Մանկատանը եւ մանկատնից հետո
Գոհար Հարությունյան
Ադելինա. «Ես մանկատանը հայտնվել եմ հինգ տարեկանում: Ինձ ոստիկանությունն է տարել մանկատուն: Ինձ համար այդ ժամանակ դժվար տարիներ էին, բայց մեր տնօրենի բարեհոգությամբ դա չեմ զգացել:
Ուրեմն ասեմ. դժվարությունը նա է, որ ինչքան էլ ուզենանք այստեղ լինենք, ինչքան էլ լավ լինի այստեղ, միեւնույն է, ավելի լավ կլիներ, որ մեր ծնողների մոտ լինեինք: Մանկատանը երազել եմ միշտ, ու մինչեւ հիմա էլ էդպես է, ու բոլորիս մոտ կա, մենք երազում ենք լավ ընտանիք ունենանք, ունենանք լավ երեխաներ, եթե գա այդ ժամանակը, լինենք մեր գործի տերը, մեր հացի փողը ունենանք ու ապրենք խաղաղ»:
Սրբուհի. «Ինձ համար նախ մեծ դժվարություն էր առաջին հերթին մանկատանը լինելու փաստը: Որովհետեւ մեր մեջ մտած է հենց սկզբից, երբ որ ասում են մանկատուն, արդեն իսկ ինչ-որ ծանր բաներ են պատկերացնումգսեւ ու սպիտակ, ոչ մի գույն: Հետո` դժվար էր այն առումով, որ փոխվեց եւ շրջապատդ, եւ դպրոցը փոխվեց, եւ ում հետ, որ ես ապրում էի, միանգամից մեծացավ: Եւ ընդհանրապես, չմնաց հնից ոչ մի բան, ամեն ինչ փոխվեց: Կուզենայի տուն ունենալ, առաջին հերթին: Շատ բան կուզենայի ունենալ, որոնց մասին չարժի ուղղակի խոսել: Բայց առաջին հերթին տուն, որպեսզիգ մայրիկս գա ինձ մոտ: Շատ պրիմիտիվ է հնչում, բայց ինձ համար շատ խորը իմաստ ունի, ու շատ կարեւոր փաստ կլինի, որ մենք միասին ապրենք: Շատ բաներ ունեմ իրենից սովորելու: Ինձ շրջապատը շատ բան է տալիս, դասատուներ, դաստիարակներ, տնօրենը, բոլորն էլ բավականին իմաստուն, բավականին փորձված մարդիկ են, որոնցից շատ բան կարելի է սովորել, նույնիսկ կարող են իդեալ համարվել մեզ համար ինչ-որ տեղ իրենք, բայց մայրիկից, իհարկե, շատ բաներ կա սովորելու»:
Կարինե. «Մի ժամանակ կար, որ ես ուզում էի իմ հայրիկին գտնեի, մայրիկիցս ինչ-որ բաներ էի հարցնում, բայց կոնկրետ ես չիմացա էլի` ինքը որտեղ է: Չգիտեմ` ինչի համար այդպիսի մեծ ցանկություն էր իմ մեջ առաջացել հորս գտնելու: Որովհետեւ չեմ կարողանում պարզել, չեմ կարողանում հասկանալ` ինչն է պատճառը, որ մենք էստեղ ենք: Դրա մեջ վատ բան չկա, ես ինձ բացարձակ վատ չեմ զգում, որ ես մանկատանն եմ մեծացել: Ուղղակի ուզում էի իմանալ խնդիրները, պատճառները, բայց հետո գտա, որ անիմաստ է, չարժի: Հայրիկս հեռացել է, կուզեի ես իրեն գտնել, բայց հաստատ չեմ գտնի նրանգ երեւի թեգ չգիտեմ: Սովորում եմ մանկավարժական համալսարանում, հոգեբանության ֆակուլտետում, արդեն երկրորդ կուրս եմ: Ես թաքցնում էի իմ կուրսեցիներից, որ ես մանկատան սան եմ, որովհետեւ իսկապես ցանկալի չէր, որ իմանային: Բայց մի շրջան եկավ, երկրորդ կուրսի առաջին սեմեստրն էր, որ արդեն համարյա ամբողջ կուրսը գիտեր, կուրսի բոլոր երեխաները գիտեին, որ ես մանկատան սան եմ, ու ամեն մեկն իր հերթին ինչ-որ կարող ա հարցներ` բա ո՞նց ա եղել, որ այնտեղ ես հայտնվել, ու՞ր են քո ծնողները, խի՞ չեն գալիս, ու նմանատիպ հարցեր, որ ինձ հեչ հաճելի չէր լսել ու հաճելի չէր պատասխանելը: Մի տեսակ հոգեկան ճնշվածություն ոնց որ լիներ, ու չէի կարողանում դասի գնալ: Իհարկե, դրա համար ինձ վրա շատ էին ջղայնանում, հատկապես իմ ընկերուհիները: Բայց ես ինքս հաղթահարեցի էդ խնդիրը, որովհետեւ անիմաստ ա, ինչքան չգնամ, էնքան վնասը ես եմ կրելու»:
«Հայտնվելով նման պայմաններում` անշուշտ, երեխան սկսում էր կառչել իր բոլոր հոգեբանական բարդույթներից: Դրանից ելնելով` նա փորձում էր, քանի որ մենակ մնալը շատ դժվար է, ունենալ մեկն իր կողքին` ստեղծել ընտանիք: Ի վերջո, հասարակության մեջ չհասկացված լինելով` իրենք վերադառնում էին իրար` հիմնականում ամուսնանում էին նույն իրենց մանկատան ընկերներից մեկի հետ: Եվ հիմնականում էդ ընտանիքները, ցավոք, բաժանվում էին, այսինքն` ընտանիք չէր ձեւավորվում, որովհետեւ իրենք ունեին նույն խնդիրները: Արդյունքում ունենում էինք միայնակ մայրեր, չկայացած տղամարդիկ, որոնք բնավ չէին կարողանում դրսեւորել իրենց որպես անհատականություն»,- ասում է Հայ օգնության միության աշխատակից, «Պետական աջակցություն ծնողական խնամքից զուրկ երեխաներին» ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը:
Մանկատան երեխաներից շատերն ունեն հայր կամ մայր, երբեմն` նույնիսկ երկու ծնող, որոնք, սակայն, հնարավորություն չունեն պահելու իրենց երեխաներին եւ հանձնել են պետության խնամքին:
Պետությունն ապահովում է նրանց համար տանելի պայմաններ, սնունդ, հագուստ եւ միջնակարգ կրթություն:
Գյումրիի մանկատանն իշխում է հոգատարության եւ մարդկային ջերմ մթնոլորտը: Սակայն որքան էլ հաստատության հետ կապված լինեն մանկությունն այստեղ անցկացրած պատանիներն ու աղջիկները, նրանց թվում է, թե իրենց բոլոր խնդիրները սկսվել եւ ավարտվում են մանկատանը հայտնվելու պատճառով: Մանկատան երեխա լինելու հանգամանքը խորը հետք է թողնում նրանց գիտակցության վրա:
«Մեզ մոտ ապրող երեխաներն ունեն հոգեբանական բազմաթիվ դժվարություններ: Երեխան իր վարքով ցույց է տալիս իր դժվարությունները: Ամենաբարդ տարիքը դեռահասության տարիքն է` 16,17, 18 տարեկան երեխաները: Մանավանդ` մեր հաստատությունում ապրող երեխաները: Չունեն ոչ մի ինքնուրույնություն: Իրենց համար, կարծես, ինչ-որ անջատ աշխարհ են ստեղծել: Եվ ունեն ընտանիք, եւ չունեն: Այդ ընտանիքի մասին նրանք գաղափար չունեն, որովհետեւ հենց փոքր տարիքից հոգեւոր կապը կտրվել է այդ ընտանիքի հետ, ծնողների դժվարությունները երեխաների մոտ բարձրացել, պաթոլոգիայի են հասել: Եւ այդ երեխաների մոտ ինչ-որ բան վերափոխելը շատ բարդ գործընթաց է, որովհետեւ, եթե 16 տարի շարունակ երեխան ունեցել է դժվարություններ, դրանք ձեռք է բերել, ուրեմն պետք է նույնքան ժամանակ, որպեսզի մենք ետ գնանք, գտնենք այդ պատճառները, որպեսզի վերացնենք հետեւանքները»,- ասում է Գյումրու մանկատան հոգեբան Գոհար Ոսկանյանը:
«Կա մի հարց, որի պատասխանը չեմ ուզում ինքս հասկանալ: Ավելի ճիշտ` չեմ ուզում ընդունել: Մայրիկիս մահից հետո հայրիկս որոշեց տանել եղբորս իր հետ Ռուսաստան, ինձ համար դա մնաց շատ մեծ գաղտնիք: Ինչու՞ հենց եղբորս»,- հարցնում է մանկատան սան Թամարը: Թամարը մանկատանը հայտնվել է 2006 թ.: Մինչ այդ նա ապրում էր տատի եւ քրոջ հետ: Սոցիալապես անապահով, տուն չունեցող ընտանիքը ստիպված էր բնակարան վարձել:
«Մանկատուն գալու պատճառն անապահովությունն էր, այսինքն` գումար չունեինք գոյատեւելու համար: Եւ մեր հարցով զբաղվեց քաղաքապետարանը, եւ ես ու քույրիկս տեղափոխվեցինք մանկատուն, իսկ տատիկը տեղափոխվեց ծերանոց: Մանկատուն գալիս դժվարությունների համարյա չեմ հանդիպել, ուղղակի կտրուկ փոխվեց միջավայրը, եւ այն մարդիկ, ում որ սովոր էի, միանգամից փոխվեցին, դառան անծանոթ, ու լրիվ նոր միջավայրի մեջ մտա: Մանկատանը մնալու եմ մինչեւ 18 տարեկանը, հետո, եթե ապահովեն տնով, որը, ինձ թվում է, շատ մեծ հարց է, ես կտեղափոխվեմ քույրիկիս հետ ապրելու: Իսկ եթե ոչ, դեռ կմնամ մանկատանը եւ կփորձեմ գտնել աշխատանք, որ կարողանամ աշխատել եւ գոյությունս պաշտպանել, նույնիսկ եթե ինչ-որ պատճառներով ինձ պետք լինի հանել մանկատնիցգ»,- ասում է Թամարան
Գյումրիի մանկատան 10-ը սաներ շուտով պետք է դուրս գան մանկատնից, որովհետեւ լրացել է նրանց 18 տարին: Սակայն նրանք տեղ չունեն գնալու: Մանկատունը չի կարող նրանց փողոց հանել: Եթե պետությունը մինչեւ հիմա հոգացել է նրանց մասին, ապա ստիպված է դա անել նաեւ հետո:
2003 թվականին կառավարության որոշմամբ հաստատվեց մի ծրագիր, որը ներառում էր մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելը, իրավական եւ բժշկական աջակցությունը, աշխատանքի տեղավորումը եւ մասնագիտական կողմնորոշման տրամադրումը: Ծրագրի նպատակն է այդ գործողություններով մանկատան շրջանավարտներին հասարակության մեջ ինտեգրվելու հնարավորություն տալ:
Մանկատան երեխաներին բնակարանով ապահովելու եւ ինքնուրույն կյանքին նախապատրաստելու ծրագրի գաղափարն առաջադրվեց հենց մանկատան շրջանավարտների կողմից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կազմեց այժմեական պահանջները բավարարող, ինչպես նաեւ` կառավարության կողմից ստորագրված կոնվենցիաներին համահունչ մի ծրագիր, որը ֆինանսավորվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից: Հաշվի առնելով այն, որ մինչեւ ծրագրի սկսվելը, 1991 - 2003 թթ. մանկատան շրջանավարտների մի մասը վարում էր անօթեւան կյանք եւ կարիք ուներ սոցիալ-հոգեբանական վերականգնման, ծրագիրն իրականացնելու համար ներգրավվեց հասարակական կազմակերպություն: 2003-2005 թթ. ծրագիրն իրագործել է «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական կազմակերպությունը:
«2006 թվականին «Հայ օգնության միությունը» (ՀՕՄ ) ստանձնեց պարտավորություն` իրականացնելու «Պետական աջակցություն ծնողական խնամքից զուրկ երեխաներին» ծրագիրը: Եւ քանի որ ՀՕՄ-ն ունի մեծ փորձառություն, եւ մեր անդամները, որոնք կամավոր կանայք են, մեծամասամբ տասնհինգ տարի շարունակ ահռելի սոցիալական աշխատանքի փորձ են ձեռք բերել, եւ ծրագիրը լրիվ համահունչ էր մեր կազմակերպության նպատակներին եւ գաղափարախոսությանը, մենք մեծ սիրով մխրճվեցինք այդ աշխարհը` մանկատան երեխայի աշխարհը, որը շատ տարբերվում է այլ սոցիալական խնդիրներից»,- պատմում է ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը:
ՀՕՄ-ը մեծ փորձ էր կուտակել ոչ միայն Հայաստանում ծավալած իր 15-ամյա բարեսիրական գործունեության արդյունքում, այլեւ ուներ նախորդ դարասկզբից ձեւավորված խնամակալության հարուստ ավանդույթներ: 1910 թվականին ստեղծված այս կազմակերպությունը, 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո եւ արցախյան ազատամարտի տարիներին, կյանքի կոչեց Հայաստանում որբախնամ ամենամեծ ծրագիրը, որի մեջ այսօր ներգրավված են երկկողմանի ծնողազուրկ եւ զոհված ազատամարտիկների ավելի քան 7,500 երեխաներ:
2006 թվականից ՀՕՄ-ի աշխատակազմն ուսումնասիրել է Երեւանի «Զատիկ», Գավառի, Գյումրիի եւ Վանաձորի մանկատների 200-ից ավելի շրջանավարտների սոցիալական պատմությունները:
«1991- 2003 թթ. եւ հետո շրջանավարտների հարցը պետությունը լուծեց: Եւ 2009 թվականից, կամ գոնե 2010 թվականից պետությունը կգա կհասնի այն կետին, որ նա կաշխատի միայն այդ տարվա 18 տարին լրացած շրջանավարտների հետ, որովհետեւ մինչ այդ հարցերն արդեն լուծված են: Եւ այսուհետ մենք կունենանք տարեկան 25-30 շրջանավարտ, եւ պետությունն իր վրա այդ պատասխանատվությունը վերցնում է` տարեկան 25-30 բնակարան տրամադրել եւ ապահովել այդ երեխաների ապագան»,- ասում է Ա.Մնացականյանը:
Ծրագրով նախատեսված է 1- 1,5 տարի ժամկետում մանկատան սաներին մինչեւ նրանց 18 տարին լրանալը նախապատրաստել ինքնուրույն կյանքի: ՀՕՄ-ը, հրավիրելով տարբեր մասնագետների, այցելում է Հայաստանի մանկատները եւ երեխաներին տրամադրում կրթական, առողջապահական, իրավաբանական եւ սոցիալական աջակցություն: Ծրագրի շրջանակներում հրավիրված սոցիալական աշխատողը, հոգեբանը, իրավաբանը եւ բժիշկը գնահատում են շրջանավարտի կարիքները, եւ յուրաքանչյուրի համար կազմվում է անհատական զարգացման ծրագիր: Հաստատված ծրագրով տրամադրվում է կրթական, առողջապահական, իրավաբանական եւ սոցիալական աջակցություն:
«Երեխան դառնում է 18 տարեկան եւ դուրս է գալիս դեպի հասարակություն, այն հասարակություն, որից ինքն արդեն մի քանի տարի կտրված է եղել: Տվյալ հասարակության համար ինքն արդեն պիտակավորված երեխա է` մանկատան երեխա: Արդեն դա բավական է, որպեսզի երեխան ինչ-որ բարդույթների մեջ ընկնի եւ չկարողանա միջանձնային հարաբերությունները հաղթահարել, դուրս գալ հասարակություն լիարժեք ձեւով: Այդ բոլորը հաղթահարելու համար, ինձ թվում է, երկար գործընթաց է պետք, կոմպլեքս աշխատանք համատեղ մասնագետների միջոցով»,- ասում է հոգեբան Գոհար Ոսկանյանը:
Ծրագրի առաջնահերթ խնդիրներից է երեխաների մասնագիտական կողմնորոշումը: Յուրաքանչյուր երիտասարդի կյանքում մասնագիտության ընտրությունը չափազանց կարեւոր է: Այս որոշումը պատանիները գրեթե միշտ ընդունում են ծնողների ծանրակշիռ եւ անմիջական մասնակցությամբ: Իսկ ու՞մ հետ պետք է խորհրդակցի մանկատան երեխան:
«Մանկատան երեխան ուղղակի արտացոլում է մեր հասարակությունը: Երբ որ երեխային հարցնում էիր` ի՞նչ ես անելու մանկատնից դուրս գալուց հետո, պատասխանում էր` գնալու եմ էս երկրից: Ինչու՞ ես գնալու, ու՞ր ես գնալու, ի՞նչ ես փնտրում: Հայտնի չի: Հասարակության արտացոլում: Հասարակության մեջ ձեւավորված էր միգրացիոն տենդենց, իրենց մեջ` նույնպես: Բայց իրենք, բնականաբար, շատ ավելի խոցելի են դառնում այդ պարագայում, քան հասարակության որեւէ անդամ: Հետո` ի՞նչ ես ուզում սովորել: Անգլերեն: Պետք է քեզ, պետք չէ: Անշուշտ, պետք է: Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Բայց, այնուամենայնիվ, ինչքանո՞վ է դա քեզ համար մեկ տարվա ընթացքում հաղթահարելի թեմա: Ի՞նչ ես ուզում: Համակարգիչ: Բայց, արդո՞ք, այդ համակարգիչը դու օգտագործելու ես քո կյանքում: Անշուշտ, գործատուների մեծ մասը հիմա պահանջում է համակարգչի եւ լեզուների իմացություն: Բայց նայում ես, օրինակ, տղան գյուղատնտեսական ասպարեզում շատ լավ կարող է հաջողել: Դու տեսնում ես դա»,- ասում է Ա. Մնացականյանը
Մասնագիտական կողմնորոշման դժվարություններ ունեն գրեթե բոլոր պատանիները: Բայց մանկատան երեխաները` առավել եւս: Պարզապես նրանց ընտրության հնարավորությունն է սահմանափակ: Թամարի ուսման վարձը տրամադրել է ավստրիացի հովանավորը: Աղջիկը սովորում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստ-գծագրություն բաժնում: Այստեղ պատրաստում են նկարչության ուսուցիչներ:
«Ես միտք էլ չունեի տալ մանկավարժական ինստիտուտ, շատ էի ուզում տալ Ակադեմիա, բայց այնտեղ ինչ-որ հարցեր ծագեցին ընդհանուր խմբի հավաքման հետ, եւ ես արդեն դուրս էի մնում իրենց ծրագրից: Որպես մանկավարժ չէի ուզենա շարունակել նկարչությունը, որովհետեւ չեմ կարող ապագայում կողքից ինձ նայել որպես դասատու: Ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու համար եմ սովորում նկարչությունը: Շատ կուզենայի ապագայում աշխատել օդանավակայանում, որպես ուղեկցորդուհի, որովհետեւ, չգիտեմ, այդ մասնագիտությունը հոգեհարազատ եմ համարում: Ճիշտ է, մի 2 անգամ եմ նստել ինքնաթիռ, բայց շատ մեծ հաճույքով էի նայում այդ աշխատանքին: Եւ կարծում եմ, որ կարող եմ»,- ասում է Թամարը:
Ծրագրում ներգրավված մանկավարժը փորձում է զրույցների միջոցով պարզել, թե ինչպիսի ընդունակություններ եւ ինչ ցանկություններ ունի երեխան, եւ առաջարկում է որոշակի մասնագիտություններ:
Հասմիկն ունի ծնողներ, հարազատներ, սակայն մինչեւ հիմա տնակում բնակվող ընտանիքի խնդիրները նրան քրոջ հետ բերել են մանկատուն: Հիմա նա 17 տարեկան է, սովորում է լրագրողի մասնագիտությունը «Գալա» հեռուստաընկերությունում: Սակայն նույնիսկ նկարահանումների ընթացքում ակնհայտ երեւում էր կրտսեր տարիքի երեխաներով զբաղվելու` աղջկա հակումն ու կարողությունը:
«Մանկուց երազել եմ դառնալ մանկավարժ` նախադպրոցական դասարանների, որովհետեւ շատ եմ սիրում էդ տարիքի երեխաներին, նույնիսկ, ասենք, որ մեր դաստիարակները չեն գալիս, ես եմ նրանց հետ զբաղվում, ինձ համար շատ հաճելի է փոքր երեխաների հետ զբաղվել, սիրում եմ, ուղղակի սիրում եմ փոքր երեխաներ, եւ նրանք էլ ինձ հետ շատ հեշտ լեզու են գտնում, ես էլ` նրանց հետ: Հիմա ես սովորում եմ տասներորդ դասարանում եւ համատեղ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում որպես լրագրող, սակայն դա իմ երազանքը չէ, ուղղակի ես սովորում եմ, որպեսզի գիտելիքներս ավելի բարձրացնեմ, բայց չէի ցանկանա լրագրող լինել»,- ասում է Հասմիկը:
«Ամեն դեպքում հասարակության արձագանքն էլ շատ հաճախ անարդար է լինում: Մենք շատ հեշտությամբ ներում ենք ընտանիքի երեխային, որն այս կամ այն հանցանքն է գործում, եւ բնավ չենք անդրադառնում նրա գենետիկ դրսեւորումներին: Եթե ընտանիքի երեխան ինչ-որ մի այլանդակություն է անում, երբեք չենք ասում` այ, տեսաք, գենետիկա: Մանկատան երեխային անմիջապես պիտակավորում ենք, շատ հեշտությամբ: Բայց արդյո՞ք արդարացված է այդ պիտակավորումը: Իմ կարծիքով` բնավ արդարացված չէ, եւ իրենք, ինչպես նշեցի, հասարակության արտացոլումն են: Այսինքն` եթե իրենք վատն են, ուրեմն մենք ենք վատը»,- ասում է Ա. Մնացականյանը:
Երեւանում գտնվող «Զատիկ» մանկատունը Հայաստանում լավագույն պայմաններն ունի: Չափահաս դառնալուց հետո շատ աղջիկներ դուրս են եկել մանկատնից եւ հայտնվել «Ծիածան տանը»: Սա նույն «Զատիկ» մանկատան բաժանմունքն է, որն ապաստան է տրամադրում 18 տարին լրացած իր սաներին: Սա մանկատան շարունակությունն է: Սակայն տարբերություն, այնուամենայնիվ, կա: Այստեղ ապրում են միայն աղջիկները, ովքեր տեղ չունեն գնալու: Ամենածանր կոմունալ ծախսերը դեռեւս ապահովում է մանկատունը եւ բարերարները: Սակայն աղջիկներն արդեն ինքնուրույն հոգում են իրենց սնունդը, հագուստը, ինչպես մի ընտանիքում: Ոմանք արդեն աշխատում են եւ կամավոր օգնում բոլորին: Մյուսները բացիկներ են պատրաստում, վաճառում եւ լրացնում ընդհանուր բյուջեն: Միշտ ներկա է դաստիարակը: Ապրում են խիստ կանոնակարգի եւ խնայողության ռեժիմով: «Ծիածան տունը» միջանկյալ կացարան է մանկատնից դեպի ինքնուրույն կյանք ճանապարհին:
Եթե մանկատան շրջանավարտը տուն էլ ունենա, նրա խնդիրները լուծված համարել չի կարելի, քանի դեռ չի ստացել կրթություն եւ չունի աշխատանք:
Ահա այստեղ է, որ ծնողական խնամքից զուրկ երեխաներին օգնության է հասնում պետական աջակցության ծրագիրը:
«Օրինակ` աղջիկների համար մենք մտածում ենք մեկ-մեկ ու կես տարվա ընթացքում ի՞նչ կարող ենք տալ: Մտածում ես, ժողովրդական լեզվով ասած, գոնե մի փեշակ տաս, որ եթե ինքը հայտնվի ծանր վիճակում, գոնե կարողանա իր հանապազօրյա հացի հարցը լուծել: Վարսավիրություն, խոհարարություն, մատնահարդարությունգ ծառայություններ, որոնք հիմա բավականաչափ լավ էլ վարձատրվում են, եւ ծրագիրը տալիս է նաեւ այդ հնարավորությունըգ բացի բարձրագույն կրթությունը, որը երեխաների մի մասը ստանալու հստակ ցանկություն ունի, մենք նաեւ ընձեռում ենք այդ հնարավորությունը` ստանալու միջին մասնագիտական կրթություն»,- ասում է ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը:
Սրբուհի. « Ապահովագրական ընկերությունում եմ աշխատում, հաճախորդների սպասարկման բաժնում որպես ներկայացուցիչ: Սիրում եմ աշխատանքը, իհարկե, նաեւ մասնագիտությունը, որ պատրաստվում եմ ձեռք բերել եւգ ապագայի հետ կապված ինչ-որ գունավոր բաներ եմ պատկերացնում:
Կարինե. «Աշխատել, բնականաբար, շատ կուզեի, որ ավելի ինքնուրույն լինեի, ոչ թե իմ խնդիրները հոգար մեկ ուրիշը, ասենք` իմ տնօրենը, այլ ես ինքս, որովհետեւ վաղ թե ուշ տուն եմ ստանալու, էդ ամենը ես ինքս պիտի անեմ, ոչ թե իմ տնօրենը իմ խնդիրները լուծի: Դրա համար ցանկալի ա, որ աշխատանք ունենամ: Խնդիրն ամենամեծ, ոչ թե ամենամեծ, այլ ուղղակի լավ կլիներ, որ տուն ունենայի, որտեղ ես կարայի ապրեի իմ քույրիկի ու իմ եղբոր հետ: Տենց նպատակ ունեմ, որ ես հաստատ իրենց իմ հետ կտանեմ: Քույրիկս իմ հետ է ապրում` «Ծիածան տանը», իսկ եղբայրս «Զատիկ» մանկատանն է առայժմ»:
Ադելինա. «Ես հիմա աշխատում եմ: Կոմպյուտերային օֆիս ա, որը կոչվում ա POOL: Շատ լավ անձնակազմ է: Ես օգնում եմ խոհարարուհուն: Եւ ընդհանրապես էնտեղ անում եմ գործ, էնտեղ մաքրում եմ: Բացի դրանից` օգնում եմ խոհարարուհուն: Ու սիրում եմ իմ աշխատանքը, որովհետեւ ամեն աշխատանք մարդու համար է: Դրանով ես հոգում եմ իմ կարիքները: Շորերս, ամեն ինչս, աշխատում եմ բոլորից ետ չմնալգ Ու կարծում եմ` ամեն ինչ ունեմ, ինձ միայն մնում է, որ իմ երազանքները կատարվեն: Ու ունենամ լավ ընտանիք, ամենակարեւորը: Դառնամ երգչուհի, ինչպես ես եմ ուզում, ու կարողանամ ես ինքս օգնել իմ նման երեխաներին:
«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ներգրավվել է մանկատան 282 շրջանավարտ, որոնցից 113-ն արդեն ապրում են իրենց բնակարաններում: ՀՀ կառավարության որոշմամբ` Մեղրիի որբ եւ անապաստան երեխաների գիշերօթիկ դպրոցի շրջանավարտները ներգրավվել են ծրագրի շրջանակներում եւ առաջիկայում կապահովվեն բնակարաններով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել