HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Սողանքները Տավուշում սպառնում են մարդկանց կյանքին եւ ունեցվածքին

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում 50 տուն փլուզման վտանգի տակ է: Հերթական սողանքը հերթական անհանգստությունն է պատճառել համայնքի բնակիչներին` նրանց մի մասին դուրս բերելով փողոց. ընտանիքներ կան, որ գիշերն անցկացնում են դրսում:

Աչաջուրում սողանքները սկսվեցին 1988-ի երկրաշարժից հետո: Դրանց հետեւանքով ամենից շատ տուժել են «Գետի յալ» թաղամասի 7 տներ:

Տարիներ առաջ հարցն այն աստիճան սրվեց, որ 1996 թ. կառավարությունը թիվ 407 որոշմամբ 165 մլն դրամ հատկացրեց սողանքի հետեւանքով տուժած ընտանիքներին փոխհատուցելու նպատակով: Բայց գումարը նպատակին չծառայեց, որովհետեւ գյուղապետ Տաթեւ Գասպարյանը 80 մլն դրամն իր տեղակալի հետ յուրացրեց եւ պատասխանատվության ենթարկվեց դատարանի կողմից: Կալանավայրում, սակայն, գյուղապետ Տ. Գասպարյանը պատիժն ամբողջությամբ չկրեց. 6 ամիս անց ազատ արձակվեց:

Համայնքապետի պաշտոնեական դիրքի չարաշահումից տուժեցին բնակիչները. մնացած 85 միլիոն դրամը կառավարությունը ետ վերցրեց` գյուղացիներին մինչ օրս թողնելով իրենց կիսափուլ տներում:

Գյուղում այն կարծիքին են, թե ներկայիս համայնքապետ Պավլիկ Ղաթաղջյանը «վերեւներին հաճոյանալու համար» չի ուզում նրանց անհանգստություն պատճառել: «Խնդիրը ծայրաստիճան լարված է, մարդիկ իրենց տներում հանգիստ քնել չեն կարողանում, հարցը լուծելը մեծ գումարների հետ է կապված»,- մեզ փոխանցեց համայնքապետը:

Որեւէ ղեկավարի հետ այլեւս հույս չկապելով` աչաջուրցիները փորձում են իրենց փլուզվող տների կյանքը երկարացնել սեփական հնարավորություններով: Սուսաննա Եգանյանի բազմանդամ ընտանիքը` 3 տարեկան եւ 2 ամսական թոռներով, ապրում է մաս-մաս եղած տան մեջ: «15 տարի տուն ենք կառուցել, որ ծածկ ունենանք, ապահով ապրենք: Իսկ հիմա, երբ պետք է վայելենք տուն ունենալու հաճույքը, անտարբեր հայացքների առաջ սողանքի բաժին ենք դառնում: Տուն ենք սարքել, որ երեխաներին դրսում մեծացնե՞նք»,- ասաց տիկին Սուսաննան:

Աշխեն Աթաբեկյանը կորցրել է ապրուստի միակ միջոցը. հարեւանի տունը փուլ է եկել իր տան ու գոմի վրա` միակ կովը սատկել է: «Ես հողի մարդ եմ, ու՞ր փախչեմ, որ կարողանամ ապրել: Ուրդս-յուրդս թողնեմ` ու՞ր գնամ»,- ասաց նա: Իսկ 96-ամյա Աղավնյակ Հովհաննիսյանը մի ցանկություն ունի` իր տանից թաղվի. «Վայթե չհասցնեմ տնից գերեզման գնալ, ավելի շուտ տունս ինձ տակով կանի»,- ասաց ծեր կինը:

Սեփական տանիքի տակ ապրելուց երկյուղած աչաջուցիները չեն հերքում, որ իրենցով ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են: «Բայց ի՞նչ...գալիս են, տեսնում, մի երկու բառ ասում ու գնում, թե` պիտի գան, որ մատիդ փուշը հանեն: Մինչեւ ե՞րբ էդպես...»,- նեղսրտեց տիկին Սուսաննան` ցույց տալով իր տան ահռելի ճեղքերը:

Աչաջրի սողանքի խնդրին տեղյակ է Քաղաքաշինության նախարարությունը: Նախարարության լրատվական ծառայության ղեկավար Բաղդասար Մհերյանի փոխանցմամբ` Տավուշի մարզի համապատասխան տեսչությանը հանձնարարվել է հարցը համակողմանիորեն ուսումնասիրել: Ըստ Բ. Մհերյանի` եթե կառավարությունը միջոցներ տրամադրի, համաձայն նախապես հաշվարկված վնասի չափերի` առավել վտանգավոր գոտում հայտնված ընտանիքներին փոխհատուցում կտրվի: «Բայց առաջնայնության խնդիր կա. համայնք կա, որ ամբողջությամբ սողանքի վրա է, նախ այդ գյուղը պետք է փրկել»,- ասաց լրատվական ծառայության ղեկավարը:

Աչաջուրում սողանքից տուժել է նաեւ Մակարավանքը: Ավազի եւ ջրի շարունակական հոսքը վնաս է հասցրել վանքի հիմքին: Մայր Աթոռի ծրագրերի տնօրեն Մերի Դանիելյանն ասաց, որ Մակարավանքը, որպես պատմամշակութային արժեք, նաեւ պետության պահպանության տակ է. «Թող մի բան էլ պետությունն անի»,- ասաց նա: Ըստ տիկին Դանիելյանի` դեռեւս 89-90 թթ. գերմանական մի ընկերություն հանձն էր առել Մակարավանքի նորոգումը. «Նույնիսկ եկան, ուսումնասիրեցին, վերակառուցելու վճռականությամբ գնացին, որ գան, բայց երկրի վիճակը խառնվեց, եւ ծրագիրը մնաց անկատար»:

Թեեւ Մակարավանքը փլուզվում է, բայց վանք տանող ճանապարհը կարգի է բերվում. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով վերանորոգվում է Աչաջրից Մակարավանք տանող ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter