HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի քանի կաղապար

Մականունավոր մի պատգամավորի հարցազրույցը «Առավոտում» կարդալու ընթացքում հանկարծ իրար կողք շարվեցին այն կաղապարները, որոնք վերջին ինն ամսում հրամցվել են հասարակությանն իբրեւ համաժողովրդական շարժման հակափաստարկներ։

Մեկը հենց մականունավորի ասած «հարամ անելն է»։ Մյուսն ատելությունն է, որով իբր լցված են շարժման անդամները։ Երրորդը «որքան վատ, այնքան լավ» շուտասելուկն է, որ ներկայացվում է որպես շարժման գաղտնի կարգախոս։ Այլ կաղապարներ էլ կան, որոնց չեմ անդրադառնա տեղի եւ ժամանակի սղության պատճառով։

«…հարամել ընտրությունները»

Երկար փնտրտուքից հետո քաղաքագիտական գրականության մեջ հնարավոր չեղավ գտնել նման կատեգորիա։ Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի կողմից օգտագործված եւ բազմիցս կրկնված այս արտահայտությունը խոսում է մեր քաղաքական էլիտայի գավառամտության ու տնայնավարության մասին եւ փաստում նրանց խորն ու անհաղթահարելի անհանդուրժողությունը որեւէ ընդդիմախոսի կամ հակառակորդի նկատմամբ։ Պատկերացնո՞ւմ եք` ֆուտբոլային այս թեժ օրերին մեկնումեկի մտքով անցնի, թե Իսպանիայի հավաքականը մասնակացում է Եվրոպայի առաջնությանը ոչ թե հաղթելու, այլ, ասենք, Ռուսաստանի խաղը կամ ընդհանրապես առաջնությունը հարամ անելու համար։ Քանի որ օրինակը սպորտի ասպարեզից է, հիշեցնեմ նաեւ, որ «հարամ անելու» տոնով խոսում էին սովետական սպորտային մեկնաբանները Արեւմուտք «թռած» սովետահպատակ շախմատիստների մասին։

Եթե Հայաստանում տեղի ունեցողը ոչ թե ընտրություններ են, այլ ուրիշ միջոցառում, պետք է այդպես էլ ասել։ Իսկ եթե ընտրություններ են՝ եվրոպական չափանիշներով, աչալուրջ դիտորդներով ու նմանատիպ աքսեսուարներով, ուրեմն պետք է ընդունել, որ ցանկացած գործիչ (էլ չասեմ՝ ընտրել-ընտրվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի) կարող է տեղից վեր կենալ ու, ընտրապայքարի միջոցների մեջ խտրություն չդնելով (կրկնում եմ՝ ընտրապայքարի), ձգտել հաղթանակի։

«Հարամ անելու» մասին խոսողները ձեռքի հետ հիշում են նաեւ 1996 թվականը, բայց խնամքով շրջանցում այդ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակցի արածը, որը «հարամ» բառին ավելի է սազում, քան դրանից հետո եղած բոլոր ընտրություններին հաջորդած իրավիճակները։ Բայց ես չեմ հիշում, որ այն ժամանակվա իշխանության եւ նրան հարող ուժերի որեւէ ներկայացուցիչ 96-ի ընդդիմության պայքարը պիտակավորեր «հարամ անել» անիմաստ եւ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող արտահայտությամբ։

«…ատելությամբ լցված»

Եթե այս արտահայտությունը փոխարինենք «վճռականությամբ լեցուն» բառերով, ամեն ինչ իսկույն տեղը կընկնի։ Որովհետեւ դուրս գալ պայքարի առանց հաղթանակի հասնելու վճռականության, կնշանակի լինել հակառակորդ ուժի բեմադրած ներկայացման երրորդական-չորրորդական դերակատարը։ Պայքարը լի պիտի լինի վճռականությամբ, հակառակ դեպքում «…ատելությամբ լցված» ասողները կասեն «ծախված», «պայմանավորված», «հաճախորդ» ու նման բաներ։

Անցած տարվա սեպտեմբերից հետո շատերն էին զարմացած, թե Տեր-Պետրոսյանն ինչու՞ այդքան բարձր նոտա վերցրեց ու սկսեց խոսել իշխանության ավազակապետական բուրգը քանդելու մասին։ Ոմանք հենց սա էին համարում «…ատելությամբ լցված» եւ տարակուսած հարցնում, թե արդյոք հնարավո՞ր չէր հանդես գալ ծրագրով, կառուցողական գաղափարներով, ապագայի տեսլականներով։ Բանն այն է, որ եթե չլիներ ավազակապետական բուրգը եւ այն քանդելու անհրաժեշտությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը դժվար թե մտածեր քաղաքականություն վերադառնալու մասին։ Մյուս կողմից՝ եթե նրա ձեւակերպումները «հոգեհարազատ» չլինեին հանրությանը, եթե քաղաքացիներն այդ ձեւակերպումներում տեսնեին կեղծ նոտաներ, դժվար թե լցվեին վճռականությամբ, ինչը սխալմամբ շփոթվում է ատելության հետ։

«…որքան վատ, այնքան լավ»

Այս շուտասելուկը վերծանելու համար պետք է վերադառնալ 2002-ի հունվարյան այն օրը, երբ Եվրոպայի խորհուրդն իր հյուրընկալ դռները բացեց Հայաստանի առջեւ։ Ռոբերտ Քոչարյանն անգլերեն ելույթ ունեցավ Ստրասբուրգում։ Եթե չեմ սխալվում, ելույթն ուղիղ հեռարձակմամբ հաղորդվեց Հայաստանում։ Պատասխանատու լրատվամիջոցները առանձնահատուկ հիացմունքով խոսեցին ԵԽ-ին անդամակցելու նշանակության մասին։ Եվրոպական ընտանիքի անդամ դառնալը ներկայացվեց որպես Քոչարյանի անձնական սխրանք։ Մենք էլ ազգովի ընդունեցինք, որ պետք է ապրենք այդ ընտանիքի կանոններով եւ չփորձենք «հարամ անել» դրանում եղած ավանդույթները։

Ի՞նչ եղավ մեկ տարի անց` փետրվարին, եւ երկու տարի անց` ապրիլին, չարժե մանրամասն անդրադառնալ, քանի որ ունենք ավելի թարմ օրինակներ։ Պետք է միայն պարզել, թե ո՞վ է «վատ»-ի հեղինակը։

Մականունավոր պատգամավորն, ով այսօր խոսում է Տեր-Պետրոսյանի նախապես պլանավորած «հարամ անելու» մասին, փետրվարի 19-ին, օրը ցերեկով, դաժան հաշվեհարդար էր տեսնում ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց հետ։ Պատգամավորը պատժված չէ ու հարցազրույց տալու երեսատեղ ունի։ Եթե այս «վատ»-ը նկատի ունեն շուտասելուկն արտասանողները, ուրեմն որեւէ լավ բանի չարժե սպասել։

Քարոզարշավի ընթացքում իշխանությունների եւ կեղծ ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած զգուշացումները, թե վատ է լինելու, թե կարող է արյուն թափվել, կանխավ պարտադրում էր մրցակցող կողմերի վարքը՝ իշխանություններն ամեն գնով պետք է կեղծեն ընտրությունները, ընդդիմությունը պետք է հանդուրժի։ Եւ այսօր նրանք, ովքեր անընդհատ կրկնում են շուտասելուկը եւ մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատու հայտարարում ընդդիմությանը, նկատի ունեն հենց այս անհադուրժողությունը։

Նրանք չեն էլ հասկանում, որ մարտի 1-ից հետո, երբ ընդդիմությունը գործնականում զրկված է արտահայտվելու հնարավորությունից, շարժումը գոյատեւում է իշխանությունների սխալների կենսահյութով։ Մարտի 1-ի սպանություններից սկսած` մինչեւ Ազատության հրապարակը մանկապարտեզի «հայաթի» վերածելը, միջանկյալ բոլոր անօգուտ գործողությունները (քաղաքական գործիչների հետապնդում, զանգվածային բերման ենթարկումներ, օրենքի անիմաստ փոփոխություններ, ամոթալի դատավարություններ եւ այլն) լիուլի բավարար են մի քանի շարժում պահելու համար։

Իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում Տեր-Պետրոսյանի՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային ուղղած կոչը եւ պատերազմից խուսափելու՝ Ադրբեջանին արած նախազգուշացումն անտեսելը խոսում է այն մասին, որ իշխանությանը սպասարկող գործիչներն իրենք են առաջնորդվում «Որքան լավ, այնքան վատ» սկզբունքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter