Անցած տարվա բյուջեն տնտեսել են, որ այս տարի գործեր անեն
Գոհար Գեւորգյան
Գեղաշենի համայնքապետն այսպես է մեկնաբանում նախորդ տարվա բյուջեի խնայումը
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղ տանող ճանապարհն անմխիթար վիճակում է. այն ամբողջովին քանդված է, լի մեծ-մեծ փոսերով, որոնք շրջանցելու համար վարորդների վարպետությունն էլ չի օգնում:
Ընդ որում, սարսափելի վիճակում է ոչ միայն Գեղաշեն տանող ճանապարհն, այլեւ նրանից առաջ գտնվող երեք գյուղերի` Մայակովսկու, Արամուսի, Կամարիսի ճանապարհները, որոնք «խելքի բերելու» համար, թերեւս, մարզպետարանի բարի կամքն է պետք:
Գեղաշենի համայնքապետ Արմեն Հովհաննիսյանը, որը 1996 թվականից ղեկավարում է գյուղը, ասում է, թե իր ղեկավարման տարիներին զբաղվել է գյուղի ճանապարհների մասնակի ասֆֆալտապատմամբ` ամեն տարի կատարելով փոսային վերանորոգումներ: Գեղաշենի ավագանու նիստերում համայնքային նշանակության աշխատանքների շարքում նախորդ տարվա միակ որոշումը վերաբերում էր հենց գյուղի ճանապարհների փոսային վերանորոգում կատարելուն: Համայնքի ավագանու 2007 թ. նիստերի որոշումների մեջ դա միակն է, որն անմիջականորեն առնչվում է համայնքի հիմնախնդիրներին: Ավագանու անցած տարվա որոշման արդյունքում, սակայն, ճանապարհների վիճակը չի բարելավվել, ինչը համայնքապետը մեկնաբանում է նրանով, որ ամբողջը հնարավոր չէ գյուղի բյուջեով վերանորոգել, իսկ հարակից օգնություններ չեն եղել:
«2007 թ. վերջում կառավարության հատկացրած գումարներով նախատեսված էր Բալահովիտ-Գեղաշեն ճանապարհի վերանորոգումը, որի համար տրամադրվելու էր մոտ 15 մլն դրամ: Բայց այդ ճանապարհը վերանորոգվեց մինչեւ մեզնից առաջ ընկած Կամարիս գյուղի վերջը, այսինքն` մինչեւ մեր գյուղի սահմանը: Մարզպետարան դիմեցի, թե ինչու՞ վերանորոգումը չի հասել մեր գյուղ, ինչու՞ մեր համայնքն էլ չի ասֆֆալտապատվել...»,- պատմում է Արմեն Հովհաննիսյանն ու կիսատ թողնում միտքը: «Եւ ի՞նչ ասացին Ձեզ»,- մեր հարցին դառը ժպիտով պատասխանեց. «Ի՞նչ պիտի ասեն, փողերը վերջացել են»:
Սա նշանակում է, որ համայնքի ճանապարհների հիմնավոր ասֆֆալտապատման նշված հնարավորությունն արդեն ձեռքից բաց է թողնվել: Համայնքի ղեկավարը դժվարություններին սովոր մարդու մոտեցմամբ ասում է. «Մնում է մեր բյուջեով կատարենք, ինչ կարող ենք` կանենք: Այս տարի 3 մլն դրամ եմ նախատեսել գյուղի ճանապարհների վերանորոգման համար»:
Գեղաշենի 2007 թ. բյուջեն 34 մլն 300 հազար դրամ է եղել, որից գումարներ են հատկացվել տեղի դպրոցի ընթացիկ ծախսերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման, մշակույթի տան պահպանման եւ այլ հարցերի համար: 1 մլն 730 հազար դրամ էլ հատկացվել է համայնքապետարանի շենքի վերանորոգման համար: Անցնող տարում Գեղաշենի 11 հոգանոց ավագանու կազմը 8 նիստ է հրավիրել, որոնցից միայն 1-ն է արտահերթ եղել: Մարտի 1-ին հրավիրված արտահերթ նիստում ավագանին որոշել է գյուղի միջնակարգ դպրոցի խորհրդի կազմում 1 անձ առաջադրել: Ավագանու մյուս նիստերի ժամանակ հիմնականում քննարկվել են անցնող տարվա բյուջեի եռամսյակային կատարողականներն ու հաշվետվությունները, համայնքային սեփականության հողերն աճուրդով վաճառելու, վարձակալության տալու, համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու, համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու հարցերը:
Ավագանու նիստերին ու որոշումներին ծանոթանալուց հետո համայնքապետից հետաքրքրվեցինք, թե արդյոք քի՞չ չէ անցած տարվա ամբողջ բյուջեից ընդամենը մեկ` համայնքի փողոցները վերանորոգելու մասին որոշում ընդունելը, մի՞թե համայնքում այլ խնդիրներ չկան: Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ փողոցների վերանորոգումից բացի` իրենք համայնքի բուժամբուլատորիան են վերանորոգել` դարձնելով լավագույններից մեկը. «Չգիտեմ` ինչու դա չի արտացոլվել ավագանու որոշումներում»: Համայնքապետն ասում է, թե իրենք նախորդ տարվա բյուջեն տնտեսել են, որ այս տարի մեծ գործեր անեն. «Օրինակ` էլի գործեր կային, բայց որ սկսեինք, կիսատ կմնար, դրա համար էդ գումարները պահել ենք, որ այս տարի գործ անենք»:
Առհասարակ, խնայողությունը դառնում է մեր ամբողջ երկրի բյուջեի կատարողականների բնորոշիչը: Դեռ օրեր առաջ Ազգային ժողովում 2007 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանական լրագրողները նկատել էին, որ որոշ մարզպետներ «կարգին» խնայողություններ են կարողացել կատարել: Սա առնվազն տարօրինակ է` հաշվի առնելով համայնքների բազմաթիվ հիմնախնդիրները, բայց դե խորհրդարանում շեշտվել էր, թե խնայողությունն արդյունավետ աշխատանքի արդյունք է: Սա արդեն պաշտոնական կարծիքն է, որն իրականության հետ հիմնավոր աղերսներ չունի:
2007 թ. խնայողություններն էլ հետը Գեղաշենի 2008 թ. բյուջեն կազմել է մոտ 45 մլն դրամ: Համայնքի երկարամյա ղեկավարը վստահեցնում է, որ ընթացիկ տարում բյուջեից 3 մլն դրամ հատկացնելու են ճանապարհների վերանորոգմանը, 1,5 մլն դրամ` աղբահավաք մեքենա գնելու համար, 6,6 մլն դրամ` համայնքում խմելու ջրի ջրագծերի վերանորոգման եւ ջրահեռացման աշխատանքների, համայնքի կենտրոնական փողոցների լուսավորության համար: Դեռ էլի գործեր ունեն անելու, եւ համայնքի ղեկավարը ժպտալով վստահեցնում է, որ նախորդ տարվա խնայողություններն ի սպաս են դրվելու համայնքային խնդիրների լուծմանը:
2008 թ. Գեղաշենի համայնքապետը ավագանու 3 նիստ է հրավիրել` տարեսկզբի երեք ամիսներին: Համայնքի ավագանին հաստատել է ընթացիկ տարվա բյուջեն, գյուղի նորածիններին եւ մահացածներին դրամական օգնություն տրամադրելու, նախորդ տարվա բյուջեի կատարողականներն ու համայնքի սեփական հողերի աճուրդ-վաճառքի հարցերը:
Գյուղի ղեկավարն ասում է, թե ավագանու որոշումների մասին ժողովրդին տեղեկացնում են, անգամ նիստերի հայտարարություններն են փակցնում համայնքապետարանում: Սակայն ասվածի հիմնավորումն այդպես էլ չտեսանք Գեղաշեն կատարած մեր երկու այցերի ժամանակ: Համայնքապետը նշում է, որ գյուղի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը բնակչությունը մասնակցում է, բայց իրենք ավելի լավ գիտեն, թե որոնք են գյուղի հիմնական խնդիրները. «Գյուղացիների ընդհանուր կարծքիը հաշվի առնում ենք, բայց, անկեղծ ասեմ, եթե գյուղացին մի հարց է քննարկում, կարող է տարիներով քննարկել, բայց հարցի լուծումն էդպես էլ չի գտնվի: Մարդիկ իրենց նեղ անձնականի մասով են մտածում գյուղի խնդիրների մասին, իսկ մենք ամենքից լավ գիտենք` գյուղին ինչ է պետք»:
Ինչպես շատ համայնքներում, այստեղ եւս համայնքի բյուջեի կատարողականների մասին հաշվետվությունները հրապարակելու` օրենքի պահանջը չի կատարվում: Հաշվետվությունները չհրապարակելու հանգամանքը Գեղաշենի ղեկավարը յուրօրինակ ձեւով է մեկնաբանում. «Գաղտնիք չի, պահելու բան չի, ուղղակի մտքովս չի անցել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել