HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկխոսությունը` անհնարին

Որ Սերժ Սարգսյանն առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքել, կասկած չի առաջացնում անգամ դպրոցական երեխաների մոտ։ Որ հիսունին գումարված 2,8 տոկոսը կարող էր հօդս ցնդել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նշած բազմաթիվ խախտումներից անգամ մեկ-երկուսը հաշվի առնելիս, դա էլ կասկած չի հարուցում։

Որ երկրորդ փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մենակ մնալով` Սերժ Սարգսյանը ստիպված երկխոսության սեղանի շուրջ էր նստելու, նույնպես կասկածից վեր է։ Որ կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի քվեների հիմնական մասն անցնելու էին Տեր-Պետրոսյանին, գիտեն բոլորը։ Որ Սերժ Սարգսյանի էլեկտորատն ամայանալու էր փետրվար 26-ի հրապարակի պես… Սա թողնենք անասնապահության լավագույն ավանդույթներով առաջնորդվող թիմակիցների խղճին ու, առաջ անցնելով, տեսնենք, թե ի՞նչ պիտի խոսեն ընդդիմությունն ու իշխանությունը, եթե այսքան չարչրկված երկխոսությունը տեղի ունենա։

Ստատուս քվոյի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ դա կնշանակի կողմերից մեկի՝ ընդդիմության լիակատար պարտություն։ Հասարակությունն այդ պարտությունը կընկալի նաեւ որպես դավաճանություն։

Առանց արտահերթ ընտրությունների իշխանությունը կիսելու մասին էլ չի կարող խոսք լինել, որովհետեւ իշխանական լծակներից յուրաքանչյուրն իր տերն ունի, եւ նրանցից ոչ մեկը պատրաստ չէ հրաժարվելու։ Հրաժարում պարտադրելն իշխանության համար ավելի բարդ վիճակ կստեղծի՝ առաջացնելով ներքին հեղափոխության վտանգ։ Հետո, ենթադրենք այդ վտանգը չկա, ու որոշ լծակներ (գործադիր իշխանության) տրվում են ընդդիմադիր գործիչներին։ Ասենք, օրինակ՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության, մշակույթի նախարարությունները։ Սրանք եմ հիշատակում, որովհետեւ պարզ է, որ ոչ ոք իր հակառակորդին (նույնիսկ կոալիցիոն եղբայրներից ոմանց) չի զիջի պաշտպանության, ֆինանսների, արդարադատության նախարարների աթոռները, առավել եւս՝ ոստիկանության, անվտանգության պետերի պաշտոնները։ Այսինքն՝ երեք ընդդիմադրի նշանակումը որեւէ կերպ չի մեղմացնի հասարակության բողոքը, ավելին՝ նույն այդ հասարակությանը կդարձնի անկառավարելի։

Նշված երկու տարբերակների խտացումն է, այսպես կոչված, հանրային խորհուրդը (ՀԽ), որի ստեղծմամբ կպահպանվի ստատուս քվոն եւ ընդդիմությունն ինչ-ինչ հարցերի քննարկումների մասնակցելու հնարավորություն կստանա՝ չտիրապետելով, սակայն, որեւէ լծակի։

Բայց մի պահ պատկերացնենք, որ Գառնիկ Իսագուլյանի մանկության երազանքը կատարվել է՝ ընդդիմությունն առանց նախապայմանների համաձայնել է մաս կազմել հանրային խորհրդին։ Խորհրդի հերթական նիստը վարող Լեւոն Տեր-Պետրոսյանը (սա արդեն Գառնիկի գարնանային սրացումներից է) քննարկման է դնում մարտի մեկի դեպքերի անաչառ ուսումնասիրության հարցը։ Խորհուրդը, թող տարօրինակ չթվա, ձայների մեծամասնությամբ որոշում է անկախ հանձնաժողով ստեղծելու, միջազգային փորձագետներ հրավիրելու հարցով դիմել հանրապետության նախագահին, որը ՀԽ-ի ստեղծմամբ լեգիտիմության նշույլներ է ձեռք բերել։

Ի՞նչ է անում նախագահն այդ առաջարկի հետ։ Կա երեք տարբերակ. ա/ ստեղծում է, բ/չի ստեղծում, գ/ անկախ մի փորձագետ կամ մի սոցիոլոգ «Հայլուրին» հարցազրույց է տալիս ու պնդում, որ հանրությունը հետաքրքրված չէ այս հարցով, եւ ՀԽ-ն հանրային հետաքրքրությունները ներկայացնելու փոխարեն զբաղված է քաղաքական խնդիրներ լուծելով։ «Հայլուրի» թղթակցի հարցին, թե ինչո՞վ է ամենից շատ հետաքրքրված հանրությունը, անկախ փորձագետը կամ սոցիոլոգը պատասխանում է. «Ըստ մեր ուսումնասիրությունների՝ մարդկանց այսօր ամենից շատ հուզում է կոռուպցիայի մասին անչափահասների տեղեկացված չլինելու հարցը»։ Վստահաբար, այս հարցազրույցին հաջորդում է Հենրիկ Իգիթյանի մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում կազմակերպված «Ճանաչենք կոռուպցիան» ցուցահանդեսը, որի բացման ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասում է. «Էս ցուցահանդեսը մի անգամ եւս ապացուցեց, որ տաղանդավոր ազգ ենք»։ Ռեպորտաժի եզրափակիչ կադրերում պատահաբար սպրդում է վզի եւ ուղեղի ծալքերի հակադարձ համեմատականությունը բացահայտող մանկական մի գրաֆիկա։

Քննարկված երեք տարբերակներում խոցելի կողմն ընդդիմությունն էր։ Եւ՛ ստատուս քվոն, եւ՛ իշխանական լծակների վերաբաժանումը եւ հանրային խորհրդի ստեղծումը մեկ արդյունք կարող են տալ՝ հիասթափեցնել ընդդիմության հետ հույսեր կապող զանգվածին։

Հիմա քննարկենք իշխանությունների խոցելիության տարբերակները։ Եթե, այնուամենայնիվ, (առանց նախապայմանների) իշխանությունն ու ընդդիմությունը նստում են սեղանի շուրջ, եւ իշխանությունները զիջումների գնալու կամք են դրսեւորում, արդյունքը լինում է հրաժարական տալու անհրաժեշտության ըմբռնումը կամ պարտադրանքը։

Ընդդիմությունն ասում է՝ ստեղծեք մարտի 1-ի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողով՝ ներգրավելով միջազգային փորձագետների։ Իշխանությունները ստեղծում են, հանձնաժողովն աշխատում է եւ պարզում, որ նախկին նախագահ Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատն անմիջական պատասխանատուներն են կատարվածի։ Որքան էլ խառը եղած լինի այդ օրվա իրավիճակը, այլ բան չի կարող պարզվել։ Այն, որ ասում են, թե իբր տասը հոգու չզոհելու դեպքում ավելի շատ մարդ կզոհվեր, ենթադրություն է, որը չի հաստատվում ոչ մի փաստով։ Կրակելու հրամանը տվել է մեկը, կատարել են մի քանիսը։ Նույնիսկ սեփական կամքով ստեղծած հանձնաժողովի այսօրինակ բացահայտումը բարոյական ոչնչացում կլինի գործող իշխանությունների համար։

Ընդդիմությունն ասում է՝ ազատ արձակեք մեր կողմնակիցներին։ Իշխանություններն ազատ են արձակում՝ դրանով փաստելով հետապնդումների քաղաքական բնույթը։ Նախկին քաղաքականները չեն հրաժարվում իրենց հայացքներից եւ ուժեղացնում են ընդդիմությունը։

Ընդդիմությունն ասում է՝ ապահովեք տեղեկատվության անկողմնակալությունը, հավասար եթեր տրամադրեք բոլորին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների մի քանի ելույթից հետո Հայաստանում բոլորն ամեն ինչ իմանում են։ «Ոզնիների» մասին դատարկամիտ ռեպորտաժներին ընդդիմությունը հակադրում է ինն օր տեւած խաղաղ հանրահավաքների կադրերը։ Հրապարակում հավաքվածների միայն դեմքերին նայելիս պարզ է դառնում, որ մարտի 1-ին «կասեցվածը» քաղաքական խաղաղ պայքար էր։

Իսկ թե ի՞նչ կլինի, եթե թույլ տան հանրահավաք անցկացնել, նկարագրելու կարիք չկա. արգելողները շատ լավ պատկերացնում են։

Ուրեմն, առանց նախապայմանների երկխոսություն սկսելն անհեռանկար է, քանի որ այդ դեպքում երկխոսության առարկա կդառնան հենց նախապայմանները։ Եւ եթե իշխանություններն ասեն՝ վերը նշված քայլերի դիմաց ընդունեք մեր լեգիտիմությունը, ծանր հարվածի տակ կդնեն եւ՛ լեգիտիմությունը, եւ՛ իշխանությունը պահելու բոլոր ռեսուրսները։

Ոմանց թվում է, թե խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունների պահանջը մաքսիմալիստական է, բայց երկխոսության բոլոր տարբերակների քննությունը ցույց է տալիս, որ ճգնաժամը հաղթահարելու միակ ելքը ժողովրդին երաշխավորված ազատ, արդար, թափանցիկ ընտրություն կատարելու հնարավորություն տալն է։ Հնարավորություն, որ Քոչարյանի վերարտադրվող իշխանությունը բաց թողեց ընտրությունների երկրորդ փուլից խուսափելով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter