Անվտանգության հարցերը Հայաստանի բնակչության տեսանկյունից
Ի՞նչն է ամենից շատ մտահոգում այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող մարդկանց, ի՞նչ է նրանց համար իրականում նշանակում «անվտանգության խնդիրներ» կոչվածը, երկրի ո՞ր ուժերին են նրանք համարում իրենց անվտանգության իրական երաշխավորները, եւ հակառակը:
Ովքե՞ր, որ ուժերն ու երկրներն են, որ, նրանց կարծիքով, սպառնում են իրենց, Հայաստանի անվտանգությանն ու կայունությանը, ու՞մ նկատի ունեն նրանք «մեր թշնամին» ասելով, արդյո՞ք մարդիկ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը համարում են սպառնալիք իրենց համար, ո՞ր երկրներում է նրանց կարծիքով Հայաստանի համեմատ ավելի անվտանգ, եւ հակառակը, ավելի վտանգավոր ապրելը, ի՞նչ սպասելիքներ ունեն մարդիկ ապագայում իրենց անվտանգության տեսանկյունից, եւ վերջապես, վստահու՞մ են, արդյոք, նրանք հայաստանյան ԶԼՄ-ների տրամադրած տեղեկատվությանը:
Այս հարցերի շուրջ են եղել Հայաստանի մի շարք բնակիչների հետ մեր զրույցները: Նրանք 30 հոգի են` տարբեր տարիքի, սոցիալական դիրքի, զբաղվածության, տարբեր կրթական մակարդակի, երկրի հեռավոր եւ մայրաքաղաքից ոչ այնքան հեռու բնակավայրերի բնակիչներ: Մարդիկ, ում, կախված իրավիճակից, քաղաքական գործիչներն անվանում են «ժողովուրդ», «հասարակություն», «ազգ», «ընտրազանգված», սոցիոլոգները, հոգեբանները, հասարակագետներն ու այլ մասնագետները` «հետազոտական նյութ», լրագրողները` «պատմության հերոսներ»: Սակայն որոնք, անկախ ամեն ինչից, ունեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին իրենց վերաբերմունքն ու ընկալումները, եւ դրանք կոնկրետ հիմնավորված են այնքանով, որ բխում են իրական, առօրյա կենսագործունեության պայմաններից: Ստորեւ ներկայացվող հարցազրույցները, որտեղ արտացոլված են նրանց կարծիքներն ու գնահատականներն, իհարկե, ունեն նաեւ կոնկրետ հետազոտական արժեք, եւ մենք առաջիկայում ի մի կբերենք ստացված բոլոր արդյունքները:
«Ռեգիոն» կենտրոն
«Սպառնալիքը գործազրկությունն ու հայաթափությունն է»
58-ամյա բուժքույր Համասփյուռ Հարությունյանը երեք օրը մեկ Վայոց Ձորի Արտաբույնք գյուղից գնում է մարզկենտրոն` Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բաժնում հերթապահություն անելու: Կախված հերթապահության օրերի քանակից` նրա ամսական աշխատավարձը կազմում է 30-35 հազար դրամ: Դա միակ եկամուտն է նրա` 7 հոգուց բաղկացած ընտանիքի համար: Նա ասում է, որ իրենց գյուղում հարուստ տնտեսություններ չկան, հողատարածքները փոքր են, եւ գյուղացիները վաճառքի համար բերք չեն ունենում:
«Իմ ընտանիքն այսօր շատ է մտահոգվում մեր բնակարանի վթարային վիճակով: Այն տունը, որտեղ մենք բնակվում ենք, շատ հին է: Տունը սարի լանջին է, եւ ամեն մի ամպրոպի ժամանակ մտածում ենք, որ հեղեղից կքանդվի: Գյուղապետարանն այդ հարցում չի օգնում, դիմել ենք նաեւ մարզպետարան, բայց անօգուտ: Խոստացել են, որ վթարային տների համար ծրագիր է լինելու, բայց դեռ տեղաշարժ չկա: Բացի այդ, ընտանիքիս երիտասարդ անդամները չեն աշխատում` գյուղում ոչ որդուս համար աշխատանք կա, ոչ էլ` հարսիս: Ասում են, որ սոցիալական նպաստ չի հասնում, որովհետեւ ես աշխատանք ունեմ: Չգիտեմ` ինչպես են հաշվել, որ իմ աշխատավարձը բավարար են համարել մեր ընտանիքի համար:
Մեր գյուղից շատ են գնում արտագնա աշխատանքի: Մարդ կա, որ վերադառնում է, մարդ էլ կա, որ այնտեղ նոր ընտանիք է կազմում: Գյուղում վթարային տներ շատ կան: Մարդիկ հնարավորություն չունեն վերանորոգելու: Տների մեծ մասը շատ հին Է, եւ բոլորն անհամբեր սպասում են, թե ի՞նչ է լինելու այդ խնդրի հետ: Նոր տներ մեր գյուղում չեն կառուցվում: Ամեն մեկն անասնապահությամբ եւ փոքր հողակտորով է ապրում: Տասից մեկը, իրեն զրկելով, հորթ է մեծացնում, որ վաճառի, գումար ունենա: Մեծ տնտեսություններ գյուղում չկան, հեռանկար էլ չկա:
Երբ երեխաներս փորք էին, շատ չէի նեղվում, մտածում էի, որ կմեծանան, գուցե գալիք օրն ավելի լուսավոր կլինի, բայց հիմա արդեն մեծ են, իրենք էլ երեխաներ ունեն, բայց դժվարություններն ու հոգսերն ավելի են ծանրացել: Տղաս ամբողջ օրը պետք է նստի սպասի, որ ես իմ աշխատավարձը տուն տանեմ: Ինչքան ցավալի է դա եւ իմ, եւ նրա համար:
Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը երիտասարդների գործազրկությունն է: Մեր գյուղում սովետական կարգերի ժամանակ ռադիոէլեկտրոնային սարքերի գործարանի երկու մասնաճյուղ կար` մեկը գյուղի վերեւում, մյուսը` ներքեւում, բոլոր երիտասարդներն այնտեղ գործ ունեին: Երեք հերթափոխով էր աշխատում այդ գործարանը, եւ ոչ ոք պարապ չէր: Հիմա գործարանի շենքը կա, բայց քանդվում է: Ամեն նախընտրական քարոզարշավների ժամանակ գալիս խոստանում են գործարան բացել, մասնաճյուղ բերել, բայց այդ բոլորը մնում է այդ օրվա օդի մեջ: Ոչ մի լավ փոփոխություն չկա գյուղում: Հայաստանի ամենամեծ սպառնալիքը գործազրկությունն ու հայաթափությունն է: Մեկը մյուսի հետ կապված է: Երեւի ուրիշ խնդիրներ էլ կան, բայց առավել ցայտունը դա է:
Ներքին անապահովությունն ինձ ավելի մեծ սպառնալիք է թվում, քան Ադրբեջանը կամ Թուրքիան: Եթե ներսում մարդիկ իրենց անվտանգ զգան, դրսից ոչ ոք չի կարող վտանգ ներկայացնել: Իսկ ներսում մարդիկ միացած չեն, պառակտված են, որովհետեւ կան շատ աղքատներ եւ շատ հարուստներ: Ես իմ ընտանիքի օրինակով կարող եմ ասել, որ չեմ տեսնում, թե մեր իշխանությունը մտահոգված է իր երկրի ապագայով, երիտասարդությունով, ժողովրդով:
Հայաստանի անվտանգությունն ի զորու են ապահովել իշխանությունները, եթե ցանկանան: Կոնկրետ չեմ կարող ասել, թե ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն ինչո՞վ է խանգարում, բայց որ լուծված չէ, վատ է:
Ես մտածում եմ, որ եթե մարդիկ գնում են Եվրոպա կամ Ռուսաստան, ուրեմն այնտեղ իրենց ապահով են զգում: Իմ աղջկա ընտանիքն արդեն 7 տարի Խաբարովսկում է ապրում եւ վերադառնալու մտադրություն չունեն: Հայաստանի համեմատ ավելի վտանգավոր է այն երկրներում, որտեղ պատերազմ կա:
«Մեր թշնամին» արտահայտության բովանդակությունը մանրամասնելիս, օրինակ, առաջինը մտքիս ադրբեջանցիներն են գալիս, բայց հետո հասկանում եմ, որ ժամանակին լավ ենք ապրել այդ ազգի հետ: Հիմա իրադարձությունների բերումով ենք թշնամի կոչվում: Այդպես է ստացվել: Ուրիշ թշնամի չգիտեմ:
Ապագայում անվտանգության եւ վաղվա օրվա երաշխիքի առումով ես մտածում եմ, որ լավ կլինի, բայց հիմքեր չունեմ այդպես մտածելու, պարզապես լավատես եմ:
ԶԼՄ- ներն ինչ ուզում են ասեն` ես ինքս էլ շատ լավ տեսնում եմ, թե ինչ է կատարվում: Լրատվամիջոցնե՞րն ինձ պիտի ասեն, թե ես ոնց եմ ապրում: ԶԼՄ-ներն ավելի շատ ծախված են, քան արդար»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել