«Ծննդօգնության պետական հավաստագրի» համակարգը չի ոգեւորում բժիշկներին
Ալավերդու առողջապահության կենտրոնում «Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» բյուջետային ծրագրի շրջանակներում հուլիսի 1-ից մեկնարկելու է «Ծննդօգնության պետական հավաստագրի» համակարգի ներդրման գործընթացը:
Հավաստագրի շրջանառությունը նշանակում է, որ պետությունն այսուհետ իր վրա է վերցնում բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունների ծախսերը: Ալավերդու փողոցներում կատարված մեր հարցումներից պարզվեց, որ կանանց մեծ մասը դեռեւս տեղյակ չէ այս ծրագրին եւ, ինչպես իրենք հայտնեցին, «կյանքում չեն հավատա », որ առանց կաշառքի հնարավոր է նորածին դուրս բերել որեւէ ծննդատնից:
«Ես իմ երեք տղաների ծնվելուց հետո (վերջինը ծնվել է 1991 թ.) յուրաքանչյուրի համար 100 դոլար եմ տվել ծննդատան աշխատողներին, հիմա այդ գները, որքան գիտեմ, շատ ավելի են թանկացել, համոզված եմ, որ շատ երիտասարդ կանայք խուսափում են երեխաներ ունենալ հենց այն պատճառով, որ ի վիճակի չեն վճարել ծննդատան ծախսերը: Հուսով եմ` ծրագիրը կծառայի նպատակին, եւ ծնելիությունը կմեծանա»,- ասում է Ալավերդու ժողթատրոնի դերասանուհի Լիլիթ Երեմյանը:
22-շաբաթյա հղի, Աքորի գյուղի բնակիչ Նազիկ Պողոսյանն ասաց, որ լսել է ծննդօգնության պետական հավաստագրի մասին, հունիսի 16-ին այցելել է կոնսուլտացիայի, սակայն այնտեղ իրեն այդ մասին ոչինչ չեն ասել: 28-շաբաթյա հղի Լուսինե Սիմոնյանն ասաց, որ մի քանի օր առաջ կանանց կոնսուլտացիայի բուժքույրն իրեն տեղեկացրել է, որ պետք է սերտիֆիկատ տրվի ծննդօգնության ծախսերի փոխհատուցման համար: Նրանք երկուսն էլ որոշել են ծննդաբերել Ալավերդու ծննդատանը: Ալավերդու առողջապահության կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, ցույց տալով ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ծննդօգնության պետական հավաստագրի ձեւը, ասաց. «Հավաստագրերը դեռ չենք ստացել, մեկ շաբաթ հետո հավանաբար կսկսվի դրանց բաշխման գործընթացը: Մենք արդեն Թումանյանի տարածաշրջանի եւ Ալավերդի քաղաքի հղիների համար ներկայացրել ենք 550- 600 հավաստագրի պահանջագիր, շատ լավ հասկանում ենք, որ այս հղիները կարող են ծննդաբերել եւ հավաստագրի գումարները մեզնից տանել այլ քաղաքներ, եթե մենք ջանքեր չթափենք հղիների ծննդօգնության որակը եւ բժիշկների նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: Դրա համար մենք մտածում ենք մանկաբարձական բաժանմունքի ընդունարանից մինչեւ ծնունդն ընդունող բժիշկը բարձրացնել աշխատանքների որակը: Մենք արդեն մեր տարածաշրջանի բոլոր համայնքներում անց ենք կացնում հղիների հաշվառում եւ տեղում կազմակերպում ենք նրանց զննությունը, որպեսզի կանայք երկար ճանապարհ չկտրեն Ալավերդի հասնելու համար»:
Ալավերդու առողջապահության կենտրոնի ծննդատան բաժանմունքի վարիչ Ամալյա Ազատյանն էլ ասաց. «Մենք օրենքի նկատմամբ վատ չենք տրամադրված, մանավանդ որ հավաստագրով սահմանված գումարի 80%-ը մնում է միայն բժիշկների աշխատավարձ, սակայն ես կարծում եմ` անարդարացի կլինի միայն բժիշկների աշխատավարձը բարձրացնելը, բուժքույրերը եւ մյուս աշխատողները նույնպես չարչարվում են ծննդօգնության ժամանակ»:
«Երբ որ կստանամ բարձր աշխատավարձ, այն ժամանակ էլ կարծիքս կհայտնեմ օրենքի մասին»,- ասում է ծննդատան գինեկոլոգ Լոռա Սարգսյանը:
Ամալյա Ազատյանը նաեւ նշեց, որ 2008 թ. անցած ամիսներին Ալավերդու ծննդատանը ծնվել է 165 երեխա, նախորդ տարվա համեմատ նորածիների թիվը 45-ով աճել է: Ներկայումս կանանց կոնսուլտացիայում գրանցված են 268 հղիներ: Ըստ բաժանմունքի վարիչ Ա. Ազատյանի` «Բաժանմունքում 2007 թ. գրանցվել են 10-ը, 2008 թ.` երեք մեռելածին երեխաներ»: Ալավերդիում մեծ թիվ են կազմում նաեւ վիժումները:
«34 հղի կանայք գանգատներ են ունեցել, եւ բուժումներ ստանալուց հետո հղիությունը պահպանվել է, 2007-08 թթ. գրանցվել է վիժման 56 դեպք: Սրան նպաստում է նաեւ հղիության արհեստական ընդհատման (աբորտ) համար պետականորեն սահմանված բարձր գինը: Բազմաթիվ կանայք ի վիճակի չեն անցանկալի հղիության ընդհատման համար վճարել սահմանված 12 հազար դրամը եւ հղիությունը փորձում են ընդհատել դեղորայքով: Դեղորայք օգտագործելուց հետո էլ, ովքեր չեն վիժում, ունենում են արատավոր երեխաներ: Ծննդատանը 2007-2008 թթ. ծնվել է 6 արատավոր երեխա, մեկ արատավոր երեխա մահացել է»,- ասաց Ամալյա Ազատյանը: Ալավերդու դեղատներից մեկում մեզ հայտնեցին, որ անցանկալի հղիությունն ընդհատելու համար կանայք առավելապես գնում եւ օգտագործում են «մետոտրեկսատ» դեղորայքը, որն այդ պահին դեղատանը չկար:
Ամալյա Ազատյանն ակնկալում է, որ կառավարությունը մոր եւ մանկան առողջության շահերից ելնելով` միջոցներ կձեռնարկի բաժանմունքներում, բժիշկների հսկողությամբ, ոչ ցանկալի հղիությունները դեղորայքի միջոցով անվճար ընդհատելու համար:
Ալավերդիում ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման խնդիրը դեռեւս նեղ շրջանակներում է քննարկվում: Մարդիկ տեղեկացված չեն, քանի որ դրան չեն անդրադարձել ո՛չ տեղի առողջապահական հիմնարկները, ո՛չ էլ լրատվամիջոցները:
Մեկնաբանել