HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Անփութություն, որ կյանք արժեցավ

Մայիսի վերջին Արմավիր քաղաքի Երեւանյան խճուղու վրա տեղակայված գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվեց Արեւիկ գյուղի բնակիչ, 35-ամյա Եղիշե Հարությունյանը:

ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան պայթել է հենց լիցքավորման ընթացքում: Ավտոմեքենայի գազի բալոնը չուգունից է, որի օգտագործումը եւ լիցքավորումը արգելված է: Լցակայանի աշխատակիցը մեքենան լիցքավորելու ընթացքում զրուցում էր վարորդի հետ: 

Գազասարքավորումների եւ գազի շահագործման մասնագետ Կառլեն Խաչատրյանն ասաց, որ գազալիցքավորման համար թույլատրելի են միայն երկաթե եւ մեզանում դեռեւս սակավ գործածելի պլաստմասսայե բալոնները: «Պայթյունի դեպքում դրանք չուգունի պես բեկորների չեն վերածվում, հետեւապես մեծ չափի վնաս չեն հասցնում: Մինչդեռ չուգունի բալոնի պայթյունը նռնակի պայթյունի պես է. եթե մոտակայքում մարդիկ լինեն, զոհերն անխուսափելի են: Ճիշտ այնպես, ինչպես եղավ Արմավիրի դեպքում»,- ասաց Կ. Խաչատրյանը:

Գազալիցքավորման սարքի ցուցիչը, որի առավելագույն նիշը 260 ճնշում է` նշագծված կարմիրով, ՎԱԶ 2106-ի լիցքավորման ժամանակ կամ չի աշխատել, կամ աշխատել է, բայց սխալ ցուցմունքով: Սովորաբար այդպես արվում է դիտավորյալ` մի քանի դրամ ավել շահույթ ստանալու նպատակով:

«Եթե այդպես չանենք, լցակայանում աշխատելն անօգուտ կլինի: Ինչպես վաճառողն է գնորդին խաբում կշեռքի մեջ, այնպես էլ մենք` ճնշման մեջ»,- ասաց լցակայանի աշխատակիցներից մեկը` չցանկանալով հրապարակել իր անունը:

Երեւանյան խճուղու լցակայանի դեպքում լցասարքի ցուցիչը գերազանցել է առավելագույն ցուցանիշը, ինչին էլ հետեւել են պայթյունն ու մահը: Փաստի առթիվ Արմավիրի ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 157 հոդվածի հատկանիշներով:
ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանին պատկանող գազալցակայանը տեղակայված է նրա սեփականությունը հանդիսացող ապակե տարաների գործարանին կից:

Ոստիկանության մեր աղբյուրի տեղեկացմամբ` նախաքննությանը պատգամավոր Ն. Գեւորգյանի միջամտությունից հետո գազի շահագործման անվտանգության կանոնների խախտման վարկածը դուրս է եկել շրջանառությունից, ու մնացել է միայն անփութությունը, ինչի համար էլ պատասխան է տալու լցակայանի աշխատակիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter