Անվտանգության հարցերը Հայաստանի բնակչության տեսանկյունից
Ի՞նչն է ամենից շատ մտահոգում այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող մարդկանց, ի՞նչ է նրանց համար իրականում նշանակում «անվտանգության խնդիրներ» կոչվածը, երկրի ո՞ր ուժերին են նրանք համարում իրենց անվտանգության իրական երաշխավորները, եւ հակառակը:
Ովքե՞ր, որ ուժերն ու երկրներն են, որ, նրանց կարծիքով, սպառնում են իրենց, Հայաստանի անվտանգությանն ու կայունությանը, ու՞մ նկատի ունեն նրանք «մեր թշնամին» ասելով, արդյո՞ք մարդիկ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը համարում են սպառնալիք իրենց համար, ո՞ր երկրներում է նրանց կարծիքով Հայաստանի համեմատ ավելի անվտանգ, եւ հակառակը, ավելի վտանգավոր ապրելը, ի՞նչ սպասելիքներ ունեն մարդիկ ապագայում իրենց անվտանգության տեսանկյունից, եւ վերջապես, վստահու՞մ են, արդյոք, նրանք հայաստանյան ԶԼՄ-ների տրամադրած տեղեկատվությանը:
Այս հարցերի շուրջ են եղել Հայաստանի մի շարք բնակիչների հետ մեր զրույցները: Նրանք 30 հոգի են` տարբեր տարիքի, սոցիալական դիրքի, զբաղվածության, տարբեր կրթական մակարդակի, երկրի հեռավոր եւ մայրաքաղաքից ոչ այնքան հեռու բնակավայրերի բնակիչներ: Մարդիկ, ում, կախված իրավիճակից, քաղաքական գործիչներն անվանում են «ժողովուրդ», «հասարակություն», «ազգ», «ընտրազանգված», սոցիոլոգները, հոգեբանները, հասարակագետներն ու այլ մասնագետները` «հետազոտական նյութ», լրագրողները` «պատմության հերոսներ»: Սակայն որոնք, անկախ ամեն ինչից, ունեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին իրենց վերաբերմունքն ու ընկալումները, եւ դրանք կոնկրետ հիմնավորված են այնքանով, որ բխում են իրական, առօրյա կենսագործունեության պայմաններից: Ստորեւ ներկայացվող հարցազրույցները, որտեղ արտացոլված են նրանց կարծիքներն ու գնահատականներն, իհարկե, ունեն նաեւ կոնկրետ հետազոտական արժեք, եւ մենք առաջիկայում ի մի կբերենք ստացված բոլոր արդյունքները:
«Ռեգիոն» կենտրոն
Արցախը մեկ ազգի մեկ խնդիր է
1984-ին, ավարտելով Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, Աիդա Առաքելյանը աշխատանքի անցավ Սիսիանի շրջանային գրադարանների կենտրոնացված համակարգում: Սակայն մեկ տարի հետո թողեց այդ աշխատանքը` գտնելով, որ ինքն ավելի մեծ գործ ունի անելու, ու գնաց դպրոց: Դպրոցում դասավանդելուց բացի, այժմ նա նաեւ մասնավոր պարապմունքներ է անցկացնում, քանի որ միայն ուսուցչի աշխատանքով ապրել չի կարող:
«Այսօր ինձ ամենից շատ մտահոգում է երկրի ծանր վիճակը, խառնաշփոթը, իրար չհասկանալը, չհանդուրժելը: Նաեւ չափազանց մտահոգիչ է մեր երկրի այսօրվա վարկանիշը. հանկարծ ու չհայտնվենք այնպիսի երկրների շարքում, որ... Պատմական այդքան ահռելի հարստություն ու արժեքներ ունենք վերջին հաշվով: Պետք չէ ուրիշներին նմանվենք: Պետությունը մեծ կամ փոքր չի լինում, երկիրը մերն է, պահել է պետք: Փնովում ենք, փնովում: Նախանձում եմ Ռուսաստանին:
Անվտանգության մասին նույնպես շատ եմ անհանգստանում: Թշնամի ու անբարյացակամ երկրներով ենք շրջապատված, եւ մեր անվտանգության միակ երաշխիքը հզոր բանակն է: Բանակը` որպես անձ կամ անձեր չեմ դիտում, այլ որպես ազգային հոգեբանություն, դաստիարակություն, ոգի, հավաքական ուժ: Հայ զինվորը երբեք բաշիբոզուկ չի եղել եւ չի լինի: Մեզ շրջապատում են անբարյացակամ եւ իրենց շահը հետապնդող հարեւաններ, ուստի մեր անվտանգությունը պիտի ներսից լինի: Դրսի վրա հույս դնել պետք չէ: Դիվանագիտական հարաբերություններ միշտ էլ պետք են եւ պիտի լինեն, բայց ներսից պիտի ապահովվի մեր անվտանգությունը:
Այս խնդիրներն իրենց զգացնել տվեցին այն ժամանակվանից, երբ սկսեցի դպրոցում աշխատել եւ դասավանդել: Մի բան ենք սովորեցնում դպրոցում, դասարանում, աշակերտներն ուրիշ բան են տեսնում կյանքում, իրականության մեջ: Մենք էլ ենք այդպես: Վերակառուցումից սկսած մինչ օրս ասում ենք մի բան, անում` ուրիշ բան: Ու դու երկփեղկվում ես, շուրջդ ամեն ինչ երկփեղկված է:
Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ներսի թշնամին է, որ ներսից է քայքայում, թվում է` չես տեսնում, չես զգում, բայց այսօր ունենք անմիաբան, աթոռակռվով վարակված հասարակություն: Թողնենք այդ ամենն ու արտաքին սպառնալիքներից էլ զերծ կլինենք: Արտաքին սպառնալիքը Թուրքիան է, նրա հետ էլ պիտի բարեկամություն անենք, բայց` փայտը ձեռքից չգցենք:
Հայաստանի բնակչության համար սպառնալիք են բոլորն իրենց հերթին, այս կամ այն կերպ, այս կամ այն չափով: Բոլորը` եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը, եւ միջազգային կազմակերպությունները:
Հայաստանի անվտանգությունն ի զորու են ապահովելու ժողովրդավարությունը, ժողովուրդը, տեղական, հասարակական կազմակերպությունները, որոնք, ցավոք, չունեն իշխանություն, բայց ուժ ունեն: Միջազգային կառույցներն էլ կարող են, բայց նրանք էլ իրենց քաղաքական, տնտեսական շահերն ունեն, որոնք չեն նպաստում մեր անվտանգությանը:
Պատմական Արցախի հայ բնակչության իրավունքների ոտնահարումը եւ այսօր նրա չճանաչված լինելը միջազգայնորեն ազդում է ցանկացած հայ մարդու վրա` շատ հասկանալի պատճառներով. Արցախը Հայաստանի մի մասն է, արցախահայությունը` հայության մի հատվածը, եւ տարբեր ազգերի տարբեր խնդիրներ չեն դրանք, մեկ ազգի մեկ խնդիր է: Դա նաեւ իրավական եւ ժողովրդավարական պետությունների համար է լուրջ խնդիր:
Արցախը չճանաչելն ու արցախյան հարցը չկարգավորելն ինձ` որպես հայ մարդու, ստիպում է մտածել, որ աշխարհի գերտերությունները հատուկ խտրականություն են դնում այս հարցում, որովհետեւ նմանատիպ այլ հարցերի լուծումը տալիս են, եւ ես ըմբոստանում եմ, ազգային ինքնասիրությունս վիրավորվում է. ինչու՞ պետք է այդպես լինի: Ես չեմ ուզում տագնապներով, լարված, անհանգիստ ապրել: Արցախը նախ դարասկզբին անարդարացի բռնակցեցին Ադրբեջանին, հիմա էլ հանիրավի չեն ճանաչում այն, չի վերականգնվում պատմական արդարությունը, ու ես թերահավատ եմ դառնում աշխարհի հանդեպ: Մեզ փոքր ազգ են համարում, բայց Ճշմարտությունը մեծ կամ փոքր լինելուց չի կախված:
Հայաստանի համեմատ ոչ մի տեղ ավելի անվտանգ չէ: Թող աշխատատեղ ստեղծեն, ժողովուրդը մնա այստեղ, ապրի, աշխատի իր երկրում, իր երկրի համար:
Մեր թշնամին նա է, ով երկիրը ներսից է քանդում, ով երկրում անկայուն ու քաոսային վիճակ է ստեղծում: Դրսից էլ կան, բնականաբար, բայց առանց ներսի թշնամու (որը չարակամություն, չարություն, անմիաբանություն, անհանդուրժողականություն է կոչվում), նրանք ոչինչ չեն կարող անել: Մեր ներսում է մեր թշնամին:
Ապագայում անվտանգության եւ վաղվա օրվա երաշխիքի առումով ես լավատես եմ: Այսօրվա իրավիճակը հաղթահարելի եմ համարում: Ղարաբաղի հարցի լուծման հետ, այո, մեր անվտանգության հարցը կապում եմ, դա մերն է եւ պիտի այնքան քննարկվի, դրվի- վերցվի, մինչեւ դրական լուծում ստանա:
ԶԼՄ-ների լուսաբանումներին չեմ վստահում: Իշխանական ԶԼՄ-ները ապակողմնորոշում են ժողովրդին, եւ դա շատ վատ է: ԶԼՄ-ներն անկախ պիտի լինեն, պատվեր չկատարեն, ժողովրդի դարդն ու ցավը ասեն, ոչ թե մարդկանց գցեն թյուրիմացության մեջ: Նրանք են ժողովրդի ամենամեծ թշնամիները, ովքեր թաքցնում են ճշմարտությունը եւ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվություն են տալիս»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել