Ես ամեն օր եմ տագնապի մեջ
Աշոտ Ավագյանին լավ են ճանաչում ոչ միայն Սիսիանում, այլեւ Երեւանում ու արտասահմանում: Նա նկարիչ է: Թե կյանքում, թե արվեստում միշտ որոնումների մեջ է: Սիսիանում անցկացրեց բազմաթիվ ակցիաներ, որոնք հանրապետությունում հնչեղություն ստացան, կազմակերպում է ցուցադրություններ ոչ միայն ցուցասրահներում, այլեւ` հանրահայտ Ուխտասարում, Ժայռապատկերների մոտ:
Մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, շատ ակտիվ քաղաքական գործունեություն է ունեցել, բայց եկել է մի պահ, որ զգացել է իր ժամանակի անիմաստ վատնումը ու կրկին վերադարձել է նկարչությանը: Աշոտ Ավագյանի երկու զավակները ուսանող են: Գտնում է, որ նկար վաճառելով դժվար է ուսանող պահելը, բայց այլ ելք չունի: Ավելի քան 25 տարի աշխատում է Սիսիանի գեղարվեստի դպրոցում:
«Այսօր ինձ անհանգստացնում է մեր երկրում տիրող իրավիճակը, տեղը տարածաշրջանում եւ մարտահրավերները: Եթե երկիրդ լավ եղավ, դու էլ լավ կլինես:
Իհարկե, ինձ համար անվտանգության խնդիրներ գոյություն ունեն: Անվտանգության խնդիր է հենց երկրի իրավիճակը, տարածաշրջանում անվտանգությունը, հարեւանների հետ հարաբերությունները, գերտերությունների շահերն այստեղ, բայց ամենակարեւորը ես համարում եմ մեր ժողովրդի դիմացկունությունն ու դիմադրողականության չափն այդ մարտահրավերներին: Նախորդ` դժվարին ժամանակահատվածում (նկատի ունեմ անկախացումից հետո) մենք դիմացանք թե մթին, թե ցրտին, թե բոլոր դժվարություններին, արտաքին ու ներքին մարտահրավերներին, որովհետեւ կային գաղափարներ, որ մեզ ամուր էին պահում, նպատակ կար (Ղարաբաղի ազատագրումը, պետականության կառուցումը), որի համար դիմանում եւ դիմադրում էինք: Սակայն հիմա մեր ժողովրդի դիմացկունության ու դիմադրողականության պակաս կա, եւ դա դարձել է անվտանգության խնդիր: Կորցրել ենք մեր ոգին, չկարողացանք դիմանալ սեփական պետականություն ունենալու գիտակցությանը, որին այնպես ձգտում էինք, սկսեցինք ժխտել որոշակի ավանդույթներ եւ արժեքներ, իսկ որոշ երեւույթներ փորձում են ավանդույթ ու արժեք դարձնել: Անվտանգության խնդիր է դարձել համատարած անտարբերությունն ազգի, պետության, երկրի, մեկս մյուսի նկատմամբ:
Մի 14-15 տարի կլինի, որ սկսել եմ մտածել այս ամենի մասին, երեւի հենց պատերազմի ավարտից հետո: Գուցե բնական էր, գուցե` ոչ: Բայց նոր եւ սարքովի «ավանդույթներն ու արժեքները» շատ վտանգավոր դարձան մեզ համար: Խտրականությունը սրվեց, մարդկանց սորտավորելը դարձավ արժեք, «ոմանց կարելի է, ոմանց չի կարելի»` դարձավ ապրելաձեւ, «բեսպրեդելը»` ժամանակակից արժեք, ինչն իմ կարծիքով, շատ վտանգավոր է:
Հայաստանի համար ամենամեծ սպառնալիք են այսօր, կարծում եմ` ազգի վերարտադրողականությունը, թե մեր ժողովրդի, թե անհատ մարդու եսակենտրոնությունը, անարդարությունը, անտարբերությունը եւ մեր մտածողությունը: Սա մեզ համար թե ներքին սպառնալիք է, թե արտաքին, եւ մեկը մյուսին շաղկապված է:
Հայաստանի բնակչության համար ամենից մեծ սպառնալիքներ են ստեղծում միջազգային կազմակերպություններն ու այսօրվա ընդդիմությունը: Որպես այդպիսին, ես ընդդիմություն չեմ տեսնում, որովհետեւ մեկը մյուսին վերարտադրել են, եւ նրանց «կռիվը» կառուցողական չեմ համարում: Սա նույնպես համարում եմ թե ներքին, թե արտաքին անվտանգության խնդիր:
Թուրքիայի կամ Ադրբեջանի` մեզ թշնամի լինելը կա բոլորիս գիտակցության մեջ, սակայն, նույնիսկ, դա լավ է. գոնե քիչ թե շատ զգոն է պահում մեր ներքին դիմադրողականությունը կամ ստիպում է մեզ` դիմադրող մնալ: Թե չէ ընդհանրապես չգիտեմ` ինչ կդառնայինք:
Միայն ժողովուրդն է ի զորու աահովելու Հայաստանի անվտանգությունը: Եթե նա չցանկացավ, ինչպիսի նախագահ էլ ուզում է լինի, որեւէ բան չի կարող անել երկրի եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Մենակ Նժդեհով չէր, որ Զանգեզուրը մնաց, ժողովուրդը դա ուզեց, նրա ինքնապաշտպանական բնազդը դա արեց: Եվ ժողովրդի կամքը Նժդեհին Նժդեհ դարձրեց: Միշտ է այդպես: Ինչ որ բան անձով պայմանավորելը սխալ է: Անձի դերը էական է դառնում, երբ ժողովուրդն ինքը պատրաստ է դրան:
Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն անպայմանորեն ազդում է: Հենց անորոշությունն, անընդհատ ձգձգումը եւ հարցի կարգավորած չլինելն ինքնին արդեն բացասաբար է ազդում: Գիտես նաեւ, որ հարցի լուծումը միայն քեզանից չի կախված. մեզ շրջապատող աշխարհն այստեղ շահեր ունի, որոնք քո շահերին հակասում են, սպառնում են քո անվտանգությանը, փոխելով նաեւ քո դիմադրողականության չափը, ու դա էլ է անորոշ դառնում. ինչքա՞ն կդիմանանք այս անորոշ վիճակին: Անընդհատ ներքին տագնապի մեջ ենք բոլորս, նաեւ` ես:
Եղել եմ տարբեր երկրներում, բայց ոչ մի տեղ էլ ինձ անվտանգ չեմ զգացել: Միայն մեր երկրում է անվտանգ, եթե մեր ժողովուրդը ինքը ստեղծի այդ անվտանգությունը:
Հայաստանի համեմատ չեմ կարող ասել, թե որտեղ է ավելի վտանգավոր: Ինձ ոչ միայն պետք չէ դա իմանալ, այլ դա չի էլ հետաքրքրում:
Մեր թշնամին մեր ժողովրդի ինքնահմայվածությունն է, ինքնագոհությունը: Մենք ուրիշ թշնամի չունենք: Սկսած իշխանությունից մինչեւ ընդդիմություն մենք մեզ գովում ենք, որ ամենալավն ենք: Չե՞ն ամաչում, երբ բարձրաձայն ասում են, թե մենք մշակութային երկիր ենք դառնալու, ֆինանսական երկիր ենք դառնալու: Մեկը չհարցրեց` ինչո՞վ, ինչպե՞ս: Ի՞նչ թուրք, թուրքը թշնամի չէ, հակառակորդ է:
Թե ապագայից ինչ սպասելիքներ կլինեն, դա դարձյալ մեզնից է կախված: Ոչ թե չենք կարողանում լավ կամ ավելի լավ լինել, այլ չենք ցանկանում: Եւ ուրեմն` մեզ համար նորմալն այն է, ինչ կա: Անբնական վիճակ չի լինում: Ավելի լավն ուզենայինք, ավելի լավը կլինեինք: Ինչ կարողանում ենք, ինչ ստեղծում ենք, ուրեմն` դա ենք:
ԶԼՄ-ների տրամադրած տեղեկատվությունն, իհարկե, հետաքրքրում է: Հետաքրքիր հրապարակումներ, տեղեկատվություն լինում են, բայց վերլուծություններն ու մեկնաբանությունները չեն հետաքրքրում, որովհետեւ անաչառ չեն: Չեմ վստահում նրանց: Անկողմնակալություն չկա: Բոլորն իրենց պրիզմայով են գրում: Հնարավորություն չեն տալիս, որ մարդ ինքը մտածի, թե ինչու է այսպես կամ այնպես: Փաստն արձանագրեն, մնացածը թողնեն ընթերցողին: Կա բնակչության մի մեծ զանգված, որը ոչ իշխանամետ է, ոչ էլ ընդդիմադիր, բայց նա զրկված է անաչառ տեղեկատվություն ստանալուց, ուրեմն` ոտնահարված է նրա իրավունքը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել