HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աղցանի նման ազգ ենք դառնում»

«Ինձ շատ անհանգստացնում է ապագան, վաղվա օրը: Հատկապես երեխաներիս համար եմ շատ անհանգիստ: Չեմ կարող վստահ լինել իմ երեխաների ապագայի համար, եթե արդեն հեռուստատեսությամբ էլ ուժ ու բռնություն են քարոզում: Երեխաներս դեռ դպրոցական են, բայց շուտով այլ պահանջներ կունենան` կապված ուսման եւ այլ խնդիրների հետ: Մտահոգությունս այն է, թե ես իմ կարողություններով կկարողանա՞մ, արդյոք, լուծել նրանց հետագա ուսման խնդիրները կամ բավարարել ընտանիքիս մյուս պահանջները:

Ես կարծում եմ, որ Հայաստանի ամենամեծ խնդիրն է, որ մենք չենք ճանաչում ինքներս մեզ: Մենք չունենք մեր դեմքը կամ արդեն կորցրել ենք: Մի բան մի ազգից ենք վերցնում, մի բան` ուրիշից կրկնօրինակում: Աղցանի նման ազգ ենք դառնում: Ես չեմ տեսնում, որ որոշակի ինքնավստահությամբ ենք ներկայանում ուրիշներին: Իսկ ազգային մենթալիտետի մեջ ամենաբացասական կողմերը օտարապաշտությունն ու անբարոյականությունն է:

Սպառնալիքը գալիս է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այլ մեր ժողովրդի մտածելակերպից, մեզանից: Մենք սիրում ենք օտարին եւ սիրում ենք բռնություն: Հայը սիրում է օրենք շրջանցել, ստեղծագործական ողջ տաղանդը ներդնել, որ օրենքը խախտի ու շահ ստանա: Ուզում ենք եվրոպական երկիր դառնալ, բայց մենթալիտետով խիստ ասիական ազգ ենք:

Ես կուզեի, որ Հայաստանի անվտանգությունն ապահովեն ներքին բոլոր ուժերը` եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, բայց քանի որ այդպես չէ, հաշվի առնելով մեր ժողովրդի մենթալիտետը, պետք է ասեմ, որ նախագահն է ի զորու ապահովելու երկրի անվտանգությունը: Բոլորը նրան են նայում եւ նրանից որոշում սպասում: Հետո նաեւ սպասում ենք` դրսի ուժերը մեզ ի՞նչ կասեն, սպասում ենք, թե ի՞նչ կասի Պուտինը կամ Բուշը: Գործող նախագահը, որպես քաղաքական գործիչ, մեծ ուժ է ներկայացնում, բայց այս պահին դեռ չեմ կարող հստակ ասել` արդյոք նա ի զորու՞ է ապահովել երկրի անվտանգությունը, թե ոչ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն, այո, ազդում է մեր անվտանգության վրա: Այն ոչ միայն պատերազմի սպառնալիք է ստեղծում, այլ նաեւ խոչընդոտում է հարեւանների եւ մուսուլմանական աշխարհի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն:

Հայաստանը թվում է ապահով, որովհետեւ մեր հայրենիքն է, մեր տունը, բայց անվտանգության առումով ապահով չէ: Թեպետ, հավանաբար, միայն այստեղ չէ անապահով, այլ ամբողջ աշխարհում, չնայած բացի Թալինից` ուրիշ ոչ մի տեղ չեմ ապրել:

Թշնամուն մեր մեջ պետք է փնտրենք: Մեր դժբախտությունների եւ անհաջողությունների մեղավորը միայն մենք ենք: Ապագայի առումով լավատես եմ, եթե ամեն մեկն իր ոլորտում բարեխղճորեն աշխատի, ամեն ինչ լավ կլինի:

Ոչ, ես ոչ միայն չեմ վստահում լրատվությանը, այլ ընդհանրապես դժգոհ եմ նրանց գործունեությունից: Երբեմն ակնհայտ ստեր են ասում, ինձ համար սա շատ վիրավորական է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter