HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարծես հաղթել էին հայ ժողովրդին

Անուշ Ամիրյանը ծնվել է 1969 թ. Սիսիանում: Նա տնային տնտեսուհի է, մշակում է սեփական տնամերձ հողամասը: Ունի 2 զավակ, մեկը ուսանող է, մյուսը` դպրոցական: Խնամում է Հայրենական պատերազմի հաշմանդամ սկեսրայրին: Ամուսինն արտագնա աշխատանքի է:

Իր կյանքն, ապրելակերպը տանելի է համարում, իր բնույթով Անուշը լավատես է, սակայն մյուս կողմից էլ ասում. «Շռայլությունը, շքեղությունը մեզ նմանների համար չեն»:


«Այսօր ինձ բավական շատ բան է մտահոգում: Էս ի՞նչ օրի ենք: Աշխատանք չունեմ: Երեխաներիս չեմ կարող կարգին կրթության տալ, կիսատ-պռատ ապրում ենք: Բարեկամությունից, հարեւանությունից, շրջապատից կտրվում ենք. դատարկ ձեռքով ո՞ր հայը հյուր կգնա: Ամուսինս Ռուսաստանում է, եղբորս ընտանիքը` Ուկրաինայում, քրոջս ընտանիքը` Չելյաբինսկում: Ու՞մ աչքն ենք լույս անում: Փայլուն երեխաներ ունեն, բայց արդեն հայերեն ոչ գրում են, ոչ` կարդում: Տարիներով իրար երես չենք տեսնում: Ոչ մենք կարող ենք գնալ, ոչ նրանք կարող են գալ: Իմ քաղաքի վիճակն է ինձ մտահոգում, մեր կանանց վիճակը, մեկի դեմքին ժպիտ չկա, դաշտերում, այգիներում խանձվում են, ինչ է` կարտոֆիլ ու կաղամբ մշակեն, որ տուն պահեն, երեխայի ուսման վարձը տան, դեռ շոր ու կոշիկ էլ գնեն:

Ինձ համար անվտանգության խնդիրներ, իկարկե, գոյություն ունեն: Երիտասարդները ճիշտ չեն դաստիարակվում, հեռուստացույցը պարզապես ավիրում է ամեն ինչ, երեխաներս ինչ տեսնում` այն են սովորում, չեմ թողնում, արգելում եմ, բայց հասկանու՞մ եք, այդպես էլ իրենց հասակակիցներից են «ետ ընկնում»: Ցավալի է: Ինձ համար անվտանգության խնդիր է ինտելեկտից զուրկ մարդու պաշտոնյա դառնալը, «ջիպային եւ բջջային» մտածողությունը: Մարդիկ դարձել են նախանձ, անբարյացակամ: Միջակությունից է: Ինձ համար անվտանգության խնդիր է աղանդների անարգել գրոհը մեր մաքուր, զուլալ Սիսիանի վրա:

Կոնկրետ ժամանակը չեմ կարող ասել, թե երբ եմ սկսել այդ խնդիրների մասին մտածել: Երեւի, որբ երեխաներս մեծացան, երբ տեսա, որ չեմ հասցնում գնել նրանց շորն ու կոշիկը, երբ ամուսինս ստիպված առաջին անգամ արտագնա աշխատանքի մեկնեց:

Հայաստանի համար ամենամեծ սպառնալիք են այսօր անհամերաշխությունը, տեղեկատվության, ճիշտ տեղեկատվության պակասը, ծերացող գյուղերը, դատարկվող գյուղական դպրոցները, փողով ընտրությունները, ստրկամտությունը, «հումանիտար օգնությունը», ապակողմնորոշող հեռուստացույցը, որն ամենամեծ սպառնալիքն է: Հենց նրա «շնորհիվ» ոչ միայն նոր սերունդը չգիտի, թե ինքն ով է, մենք էլ ենք սկսել կասկածել մեր ով լինելուն: Ո՞րն է այսօրվա մեր ազգային գաղափարախոսությունը. ջիպը, սերիալը, փողը, մինչդեռ մենք դաստիարակվել ենք այն ոգով, որ եղեռնից Մշո Կարմիր Ավետարան են փրկել մեր նախնիները:

Հայաստանի բնակչության համար սպառնալիք ենք մենք բոլորս` ես, դու, մյուսը: Չեմ սիրում անորոշ պատասխան: Դա խուսափում է նշանակում: Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հայտնի կուսակցական ու հրապարակախոս մի կին պատգամավոր ասաց, թե` ես եմ մեղավոր, ուրեմն լավ չեմ աշխատել: Բայց այնպիսի տոնով ասաց, որ, բնավ, ինքն իրեն մեղավոր էլ չէր զգում: Սակայն, իրականում նա էլ էր մեղավոր: Ամեն մեկն իր հերթին ապակողմնորոշում է: Ինձ համար ամենաահավորն այն էր, որ մարտի մեկի դեպքերից հետո մերոնք մեզ անընդհատ Թուրքիայով եւ Ադրբեջանով էին սպառնում:

Հայաստանի անվտանգությունն ի զորու ենք ապահովելու միայն մենք, մեր ժողովուրդը, նրա ազնիվ ինքնապաշտպանական բնազդը եւ մեր` «հայի հետին խելքը», որը երբեք առաջին չի դառնում: Կարծում եմ` բոլորը (իշխանությունները, ընդդիմությունը) իրենց խաղն են խաղում, եւ բոլորն էլ` ժողովրդի գլխին: Սակայն, բոլոր դեպքերում, ի զորու են, թե ոչ, միշտ ու միշտ իշխանություններն են պարտավոր ապահովելու երկրի անվտանգությունը, որովհետեւ միշտ ցանկացած ամեն ինչի պատասխանատուն երկրում հենց նրանք են:

Ինձ թվում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հատուկ չի կարգավորվում, որ մեր երկիրը լինի թույլ, խոցելի, հիվանդ, վիրավոր: Դա, գուցե, բոլոր ուժերին էլ ձեռնտու է, բայց ոչ` ժողովրդին ու պետությանը: Կարգավորված չլինելու պատճառով վտանգվում է հենց Հայաստան-Ղարաբաղ փոխհարաբերությունները, ինչը եւ փորձում են ոմանք շահարկել:

Հայաստանի համեմատ չգիտեմ թե որտեղ է ավելի անվտանգ, կամ ավելի վտանգավոր ապրելը, քանի որ, որեւէ այլ երկրում չեմ ապրել: Բայց այսօր տագնապ ունեմ եւ ամուսնուս, եւ քրոջս ու եղբորս ընտանիքների համար, որ օտար երկրում են, որքան էլ` ապահով, որքան էլ` բարեկամ, բայց` օտար, որովհետեւ մաշկի գույնն արդեն օտարություն է, իսկ այդ երկրներում էլ մարդիկ զերծ չեն մարդկային թուլություններից ու թերություններից: Սակայն ասեմ նաեւ, որ շատ հայերի բիզնեսը հենց օտար երկրներում է ծաղկում, քան Հայաստանում:

Թուրքը գենետիկորեն եկած թշնամի է ու մնալու է այդպիսին այնքան ժամանակ, քանի նրա խղճին ծանրացած է մեր արյունը: Բայց վայ այն հային, որ թուրքից ավելի վատն է եւ հային սպառնում է թուրքով ու սահմանից եկած կրակոցով: Մեր թշնամին մեր ազգի ոգին ջարդողն է, մեզ ստեր հրամցնողն է, մեր ազգային ակունքներից մեզ կտրողն է, մեր գաղափարախոսությունից մեզ հեռացնողն է, իսկ այդպիսիք միայն մեր մեջ են: «Ոչինչ չի կարող կործանել ազգին, եթե նա ինքը չի ուզում կործանվել»: Սա ապացուցել է նաեւ մեր ողբերգական ու հերոսական պատմությունը:

Ապագայում հուսադրող ոչինչ իրականում չեմ տեսնում: Բայց հետեւելով պատմական զարգացման օրինաչափություններին, կարծում եմ, որ այսպես չի մնա: 20-25 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ հզոր Սովետմիությունը կփլվի: Ես ամենից շատ ապավինում եմ մեր ազգի ներքին բնազդին, մեր ոգու կանչին:

ԶԼՄ-ների տեղեկատվությունը ինձ հետաքրքրում է, եւ ինձ հետաքրքրող տեղեկություններ գտնում եմ: Բայց կցանկանայի, որ դա պետական մակարդակով լիներ: Եթե չես վստահում քո պետության թիվ 1 տեղեկատվամիջոցին, նշանակում է` չես վստահում քո պետությանը: Ես կցանկանայի հակառակը լիներ: Ես սիրում եմ իմ երկիրը, իմ պետությունը, իմ հայ լինելը, իմ սիսիանցի լինելը, իմ դերը իմ ընտանիքում եւ կուզենայի, որ մեր պետական լրատվամիջոցները իրենց դերի կարեւորությունը զգային, ոչ թե արջի ծառայություն մատուցեին: Մասնավոր ալիքներին ոչինչ չեմ ասում, խոսքս պետական ալիքների մասին է: Մարտյան դեպքերն այնպես ներկայացրեցին, կարծես հաղթել էին հայ ժողովրդին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter