տագնապում է Լեռնահովիտի դպրոցի տնօրենն ու հոգոց հանում,- չէ, մեր երեխեքը կրթություն չեն ստանա, ես չեմ տեսնում այդ հնարավորությունը, վերեւից բաներ են ասում, որ իրենք էլ լավ չեն պատկերացնում: Սա նույն օպտիմալացման ծրագրի շարունակությունն է, դա չկարողացան անել, այս ձեւն են կիրառում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել