Դեմոկրատիա եւ դեմագոգիա
Վարդան Ջալոյան
Չգիտեմ` քանիսը գիտեն, որ «ժողովրդավարություն» բառը ետ՝ դասական հունարեն թարգմանվում է «դեմագոգիա»: Դա, իհարկե, խորհրդանշական աղավաղում է. Հայաստանում «ժողովրդավարությունը» պոպուլիզմի հոմանիշն է:
Երկու գաղափարների այս շփոթմունքը գաղափարական է. կա առաջադրանք` դեմոկրատիան փոխարինել դեմագոգիական զեղումներով: Իհարկե, այսօր կա իշխանական քարոզչական ատյանների առաջ ծառացած պահանջ. ինչպիսի՞ն պետք է լինի դեմագոգիան ետքոչարյանական «իրադրությունում»: Հանրային պալատը կազմավորվում է: Նպատակը հասկանալի է. հավաքել ստաժավոր դեմոգոգների՝ Արտաշես Գեղամյանից մինչեւ Արշակ Սադոյան, գաղափարախոսական «զոմբիացման» համար:
Դեմոգոգների «ժողովրդավարությունից» ինձ հեռու պահելու համար հիմնականում կօգտագործեմ «դեմոկրատիա» եզրը:
Եթե հնարավոր է դեմոկրատիայի եւ դեմագոգիայի շփոթումը, միգուցե քաղաքական մշակույթի թերզարգացածության պատճառով, ուրեմն դեմոկրատիան դժվար գաղափար է եւ դժվար պրակտիկա: Կարելի է ասել նաեւ, որ դեմոկրատիան անհասկանալի մի բան է, ի տարբերություն, ասենք, ազգայնականության: Վերջինս միանշանակ է. կա էթնիկական ազգ, կա էթնիկական ազգի հետ կապված պատմություն եւ մշակույթ, ուրեմն՝ շատ թե քիչ հասկանալի «ազգային-էթնիկական շահ»: Կա նաեւ միասնության հասարակ բանաձեւ՝ «բոլորս հայ ենք»: Ճիշտ է, դեմոկրատական միասնության բանաձեւն էլ է հասարակ. բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք: Բայց ակտիվ քաղաքացիներ, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար: Եթե իրավունքները խախտված չեն, ապա էլի շատ գործ կա՝ անհրաժեշտ է պայքարել ուրիշների իրավունքների համար: Կարճ ասած` «դեմոկրատական միասնությունն» իր մեջ հակասություն է պարունակում. պայքարը, որ, ինչպես հետեւում է սահմանումից, բաժանում է, ստեղծում է դեմոկրատական միասնություն:
Ահա թե ինչու ժողովրդավարության դեպքում ամեն ինչ դառնում է անորոշ եւ բազմիմաստ: Անհասկանալի է այն իդեալը, որը կարող է միավորել դեմոկրատական հասարակությունը, ուրեմն նաեւ այն, թե ո՞րն է այդ հասարակությունը: Համաձայնեք, որ «հայ ազգ» հասկացությունն ավելի որոշակի է, քան «դեմոկրատական հասարակություն» եզրը: Պարզ է նաեւ, որ առաջինը հասկանալի է, քանզի տրված է նախապես, ինչպես նախապաշարում կամ սովորույթ: Երկրորդը՝ դեմոկրատական միասնությունը, կարծես թե ստեղծվում է կրկին ու կրկին, պահանջում է սովորույթի հաղթահարում: Երեկ դա Վազգեն Մանուկյանի կամ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցներն էին, այսօր` Լեւոն Տեր Պետրոսյանի կողմնակիցները եւ այլն:
Ամեն անգամ դեմոկրատական առաջնորդները խոսում են «ժողովրդի», ուրեմն՝ «դեմոկրատական շահի» մասին, եւ ամեն անգամ այն տարբեր է, այս փոփոխական ըմբռնման հետեւանքով նույնիսկ «ժողովուրդ» եզրն է կասկածի տակ դրվում: Ենթադրենք, որ «ժողովուրդ» ասելով նկատի ունենք միտինգավորներին, քանի որ «ժողովված» են: Ուրեմն, ըստ այդ տրամաբանության, մնացածները «ժողովուրդ» չեն, այլ Հայաստանի Հանրապետության բնակչություն: Եվ այդ տրամաբանությունն անթերի է:
Բայց միթե՞ իշխանական հանրահավաքին եկած մարդիկ «ժողովուրդ» չեն: Ինչ-որ իմաստով` ոչ, չնայած նրանք էլ են «ժողովված»: Առաջին դեպքում միտինգի ժամանակ ասում են, որ «ժողովուրդը պահանջում է, որ ...», երկրորդում` «ժողովուրդը գոհ է իշխանություններից»: Սա կոպիտ է ասված: Կարելի է ճշգրտել. առաջին դեպքում ժողվուրդը պահանջներ է ներկայացնում, երկրորդ դեպքում այն մնում է բնակչություն, որը գոհ է ստատուս-քվոյից: Ավտորիտար իշխանությունների համար շատ հարմար է վերածել Ժողովուրդը՝ «դեմոսը», պահանջող եւ պայքարող մարդկանց պասիվ բնակչության:
Ժողովուրդը, ուրեմն, նրանք են, ովքեր փնտրում են միավորման նոր ձեւ, պայքարում են` հասարակության փոփոխված պահանջմունքներին համապատասխան, թեկուզ այն լինի մի դեպքում «Վազգեն՝ պրեզիդենտ», բայց այսօր «Լեւոն՝ պրեզիդենտ» խորհրդանշական կարգախոսների ձեւով: Ուրեմն, դեմոկրատիան այն է, երբ այդ միասնականությունը նախապես տրված չէ: Եթե տրված է, ուրեմն այն ոստիկանական հասարակարգ է:
Պատկերացնենք վարորդների եւ «գաիշնիկների» հասարակությունը: Վարորդը անցնում է, «գաիշնիկը»` կանգնեցնում: Հաջորդ օրը՝ նույնը: Մյուս օրը՝ նույնը: Ընդմիշտ: Սա հենց ոստիկանական հավաքականության օրինակ է, երբ ղեկավարները ղեկավարում են, իսկ ենթակաները` ենթարկվում:
Այլ է ժողովրդավարության պայմաններում. նման միանշանակություն կնշանակեր կանխորոշել եւ՛ մարդկային պահանջմունքները, ե՛ւ ավելի նեղ հասկացված՝ ընտրությունների արդյունքները:
Համաձայնեք, որ հոգեբանորեն ծանր իրավիճակ է. կուզենայինք, որ ամեն ինչ միանշանակ լիներ, եւ «դեմոկրատներն» ու «ոստիկանները» նշանակվեին Սահմանադրական դատարանի անդամների պես` ցմահ: Կամ լիներ` ինչպես ազգայնամոլների մոտ. մի կողմում` «բազմաչարչար մեր ազգը», մյուս կողմում` «դարավոր ոսոխը»: Նկատենք, որ երբ «դարավոր ոսոխը» դադարում է դարավոր լինելուց, սկսում է երերալ նաեւ ազգայնականության կառույցը:
Իսկ եթե մի պահ պատկերացնենք, որ կա այդպիսի ատյան, որ բոլորին նշանակում է իրենց տեղերում, որոշում` ով է «բազմաչարչար ընդդիմությունը» եւ «դարավոր իշխանությունը»: Իշխանությունները հենց այդպես էլ վարվում են. ըստ նրանց հիպոթեզի` ՀՀՇ-ն եւ Լ. Տեր-Պետրոսյանը «մեր բազմաչարչար ժողովրդի» «դարավոր եւ ընդմիշտ ոսոխներն են»: Միանշանակ նշանակումներ, իհարկե, կարող է անել միայն Տեր Աստված: Սա լավ գաղափար է որոշ մարդկանց համար. Ա. Գեղամյանը կամ Ս. Սարգսյանը ինտենսիվ կերպով նախընտրական ամիսներին եկեղեցիներում մոմ էին վառում: Գուցե ցանկանում էին, որ Աստծո օգնությամբ ընդդիմությունը մնա «բազմաչարչար», իսկ իշխանությունը` «դարավոր»: Եկեղեցական նոմենկլատուրան չէր էլ թաքցնում իր համակրանքը որոշ թեկնածուների նկատմամբ, ինչը նրանց գոտե պնդում էր: Այստեղից` դեմոկրատների ցասումը եկեղեցականների դեմ: Իրադրությունը` ինչպես մի հրեական առակում:
Րաբբիները նստած մի ինչ-որ աստվածաբանական խնդիր են լուծում: Նրանց մի մասն ասում է, որ ըստ թալմուդի` այսպես է, մյուսները չեն համաձայնում: Չհամաձայնողներից մեկն ասում է, որ եթե ճիշտ են ընդդիմախոսները, թող որ արեւելյան պատը փլվի: Պատը փլվում է: Րաբբին համառում է. եթե ճիշտ են ընդդիմախոսները, թող հյուսիսային պատը փլվի: Պատը փլվում է: Րաբբին շարունակում է համառել՝ թող հարավային պատն էլ փլվի: Ու երբ պատը սկսում է փլվել, րաբբին զայրացած դիմում է Աստծուն: Վերեւից Աստված ծիծաղելով ասում է. «Իմ զավակները չափահաս են դարձել, իրենք առանց Ինձ էլ կարող են որոշում ընդունել»: Այս րաբբին նման է մեր համառ եւ անհաշտ լեւոնական ընդդիմությանը:
Դեմոկրատական ընտրությունը, փաստորեն, չափահաս մարդկանց ընտրություն է, եւ դեմոկրատիան տեղի ունի այն պայմաններում, երբ Աստված չկա:
Իհարկե, դեմոկրատները չէ, որ ստեղծել են «Աստծո բացակայության» իրադրությունը, ընդհակառակը, դեմոկրատական քաղաքականության անհրաժեշտության պահանջը ծագում է, երբ կա այդպիսի բացակայություն: Ոչ ոք, բացի մեզանից, չի «նշանակել» Գ. Ծառուկյանին օլիգարխ, մյուսին` ակադեմիկոս կամ նախարար: Խաչմերուկին կանգնած «գաիշնիկին» նշանակել են, եւ նշանակողներն իշխանություններն են, ուրեմն՝ մենք: Աղքատներին էլ աղքատ են նշանակել իշխանությունները, ուրեմն՝ մենք: Իսկ իշխանություններին նշանակել է կամ Տեր Աստված, եւ աշխատել է Ս. Սարգսյանի մոմ վառելու գործոնը, Աստծո տեղապահ Կաթողիկոսի աղոթքները, կամ` ոչ ոք: Խոսքն այն մասին չէ, որ նրանց համար ոչ-ոք չի քվեարկել: «Գաիշնիկները» կամ «գաիշնիկությունը» որպես իդեալ տեսնողները քվեարկել են, իսկ վարորդները դեմ են եղել:
Ընդգծենք` քանի դեռ չկա հասարակության իսկական բաժանում, իսկական երկատում, կարելի է յոլա գնալ նմանակումով՝ դեմագոգիական պոպուլիզմով: Բայց հենց առաջանում է այդպիսի իրական կոնֆլիկտ, առաջանում է դեմոկրատիայի պահանջ: Սոցիալական բարդ իրադրությունում, ինչպես բաբելոնյան աշտարակաշինությունից հետո, մարդիկ սկսում են խոսել տարբեր լեզուներով: Քանի դեռ հասարակությունը շատ թե քիչ միասնական էր, ընդդիմությունը եւ իշխանությունները շատ թե քիչ «ընդհանուր լեզու» ունեին, ընդդիմադիր մի քանի առաջնորդների համար հույս կար, որ նրանք իշխանությունների հետ, ի վերջո, «ընդհանուր լեզու կգտնեն»: Եվ գտան: Բացի ազնիվներից, ովքեր չուրացան իրենց «լեզուն», իրենց տարբերությունը:
Հենց «լեզուները» շատանում են, նախ՝ իշխանությունները սկսում են հարձակվել նրանց վրա, ովքեր մարդկանց «բերանը լեզու են դրել»` մոռանալով, որ Աստվածն է անիծել «մեկ լեզվի միասնականությունը» եւ ստեղծել «բազմալեզվությունը»: Այլ է հասարակությունը. այն ինքնապահպանության համար ձգտում է լուծել կոնֆլիկտը, «թարգմանչի» պահանջ է զգում: Դեմոկրատիան հենց այդ «թարգմանիչն» է, որի անհրաժեշտությունն առաջանում է, երբ կա «բազմալեզվություն», երբ տարբերությունները՝ տնտեսական, սոցիալական, ցեղային, ազգային եւ այլն, սկսում են կարեւոր դեր խաղալ: Սոցիալական լեզուների տարբերության մասին է հայկական առածը. հարուստն աղքատի ապուրը մանր-մանր է բրթում: Քաղաքական կոնֆլիկտի պայմաններում իշխանության եւ հասարակության նպատակները տարբեր են:
Նկատենք, որ «թարգմանչի» ծառայությունները փող արժեն, դրա համար էլ ասում են, որ աղքատ հասարակությունների համար դեմոկրատիան թանկ հաճույք է: Մենք այդքան աղքատ չենք:
Նշենք, որ շահերի «թարգմանիչը»՝ դեմոկրատիան, չի վերացնում «բազմալեզվությունը»: Ընդհակառակը` այն բազմալեզվության երաշխավորն է, այն գործում է, երբ առկա է գոնե երկու «լեզու»: Այլ դեպքում բոլորը ստիպված պետք է խոսեն մի լեզվով, ասենք՝ «գործող կլանի» լեզվով: Դա իշխանությունների համար լավագույն տարբերակը կլիներ. գլխացավանքը քիչ է:
Սա թույլ է տալիս կրկին հարց տալ. որտե՞ղ է, այնուամենայնիվ, դեմոկրատիան: «Գաիշնիկների՞» մոտ. սա առկա ավտորիտար համակարգի կարծիքն է: Վարորդների՞ մոտ: Բայց առանց ճանապարհատրանսպորտային կանոնների սկսվում է քաոսը, մի իրավիճակ, որը ժամանակակից քաղաքական փիլիսոփայության հիմնադիր Հոբսն անվանում է «բոլորի պատերազմը բոլորի դեմ»՝ քաղաքացիական պատերազմ: Առաջինն էլ է քաղաքացիական պատերազմ, բայց չբացահայտված, հետաձգված պատերազմ, որն, ասենք, պետք է վերսկսվի հունիսի 20-ին կամ մեկ այլ օր: Հոբսն իր «Լեվիաթանում» ասում էր, որ հետաձգված պատերազմը, պատերազմի սպառնալիքը էլի նույն «bellum omnium contra omnes»-ն է՝ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»:
Դեմոկրատիան մեջտեղում է` ավելի մոտ «վարորդներին», իհարկե, քանզի հավասարության իդեալում բոլորն էլ «վարորդ» են, կամ, ինչպես գրվում է ավտոբուսներում, «վարորդը նաեւ հսկիչ է»:
Ի՞նչ վտանգ է սպառնում դեմոկրատիային իշխանություններից: Որ նրանք իրենց լեգիտիմությունը վեր կդասեն օրենքից: Լեգիտիմութունը Հայաստանում պրիմիտիվ սահմանում ունի. այն մեծամասնությունն է՝ ձեւական, թե իրական: Հանրահավաքների մասին ընդունված այլանդակ օրենքը վկայում է, որ հենց այդպես էլ կա. «մեծամասնությունն» իրեն վեր է դասում օրենքից: Դա է վկայում Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե Եվրախորհուրդը Տիզբոն չէ: Տիզբոնը Գալուստ Սահակյանն է, քանզի «լեգիտիմ» է: Վտանգավոր է նրանց «ներդաշնակեցնելու» եւ «միավորելու» քաղաքականությունը. «վարորդների» բողոքը չի անհետանա, եթե «գաիշնիկների» շարքերը համալրեն Արթուր Բաղդասարյանը կամ Արշակ Սադոյանը: Վտանգավոր է, քանզի սա «վարորդների» խնդիրներից խուսափելու «ջայլամային» քաղաքականություն է:
Կա նաեւ այլ վտանգ: Արմատական դեմոկրատիայի տեսաբաններ Շանտալ Մուֆը եւ Էռնեստո Լակլաուն գրում են, որ կա նաեւ «տրամագծորեն մյուս բեւեռից եկող վտանգ, որ այդ բեւեռն անբավարար չափով կհարաբերվի վերոհիշյալ /դեմոկրատական/ միասնությանը»: Նկատենք, որ Լ. Տեր-Պետրոսյանի` «Կոնգրես» հյուրանոցում ունեցած ելույթում զգացվում է այս վտանգի ըմբռնումը. «Հազարամյակի մարտահրավերների» եւ Ղարաբաղյան խնդրի մասին ասվածը դրա վկայությունն են: Խորացնել այդ ըմբռնումը` առանց կորցնելու դեմոկրատական կողմնորոշիչները, համաժողովրդական դեմոկրատական շարժման խնդիրներից է: Ըստ հայտնի սոցիոլոգ Ալեն Տուրենի` «...դեմոկրատիան կարող է հիմնվել միայն կառավարության նկատմամբ երկակի մտահոգությամբ. որ այն երաշխավորում է սոցիալական ինտեգրացիան՝ ստեղծում է միասնականության եւ քաղաքացիականության զգացում եւ ունի հարգանքի զգացողություն սոցիալական միջավայրում գործող հասարակական ուժերի, շահերի եւ կարծիքների բազմազանության հանդեպ («E Pluribus unum» - միասնությունը բազմազանություն է): Պատասխան քայլն իշխանություններինն է, քանզի միայն քաղբանտարկյալների ազատումը կարող է լինել այն անկեղծ ժեստը, որը կապացուցի նրանց նվիրվածությունը դեմոկրատական միասնության՝ «E Pluribus unum» գաղափարին:
Հասարակական միասնությունը բարձրագույն բարիք է հասարակության համար, բայց այդ միասնությունն իրագործելն արգելված է, քանզի այն զրկում է անհատին ընտրությունից: Միասնությունը զրկում է սոցիալական, տնտեսական, մշակութային խմբերին սեփական «լեզվից», սեփական շահերն արտահայտելու եւ պաշտպանելու իրավունքից: Ակնհայտ է, որ ընտանիքը հիմնված է սերնդային եւ սեռական տարբերությունների վրա: Առանց այդ տարբերության զավակը նույնանում է իր ծնողների հետ:
Հասարակական միասնությունն անթույլատրելի է, ինչպես արգելված է ինցեստը՝ զավակի նույնացումը ծնողի հետ: Դեմոկրատական միասնությունը միասնություն է առանց միասնության, բազմազանությունը պահպանող միասնություն:
Ինչպես անհատն է երկատված իր ընտրությամբ, այնպես էլ հասարակությունը չի կարող ունենալ միակ ընտրություն, եւ այդ ընտրությունները պետք է լինեն բաց եւ հնարավոր: Շատերը, ովքեր 1996 թ. ընդդիմություն էին Լ. Տեր-Պետրոսյանին, այսօր աջակցում են նրա կազմակերպած շարժմանը: Նրանք հավատարիմ են մնացել դեմոկրատական շարժմանը, քաղաքական ընտրության բազմազանությանը եւ բացությանը:
Դեմոկրատիան հաշվի է առնում միասնականության անհասանելիությունը` չժխտելով, սակայն, որ միակ ճշմարիտ միասնությունն Աստծո հետ է, բայց հիշելով նաեւ, որ Աստված չկա: Միասնության հաստատումը հանուն «ընդհանուր հասարակական շահի կամ բարիքի»` բարիքը վերածում է չարիքի: Եթե Աստված չկա, Սատանան շտապում է գրավել նրա տեղը: Սա ամբողջատիրության սցենարն է:
Համաձայնելով կոնֆլիկտի, երկատվածության, բազմազանությունը կոնսենսուսի՝ համաձայնության միջոցով լուծելու անհնարինության հետ` մենք ընդունում ենք դեմոկրատական արժեքները, մեր՝ իրար առաջ պարտավորվածության զգացումը, քանզի այդ արժեքները եւ փոխադարձ պարտավորվածության այդ զգացումն է մեզ իսկապես դարձնում հավասար:
Եվ Աստված տա, որ մի օր, շատ մոտ մի օր Հայաստանում լինի «թարգմանչաց», իմա՝ ժողովրդավարության տոն: Այդ օրը մենք կլինենք իսկապես հավասար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել