Տիգրան Սարգսյան. «ՀՀ-ում բարեփոխումներին խոչընդոտող թիվ մեկ խնդիրը կաշառակերությունն է»
Հունիսի 27-ին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին:
«Հիշո՞ւմ եք, հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում կա հստակ թեզ այն մասին, որ կառավարության կողմից մատուցվող ծառայությունները պետք է լինեն որակյալ, մրցունակ, հասանելի մեր բոլոր քաղաքացիների համար: Հիմնականում պետությունից դժգոհությունը մեր քաղաքացիների մոտ ձեւավորվում է հենց այդ դաշտում, երբ պետությունը քաղաքացիներին մատուցում է անորակ, ոչ ժամանակին ծառայություններ, ստեղծում է մեր քաղաքացիների համար խնդիրներ, եւ արդյունքում մենք ստանում ենք լուրջ դժգոհություն ու անվստահություն կառավարության նկատմամբ: Հանձնարարականը, որ տրվել էր բոլոր նախարարություններին եւ գերատեսչություններին, կայանում էր հետեւյալում` մենք ձեզ հետ միասին պետք է գույքագրման ենթարկենք այն ծառայությունները, որ մատուցում ենք մեր քաղաքացիներին եւ դիտարկենք` որքանո՞վ են այդ ծառայությունները որակյալ: Պարբերաբար կառավարության նիստերում մենք պետք է անդրադառնանք այս խնդիրներին: Ամենակարեւոր ոլորտը, որտեղ մենք մատուցում ենք ծառայություն` հարկային եւ մաքսային վարչարարությունն է, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ շփվում են անմիջականորեն պետության հետ, եւ այս բնագավառում մենք սկսել ենք լայնածավալ բարեփոխումներ: Դեռեւս առաջին քայլերն ենք կատարում, եւ ես ուզում եմ ձեզ հաշվետվություն տալ այդ աշխատանքների մասին: Գիտեք, որ ստեղծվել է Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ, որը ես անձամբ եմ ղեկավարում: Այս խորհրդի կողմից հաստատված են համալիր ծրագրեր, որոնք տեղակայված են մաքսային եւ հարկային ծառայությունների կայքերում: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի դուք եւ մեր քաղաքացիները մշտապես հետեւեն այդ միջոցառումներին` որքանո՞վ ենք մենք հետեւողական, ամբողջ ծավալով այդ միջոցառումներն իրականացնում: Մենք շաբաթական ունենում ենք առնվազն երեք նիստ, որի ընթացքում քննարկվում են բոլոր կուտակված խնդիրները: Ընդ որում, իմ կողմից տրված է հանձնարարություն ե՛ւ մաքսային, ե՛ւ հարկային ծառայությունների ղեկավարներին, որ բոլոր բացահայտված խախտումների դեպքերը պետք է զեկուցվեն հանձնաժողովում: Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է տեղյակ լինեն այն պրոբլեմներից, որ այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում: Ցանկացած միջնորդություն` ցանկացած պաշտոնատար անձի կողմից դառնում է մեր հանձնաժողովի քննարկման առարկան: Իհարկե, մենք դեռեւս չենք հրապարակում այն մարդկանց անունները եւ ազգանունները, ովքեր փորձում են ճնշումներ գործադրել հարկային եւ մաքսային ծառայությունների վրա: Չենք հրապարակում, որովհետեւ գործում է անմեղության կանխավարկածը: Բայց պատրաստում ենք օրենսդրական փաթեթ, որի նպատակն է լինելու ապահովել հրապարակայնությունը այս ոլորտում, մասնավորապես` պատժամիջոցների մասին մենք հրապարակավ տեղեկատվություն ենք տալու հանրությանը, թե ո՞ր ոլորտում ի՞նչ խախտումներ են եղել: Կոնկրետ խախտումներ թույլ տվողների անուն ազգանունները հրապարակվելու են, նաեւ` պատժամիջոցները, որ կիրառում ենք այդ մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտություն կա, որպեսզի բոլոր նախարարությունները եւ գերատեսչություններն աջակցեն հարկային եւ մաքսային ծառայություններին, թույլ չտան, որպեսզի իրենց ենթակայության տակ աշխատող պաշտոնատար անձինք չարաշահեն պաշտոնական դիրքը: Դուք բոլորդ էլ տեղյակ եք, թե ովքեր են ձեր ոլորտում զբաղվում բիզնեսով, եւ այդ մարդկանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, որ իրավունք չունեն միջամտել հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատանքներին: Ձեզնից` բոլոր նախարարներից շատ բան է կախված, որ մենք այս ոլորտում ունենանք հաջողություն:
Ցավոք, պետք է արձանագրենք, որ մենք այսօր չենք վայելում բիզնես միջավայրի վստահությունը: Բիզնեսի ներկայացուցիչների հետ մեր հանդիպման ժամանակ նրանք հրապարակավ, հեռուստատեսությամբ հայտարարեցին դրա մասին, ասացին, որ` այո՛, դեռեւս չկա վստահություն, որ պետությունը լինելու է հետեւողական, որ չի նահանջելու, որ այն սկզբունքները, որոնք դրված են այդ ծրագրերում, ի կատար են ածվելու ամբողջությամբ: Իհարկե, դա լավ երեւույթ չէ, որ մեզ չեն վստահում, բայց դրական շարժ է, որ նրանք անկաշկանդ, համարձակորեն դրա մասին հայտարարում են: Միայն մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք այդտեղ ունենալ լուրջ փոփոխություններ: Դեռեւս այդ փոփոխությունները չկան, եւ այդ անվստահության համար կան օբյեկտիվ պատճառներ. մեկ օրվա ընթացքում այն ավանդույթները, որ ձեւավորվել էին հարկային եւ մաքսային ծառայություններում, մենք չենք կարողանա վերացնել: Մենք ունենք հազարավոր կաշառակերներ, ընդ որում` պրոբլեմը կայանում է նրանում, որ այս հազարավոր կաշառակերներին երբ փոխում ենք, երաշխավորված չենք, որ եկողները նույն ավանդույթները չեն շարունակելու: Եթե մենք հարկային տեսչությունում ունենք երկու հազար հարկ հավաքող, ունենք երկու հարյուր հազար մարդ, որոնք երազում են այդ պաշտոնները զբաղեցնել: Բայց ո՛չ նրա համար, որ նրանք պատրաստ են ազնիվ ծառայել պետությանը, այլ` որովհետեւ տեսնում են հնարավորություն արագ հարստանալու: Այսինքն, սա նշանակում է, որ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ, որ անկախ նրանից, թե ինչ երիտասարդ աշխատակիցներ ներգրավված կլինեն այդ աշխատանքներում` բացառվի հնարավորությունը չարաշահելու պաշտոնական դիրքը: Իհարկե, չափազանց կարեւոր է բարոյահոգեբանական մթնոլորտը, որպեսզի կաշառակերությունը դատապարտվի, որպեսզի երիտասարդները հասկանան, որ իրենք գնում են հարկային ծառայություն` ո՛չ թե օգտվելու ինչ-որ բարիքներից, այլ` ծառայություն մատուցելու եւ աշխատավարձ ստանալու: Եվ այդ մթնոլորտը մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք ձեւավորել ՀՀ-ում, որպեսզի վստահություն լինի մեր նկատմամբ:
Հարկային եւ մաքսային ոլորտում բարեփոխումներն սկսված են, եւ մենք լինելու ենք հետեւողական: Բայց սա չի նշանակում, որ այլ ոլորտներում, որտեղ մենք նույնպես ծառայություններ ենք մատուցում հանրությանը, չպետք է աչալուրջ լինենք: Նորանշանակ ոստիկանապետն արդեն բավականին խոստումնալից քայլեր է ձեռնարկում Երեւան քաղաքում տրանսպորտի, երթեւեկության ոլորտում լուրջ փոփոխություններ կատարելու համար: Դա, իհարկե, ոգեւորում է մեզ եւ մեր քաղաքացիներին, որովհետեւ հույս է ներշնչում, որ այստեղ կունենանք լուրջ հաջողություններ: Մենք պետք է հետեւողական լինենք այս ոլորտում: Խնդիրը նրանում է, որ ոչ միայն հարուստները եւ թանկարժեք մեքենաներ վարողներն են խախտում երթեւեկության կանոնները: Այսինքն, հիվանդությունը, ցավոք, շատ ավելի խորն է: Սովորական մեքենա վարող մարդը նույնպես իրեն թույլ է տալիս խախտումներ անել: Իհարկե, մենք թիրախավորել ենք առաջին հերթին մեծահարուստներին, որովհետեւ նրանք ուշադրության կենտրոնում են: Եվ եթե կարողանանք այդտեղ բեկում մտցնել, մեզ ավելի հեշտ կլինի այս հիվանդությունը հաղթահարել:
Մենք ունենք մի խնդիր եւս, որն առնչվում է ոստիկանության հետ` դա անձնագրերի եւ հրավերների վարչության աշխատանքն է: Մենք ստանում ենք տասնյակ բողոքներ` ինչպես մեր քաղաքացիներից, այնպես էլ մեր հայրենակիցներից, որոնք գալիս են Հայաստան: Ակնհայտորեն, այս ոլորտում մենք ունենք լուրջ պրոբլեմ, դա` կաշառակերության պրոբլեմն է, երբ ծառայությունը մատուցվում է պետության անունից, բայց սակագներ են սահմանվում եւ մարդիկ գումար են շորթում: Այստեղ, կարծում եմ, ստեղծված է այնպիսի միջավայր, որը մենք պետք է չհանդուրժենք: Ես խնդրում եմ ոստիկանապետին` ներկայացնել առաջարկություններ, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի կարճ ժամկետում այդտեղ որակապես բարելավենք այն ծառայությունները, որ մատուցում ենք մեր քաղաքացիներին:
Եվ երկրորդ ոլորտը, որն ուզում եմ այսօր մատնանշել, գերեզմանատներում տիրող իրավիճակն է: Դուք բոլորդ երեւի առնչվել եք այդ խնդրի հետ, ակնհայտորեն գիտեք, որ կաշառակերությունն այդտեղ ուղղակի ծաղկում է: Եթե ուզում եք լավ տեղ ստանալ, մեծ տեղ ստանալ` փողով հնարավոր է ամեն ինչ լուծել, ընդ որում` ցինիզմը հասել է գագաթնակետին, ոչ մի բան չի կաշկանդում մարդկանց: Անցյալ շաբաթ, մենք մեր գրոսմայստերներից մեկի հոր հուղարկավորության արարողությանն էինք մասնակցում: Հայտնի, տաղանդաշատ շախմատիստ է, շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահն է, ես` փոխնախագահն եմ, այսինքն` բոլորը տեղյակ են, որ այդ տաղանդաշատ շախմատիստի հետ մենք անմիջական շփումների մեջ ենք, բայց դա ոչ մեկին չի կաշկանդում, որովհետեւ երկու հազար դոլար կաշառք են վերցնում գերեզմանատանը տեղ հատկացնելու համար: Ես կարծում եմ, որ այս հարցով մենք պետք է նույնպես ունենանք քննարկում, ակնկալում եմ տարածքային կառավարման նախարարությունից եւ քաղաքապետարանից առաջարկություններ` ի՞նչ փոփոխություններ պետք է կատարենք այս ոլորտում, որպեսզի նշված երեւույթներից ձերբազատվենք, որովհետեւ այս երեւույթները խայտառակում են մեզ: Համար մեկ պրոբլեմը Հայաստանի Հանրապետությունում` ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ, դա` կաշառակերությունն է. համար մեկ պրոբլեմը, որը խոչընդոտում է մեր բոլոր բարեփոխումները: Եթե մենք չկարողանանք հավասար մրցակցային դաշտ ստեղծել տնտեսություն վարող սուբյեկտների համար, ոչ մի ժողովրդավարություն չի լինի Հայաստանում: Հիմքը, բազան դա է, իսկ կաշառակերությունը մեր համար մեկ թշնամին է: Ուրեմն, այս երկու ոլորտների վերաբերյալ` անձնագրերի եւ հրավերների վարչության աշխատանքների բարելավման, ինչպես նաեւ «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի գործունեությունը եւ լիազորությունները դառնալու են մեր քննարկման առարկան, եւ մենք հանրությանը, ՀՀ նախագահին պետք է պարբերաբար զեկուցենք, թե սպասարկման ոլորտում ինչ կոնկրետ միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի մեր քաղաքացիները գոհ լինեն այն ծառայություններից, որ պետությունը նրանց այսօր մատուցում է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել