HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհրաժեշտ դադար - 2

Ինչու՞ չի կարողանում Սարգսյանը

Որքան մոտենում էր Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը, այնքան ավելի ակտուալ էր դառնում «սերնդափոխությունը» կամ, ինչպես ասում են, իշխանության վերարտադրությունը ճիշտ կազմակերպելու հարցը։

Իշխանությունը պետք էր փոխանցել մի մարդու, ով չէր փորձի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ձախողումները բարդել նախորդի վրա, ով նեղն ընկնելիս չէր մտածի հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ բազմաթիվ այլ ապօրինությունների բացահայտմամբ շեղել հասարակության ուշադրությունն օրվա խնդիրներից։ Բացի այդ, ապագա նախագահը պետք է համաձայն լիներ նոր կառավարության մեջ նախկին նախագահի ակտիվ դերակատարությանը։

Այսինքն՝ Քոչարյանը յուրովի նախագծում էր Պուտինի սցենարը՝ նախագահը՝ վարչապետ, վարչապետը՝ նախագահ, ինչը հնարավորություն կտար առնվազն քսան տարով պահպանել իշխանությունը։

Թեեւ տարբեր ժամանակներում շրջանառության մեջ կային տարբեր անուններ (Արթուր Բաղդասարյան, Վարդան Օսկանյան, Դավիթ Հարությունյան), բայց ամենահավանականը Սերժ Սարգսյանն էր։ Բացարձակ վստահություն կարող էր վայելել միայն երբեմնի զինակիցը, ով կարեւոր դերակատարություն էր ունեցել նաեւ 98-ի հեղաշրջման մեջ, ով իր կողքին էր եղել հոկտեմբերի 27-ին հաջորդած դժվարին ժամանակաշրջանում, ով 2003-ին անձամբ էր ղեկավարել իր վերընտրության շտաբը՝ զանգվածային ընտրակեղծիքները բարդելով հայ ժողովրդի մտակերտվածքի վրա։

Սերժ Սարգսյանը 2006-ի աշնանն արդեն սկսել էր նախապատրաստական աշխատանքը՝ աչքի առաջ ունենալով երկու կարեւոր հանգամանք։ Առաջինը նախորդ նախագահական ընտրությունից եւ հատկապես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո միջազգային հանրության դրսեւորած խրախուսիչ անտարբերությունն էր։ Երկրորդը՝ ընդդիմության անկազմակերպ ու մասնատված վիճակը։

Այս պայմաններում դեպի նախագահական «մարշ բրոսոկ» կազմակերպելն առանձնահատուկ դժվարություն չէր ներկայացնում։ Նախ՝ 2007-ի մայիսին պետք էր գրավել Ազգային ժողովը՝ քաղաքական գործընթացներից դուրս թողնելով անվանական ընդդիմությանը, հետո տեխնիկապես լուծել նախագահ դառնալու հարցը։ Դրա համար պետք էր կցվել Հանրապետական կուսակցությանը, որը 1999-ից սկսած մշտապես գերակշռող դեր ուներ խորհրդարանում։

Քոչարյանը, ով Աժ-ին միշտ վերաբերվել էր որպես նախագահական ընտրությունների շանթարգելի, այս անգամ փոխել էր վերաբերմունքը։ Նա հասկանում էր, որ նախագահականին նախորդող ԱԺ ընտրությունները որոշիչ են լինելու թե՛ ժառանգորդի, եւ թե՛ անձամբ իր համար։ Քաղաքականությունն առանձնացնելով ընկերությունից եւ դրանից բխող վստահությունից՝ Քոչարյանն ուզում էր սեփական հենարան ունենալ, ինչն անխուսափելի կդարձներ վարչապետի՝ Սահմանադրության փոփոխություններով ընդլայնված լիազորությունների ստանձնումը։ Ի հակակշիռ Հանրապետականի՝ նա ԱԺ-ում ուզում էր ունենալ նոր ստեղծվող «Բարգավաճ Հայաստանի» եւ հինավուրց Հայ հեղափոխական դաշնակցության ձայները։

Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահվանից հետո ՀՀԿ-ի նախագահությունը միանձնյա ստանձնելով եւ վարչապետի պաշտոնը ստանալով՝ Սարգսյանը ձախողեց (գուցե նախապես փոխհամաձայնեցված) պլանը, ինչի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ իր անդամների՝ պաշտոնապես հայտարարված թվի կեսի չափ ձայներ։ Հակակշիռների մեխանիզմ չստեղծվեց, փոխարենը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կնքվեց կոալիցիոն համաձայնագիր։ Նորընտիր ԱԺ-ում ընդդիմությանը ներկայացնում էին «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները, որոնք միասին ունեին ընդհանուր ձայների մոտ տասը տոկոսը։

Սերժ Սարգսյանն ուներ հզոր կուսակցություն, ամուր կոալիցիա, կար վարչական անսպառ ռեսուրս, մնում էր սահուն անցում կատարել կառավարությունից դեպի նախագահական, ստանալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի օրհնությունն ու կառավարել երկիրը, որը, չնայած վիճակագրական «փայլուն» տվյաներին, ընկղմված էր աղքատության, գործազրկության, կոռուպցիայի եւ այլ նմանատիպ բաների մեջ։

Մայիսյան ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի խնդիրը գործող նախագահն էր, ում կարելի էր առաջարկել փոխզիջման տարբերակներ։ Քոչարյանն էլ դեմ չէր փոխզիջումներին, բայց` թելադրողի կարգավիճակով։ Ու քանի որ չէր ապահովվել իր քաղաքական գերազանցությունը, նա բծախնդրորեն համախմբում էր ուժային ռեսուրսները։ Պայքարը բավական լարված էր, բայց խաղաղ հանգուցալուծում կունենար, եթե անսպասելի «քարանձավից» դուրս չգար մեկն ու չխառներ բոլոր քարտերը։

Եթե մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթն Ազգային ժողովը համարվում էր ամուր հենարան եւ հաղթանակի երաշխիք, ապա դրանից հետո այն պիտի վերածվեր գլխացավանքի։ Քոչարյանն ու Սարգսյանն անձամբ կամ պատգամավորների, քաղաքական գործիչների ու լրագրողների շուրթերով բազմիցս հասկացնում էին Տեր-Պետրոսյանին, որ խորհրդարանական մեծամասնությունն արդեն կանխորոշել է ընտրությունների ելքը, բայց առաջին նախագահը, մեծ նշանակություն չտալով դրան, պատրաստակամություն էր հայտնում աշխատել գոյություն ունեցող ԱԺ-ի հետ։

Իշխանությունն ազատ, արդար, թափանցիկ, մի խոսքով՝ անկեղծ ընտրություն չէր կարող անցկացնել։ Պետք էր գործի դնել ռեպրեսիվ մեքենան, լիովին վերահսկելի լրատվամիջոցներն ու «հաճախորդ» քաղաքական ուժերին՝ Տեր-Պետրոսյանի օր-օրի թափ հավաքող ընթացքը կասեցնելու համար։ Միջազգային հանրության ավանդական անտարբերությունից խրախուսված՝ Քոչարյանն ու Սարգսյանն անում էին ամեն ինչ Հայաստանում «ընտրությունները» բացառելու համար։ Կար նախապես մշակված սցենար, համաձայն որի Տեր-Պետրոսյանը պետք է զբաղեցներ չորրորդ տեղը՝ ՕԵԿ-ից եւ ՀՅԴ-ից հետո, որպեսզի բացառվեին հետընտրական զարգացումները, բայց ինչպես այդ, այնպես էլ մյուս սցենարները իշխանության աչքի առաջ փլուզվում էին։ Հետընտրական զարգացումները հնարավոր չեղավ բացառել։

Մի քիչ հետ գնալով՝ պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակցի ընդդիմախոսը ոչ թե ինքը Սերժ Սարգսյանն էր, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Դա առաջին հայացքից անբնական էր։ Հեռացող նախագահի ինչի՞ն էր պետք նախագահության թեկնածուներից մեկի հետ բանավիճելը կամ նրան վարկաբեկելը։ Մարտի 1-ի իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ Տեր-Պետրոսյանը դուրս էր եկել ոչ թե իր հիմնական ախոյանի դեմ պայքարելու, այլ նախաձեռնել էր լայնածավալ արշավանք ընդդեմ Քոչարյանի ստեղծած համակարգի։ Եւ համակարգն անխաթար պահելու խնդիրը ոչ թե ժառանգորդինն էր, այլ ժառանգողինը։

Ի՞նչ կարողացավ անել Տեր-Պետրոսյանն իր նախընտրական պայքարով։ Առաջին՝ հստակեցրեց ընդդիմադիր դաշտը՝ զատելով այն իշխանության «հաճախորդներից»։ Երկրորդ՝ ձախողեց Քոչարյանի «պուտինյան» պլանը՝ թույլ չտալով, որ նախկին նախագահը դառնա ապագա վարչապետ։ Երրորդ՝ Սերժ Սարգսյանի համար ստեղծեց անելանելի վիճակ, որից անվնաս դուրս գալու համար նա պետք է ընտրի իր հավանական զոհերին։

Մեկ տարի առաջ հաղթարշավով դեպի նախագահական պալատ սլացող Սարգսյանի համար սա աննախանձելի դրություն է։ Ի՞նչ անել։ Զոհել Քոչարյանի՞ն։ Նոր նախագահը դա անել չի կարող մի քանի պատճառով։ Առաջինը կապված է մարդկային եւ բարոյական խնդիրների հետ, երկրորդն ուժերի անհավասարությունն է։ Զոհել Քոչարյանին` կնշանակի գլխատել իշխանական բուրգը, որի մասնիկները բնազդաբար իրենց ապահովությունը կապում են ոչ թե Սարգսյանի, այլ բուրգի ճարտարապետի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այսինքն՝ եթե մի պահ պատկերացնենք, որ չկան մարդկային, բարոյական խնդիրներ, բուրգի մասնիկները պարզապես թույլ չեն տա զոհել Քոչարյանին։

Զոհել մեկ տարի առաջ «ազատ, արդար ու թափանցիկ» կերպով ընտրված Ազգային ժողո՞վը։ Սա էլ պատկերացնելու բան չէ, քանի որ զոհել` կնշանակի համաձայնել իսկապես ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնելուն, ինչի հետեւանքով կառավարող կոալիցիայի մաս կազմող կուսակցություններից առնվազն երկուսը կարող են դուրս մնալ առհասարակ, իսկ մյուս երկուսը` դառնալ պառլամենտական փոքրամասնություն։ Ոչ մի անհատ պատգամավոր, ոչ մի կուսակցություն թույլ չի տա այս զոհաբերությունը հենց միայն այն պատճառով, որ մեկ տարի առաջ ԱԺ մտնելու համար ծախսել է ահռելի նյութական միջոցներ։

Զոհել օլիգարխների՞ն, թաղային ու քրեական հեղինակությունների՞ն։ Գուցե։ Բայց այդ դեպքում ինչի՞ վրա պիտի հենվի իշխանական բուրգը, չէ՞ որ բոլոր մակարդակների բոլոր ընտրություններն ապացուցում են, որ եթե իշխանական բուրգի ճարտարապետը Քոչարյանն է, ապա շինարարները վերը նշված ուժերն են, որոնք «սեւ» ծառայությունները մատուցում են ոչ սիրուց ու նվիրվածությունից դրդված, այլ անձնական շահի հետեւողական հետապնդմամբ։

Ըստ էության, ստեղծվել է մի իրադրություն, երբ իշխանական բուրգը դուրս է եկել Սերժ Սարգսյանի դեմ եւ թույլ չի տալիս կառավարել։ Այս վիճակում հրաժարականն էլ ինքնասպանության պես մի բան կլինի։ Համաժողովրդական շարժման վերջին հայտարարություններից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը պատրաստ է դաշնակցել Սերժ Սարգսյանի հետ իշխանական բուրգի դեմ մղվող դաժան պայքարում։ Բայց ընդդիմության պարզած ձեռքը սեղմելու համար Սարգսյանից պահանջվում է բավականաչափ կամք եւ համարձակություն։

Վերջաբան

Մարտի 1-ին զոհվել է Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացի։ Երեւանի կենտրոնում այդ զոհերն ունեցել ենք, որովհետեւ.

-տասը տարի շարունակ մրցակցելու փոխարեն Քոչարյանն ամեն ինչ արել է ընդդիմությանը ոչնչացնելու համար,
-ժողովրդի հետ անկեղծ խոսելու փոխարեն Քոչարյանն ամեն ինչ արել է լրատվամիջոցները հսկողությունից դուրս չթողնելու համար,
-պետության պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն ամեն ինչ արել է ուժն ու հարստությունը կենտրոնացնելու համար,
-դադարի անհրաժեշտությունը գիտակցելու փոխարեն ամեն ինչ արել է իր ներկայությունը երկրի ու ժողովրդի կյանքում հավերժացնելու համար։

Մինչդեռ ճիշտ պահին առնված դադարը կարող էր այլ ելք ու այլ ճանապարհ նշել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter